ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Պետք էր մտածել ոչ թե 5, այլ 15 քայլ առաջ». Սերգեյ Շաքարյանց

24.11.2017 20:15 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄ
«Պետք էր մտածել ոչ թե 5, այլ 15 քայլ առաջ». Սերգեյ Շաքարյանց

Այսօր թերեւս պարզ դարձավ վերջին շրջանում ամենասպասված հարցի պատասխանը` ի վերջո, Բրյուսելում Եվրամիության հետ Հայաստանը կստորագրի՞ համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագիր, թե՞ այն կհետաձգվի, կնախաստորագրվի կամ վատագույն դեպքում` օրակարգից կհանվի: Հիմա այլեւս համաձայնագիրն իրականություն է, իսկ թե ի՞նչ ազդեցություն այն կունենա մեր ներքին եւ արտաքին քաղաքականության, տնտեսության եւ առհասարակ` ՀՀ քաղաքացու վրա, «Իրավունքը» Բրյուսելում ընթացող իրադարձությունների վերաբերյալ պարզեց քաղաքագետ ՍԵՐԳԵՅ ՇԱՔԱՐՅԱՆՑԻ դիտարկումները: 

Թալանել են ԱԺ պատգամավոր Սերգեյ Բագրատյանի Porsche Cayenne-ը

«ԻՆՉ-ՈՐ ՄԻ ՓԱՍՏԱԹՈՒՂԹ ՊԵՏՔ Է ՍՏՈՐԱԳՐՎԵՐ»

– Շատ լավ հիշում եմ, որ մոտ 10 օր առաջ ՀՀ խորհրդարանի, թե ԱԳՆ-ի մակարդակով հենց Երեւանում հնչեցվեց նախազգուշացում, որ կարող է եւ հետաձգվի ստորագրումը: Բայց եթե չի հետաձգվում, ուրեմն` ամեն ինչ նորմալ է, համաձայնեցված է: Իսկ այն, որ ասում են, թե ռուսական կողմից որոշակի տրամադրվածություններ կան եւ դա կապում են ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի այցի հետ, համամիտ չեմ, քանի որ դժվար է պատկերացնել, որ ՌԴ-ում կամ, ասենք, Ղազախստանում չեն իմացել, որ Հայաստանը, ԵՏՄ անդամ լինելով, ամեն դեպքում, շարունակում է բանակցությունները ԵՄ-ի հետ, ու ինչ-որ մի փաստաթուղթ պետք է ստորագրվի: Միեւնույն ժամանակ, հատկանշական է, որ օրեր առաջ կառավարությունում հստակեցում է հնչել, թե ՀՀ-ում ամուսնությունը միայն կարող է լինել տղամարդու եւ կնոջ միջեւ, ինչն արդեն այսօրվա եվրաստանդարտներին դեմ է: Ըստ նրանց, կարելի է ամուսնանալ, օրինակ` շան հետ, ասենք ` մարդը սիրահարվել է իր շունիկին եւ ամուսնանում է, մի զարմացեք, Եվրամիությունում կա նման երեւույթ:

«ԵՎՐՈՊԱԿԱՆ ՍՏԱՆԴԱՐՏՆԵՐՆ ԸՆԴՈՒՆԵԼԸ` ԱՍՏԾՈՒՆ ԺԽՏԵԼՈՒ ԱՐԱՐՔ Է»

– Բայց մյուս կողմից էլ` հենց նույն գործադիրը նախաձեռնել է օրենսդրությունը եվրաստանդարտներին համապատասխանեցնելու գործընթաց` շրջանառության մեջ դնելով Ընտանեկան բռնության մասին օրինագիծը, իսկ քրեական օրենսգրքում նախատեսված փոփոխություններով` ԼԳԲՏ համայնքի նկատմամբ խտրականության քրեականացման հարցը: 

– Այդ եվրաստանդարտները մի տեղ ընդունում են, մի տեղ` մերժում, այսինքն` շարունակում ենք անիմաստ, հիմարական խաղ: Բազմիցս ասել եմ` ի՞նչ կապ ունի  համասեռամոլ է, թե` ոչ, եթե ոտնձգություն կամ վիրավորանք կա իր նկատմամբ, ապա դա արդեն նախատեսված է համապատասխան օրենսգրքով: Մի՞թե, ավանդական մարդուն կարելի է ֆիզիկական վնաս պատճառել, իսկ համասեռամոլին` ոչ: Այսինքն` ԼԳԲՏ համայնքի ներկայացուցչին վիրավորելը ավելի ծանր հանցա՞նք է, քան սովորական մարդու սպանությո՞ւնը: Ուղղակի անտրամաբանական է: Քրեական օրենսգրքում նախատեսված են ե՛ւ պետության, ե՛ւ անձի, ե՛ւ սեփականության դեմ իրականացվող հանցանքները: Վերջիվերջո, ցանկացած կողմնորոշում` լինի սեռական, թե այլ, գործ ունենք անձի հետ, իսկ անձի դեմ իրականացվող բոլոր հանցանքներն այսօր քր.օրենսգրքով նախատեսված են: Հետեւաբար, ի՞նչ իմաստ ունի նոր հոդվածներ մտցնել: Եթե շատ են ուզում, թող նոր մշակույթ մշակեն, որ քննիչը չպետք է ժպտա հանցանքը քննելիս, երբ դա կատարվել է, այսպես կոչված, ԼԳԲՏ ներկայացուցչի դեմ: Ասեմ ավելին` հպարտները, որոնք դոշ են ծեծում ու գոռում են, թե առաջին քրիստոնյա ազգն ենք, թող մի քիչ էլ քրիստոնեությունն իմանան, ոչ թե հիշեն միայն այն, որ Եվրոպայում լավ է, եկեք Եվրոպա լինենք: Մինչդեռ այդ եվրոպական ստանդարտներն ընդունելը` Աստծուն ժխտելու արարք է: Վերջիվերջո, բոլոր կարգին, լուրջ արժեքները հասել են Եվրոպա մեզնից` Արեւելքից, ոչ թե հակառակը, այդ թվում` կրոն ունենալու եւ Աստծո գաղափարը:

Մայր Աթոռի տեսակետը` ընտանեկան բռնության օրենքի մասին

«ՎԱՂ, ԹԵ ՈՒՇ ԿԳԱ ՊԱՀԸ, ԵՐԲ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ ԿԱՍԵՆ` ԸՆՏՐԻ՛Ր ՄԵԿ ԱԹՈՌ»

– Ամեն դեպքում, նոյեմբերի 25-ին կարթնանանք մի իրականության մեջ, որտեղ մեր արտաքին կողմնորոշումները երկակի են` ե՛ւ ԵՏՄ-ում ենք, ե՛ւ ԵՄ-ում: Կա՞ն հստակ մեխանիզմներ, որպեսզի կարողանանք այս երկուսը տեղայնացնել մեր իրականության մեջ, որ մեկը մյուսին չհակասի: 

– ԵՄ-ի եւ ԵՏՄ-ի կանոնադրության համաձայն` իհարկե, այնտեղ չկա հստակ նշված արգելք` չմասնակցել ուրիշ կարգի կառույցներին: Այսինքն` ելնելով զուտ իրավական տրամաբանությունից, կարելի է ասել, որ ինչը արգելված չէ, թույլատրված է: Բայց այստեղ խնդիրն այն է, որ հնարավոր չէ համատեղել երկու կամ երեք կառույցներ, որոնք ինչ-որ չափով իրար հակադրված են: Հիշեցնեմ` ԵՄ երկրները չե՞ն, որ պատժամիջոցներ են կիրառում Ռուսաստանի դեմ: Վաղը Եվրամիությունից կարող են ասել` դու ինչ-որ չափով մեզ հետ ասոցացված երկիր ես, դե մասնակցիր ՌԴ-ի դեմ կիրառվող պատժամիջոցներին, ի՞նչ է պատասխանելու 2018 թվականի ՀՀ ղեկավարը` վարչապետը: Չէ, չեմ մասնակցի՞... Վաղ, թե ուշ կգա պահը, երբ Հայաստանին կասեն` ընտրի՛ր մեկ աթոռ, մենք էլ հասկանանք` ինչ ես ուզում: Ավելին` եթե վաղը կանգնելու ենք ռուսների դեմ պատժամիջոցների խնդրի առաջ, ապա մյուս օրն էլ գալու են նոր հակաիրանյան պատժամիջոցներ:

– Բայց չէ՞ որ ԵՄ-ն ի սկզբանե մեզ առաջարկում էր ընտրել կա՛մ Եվրամիությունը, կա՛մ ԵՏՄ-ն, իսկ մեզ հաջողվեց հասնել «եւ-եւի» ձեւաչափի:

– Այո, եւ հիմա իրենք ընդունում են այդ «եւ-եւի» տարբերակը, բայց վաղը կգա 2018 թվականը կամ 2020, եւ ընկերական զրույցի ընթացքում կամ պաշտոնապես Հայաստանին կասեն` վերջապես ընտրի՛ր մեկ աթոռ: Այս դեպքում, լինելով Իրանին հարեւան, մասնակցելո՞ւ ես հակաիրանյան պատժամիջոցներին, չէ՞ որ  Եվրամիությունը գրեթե ամբողջությամբ մասնակցել է դրան: Այնպես որ, պետք էր մտածել ոչ թե հինգ, այլ տասնհինգ քայլ առաջ:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА