ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ԿՈՐԵԱՅՈՒՄ ԿՍԿՍՎԻ՞ ԵՐՐՈՐԴ ԱՇԽԱՐՀԱՄԱՐՏԸ

01.12.2017 19:15 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ
ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ԿՈՐԵԱՅՈՒՄ ԿՍԿՍՎԻ՞ ԵՐՐՈՐԴ ԱՇԽԱՐՀԱՄԱՐՏԸ

Չնայած ԱՄՆ-ի բարձրացրած հսկայական աղմուկին, ռազմական սպառնալիքներին, կորեական ափերի մոտ պարբերաբար անցկացվող ծավալուն զորավարժանքներին, նախօրեին Հյուսիսային Կորեան հերթական հրթիռային փորձարկումն իրականացրեց: Ընդ որում, բոլոր նախորդներից ամենազորեղը՝ դրանով գնդակը կրկին տեղափոխելով ամերիկյան խաղադաշտ:

ԱՄՆ-ը Հյուսիսային Կորեային կրկին սպառնացել է պատերազմով

ՀՍ.ԿՈՐԵԱՆ ԿԱՐՈՂ Է ՀԱՐՎԱԾԵԼ ԱՄՆ-Ի ՑԱՆԿԱՑԱԾ ԿԵՏԻ

Մինչ կփորձենք հասկանալ, թե ի վերջո ուր կարող է հասցնել այս ճգնաժամային իրավիճակը, նախ շեշտենք հստակ փաստերը: Կորեական այս վերջին հրթիռը՝ «Խվասոն-15»-ը, ինչպես նաեւ ամերիկյան աղբյուրներն են ընդունում, իրոք զորեղ է: Նշենք միայն, որ այն, ըստ արձակման ժամանակ ֆիքսված տվյալների, ունի առնվազն 13 000 կմ հեռահարություն: Իսկ դա նշանակում է, որ կարող է հարվածել ինչպես ԱՄՆ-ի ցանկացած կետի, այնպես էլ դրանից նկատելիորեն այն կողմ՝ մինչեւ Հարավային Ամերիկա: Մյուս կողմից, կորեական հրթիռների հեռահարությունը «ծածկում» են նաեւ ողջ Եվրոպան: Հաշվի առնելով նաեւ հյուսիսկորեական զինանոցում ջերմանիջուկային մեգատոննանոց մարտագլխիկների առկայության փաստը, պետք է արձանագրել, որ Հյուսիսային Կորեան, առկա տեխնոլոգիական հնարավորություններով, հայտնվեց միջուկա-հրթիռակիր երկրների ցանկի 4-րդ հորիզոնականում՝ զիջելով միայն ՌԴ-ին, ԱՄՆ-ին եւ Չինաստանին: Կարճ ասած, ավելի մեծ հեռահարության հրթիռների եւ հզորության մարտագլխիկների կարիք Փհենյանը պարզապես չունի: Հետեւաբար՝ պատահական չէր «Խվասոն-15»-ի փորձարկմանն անձամբ հետեւած Կին Չին Ինի ասածը, որ պետությունն իր հրթիռային վերազինումն ավարտեց:

Կշարունակի՞ սրանից հետո Փհենյանը հրթիռային փորձարկումները, թե՝ ոչ, արդեն նաեւ ԱՄՆ-ի համար սա էական չէ  շատ պարզ պատճառով. մինչ այս Վաշինգտոնն ամեն ինչ անում էր, որ Փհենյանը ԱՄՆ-ին հասնելու ունակ հրթիռ չունենա: Բայց այդ երկարամյա եւ դաժան պայքարում Վաշինգտոնը պարտվեց, քանի որ հյուսիսկորեական հրթիռներն արդեն ունակ են խոցել ամերիկյան ցանկացած կետ: Իսկ դրանից հետո էլ ի՞նչ նշանակություն ունի՝ այդ հրթիռները 13, թե, ասենք, 15 հազար կմ հեռահարությամբ են: Այսինքն, ԱՄՆ-ը հենց «Խվասոն-15»-ի առկայությունից ելնելով` պետք է իր հաջորդ քայլի մասին մտածի: Հաշվի առնելով նաեւ, որ քայլերը եւս խիստ սահմանափակ ուղղություններով է գցելու:

Ուրեմն. ի՞նչ կարող է անել ԱՄՆ-ն այս իրավիճակում: Առաջինը. ընդունել, որ Հյուսիսային Կորեան փաստացի չորրորդ միջուկային տերությունն է եւ հետագա հարաբերությունները փորձել կառուցել հենց այդ իրողությունից ելնելով: Ընդ որում, Փհենյանը, ըստ ամենայնի, հենց այս տարբերակին միտված կուրսի կանցնի: Այն է, իր վերջնական նպատակին հասնելով, իրեն պաշտպանված զգալով եւ այս կերպ Վաշինգտոնին բավականին լուրջ աշխարհաքաղաքական պարտության մատնելով, հիմա արդեն պարզապես կարող է միառժամանակ դադարեցնել բոլոր փորձարկումները եւ կենտրոնանալ հրթիռա-միջուկային պաշարների ավելացման վրա:

Երկու օրում երրորդ հզոր երկրաշարժը Իրանում

ԱՄՆ-ի երկրորդ տարբերակն է՝ փորձել Փհենյանին պարտադրել՝ հրաժարվել ունեցած հրթիռներից եւ միջուկային զենքերից: Սակայն հասկանալի է, որ որեւէ պատժամիջոց Փհենյանին չի ստիպի դրան գնալ: Արդյունքում, Փհենյանին պարտադրելու համար Վաշինգտոնը մեկ տարբերակ ունի՝ ռազմական հարվածը եւ դրա միջոցով Հյուսիսային Կորեայում մարիոնետային շխանության նշանակումը:

ԱՄՆ-ի համար կա նաեւ երրորդ տարբերակը, ցույց տալ, թե ոչինչ էլ չի պատահել: Սակայն սա հեռանկարային չէ. վաղ թե ուշ Վաշինգտոնը ստիպված է վերադառնալ նախորդ երկու տարբերակներից մեկին:

ԱՆՀԵՌԱՆԿԱՐ ԱՂՄՈՒԿ ՄԱԿ-Ի ԱԽ-ՈՒՄ

Այսպիսով, ի՞նչ կանի Վաշինգտոնը: Հարցի պատասխանը, առանց չափազանցության, ողջ աշխարհի մասշտաբով է էական, քանի որ երկրորդ տարբերակն ի զորու է մինչեւ իսկ Երրորդ աշխարհամարտի հասցնել:

Որոշ նախնական քայլեր Վաշինգտոնից նկատվեցին, երբ հազիվ էր Փհենյանն իր այս վերջին հրթիռն արձակել: Եվ տեսնենք, թե դրանք ի՞նչ են հուշում: Ամերիկյան ռեակցիան, ինչպես եւ սպասվում էր, առավել քան կոշտ էր, բայց դեռ միայն դիվանագիտական հարթակներում: Այդ նախնական ռեակցիայի գագաթնակետը դարձավ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստը, որի ընթացքում, սակայն, ԱՄՆ ներկայացուցիչ Նիկի Հեյլիի պահանջները հազիվ թե Վաշինգտոնին որեւէ լուրջ բան տան: Այսպես, տիկին Հեյլին ոչ ավել, ոչ պակաս, ողջ աշխարհից պահանջում է՝ կտրել բոլոր կապերը Փհենյանի հետ: Մինչեւ իսկ՝ «Անհրաժեշտ է դադարեցնել արտահանումն ու առեւտուրը, վտարել հյուսիսկորեացի աշխատողներին»: Ավելին, ամերիկացի դիվանագետը պահանջում է մինչեւ իսկ Հս.Կորեային զրկել ԱՄՆ-ում ձայնի իրավունքից:

Բայց ԱԽ-ում ՌԴ-ի ներկայացուցիչ Վասիլի Նեբեզնյայի խոսքից արդեն իսկ պարզ դարձավ, որ ամերիկյան այդ պահանջները չեն կատարվելու: Բնականաբար՝ քննադատելով Փհենյանի հերթական հրթիռային արձակումը, ՌԴ-ի ներկայացուցիչն այն միտքն առաջ տարավ, որ ոչ թե միայն Փհենյանը, այլ բոլոր շահագրգիռ կողմերը պետք է «դադարեցնեն հետագա լարվածությանն ուղղված քայլերը»: Թե ինչին էր տանում այդ միտքը, ավելի պարզ դարձավ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հայտարարությունից, թե ԱՄՆ-ն հատուկ է ամեն բան անում, որ. «Կիմ Չին Ինը հունից դուրս գա եւ հերթական ավանտյուրական գործողությունը կատարի»: Կարճ ասած, ըստ Լավրովի, եթե իր այդ քայլերով ԱՄՆ-ն ցանկանում է Հս.Կորեան ոչնչացնելու առիթ գտնել, թող ուղղակիորեն ասի. «Այդ դեպքում մենք կորոշենք, թե ինչպես արձագանքենք»: Իսկ մինչ այդ. «Ռուսաստանը չի պաշտպանի ԱՄՆ-ի կողմից առաջարկվող պատժամիջոցները, ԿԺԴՀ-ն մեզ հետ պատերազմող երկիր չէ»,- հայտարարեց ԱԽ-ում ՌԴ ներկայացուցիչը՝ Վ.Նեբեզնյան:

ԹՐԱՄՓԸ ԿՍԿՍԻ՞ ԵՐՐՈՐԴ ԱՇԽԱՐՀԱՄԱՐՏԸ

Միաժամանակ, ԱՄՆ-ը նաեւ Չինաստանին ուղղված կոշտ պահանջներ է հնչեցնում, այդ թվում, որ Պեկինը առաջին հերթին պետք է դադարեցնի Հս.Կորեային նավթի մատակարարումը: Տիկին Հեյլին նույնիսկ անցավ սպառնալիքների. «Չինաստանն ինքը կարող է դա անել, կամ մենք կարող ենք մեր ձեռքը վերցնել նավթի հետ կապված իրավիճակը»: Հետաքրքիր է, այ, ինչպե՞ս է ԱՄՆ-ն իր «ձեռքն վերցնում» Չինաստանին պատկանող նավթի թեկուզեւ մեկ լիտր: Ինչ է, պատրաստվում են ռմբակոծե՞լ Չինաստանից Հս.Կորեա տանող ուղիները: Եվ առհասարակ, այդ ինչպե՞ս են պատրաստվում հասնել նրան, որ, օրինակ, ՌԴ-ն փակի իր երկրում հյուսիսկորեական դեսպանատունը:

Իսկ իրողությունը հետեւյալն է. այն երկիրը, որն ԱՄՆ-ի պահանջով Փհենյանի նկատմամբ պատժամիջոցների կգնա, արդեն իսկ այդ դաշտում է, որեւէ տալիք-առնելիք չունի եւ, բնականաբար, որեւէ նոր պատժամիջոցի հնարավորություն պարզապես չունի: Այն երկրները, որ մինչ այս էլ ամերիկյան պահանջներով չեն առաջնորդվել, հազիվ թե մտածեն սրանից հետո առաջնորդվել: Արդյունքում, ՄԱԿ-ում սարքած այս համաշխարհային աղմուկը ռեալ ոչինչ չի տալիս Վաշինգտոնին: Ընդ որում, եթե ԱՄՆ-ի ծրագրերում կար ԱԽ-ից Փհենյանի դեմ ռազմական գործողության արտոնություն ստանալ, դա առավել եւս անհնար է:

ՎԱՇԻՆԳՏՈՆԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՊԱՐՏՈՒԹՅՈՒՆԸ

Արդյունքում, Վաշինգտոնը մնում է նույն երկու տարբերակների առաջ. շարունակելով աղմուկը` կամաց-կամաց նախապատրաստվել Հս.Կորեային միջուկահրթիռային կարգավիճակն ընդունելու՝ դրանից բխող բոլոր հետեւանքներով հանդերձ: Կամ գնալ ՄԱԿ-ի ԱԽ-ի կողմից չարտոնված ռազմական հարվածի:

Իհարկե, եթե հնարավոր լիներ, հենց երկրորդ տարբերակն էլ կընտեր: Ավելին, վաղուց դիմած կլիներ ռազմական հարվածին, թեկուզեւ Հս.Կորեայում նորագույն հրթիռների ի հայտ գալը կանխելու համար: Հիմա մի քիչ ուշացել է, սակայն վաղն էլ ավելի ուշ է լինելու. Փհենյանն աստիճանաբար կամրապնդի իր միջուկահրթիռային զինանոցը, մինչեւ ԱՄՆ-ի հետ կհասնի երաշխավորված փոխոչնչացման մակարդակի, որի պարագայում կռվելն արդեն անիմաստ է:

Բայց ամբողջ խնդիրն այն է, որ այս պահին էլ Հս.Կորեայի դեմ պատերազմը, եթե անգամ այլ ուժեր չխառնվեն, Փհենյանը չդիմի միջուկային զենքի, էլի ԱՄՆ-ի համար հաստատ լրջագույն փորձության կվերածվի: Առավել եւս, որ Կիմ Չին Ինը կարող է միջուկային զենքի արձակման հրաման տալ, որը հաստատ կորեական բանակը կկատարի: Այլ բան, որ ամերիկյան պատկան զինվորականների հայտարարություններից ելնելով, դեռ հարցական է, թե նրանք կկատարե՞ն Թրամփի նման հրամանը:

ԱՄՆ-ն մտածված կերպով ձգտում է պատերազմի մեջ ներքաշել Հյուսիսային Կորեային. Լավրով

Ինչեւէ, թեեւ հարյուր տոկոսով պատերազմը բացառելը հնարավոր չի լինի, բայց նաեւ չնչին է հավանականությունը, որ ԱՄՆ-ը կհարվածի Հս.Կորեային: Ավելի նման է նրան, որ Վաշինգտոնը դեռ մի քիչ էլ կաղմկի, սպառնալից հայտարարություններ կհնչեցնի, հյուսիսկորեական ափերի մոտ մեկ-երկու զորավարժություն էլ կանցկացնի: Բայց այդ ամենից հետո փաստը, որ Հս.Կորեան աշխարհում չորրորդ միջուկահրթիռային տերությունն է, անգամ ԱՄՆ-ն ստիպված է լինելու ընդունել:

Իսկ դա նշանակում է, որ խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի այդ մեծ աշխարհաքաղաքական պատերազմում ԱՄՆ-ը ծանր պարտության շեմին է: Իսկ դա մի այնպիսի գլոբալ իրավիճակ է, որ արձագանքները երկար են հնչելու:

ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА