ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Այս վճիռը շատ ավելի կարեւոր է, քան Ցեղասպանության ճանաչման հարցը»

24.11.2017 20:30 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄ
«Այս վճիռը շատ ավելի կարեւոր է, քան Ցեղասպանության ճանաչման հարցը»

Այս շաբաթ օրացույցի պատմական մի կարեւոր ամսաթիվ, ուղղակի, մոռացության մատնվեց, դրա մասին չհիշեցին ո՛չ քաղաքական գործիչները, ո՛չ էլ պատմաբաններն ու փորձագետները: Նոյեմբերի 22-ին լրացավ 97-րդ տարեդարձը ԱՄՆ 28-րդ իրավարար նախագահ Վուդրո Վիլսոնի 1920 թվականի որոշման, որի համաձայն, հայ-թուրքական սահմանը սկսվում էր Իրանին սահմանամերձ Կոտուր քաղաքից, անցնում Վանա լճից  եւ Բիթլիս ու Մուշ քաղաքներից հարավ-արեւմուտք, ապա ձգվում էր դեպի հյուսիս, անցնում Երզնկայից ոչ հեռու եւ ապահովում Հայաստանի անվտանգությունը։ Ավելին` Հայաստանին դեպի Սեւ ծով հարմար ելք ապահովելու համար` սահմանն անցնում էր Դերսիմից հյուսիս։ Ըստ Վիլսոնի իրավարար վճռի, Հայաստանին էր տրվում ընդհանուր առմամբ` 103.599 կմ քառ. տարածք։ Այս մասին «Իրավունքը» զրուցեց «Մոդուս Վիվենդի» հետազոտական կենտրոնի հիմնադիր տնօրեն, դիվանագետ եւ պատմաբան 
ԱՐԱ ՊԱՊՅԱՆԻ հետ:

Ո՞վ է այս շաբաթ լավագույն ու վատագույն նախարարը

«ՍԱ ՓԱՍՏԱՐԿ Է ԱՇԽԱՐՀԻՆ ՑՈՒՅՑ ՏԱԼՈՒ»

– Պարոն Պապյան, ինչո՞վ է կարեւոր մեզ համար Վիլսոնի իրավարար վճիռը եւ, մեղմ ասված, ինչո՞ւ է այն անտեսվում բոլոր մակարդակներով: 

– Սա մի փաստաթուղթ է, որը իրավականորեն ամրագրում է ՀՀ սահմանները եւ մեր երկրի տիտղոսը նախկին Օսմանյան կայսրության Վան, Բիթլիս, Էրզրում, Տրապիզոն նահանգների վրա: Այն ամենակարեւոր փաստաթուղթն է, որը Հայաստանն այսօր ունի, բայց անտեսվում է, որովհետեւ չի ընդգրկված պետական քաղաքականության մեջ: Ավելին` իշխանությունն իր գործողություններով դրան դեմ է: Ցյուրիխյան արձանագրությունները դրա ապացույցն էին, ըստ որի, իշխանությունը ճանաչեց Թուրքիայի հետ համատեղ այսօրվա սահմանը: Տարիներ շարունակ անընդհատ ընդգծվել է, որ մեր սահմանները Հայաստանի սովետական սոցիալիստական հանրապետության սահմաններն են եւ որեւէ պահանջ չունենք, որը էապես սխալ եմ համարում: Ի վերջո, այս փաստաթուղթը նաեւ կարեւորագույն լծակ է Թուրքիայի վրա: Սա փաստարկ է աշխարհին ցույց տալու, որ մեզնից ՀՀ տարածքները գրավվել են, հետեւաբար Արցախի հարցը մեզ համար նաեւ արդարության վերականգնման խնդիր է:  Մեզ այսօր մեղադրում են ուրիշի տարածքները գրավելու մեջ եւ դա հենց օկուպացիայի անվան տակ են ներկայացնում: Մինչդեռ իրավարարության մեջ առանձին փաստաթղթով Վիլսովի իրավարար վճռին կցված է նաեւ Ազգերի լիգայի կողմից 1920 թվականի փետրվարի 24-ին ամրագրված հայ-ադրբեջանական եւ հայ-վրացական սահմանները: Այս ամենը պետք է դրվի շրջանառության մեջ, բայց, ցավոք, շատ սակավաթիվ մարդիկ են դրանից տեղյակ, իսկ ավելի քիչ մարդիկ խոսում են այդ մասին:

«ՎԻԼՍՈՆԻ ԻՐԱՎԱՐԱՐ ՎՃԻՌԸ ՈՒԺԻ ՄԵՋ Է»

– Իսկ այսօր այս փաստաթուղթը իրավական ուժ ունի՞: 

– Այո, որովհետեւ այն իրավարար վճիռ է, որը ենթակա չէ բեկանման: Այսպիսի վճիռներն անժամանցելի են եւ ունենք բազմաթիվ փաստեր, որ շատ երկրներ շարունակում են այն ճանաչել: Օրինակ, 1927 թվականին, երբ Սենատը քննարկում էր Թուրքիայի հետ դիվանագիտական հարաբերությունների վերահաստատման հարցը, այն մերժվեց` նշելով, որ Վիլսոնի իրավարար վճիռը ուժի մեջ է: Իսկ ճանաչելով Թուրքիայի հանրապետությանը` իրենք դրանով հակասության մեջ կմտնեին արդեն իսկ գործող պարտավորության հետ` այն է իրավարար վճռի: Ի դեպ, ասեմ, որ այսպիսի բազմաթիվ այլ նման վկայություններ կան: Այս վճիռը շատ ավելի կարեւոր է, քան Ցեղասպանության ճանաչման հարցը` իր հետեւանքների հաղթփահարման հնարավորություններով: Ի վերջո, Ցեղասպանության ճանաչում ուզում ենք, որ հետեւանքները հաղթահարենք, բայց այդ ճանաչումը նման հնարավորություններ չի տալիս: Մինչդեռ այս փաստաթուղթն այդ հնարավորությունը տալիս է, ինչը պահանջում է լուրջ, հետեւողական, մասնագիտական աշխատանք, որը չի արվում:

Արցախի Ազգային ժողովում հյուրընկալել են օտարերկրյա խորհրդարանականների պատվիրակությանը

«ՓԱՍՏԱԹՂԹԻ ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄԸ, ՈՐՊԵՍ ԳՈՐԾԻՔ, ԱՐԴԵՆ ԿԱՐԵՎՈՐ Է»

– Օրինակ, Ռուսաստանում պատմական փաստաթղթերը լավագույնս օգտագործվում է համապատասխան իրավիճակում` որպես զսպաշապիկ այս կամ այն պետության նկատմամբ: Ինչո՞ւ մեզ չի հաջողվում դա անել:

– Ավելին ասեմ` հենց ռուսական փորձագետներից Կարինե Գեւորգյանը բառացիորեն մեկ շաբաթ առաջ վկայակոչեց Վիլսոնի իրավարար վճիռը եւ նշեց, որ այն կարող է մեծ հնարավորություններ տալ ՀՀ-ին: Իսկապես, անգամ դա ռուսաստանցի փորձագետներն են հասկանում: Գիտեք, պարտադիր չէ փաստաթուղթը քեզ տա առավելագույն հնարավորություն, ինքնին փաստաթղթի օգտագործումը, որպես գործիք, արդեն կարեւոր է: Այսօր մեզ վրա ամեն կերպ ուզում են ճնշում բանեցնել` օգտագործելով հաճախ սարքովի իրողություններ կամ փաստաթղթեր: Օրինակ, Ադրբեջանը Խոջալուի հնարովի ցեղասպանություն է ստեղծել եւ փորձում է մեզ ոճրագործի լույսի ներքո ներկայացնել, թե իբր Արցախը եղել է Ադրբեջանի մաս: Դրա վերաբերյալ որեւէ իրավական փաստաթուղթ չկա, բայց նրանք հետեւողական պնդում են դա: Սա հենց վկայում է, որ այսպիսի փաստաթղթերը ցանկացած երկրի համար կարեւոր են: Այո,  միայն իավական փաստաթղթերով, թերեւս հնարավոր չէ այսօր տարածքներ ստանալ, բայց առանց դրա էլ հնարավոր չէ: Այնպես որ, պետք է պայմաններ ստեղծել, որպեսզի  քաղաքական համապատասխան իրավիճակի դեպքում այն օգտագործես: 

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հ.Գ.– Հիշեցնենք, որ ՀՀ նախագահը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 72-րդ նստաշրջանի բարձր ամբիոնից հայտարարել էր, որ 2018 թվականի գարուն մտնելու ենք` առանց հայ-թուրքական սին արձանագրությունների: Խոսքը հենց Ցյուրիխյան արձանագրությունների մասին է, ինչի մասին Ա. Պապյանը ընդգծեց իր հարցազրույցում:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА