ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԲԱՅՑ ԻՆՉՈ՞Ւ Է ԷՐԴՈՂԱՆԸ ՀԱՄԱՌՈՐԵՆ ԽՈՍՈՒՄ 5 ՇՐՋԱՆԻՑ

24.11.2017 19:15 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ
ԲԱՅՑ ԻՆՉՈ՞Ւ Է ԷՐԴՈՂԱՆԸ ՀԱՄԱՌՈՐԵՆ ԽՈՍՈՒՄ 5 ՇՐՋԱՆԻՑ

Էրդողանին այդպես էլ հանգիստ չի տալիս ղարաբաղյան թեման: Հիշեցնենք, ղարաբաղյան բանակցություններն ակտիվացնելու մասին նա խոսել էր երկու-երեք շաբաթ առաջ, երբ նոր էր վերադարձել Բաքվից: Այդ մասին խոսեց դրանից մոտ մեկ շաբաթ անց, երբ պատրաստվում էր մեկնել Սոչի՝ ՌԴ նախագահի հետ հանդիպման: Վերջապես, նախօրեին, երբ նորից պատրաստվում էր Սոչի մեկնել՝ այս անգամ Պուտինի եւ Ռոհանիի հետ բանակցելու, նորից համառորեն հիշեցրեց Ղարաբաղի մասին:

Էրդողանը և Իրանի նախագահ Հասան Ռուհանին հանդիպում են անցկացնում Ստամբուլում

ԹՈՒՐՔԻԱՆ ՆՈՐԻՑ ԱՌԱՋԻՆ ՊԼԱՆՈՒՄ ՏԵՍՆՈՒՄ Է ՄՈՍԿՎԱՅԻՆ

Նկատենք նաեւ, որ այդ բոլոր հայտարարություններում Էրդողանը ղարաբաղյան խնդրի լուծումը կապում էր ՌԴ-ի եւ անձամբ Պուտինի հետ: Վերջին հայտարարության մեջ դա էլ ավելի ընդգծված էր. «Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը հատուկ թեմա է Թուրքիայի համար, որն Անկարան չի կարող անտեսել... Ուժը, որը կարող է կարգավորել այդ հակամարտությունը, Ռուսաստանն է ու նրա նախագահ Պուտինը»:

Ուշագրավն այն է, որ Էրդողանը հերթական անգամ նույնն է ասում եւ առաջարկում թեման նորից քննարկել Պուտինի եւ այս անգամ նաեւ Ռոհանիի հետ այն բանից հետո, երբ ՌԴ նախագահի հետ նախորդ քննարկումից հետո ինքն էր հանրությանը փոխանցել Պուտինի արձագանքը, թե. «Կա ավելի վաղ ընդունված որոշում՝ օկուպացված յոթ շրջաններից հինգի մասին: Մենք կանգ առանք այն բանի վրա, որ պետք է այդ որոշումն իրականացվի: Պարոն Պուտինը դրականորեն է տրամադրված, սակայն ինչպես ես հասկացա, առանձնակի հույսեր չունի...»: Ու չնայած դրան, Էրդողանն առաջարկում էր՝ Սոչիի երկրորդ հանդիպմանը եւս հենց նույն բանը կրկին քննարկել. «Մտածում եմ, որ պետք է ավելի լայն մոտեցում՝ հինգ օկուպացված շրջաններն Ադրբեջանին վերադարձնելու թեմայով, քանի որ հակամարտության սկզբից ի վեր արդեն գրեթե 30 տարի է անցել»:

Այսպիսով՝ ինչո՞ւ է Էրդողանը հայտնի կենդանու համառությամբ փորձում նույն թեման քննարկման դնել: Հարցի պատասխանը միանգամից պարզ կդառնար, եթե նա նաեւ իր պատկերացումը հայտներ, թե ինչի՞ դիմաց Հայաստանը պետք է այդ հինգ շրջանը տա Ադրբեջանին: Երբ նա ասում է, թե կա դրան վերաբերող «ավելի վաղ ընդունված» ինչ-որ որոշում, ապա ենթադրելի է, որ ակնարկում է «Մադրիդյան սկզբունքների» մասին, որտեղ տարածքների հետ մեկտեղ դրված է նաեւ Արցախի կարգավիճակի հարցը: Այլ հարց, որ կարգավորման այդ մեխանիզմի հին տարբերակներում խոսվում է հանրաքվեն հետաձգելու եւ միջանկյալ կարգավիճակի մասին: Սակայն քառօրյա պատերազմից հետո Հայաստանի դիրքորոշումն այդ հարցում էապես կոշտացել է, որը կարելի է նկատել նաեւ Սերգեյ Լավրովի վերջին այցի ժամանակ Էդվարդ Նալբանդյանի հետ համատեղ մամուլի ասուլիսից: Նկատի ունենք ՀՀ ԱԳ նախարարի այն բազում հիշեցումները, որ ոչ միայն բանակցային սեղանի շուրջ Ալիեւի տված խոստումները, այլ անգամ Ադրբեջանի կողմից ստորագրված եւ վավերացված միջպետական փաստաթղթերը որեւէ վստահություն չեն ներշնչում: Նալբանդյանը թվարկեց բազում օրինակներ, որոնք, անշուշտ, Լավրովի, բացի այդ՝ Մինսկի խմբի նախկին եւ ներկա բոլոր ներկայացուցիչներին, ղարաբաղյան գործընթացի հետ շփված բազում այլ անձանց էլ են քաջ հայտնի: Ուստիեւ վստահել Բաքվի հերթական խոստմանը, թե անգամ գրավոր խոստանալով՝ այսօր հինգ շրջան ստանալով, վաղը-մյուս օրը կհամաձայնվի Արցախի հետագա հանրաքվեի եւ կարգավիճակի հետ, Հայաստանը ոչ մի պարագայում չի կարող: Ընդ որում, միջնորդները լավ պատկերացնում են, թե ինչու. Բաքվի խոսքն անվստահելի է, եւ, թերեւս, միջնորդ երկրները չեն կարող երաշխավորել, որ այս անգամ էլ Ալիեւը չի խաբի:

Էրդողանը հայտնել է, որ մտադիր է ևս մեկ անգամ հանդիպել Պուտինի հետ Սոչիում

Այսպիսով, եթե Սոչիի նախորդ հանդիպման ժամանակ Էրդողանը հենց դա էր առաջարկում՝ հինգ շրջան հետ տալ, սակայն կարգավիճակի հարցը հետաձգել, ապա նրա նկարագրած ռեակցիան, որ ցուցաբերել է Վ.Պուտինը, տրամաբանական է. Մոսկվան քանիցս ակնարկել է, որ մյուս համանախագահների հետ միասին հենց այդպես է տեսնում լուծումը՝ «տարածքներ՝ կարգավիճակի դիմաց»: Բայց ոչ հետաձգված տարբերակով. Ալիեւն անվստահելի է: Եվ չմոռանանք, որ նույն Ալիեւը քանիցս խաբել է նաեւ ՌԴ նախագահին: Դեռ Մեդվեդեւի ժամանակ քիչ էր մնում, որ ստորագրվեր Կազանի փաստաթուղթը, որից Ալիեւը հրաժարվեց: Ամենաթարմ օրինակը. Սանկտ Պետերբուրգում Ալիեւը ոչ միայն Սերժ Սարգսյանին, այլ այդ հանդիպման ուղղակի միջնորդ Վ.Պուտինին էր խոստացել՝ համաձայնվել սահմանային միջադեպերի կանխման մեխանիզմների ներդրման հետ ու խաբեց. Բաքու վերադառնալուն պես հրաժարվեց տված խոսքից:

ԷՐԴՈՂԱՆԻ ԴԻՐՔԵՐՆ ԱՎԵԼԻ ԹՈՒԼԱՑԱՆ

Ամեն դեպքում, Էրդողանը հազիվ թե կասկածի, որ Պուտինն առավել քան լուրջ գործիչ է, որին գեղեցիկ խոսքերով համոզելը, առավել եւս՝ պարտադրելը բացառվում է: Էլ չասած, որ Սոչիի այս երկրորդ հանդիպումը բոլորովին այլ ուղղվածություն ուներ՝ Սիրիան: Եվ, վերջապես, այդ հանդիպմանը Էրդողանը ներկայացել էր որոշակիորեն վատացած դիրքերով:

Հիշեցնենք, Սոչիի նախորդ հանդիպումից առաջ Էրդողանը նաեւ խոսել էր Սիրիայից ռուսական եւ ամերիկյան զորքերը դուրս բերելու անհրաժեշտության մասին, թեեւ նկատելի էր, որ նրա ասածը հիմնականում ամերիկացիներին էր ուղղված: Այն պարզ պատճառով, որ Մոսկվան Դամասկոսի հետ ունի ռուսական ռազմաբազայի տեղակայման կեսդարյա պայմանագիր, այսինքն՝ սիրիական իրավիճակի կարգավորումից հետո էլ կմնա այնտեղ: Իսկ ահա ամերիկացիներն այսօր էլ Սիրիայում են միջազգային օրենսդրության կոպիտ խախտմամբ, ընդ որում, բացի Դամասկոսից, այդ ներկայությունը ծանր հարված է նաեւ Անկարայի համար: Եվ դա շատ ավելի առարկայական դարձավ Սոչիի այս երկրորդ հանդիպման ֆոնին. ԱՄՆ-ից շրջանառության մեջ դրվեց տեղեկատվություն, որ անգամ «Իսլամական պետության» պարտությունից հետո չեն էլ մտածում զորքերը դուրս բերել Սիրիայից, ավելի կոնկրետ` այն հատվածներից, որոնք ներկայումս քրդերի վերահսկողության տակ են: Ավելին, նույն տեղեկության համաձայն, Վաշինգտոնը պլանավորում է «նոր տեղական կառավարում ստեղծել»:

Այս մասին կա՞ Պուտին-Թրամփ պայմանավորվածություն, երբ նրանք հանդիպեցին Վիետնամում եւ սիրիական հարցով համատեղ հայտարարություն տարածեցին, ապա երկար հեռախոսազրույց ունեցան Սոչիի այս վերջին հանդիպման օրը: Դա միանգամայն հնարավոր է, հաշվի առնելով նաեւ այն լուրը, որ այդ հեռախոսազրույցում քննարկվել է նաեւ ուկրաինական թեման: Նկատենք, վերջին ժամանակներս Վաշինգտոնն ակնհայտորեն սրում էր այդ հակամարտությունը, մինչեւ իսկ կան խոսակցություններ Դոնբասում պատերազմի վերսկսման մեծ հավանականության մասին: Այսինքն, սիրիական քրդերի եւ Դոնբասի հետ կապված Մոսկվա-Վաշինգտոն կոմպրոմիսի տարբերակը կա: Համենայնդեպս, օրերս Ասադի Սոչի կատարած անսպասելի այցը հուշում էր, որ առաջացել էր նաեւ նրա հետ որոշակիորեն նոր զարգացումների հարցը քննարկելու խնդիր: 

ՊԱՏԱՀԱԿԱՆ ՉԷ, ՈՐ ԷՐԴՈՂԱՆԸ ՀԻՇԵՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՄԱՍԻՆ

Բայց անկախ դրանից, եթե Վաշինգտոնը անգամ ոչ պաշտոնապես հայտարարում է սիրիական Քուրդիստանում ինքնավարության նշաններ պարունակող «նոր տեղական կառավարում» ստեղծելու պլանների մասին, դա լուրջ ահազանգ է Սիրիայի համար: Հենց սիրիական քրդերն են, որ Անկարայի համար հիմնական վտանգ են ներկայացնում, քանի որ նրանք, ի տարբերություն իրաքյան քրդերի, շատ ավելի սերտ ռազմական կապեր ունեն թուրքական քրդերի հետ: Այսինքն, եթե հետպատերազմյան Սիրիայում քրդերը դառնում են անգամ ոչ պաշտոնական ինքնավարություն, նշանակում է՝ մնում են զինված եւ Դամասկոսի վերահսկողությունից դուրս: Իսկ այդ պարագայում նրանց ռազմական օժանդակությունը թուրքական քրդերին շատ ավելի էֆեկտիվ կլինի: 

Այս իրավիճակը մի կողմից խոստանում է էլ ավելի սրել Անկարա-Վաշինգտոն հակամարտությունը, որը, հիշեցնենք, մինչեւ իսկ առաջ է բերել ՆԱՏՕ-ում Թուրքիայի մնալ-չմնալու մասին խոսակցություններ: Այսինքն, ռուսական ուղղությունն էլ ավելի է կարեւորվելու թուրքերի համար: Դրանից զատ, քրդերի սրվող խնդիրն էլ իր հերթին է Անկարայի համար կարեւորում Մոսկվայի դերը: 

ԱԼԻԵՎԸ ԿՓՈԽՎԻ՞

Այսպիսով, որոշակիորեն ավելի թուլացած դիրքերով ներկայանալով Սոչիի հանդիպմանը, Էրդողանը հազիվ թե ռեալ հույսեր ունենար, որ Ղարաբաղի հարցով 10 օր առաջվա պայմաններով մերժված առաջարկն այս անգամ Պուտինի համար ընդունելի կդառնա: Այսինքն, առաջարկելով նորից վերադառնալ հինգ շրջանի թեմային, Էրդողանը կա՛մ փորձում է հենց այնպես Բաքվին ցույց տալ, թե, տես, շարունակում եմ քո մասին մտածել, կա՛մ ակնարկում է, որ ինչ-որ բան է փոխվել: Ընդ որում, եթե այդ մասին հայտարարողն Էրդողանն է, ապա խոսքը կարող է լինել միայն Ադրբեջանի ուղղությամբ փոփոխության մասին:

Ավելի կոնկրետացնենք. հինգ շրջանների հարցը կարող է ռեալ օրակարգային դառնալ միայն մեկ դեպքում, եթե փոխվի Բաքվի մոտեցումը Արցախի կարգավիճակի որոշման մեխանիզմի հետ կապված: Այն է՝ առանց խաբեության տրվում է հինգ շրջան ու բոլորի կողմից ճանաչվում Արցախի նոր կարգավիճակը:

Հնարավո՞ր է, որ Բաքուն փոխեր իր մոտեցումը: Չի բացառվում, հաշվի առնելով վերջին օրերին տեղի ունեցած տարաբնույթ հանդիպում-քննարկումներից առաջացած այն ռեալ տպավորությունը, որ մոտ ժամանակներս, եթե ի հայտ չգա փոխընդունելի լուծում, հակամարտությունը կտեղափոխվի երկարաժամկետ խորը սառեցման փուլ: Իսկ դա Բաքվի համար կարող է վատթարագույն տարբերակը դառնալ, քանի որ հետագա ապասառեցումը կարող է եւ անհնար լինել: Այդ իրավիճակը փոխելու հերթական քայլի նմանվեց ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ստոլտենբերգի հետ Ալիեւի հանդիպումը: Սակայն Ստոլտենբերգը հրապարակավ հայտարարեց. «Հակամարտության ռազմական լուծում չկա, եւ ՆԱՏՕ-ն դրանում ուղիղ դերակատարություն չունի... Մենք կոչ ենք անք անում ձեզ՝ շարունակել գնալ բանակցությունների միջոցով լուծման որոնման ուղղությամբ եւ խուսափել նոր լարվածություններից», հավելելով, որ դաշինքն աջակցում է Մինսկի խմբին: Մոտավորապես այն, ինչ նախօրեին ասաց Լավրովը, որ ղարաբաղյան հարցում կա ռուս-ամերիկյան լիակատար համագործակցություն:

Էրդողանը սպառնացել է խզել դիվանագիտական հարաբերություններն Իսրայելի հետ

Այսքանը բավակա՞ն է, որ Ալիեւը վերջապես հակվի ռեալ բանակցությունների օգտին, եւ Էրդողանը դա՞ էր փորձում ասել: Սա արդեն ցույց կտա ժամանակը: Եվ նախ տեսնել է պետք՝ Էրդողանին հաջողվե՞ց Սոչիում ղարաբաղյան հարցի քննարկում անցկացնել:

ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА