ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ՎԵՐԱՄԻԱՎՈՐՄԱՆ ՏԱՐԲԵՐԱԿԻՆ ՎԵՐԱԴԱՌՆԱԼՈՒ ՀՐԱՄԱՅԱԿԱՆԸ

01.12.2017 19:00 ՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ
ՎԵՐԱՄԻԱՎՈՐՄԱՆ ՏԱՐԲԵՐԱԿԻՆ ՎԵՐԱԴԱՌՆԱԼՈՒ ՀՐԱՄԱՅԱԿԱՆԸ

Ինչպես հայտնի է, 1989-ի դեկտեմբերի 1-ին Հայաստանի Գերագույն խորհուրդը եւ Արցախի Ազգային խորհուրդը ընդունել էին պատմական որոշում վերամիավորման մասին: Ինքը` բուն որոշումը, որպես այդպիսին, ունի գործող օրենքի կարգավիճակ: Ավելին, այն Հայաստանի Անկախության մասին 1990թ. Հռչակագրի հիմքերից մեկն է, եւ որպես այդպիսին նաեւ փաստացի իր տեղն ունի եւ ՀՀ Սահմանադրությունում: 
«ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ» ԻՐԱՎԱՔԱՂԱՔԱԿԱՆ ԾՈՒՂԱԿԸ
Սակայն վերամիավորման պատմական որոշումը ոչ միայն գործող օրենքի կարգավիճակ ունի, այլեւ, եթե դիտարկենք փաստացի իրողությունը, Արցախը Հայաստանի բաղկացուցիչ մասն է: Եթե տնտեսությունը, ֆինանսները, պաշտպանական համակարգը միասնական են, եթե արցախցիների անձնագրերը ՀՀ քաղաքացի են, ապա ուրեմն խոսքը միասնական պետության մասին է: Իրավական հակասություն չկա նաեւ 1991-ի Արցախի անկախության հանրաքվեի հետ, քանզի բուն այդ որոշման մեջ շեշտված է, որ այն հիմնված է վերամիավորման որոշման վրա: Սոսկ վարչական տեսակետից դա ստացել է հանրապետության տեսք: 
Այլ հարց է, որ Լեւոն Տեր-Պետրոսյանի անպատասխանատու վարչակարգի շնորհիվ անընդհատ շրջանառվում է «առանձին պետության» տարբերակը, որը, կարելի է ասել, հանգեցնում է Արցախի «աբխազացման»` տանելով «չճանաչված պետությունների» դաշտ: 
Առաջ տանելով այն գիծը, որ ակնկալում ենք Արցախի Հանրապետության անկախության ճանաչումը, դիվանագիտության բոլոր մակարդակներում` սկսած ԱԳՆ-ից, շարունակելով խորհրդարանական դիվանագիտությամբ (որը նոր Սահմանադրության պայմաններում արտակարգ կարեւորություն է ստանում), վերջացրած ժողովրդական դիվանագիտության տարբեր ձեւաչափերով միշտ հնչում է այս հարցը` իսկ դուՔ ինքներդ ճանաչե՞լ եք: Եվ քանի որ պատասխանը բացասական է, ապա դա տարակուսանք է հարուցում, թե այդ դեպքում ինչո՞ւ պետք է այլոք առաջինը ճանաչեն` մինչեւ Հայաստանի ճանաչումը: Ճիշտ է, առանձին սուբյեկտներ, ինչպես, զորօրինակ, ԱՄՆ-ի առանձին նահանգներն ու տարբեր երկրների առանձին քաղաքներն ու վարչատարածքային միավորումները, ունեն ճանաչման վերաբերյալ բանաձեւեր, սակայն այդ կազուսային հարցադրումը, միեւնույնն է, մնում է: 
Այդ տարբերակը մեզ բոլոր մակարդակներում տանում է դեպի «պաշտպանվողի» ոչ նախանձելի վիճակ: Փոխանակ աշխարհին հստակ ներկայացնենք մեր պահանջը Արցախի հարցում, խճճվել ենք ԵԱՀԿ Մինսկի խմբի տարբեր առաջարկների սարդոստայնում, Ադրբեջանը մշտապես ագրեսիվ ձեւով առաջ է քաշում մեզ, որպես ագրեսոր եւ օկուպանտ ճանաչելու հարցը, եւ մենք զբաղված ենք պաշտպանությամբ: Հիմնականում ստացվում է, երբեմն չի ստացվում եւ հայտնվում են տհաճ փաստաթղթեր: 
Մինչդեռ, եթե մեթոդաբանությունը փոխվի, եւ ամենուրեք բոլոր հարթակներում առաջ տարվի ինքնորոշման փաստի ճանաչման հարցը, արդեն կունենանք հստակ, ոչ թե կրավորական պաշտպանական, այլ նախաձեռնողական քաղաքականություն: Եվ այդ հարցադրումը` իսկ արդյո՞ք դուք ճանաչել եք, կունենա դրական պատասխան` այո, ճանաչել ենք հենց 1989 թվականի վերամիավորման ակտով: Համոզվելու համար մեջբերենք այդ պատմական փաստաթուղթը. 
«Հիմնվելով ազգերի ինքնորոշման համամարդկային սկզբունքների վրա եւ արձագանքելով հայ ժողովրդի` բռնի ուժով բաժանված երկու հատվածների վերամիավորման օրինական ձգտմանը, Հայկական ԽՍՀ Գերագույն խորհուրդը եւ Լեռնային Ղարաբաղի Ազգային խորհուրդը որոշում են.
1. Հայկական ԽՍՀ Գերագույն խորհուրդը ճանաչում է Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի ինքնորոշման փաստը` հաստատված ԼՂԻՄ-ի մարզային խորհրդի 1988 թվականի փետրվարի 20-ի եւ հուլիսի 12-ի նստաշրջանների, ինչպես նաեւ մարզի բնակչության լիազոր-ներկայացուցիչների 1989 թվականի օգոստոսի 16-ի համագումարի եւ Ազգային խորհրդի հոկտեմբերի 19-ի նիստի որոշումներում:
2. Հայկական ԽՍՀ Գերագույն խորհուրդը ճանաչում է Լեռնային Ղարաբաղի լիազոր-ներկայացուցիչների համագումարը եւ նրա ընտրած Ազգային խորհուրդը որպես մարզի ներկայումս գործող միակ օրինական իշխանություն:
3. Հայկական ԽՍՀ Գերագույն խորհուրդը եւ Լեռնային Ղարաբաղի Ազգային խորհուրդը հռչակում են Հայկական ԽՍՀ-ի եւ Լեռնային Ղարաբաղի վերամիավորումը: Լեռնային Ղարաբաղի բնակչության վրա տարածվում են Հայկական ԽՍՀ-ի քաղաքացիության իրավունքները:
4. Հայկական ԽՍՀ Գերագույն խորհուրդը եւ Լեռնային Ղարաբաղի Ազգային խորհուրդը ստեղծում են համատեղ հանձնաժողով (իր աշխատանքային ապարատով)` Հայկական ԽՍՀ-ի եւ Լեռնային Ղարաբաղի վերամիավորումն իրագործելու ուղղությամբ գործնական քայլեր մշակելու համար:
5. Հայկական ԽՍՀ Գերագույն խորհուրդը եւ Լեռնային Ղարաբաղի Ազգային խորհուրդը պարտավորվում են ներկայացնել Հյուսիսային Արցախի Շահումյանի շրջանի եւ Գետաշենի ենթաշրջանի հայ բնակչության ազգային շահերը:
6. Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի նախագահությանը, Հայկական ԽՍՀ Մինիստրների խորհրդին եւ ԼՂԻՄ-ի Ազգային խորհրդի նախագահությանը հանձնարարվում է գործադրել սույն որոշումից բխող բոլոր անհրաժեշտ միջոցառումները` իրականացնելու համար Հայկական ԽՍՀ-ի եւ Լեռնային Ղարաբաղի քաղաքական, տնտեսական եւ մշակութային կառուցվածքների իրական միաձուլումը միասնական պետական-քաղաքական համակարգում»:
Ինքնորոշման փաստի ճանաչումը արձանագրված է պատմական որոշման հենց առաջին կետում: Եվ այն, ինչ ինքներս ենք ճանաչել, կարող ենք առավել վստահ խնդրել, պահանջել ուրիշներից, հորդորել նրանց: 
ՑԱԾՐ ՆՇԱՁՈՂԻՑ ԱՆԴԻՆ
Մեր թշնամին` Ադրբեջանը, ոչ միայն բոլոր հարթակներում առաջ է տանում իր, այսպես կոչված, «տարածքային ամբողջականությունը», այլեւ մեր երկրին առաջարկում է աբսուրդային տարածքային պահանջներ` ադրբեջանական անվանելով մեր այս կամ այն մարզը, եւ նույնիսկ մայրաքաղաք Երեւանը: Իսկ մենք ի՞նչ ենք առաջ տանում: 
Ուրախանում ենք, երբ այս կամ այն հարթակում կամ մարմնում արձանագրվում է այն, ինչն առկա է ԵԱՀԿ Մինսկի խմբի մոտեցումներում` ուժի կիրառման անթույլատրելիության, տարածքային ամբողջականության եւ ինքնորոշման սկզբունքները: Այսպես, երբ Բրյուսելում նոյեմբերի 23-ին ԵԺԿ համաժողովը իր ընդունված բանաձեւում հստակորեն արձանագրվեց այդ նույն երեք սկզբունքների անխախտելիությունը, դա մատուցվեց որպես մեծ եւ դրական բան:
Երեկ էլ Մինսկում ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանին եւ լիագումար նիստին ընդունվեց նույնաբովանդակ հայտարարությունը: Ընդունվեց  Հայաստանի նախաձեռնությամբ ներկայացված «ԼՂ հիմնախնդրի կարգավորման հարցում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների միջնորդական ջանքերին աջակցելու» վերաբերյալ հայտարարությունը, որում ՀԱՊԿ անդամ երկրների նախագահները եւս մեկ անգամ վերահաստատել են իրենց աջակցությունը ՄԽ համանախագահողների գործունեությանը, ինչպես նաեւ հիմնահարցի կարգավորման հայտնի երեք` ազգերի ինքնորոշման իրավունքի, ուժի եւ ուժի սպառնալիքի չկիրառման եւ տարածքային ամբողջականության սկզբունքներին: 
Այսինքն` որդեգրված գծի պատճառով անգամ ամենաբարենպաստ հարթակներում ստանում ենք ընդամենը այդ երեք սկզբունքի հաստատումը եւ ոչ մի քայլ առաջ չենք շարժվում Արցախի ինքնորոշման փաստը ճանաչելու ուղղությամբ: Չենք էլ փորձում: Ու այդ մոտեցման պատճառով էլ նաեւ տհաճ անակնկալներ ենք ունենում: Սեւծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովը (ՍԾՏՀ ԽՎ) Կիեւում ընդունել է հայկական պատվիրակությունից գաղտնի մշակված հակահայկական բանաձեւը: 
Պատվիրակության ղեկավար Գագիկ Մինասյանի խոսքով` դա ընդունվեց Ուկրաինայի գործադրած մեծ ջանքերի շնորհիվ, եւ կողմ են քվեարկել 8 երկիր: Դե, Ադրբեջանի, Ուկրաինայի, Թուրքիայի եւ Մոլդովայի կողմից կողմ քվեարկելը միանգամայն բնական է, Վրաստանինը` հասկանալի, քանզի կորցրած տարածքներ ունի: Բայց այդտեղ կան նաեւ Եվրամիության անդամ Ռումինիան, Հունաստանը, ինչպես նաեւ Ալբանիան: Ընդհանուր առմամբ, Բրյուսելում նոր-նոր ստորագրված ՀՀ-ԵՄ համաձայնագիրը թվում էր, թե պետք է բարենպաստող ֆոն ստեղծեր մեզ համար, առավել եւս, որ Հունաստանը վաղուց համարվում է գրեթե դաշնակից երկիր: Բայց, շնորհիվ հենց մեր կրավորական պաշտպանողական մշտական մարտավարությանը, եղավ այն, ինչ եղավ: Եվրոպայից միայն սերբերը բոյկոտեցին քվեարկությունը, Հայաստանին էլ այլ բան չէր մնում, քան դուռը շրխկացնելով հեռանալ: Ու, թեեւ իրավական տեսակետից ընդունված հակահայկական փաստաթուղթը հետեւանքներ ունենալ չի կարող, սակայն  քաղաքական տեսակետից մեզ այդպիսի բանաձեւերից Ադրբեջանի հավաքած թղթաթափոնի կոլեկցիան, մեղմ ասած, օգտակար չէ:
Այնպես որ, կարծում ենք, վերամիավորման ակտին վերադառնալը վաղուց արդեն անհրաժեշտություն է, քանզի ամենուրեք դա կմտցնի հստակություն: Գումարած դրան` անգամ եթե իրականություն դառնա Աբխազիայի եւ Հարավային Օսիայի տարբերակով անկախության ճանաչումը, ապա աշխարհի փորձը ցույց է տալիս, որ մեկ ազգի տարբեր պետությունները աշխարհաքաղաքական առումով իրար դեմ հակամարատող ճամբարներում հայտնվելու մեծ ռիսկերի տակ են: Վկան` թեկուզ Հարավային եւ Հյուսիսային Կորեաները, նույնն էր եւ Արեւմտյան եւ Արեւելյան Գերմանիաների պարագայում, մինչեւ Բեռլինյան պատի փլուզումը, եւ երկրագնդի վրա ոչ քիչ թվով էլի օրինակներ ունենք: Ու արդյո՞ք մեզ համար այդպիսի ռիսկը ընդունելի է առհասարակ: Կարծում ենք` պատասխանն ակնհայտ է:

ՏՈՆՎԵՑ ԱՐՑԱԽԻ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ ՎԵՐԱՄԻԱՎՈՐՄԱՆ 28 ԱՄՅԱԿԸ


ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆ

 
 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА