ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԻՆՉ Է ՀՈՒՇՈՒՄ ՄՈՍԿՎԱ-ԲԱՔՈՒ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ՍԿԱՆԴԱԼԸ

29.11.2017 19:15 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ
ԻՆՉ Է ՀՈՒՇՈՒՄ ՄՈՍԿՎԱ-ԲԱՔՈՒ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ՍԿԱՆԴԱԼԸ

Ադրբեջանում ՌԴ դեսպանի թեման գնալով ավելի ուշագրավ է դառնում: Նախ՝ սկսեցին բազմաթիվ հարցեր առաջ գալ, երբ ՌԴ նախագահը նախօրեին ստորագրեց արդեն նախկին դեսպան Վլադիմիր Դորոխինին պաշտոնից ազատելու մասին հրամանագիր: Եվ դեսպանի հարցը սկսեց շիկանալ այն պահից, երբ հայտնի դարձավ նրան փոխարինողի անունը:

ԱՀԱԲԵԿՉԱԿԱՆ ԽՈՒՄԲԸ: ՀԵՐԹԱԿԱՆԸ... ՄԻՆՉԵՎ Ե՞ՐԲ

ԲԱՔՈՒՆ ՀՐԱԺԱՐՎԵՑ ՌՈՒՍԱԿԱՆ ԴԵՍՊԱՆԻՑ
Սկսենք նախկին դեսպանից: Վերլուծական հանրությունը տարբեր մեկնաբանություններով ընդունեց դեսպանին հետ կանչելու հրամանագիրը: Եվ իրոք այն հարցերի տեղիք տալիս է: Այսպես, հրամանագրում միայն ասվում է. «Ազատել Վլադիմիր Դմիտրեւիչ Դորոխինին Ադրբեջանում ՌԴ արտակարգ եւ լիազոր դեսպանի պարտականություններից»: Հարցերի տեղիք է տալիս այն, որ հրամանագրում ֆիքսված չէ ազատման պատճառը: Արդյունքում, վերլուծաբանների մի մասն այն կարծիքին է, որ Դորոխինն այդ պաշտոնին էր 2009թ. փետրվարից, այսինքն՝ ավելի քան 8 տարի, ինչը պաշտոնավարման առավելագույն ժամկետ է: Այսինքն, դրա հետ է կապված դեսպանի հետ կանչումը: Բայց շատերն էլ վստահ պնդում են, որ Դորոխինին պարզապես ազատել են պաշտոնից: Մի մասն անգամ պատճառ է մատնանշում. նախկին դեսպանը 8 երկարուձիգ տարիների ընթացքում չափից դուրս շատ էր «խորացել» Ադրբեջանի ղեկավարության հետ, այսպես ասած, ոչ պաշտոնական կապերի մեջ: 
Ընդ որում, այս երկրորդ վարկածի կողմնակիցները մատնանշում էին նաեւ այն փաստը, որ Դորոխինին ազատելուն պես՝ հայտնի դարձավ նոր դեսպանի թեկնածուի անունը՝ Գեորգի Զուեւ: Այդ անունն ընթերցողների մեծամասնությանը ոչինչ չի ասում: Սակայն նշենք, որ ադրբեջանական որոշ աղբյուրներ, լսելով նոր դեսպանի մասին, անմիջապես մեծ աղմուկ բարձրացրին: Եվ ահա երեկ էլ տեղեկություն տարածեցին, որ Զուեւի նշանակման հետ պաշտոնապես չի համաձայնել Ադրբեջանը: «Haqqin.az»-ի փոխանցմամբ՝ պատճառը Զուեւի «վառ արտահայտված հայամետ դիրքորոշումն» է:
Այսպիսով, եթե անգամ կասկածի տակ առնենք այն, որ նախկին դեսպանի պաշտոնանկությունը կապված է Բաքվի հետ ոչ պաշտոնական կապերով կապված լինելու հանգամանքի հետ, ապա քիչ է կասկածների տեղիք տալիս այն, որ Մոսկվան Ադրբեջան էր ուղարկում «վառ արտահայտված հայամետ դիրքորոշմամբ» դիվանագետի: Ի վերջո, Բաքուն կընդունի՞ նրան, կամ չընդունելու դեպքում` ո՞վ կփոխարինի. սա խնդրի մի կողմն է: Էլ ավելի կարեւոր հարց է, թե արդյոք Մոսկվան պատահակա՞ն էր որոշել նշանակել նման դիվանագետի. միամտություն կլիներ այդպես մտածելը: Այդ դեպքում, սա ի՞նչ մեսիջ էր Բաքվի համար, եւ ո՞ւր կտանի այս իրավիճակը:
Իհարկե՝ Բաքվում «վառ արտահայտված հայամետ դիրքորոշմամբ» դեսպան նշանակելու այդ փորձը կարող է ամենատարբեր պատճառներն ունենալ, սխալ կլիներ միանգամից դա կապել Հայաստանի ու Ադրբեջանի հետ ՌԴ-ի հարաբերությունների կամ՝ ղարաբաղյան հակամարտության հետ: Բայց անկախ պատճառից, միայն բուն փաստը, որ Մոսկվան ուղարկում է, իսկ Բաքուն էլ գնում է մի այնպիսի աննախադեպ քայլի, ինչպիսին է՝ Մոսկվայի ուղարկած դեսպանին չընդունելը, այսինքն՝ դիվանագիտական բավականին լուրջ հակամարտության գնալն արդեն իսկ ակնարկում է ռուս-ադրբեջանական հարաբերություններում առաջ եկած հերթական խորը ճեղքվածքի մասին: Ժամանակի ընթացքում այս պատմությունը, հասկանալի է, կհարթվի: Բայց ահա կարճաժամկետ հատվածում դա Բաքվի համար բավականին լուրջ խնդիր է. նախկին դեսպանի հետ անցած 8 տարիներին հարմարվել էին, իսկ նոր դեսպանը, եթե անգամ Զուեւը չլինի, կոշտ մեթոդներով է գործելու: Իսկ դա խնդիր է նրանով, որ մի շարք առանցքային թեմաներ, այդ թվում՝ ղարաբաղյան հարցը, հենց այս օրերին է առաջնային օրակարգում գտնվում: Ընդ որում` չմոռանանք, որ այն առանցքային դերակատարությունը, որն այս պահին մասնավորապես ղարաբաղյան թեմայով Մինսկի խմբում ունի ռուսական դիվանագիտությունը: Եվ այսքանից հետո էլ դիվանագիտական սկանդա՞լ. չէ, հա, հաստատ Բաքվի համար էական խնդիր է:
ԻՐԱՆԻ ԱԳ ՆԱԽԱՐԱՐԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
Առավել եւս, որ ամենեւին էլ չի բացառվում, որ դեսպանի հետ կապված այս ողջ պատմությունը կարող է նաեւ ամենաուղղակի կապն ունենալ ղարաբաղյան գործընթացի հետ: Ի վերջո, ակնհայտ է, որ Մոսկվան փորձում է այս հարցով որոշակի հանգրվանային դիրքի հասնել, լինի դա հաշտության պայմանագրի, թե՝ հակամարտությամբ պայմանավորված սառեցման տեսքով:
Եվ նկատենք, որ Իրանի ԱԳ նախարար Մոհամմադ Զարիֆի երեկվա հայաստանյան այցը եւս ակնարկեց ասվածի մասին: Այստեղ նախ չոռանանք, որ Ղարաբաղում կայունություն է պահանջում այն գլոբալ տնտեսական ծրագրերը, որոնք նաեւ Հարավային Կովկասի կոմունիկացիոն ներգրավմամբ ունեն ՌԴ-ն եւ Իրանը, ավելին՝ Թուրքիան, Չինաստանը, ԵՄ-ն եւ այլն: Զարիֆի երեկվա այցի բուն նպատակների մասին թեեւ քիչ խոսվեց, անգամ՝ Էդվարդ Նալբանդյանի հետ համատեղ ասուլիսը սահմանափակվեց միայն նախարարների խոսքով: Բայց ՀՀ ԱԳ նախարարի ելույթում որոշ ակնարկներ նկատվեցին: «ԵՏՄ-Իրան համագործակցության հաստատումը կարող է առաջընթաց ապահովել հայ-իրանական տնտեսական համագործակցության զարգացման գործում...»,- Զարիֆի հետ հանդիպման արդյունքները նկարագրելիս նշեց Նալբանդյանը: Իսկ ահա ադրբեջանական աղբյուրներին լրջորեն նյարդայնացրել էր Զարիֆի այն միտքը, թե՝ Իրանը Հայաստանի հետ «աշխատում է տարածաշրջանում խաղաղության եւ կայունության պահպանման համար»:
Այսպիսով՝ Իրանի նախարարի այցի հիմնական թեմաներից է ԵՏՄ-Իրան կապը, այսինքն, այդ հարցը ակտիվ զարգացման փուլում է: Եվ այդ հարցի հետ կապված երկու պարզ հանգամանք կա: Առաջինը՝ Հայաստանն այս պահին Իրանի համար դեպի ԵՏՄ միակ դուռն է: Ադրբեջանը նույնպես կարող է նման դուռ դառնալ, բայց այն դեպքում, եթե Զարիֆի ասած «տարածաշրջանային խաղաղությունը եւ կայունությունը» լինի: Ընդ որում, խաղաղության արդյունքում օրակարգում կլինի նաեւ երկաթուղիների հարցը, իսկ Նախիջեւանի եւ Գյումրի-Կարս երկաթուղիների վերագործարկումը Իրանի համար ոչ միայն հավելյալ ուղի է դեպի ՌԴ, այլ նաեւ՝ դեպի Թուրքիա:
Մի խոսքով այն, որ կոմունիկացիոն առումով հարավկովկասյան տարածաշրջանն էական դեր ունի Իրան-ԵՏՄ լիարժեք համագործակցության համար, հին ճշմարտություն է: Ամբողջ հարցն այն է, որ այդ ծրագրերը հասել են գործնական փուլին, որն էլ ակտիվացրել է նաեւ Ղարաբաղի հետ կապված զարգացումները:
Այլ հարց է, թե այդ գործընթացներին ինչքանո՞վ էր օժանդակում 8.5 տարի Բաքվում աշխատած նախկին դեսպանը. դա ավելի լավ ՌԴ ԱԳՆ-ում կիմանան: Ու նրա փոխարեն ինչքանո՞վ կարող է նույն ծրագրերն առաջ տանել նոր դեսպանը, առավել եւս՝ եթե ունենա «վառ արտահայտված հայամետ դիրքորոշում». կարելի է կռահել: Ուստիեւ չբացառենք, որ Բաքուն Մոսկվայի հետ դիվանագիտական բախման գնաց` որպես նման զարգացումներից խուսափելու վերջին միջոց:
ԻՍԿ ԱՄՆ-Ը ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ԶԻՆԵԼ ՔՐԴԵՐԻՆ
Բայց թերեւս, զարգացումների այս ընթացքը կարող է փոխվել, եթե ռեալ դառնա ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունների վերականգնման ներկայիս փորձերը: Հիշեցնենք, անցած շաբաթ կայացել էր Թրամփ-Էրդողան հանդիպումը, որի ընթացքում, ըստ թուրքական աղբյուրների, ԱՄՆ նախագահը խոստացել էր մինչեւ իսկ դադարեցնել զինել սիրիական քրդերին:
Այն, որ հարաբերությունների վերակառուցման այս փորձը հաջողության մեծ հավանականություն չունի, առիթ ունեցել էինք ենթադրել: Եվ այդ մասին է ակնարկում նաեւ երեկ Պենտագոնի պաշտոնական ներկայացուցիչ, գնդապետ Ռոբերտ Մենինգի արած հայտարարությունը, ըստ որի՝ ԱՄՆ պաշտպանության նախարարությունը շարունակում է զենք մատակարարել « Սիրիայի դեմոկրատական ուժերի (ՍԴՈւ) քրդական ջոկատներին, որոնք պայքարում են «Իսլամական պետություն» խմբավորման գրոհայինների դեմ»: Եվ այն, որ ԻՊ-ի դեմ ընդամենը պատրվակ է, հերթական անգամ հիմնավորեց «չգիտես որտեղից» համացանցային շրջանառության մեջ հայտնված փաստաթուղթը: Ըստ դրա, արդեն որերորդ ամիսն է, որ քրդերի եւ ԻՊ-ի միջեւ ոչ մի պայքար էլ չկա: Ավելին, նրանք ժամանակին կնքել են զինադադարի համաձայնագիր, համաձայն որի՝ ԻՊ-ն առանց անգամ մեկ կրակոցի քրդերին է զիջել իր վերահսկողության տակ եղած ընդարձակ տարածքներ, ստացել ազատ տեղաշարժի հնարավորություն եւ, օգտվելով դրանից, իր ողջ ուժերը կենտրոնացրել է սիրիական եւ ռուսական ուժերի դեմ: Եվ եթե հիշեցնենք, որ այդ նույն տարածքներում են տեղակայված նաեւ քրդերին վերահսկող ամերիկյան ուժերը, կարելի է կռահել, որ առանց Վաշինգտոնի «դաբրոյի» նման փաստաթուղթ չէր կարող ստորագրվել:
Սակայն կոնկրետ դեպքում հարցին այլ կողմից մոտենանք. չեն եղել եւ չկան քրդերի եւ ԻՊ-ի միջեւ բախումներ, սակայն Պենտագոնը զինել է քրդերին եւ շարունակում է զինել: Իսկ այս ամենին Անկարան հազիվ թե բուռն կերպով չարձագանքի:
Ինչեւէ, Բաքու է մեկնում Թուրքիայի ԱԳ նախարար Չավուշօղլուն: Այն, որ Ալիեւի հետ խոսելու է տարածաշրջանային այս բոլոր գործընթացներից, հասկանալի է: Բայց թե կոնկրետ ինչ, դեռ կտեսնենք:
ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ

Թրամփը առաջարկել է վաճառել ռուսական դիվանագիտական առանձնատները․ լրատվամիջոցներ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА