ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ՀԵՂԱՇՐՋՈՒՄՆԵՐԻ ԱՋԱԿՑԻ «ՎԱԶՔԸ» ԱՎԱՐՏՎԵ՞Ց

05.12.2017 19:03 ՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ
ՀԵՂԱՇՐՋՈՒՄՆԵՐԻ ԱՋԱԿՑԻ «ՎԱԶՔԸ» ԱՎԱՐՏՎԵ՞Ց

Մինչ Սերժ Սարգսյանը, որպես Գերագույն գլխավոր հրամանատար, Արցախում էր, ուր ոչ միայն կարեւոր զորավարժություններ անցկացվեցին, այլեւ Ազգ-բանակ հայեցակարգի ոգուն համապատասխան նաեւ զինծառայողներին բնակարաններ հատկացվեցին, Երեւանում դատարանի դահլիճում հետաքրքիր զարգացումներ եղան: 
ՍԵՅՐԱՆ ՕՀԱՆՅԱՆԸ ԱՌՆՎԱԶՆ ՏԵՂՅԱ՞Կ ԷՐ ՆՈՐՔ-ՄԱՐԱՇԻ ԶԻՆՎԱԾ ԽՄԲԻՑ
Ընդհանուր իրավասության դատարանում պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանի եւ մյուսների գործի շրջանակներում հրապարկվեց Շիրխանյանի եւ, ըստ մեղադրանքի, խմբի ղեկավար Արթուր Վարդանյանի միջեւ խոսակցության գաղտնաձայնագրությունը: Եվ այդ շուրջ մեկժամանոց ձայնագրությունում ուշագրավ դետալներ են երեւում: Խոսքը պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի` ծրագրված հեղաշրջման գործողություններում դերակատարման մասին է: Արթուր Վարդանյանը հետաքրքրվում է Շիրխանյանից, թե արդյոք «Սեյրանը գիտի՞, որ կարող է նման բան լինել»: Ի պատասխան` Վահան Շիրխանյանը նշում է, որ ինքը Սեյրանին ասել է, որ «ժողովրդի ատելությունն այնքան մեծ է, որ մի օր հեռուստացույցով կլսես, որ էդպիսի բան է եղել»: Շիրխանյանը նաեւ հավաստիացնում է, որ ոչ մի տանկ փողոց դուրս չի գա: 
Խոսակցության մի հատվածում Արթուր Վարդանյանը հարցնում է. «Ասենք` Սերժը վարի գնաց, հետո՞»: Ի պատասխան` Վահան Շիրխանյանն ասում է. «Ամեն ինչ անցնում է Սեյրանի ձեռքը, ու կշարժվի մեր ասածով»: «Իսկ եթե չշարժվի՞ մեր ասածով»,- հարցնում է Արթուր Վարդանյանը: Վահան Շիրխանյանը պատասխանում է, թե դա անհնար է: «Եթե արդեն ուժը իրա ձեռն ա, ոչինչ անհնար չի»,- պատասխանում է Արթուր Վարդանյանը: «Անհնար ա. նա ամբողջ իրա ապագան կապում ա մեր հետ. ընտրովի լինի, զոռով լինի»,- ասում է Վահան Շիրխանյանը:
Շիրխանյանը նաեւ հավաստիացնում է, թե «Սեյրանը քեզնից շատ է վառված էս գող-ավազակներից, ասում է` տեսնես էս գող-ավազակներից հնարավո՞ր է պրծնել»: Վարդանյանն էլ հետաքրքրվում է, թե ինչո՞ւ պաշտոնանկ չեն անում եւ ստանում պատասխան. «Սեյրանին եթե հանեն, մի ամիս հետո կուսակցություն ա բացում, դրսում ռեսուրսներ ունի ֆինանսական, տալու են անմիջապես, շատ մարդիկ սպասում են Նյու Յորքում, Լոսում: Ասել են` եթե դու եկար, ամեն ինչ կանենք… Հազար ու մի հարցով Սեյրանը ստիպված գնում ա Սերժի մոտ, բայց տանել չի կարող, Քոչարյանի մասին էլ նույն կարծիքին ա, դեռ ավելի վատ, նրա հանցագործությունները լավ գիտի»: 
Եվ հարց է ծագում` ինչո՞ւ իրավապահներն այդ նույն ձայնագրության առնչությամբ բացատրություն չեն վերցրել, առավել եւս` արտերկրում նաեւ ընդդիմադիր գործունեության ֆինանսավորման համար գործող պաշտպանության նախարարին առնչվող հանգամանքի վերաբերյալ: 
ՊՊԾ ԳՆԴԻ ԳՐԱՎՈՒՄԸ ԵՎ ՍԵՅՐԱՆ ՕՀԱՆՅԱՆԸ
Դեռ ապրիլյան պատերազմի թարմ հետքերով սկզբում շշուկով, իսկ մի որոշ ժամանակ անց սոցիալական ցանցերում` բարձրաձայն,  հնչում էր հարցադրումը, թե ինչո՞ւ այդպիսի անպատրաստ վիճակ էր, որ եթե չլիներ զինվորների եւ սպաների անձնազոհ հերոսությունը, ապա ամեն ինչ շատ վատ կավարտվեր: Այդ ժամանակին է նաեւ վերաբերում դիրքերից տեսանյութի արտահոսքը, որը մեծ աղմուկ էր հանել` թե ինչպես ակնհայտ հարձակման պարագայում զինծառայողները կրակելու հրաման չեն ստանում: Եվ հիմա, 2015-ին հեղաշրջում նախապատրաստող խմբի եւ Սեյրան Օհանյանի կապերի լույսի ներքո արդեն դա էլ մի տեսակ էլ ավելի չարագուշակ տեսք է ստանում... 
Իսկ երբ տեղի ունեցավ սէֆիլյանականների  զինված խմբի կողմից ՊՊԾ գնդի գրավումը, ապա ուշագրավ էր, որ հակաահաբեկչական գործողություններին չէին ներգրավվել բանակի հատուկ ստորաբաժանումները, եւ ամեն ինչ արվել էր ոստիկանության եւ ԱԱԾ-ի ուժերով: Արդյո՞ք դա վկայությունը չէ այն բանի, որ այդ ժամանակ պաշտպանության նախարարին չէին վստահում` հաշվի առնելով հենց վերը հիշատակված առնչությունները: Դա բավականին արժանահավատ է թվում, առավել եւս, որ մամուլում էլ եղան պնդումներ ու ենթադրություններ` Սեյրան Օհանյանի եւ արդեն այս զինված խմբի վերաբերյալ: 
Եվ միայն ՊՊԾ գնդի ճգնաժամը հաղթահարելուց հետո Սեյրան Օհանյանը պաշտոնանկ արվեց, ընդ որում, նա գոռոզաբար հրաժարվել էր պատվավոր պաշտոնանկությունից` ՀԱՊԿ ուղեւորվելուց: 
ՕՐՕ ԴԱՇԻՆՔԸ ԵՎ «ԻԳԼԱՅԻ» ԳՈՐԾԸ
Շիրխանյանի եւ Վարդանյանի խոսակցության մեջ հիշատակվում է Սեյրան Օհանյանի` ընդդիմություն դառնալու եւ արտերկրից համապատասխան ֆինանսներ ստանալու մասին: Պարզ է, որ խոսքն ապագա ՕՐՕ դաշինքի մասին էր: Եվ այդ դաշինքի հետ կապված էլ եղավ «Իգլա» տիպի հրթիռ բերելու եւ Սամվել Բաբայանի ձերբակալության պատմությունը: Այսինքն` այստեղ էլ կարող է խոսք լինել հերթական հեղաշրջման փորձի մասին: Համենայնդեպս, առավել հավանական է, որ ՕՐՕ դաշինքը ստեղծվել էր ոչ այնքան ԱԺ մուտք գործելու, որքան ընտրությունները «պայթեցնելու» համար: 
Այժմ այդ դաշինքից գրեթե բան չի մնացել, իսկ ինչ վերաբերում է Սեյրան Օհանյանին, ապա նրա վիճակը կարելի է աննախանձելի համարել: Չէ՞ որ այն մարդիկ, ովքեր ամերիկաներում նրան փողերով սպասում էին, հաստատ նրան կհամարեն առաքելությունը ձախողած կադր: Այսինքն` պատճառներ չունեն տեր կանգնելու: Ռուսաստանում ու Եվրոպայում էլ դժվար թե պատրաստակամություն ունենան նրան ընդունելու, եւ Ռուզան Խաչատրյանի ֆեյսբուքյան շանտաժախառը տեքստերը չեն օգնել ու չէին կարող օգնել պաշտպանության նախկին նախարարին, ում անունն, ըստ էության, կապվում է զինյալ հեղաշրջման երեք փորձերի հետ: 
Այս պահին Սեյրան Օհանյանի հետ կապված «պաուզան» շարունակվում է: Առայժմ նրան չեն անհանգստացրել ոչ այդ հեղաշրջումային պատմություններով, ոչ էլ` նրա օրոք բանակում կատարված աղմկալի գանձագողությունների: Հետաքրքիր է, արդյո՞ք որեւէ մայրաքաղաքից ազդակներ են գալիս, որ այդպես լինի, թե` նման բան չկա, քանզի պարտվածներին ոչ ոք չի սիրում: Եվ արդյո՞ք 2018-ի ապրիլյան սահմանադրական անցումին ընդառաջ` իսպառ բացառված պետք է համարենք չորրորդ զինյալ խմբի հայտնվելը: 

Գերմանիան կաջակցի Հայաստանին եվրատլանտյան հանրությանն ինտեգրվելու ճանապարհին. Շտայնմայեր

ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆ

 
 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА