ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ՑՈՒՐՏ  ԵՂԱՆԱԿԸ` ՀԱՃԱԽԱՄԻԶՈՒԹՅԱՆ ՊԱՏՃԱ՞Ռ 

01.12.2017 22:30 ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ
ՑՈՒՐՏ  ԵՂԱՆԱԿԸ` ՀԱՃԱԽԱՄԻԶՈՒԹՅԱՆ ՊԱՏՃԱ՞Ռ 

- Հարգելի բժիշկ, արդյո՞ք ցիստիտի պատճառ կարող է դառնալ ցուրտ եղանակը: Կարդացել եմ, որ այս հիվանդության ժամանակ պետք է հետեւել հատուկ սննդակարգի:

Հարցին պատասխանում է ուրոլոգ  ՄՀԵՐ ՋԱՎԱԽՅԱՆԸ.  

- Ցիստիտը միզապարկի բորբոքումն է, որը հիմնականում ընդգրկում է միզապարկի լորձաթաղանթը: Ըստ հանդիպման հաճախականության` աղջիկները եւ կանայք ավելի հաճախ են հիվանդանում ցիստիտով, քան տղամարդիկ: Դա պայմանավորված է իգական սեռի անատոմիական առանձնահատկություններով`կարճ եւ լայն միզուկ, որի արտաքին բացվածքը տեղակայված է հեշտոցի եւ հետանցքի հարեւանությամբ: Բորբոքում առաջացնող հիմնական հարուցիչը աղիքային ցուպիկն է: Ըստ հիվանդության ընթացքի` տարբերում ենք սուր եւ քրոնիկական ցիստիտ: Սուր ցիստիտը հիմնականում ի հայտ է գալիս հանկարծակի եւ դրսեւորվում է հաճախամիզությամբ, միզարձակման ժամանակ այրոցի զգացումով, ստորորովայնային շրջանի ցավերով: Երբեմն նշված գանգատներն ուղեկցվում են արյունամիզությամբ: Միզապարկի լորձաթաղանթն օժտված է հզոր տեղային իմունիտետով, ինչի շնորհիվ միզապարկում հայտնված աննշան քանակության մանրեները ոչնչանում են, եւ կանխվում է ցիստիտի առաջացումը: Սակայն իմունային համակարգը կարող է թուլանալ մրսածության, սթրեսի, էնդոկրին պաթոլոգիաների, վիրաբուժական  միջամտություններից հետո եւ պատճառ հանդիսանալ ցիստիտի գրոհի: Գանգատները կարող են սրվել գրգռող սննդի`կծու, թթու, աղի ուտեստների ընդունման դեպքում: Գանգատները կարող են մեղմանալ եւ նույնիսկ անցնել չգազավորված առատ հեղուկների ընդունման դեպքերում, ինչը կարող է  քողարկել հիվանդությունը եւ պատճառ հանդիսանալ քրոնիկական ցիստիտի առաջացմանը: 
Ժամանակին, ադեկվատ բուժման պայմաններում, կարճ ժամանակահատվածում, կարելի է արմատապես ազատվել հիվանդությունից: 
Առողջ եղե՛ք:           

ՎԼԱԴ ՄՈՒՐԱԴՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА