ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Ի՞նչ է կատարվում գլխուղեղում, երբ գլխում ձանձրացնող մեղեդի է պտտվում

01.12.2017 13:11 ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ
Ի՞նչ է կատարվում գլխուղեղում, երբ գլխում ձանձրացնող մեղեդի է պտտվում

«Ձանձրալի մեղեդու համախտանիշ» կոչվող իրավիճակին, հավանաբար, յուրաքանչյուրն է բախվել: Դա վիճակ է, երբ գլխում կպչող մի մեղեդի է մնում, որից ոչ մի կերպ հնարավոր չէ ազատվել:

Ինչի՞ համար երբեք պետք չէ ներողություն խնդրել

Կանայք եւ տղամարդիկ նույն կերպ հաճախ հանդիպում են այդ երեւույթին, բայց ձանձրալի մեղեդու համախտանիշը սովորաբար ավելի երկար է տեւում կանանց մոտ: Բացի այդ, նրանց դա ավելի է գրգռում, քան տղամարդկանց: Տեքստերով երգերի 73,7 տոկոսն է «գլխում մնում», այն դեպքում, երբ գործիքային երաժշտության ընդամենը 7,7 տոկոսն է այդպիսին: Գիտնականները նույնիսկ գտել են այդ համախտանիշի դեմ պայքարի միջոցը. ձանձրալի երաժշտությունից  ազատվելու համար անհրաժեշտ է ուղեղը «ալեփոխել» աշխատանքային հիշողության ավելի բարդ խնդրի վրա՝ խաչբառ, տրամաբանական վարժություններ եւ այլն:

Սակայն մինչ այժմ հանելուկ էր, թե մեր ուղեղի հետ ինչ է կատարվում երաժշտության «մնալու» ժամանակ: Դրա համար Լոզանի Դաշնային պոլիտեխնիկական դպրոցի գիտնականները ամերիկացի գործընկերների հետ համատեղ փորձել են պարզել, թե ինչպես է փոխվում գլխուղեղի աշխատանքը, երբ մարդը «ձանձրալի մեղեդու համախտանիշ» ունի, եւ մեծ կիսագնդերի կեղեւի որ հատվածներն են այդ ժամանակ ակտիվանում:

Երբ մարդը երաժշտություն է լսում, բարձր եւ ցածր հաճախականությունները վերամշակվում են գլխուղեղի տարբեր հատվածներում՝ դրանք «միացնելով» միասնական ներդաշնակ պատկերում: Երաժշտության ազդեցությունը գլխուղեղի վրա հեշտ է արձանագրել, երբ այն հնչում է, բայց ինչպե՞ս դա անել, երբ այն միայն գլխում է հնչում: Դա հասկանալու համար գիտնականները ստիպված եղան որոշ փորձեր անել:

Նրանք փորձել են էլեկտրակորտիկոգրաֆիայի՝ գլխուղեղի ակտիվությունը գրանցելու մեթոդը՝ գլխուղեղի կեղեւի վրա տեղադրված էլեկտրոդների օգնությամբ: Այդ մեթոդը թույլ է տալիս առավել ճշգրտորեն գրանցել գլխուղեղի տարբեր հատվածներում նեյրոնների ակտիվությունը՝ որոշելով նաեւ ակտիվության տեղանքը եւ դրա տեւականությունը: Հարկ է նշել, որ ի սկզբանե, էլեկտրոդների տեղադրման պրոցեդուրան անցկացվել է ոչ այդ հետազոտության համար. պացիենտը, որը պրոֆեսիոնալ երաժիշտ էր, էպիլեպսիա ուներ:

Փորձի սկզբում մասնակցին խնդրել են գործիքի վրա բարձրացված ձայնով  կատարել երկու ստեղծագործություն: Ընդ որում հետազոտողները ձայնագրել են երաժշտությունը եւ գրանցել դաշնակահարի գլխուղեղի ակտիվությունը:

Ապա պացիենտը կրկին նվագել է նույն երաժշտությունը՝ անջատված ձայնով, իսկ գիտնականները գրանցել են այդ պահին նրա գլխուղեղի ակտիվությունը: Ընդ որում երաժշտությունը ձայնագրվել է եւ անձայն կատարման ժամանակ, որպեսզի հնարավոր լինի ճշգրտորեն համեմատել երկու չափումների տվյալները:

Ի՞նչ պետք է անել մինչև Նոր տարի

Դրանից հետո նեյրոնների ակտիվության մասին տվյալները համեմատել են: Պարզվել է, որ երկրորդ դեպքում ակտիվացել են նույն հատվածները, ինչ առաջին դեպքում: Այսինքն հնչող եւ մտքում հնչող երաժշտությունը ակտիվացրել է գլխուղեղի միեւնույն հատվածները, որոնք պատասխանատու են ցածր եւ բարձր հաճախականությունների մշակման համար:

Ստացված տվյալները հեռանկարներ են բացում աֆազիայի, որի դեպքում մարդը լսում եւ ընկալում է խոսքը կամ երաժշտությունը, սակայն չի կարողանում արտաբերել լսածը,  հետազոտման նոր մոտեցումների համար:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА