ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՐԱԳԱՉԱՓԸ` ԱՌԱՎԵԼԱԳՈՒՅՆ ՆԻՇԻ ՎՐԱ՞

24.11.2017 19:00 ՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ
ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՐԱԳԱՉԱՓԸ` ԱՌԱՎԵԼԱԳՈՒՅՆ ՆԻՇԻ ՎՐԱ՞

Այսօր նախատեսված է ՀՀ-ԵՄ համաձայնագրի ստորագրումը: Իրադարձություն, որին ոմանք սպասում էին հրճվանքով, մյուսները` տագնապով: Բնականաբար, Բրյուսելում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ոչ միայն մասնակցելու է Արեւելյան գործընկերության գագաթնաժողովին, այլեւ այլ միջոցառումների: Մասնավորապես նա հանդիպել է Բելգիայի թագավոր Ֆիլիպի եւ «Հայաստանի եվրոպական բարեկամներ» կազմակերպության հետ: Չի անտեսվելու նաեւ, բնականաբար, ԵԺԿ-ն: 
ՈՎ ԻՆՉՊԵՍ Է ՊԱՏՐԱՍՏՎԵԼ 
Առաջինը, ինչ աչքի է զարնում` Ադրբեջանի կողմից գագաթնաժողովի բոյկոտը: Բանն այն է, որ գագաթնաժողովի բանաձեւի նախագծում նշված է հարգանքը բոլոր պետությունների ինքնիշխանության եւ տարածքային ամբողջականության վերաբերյալ, եւ մազութային սուլթանատը դժգոհ է, որ Ղարաբաղը այդ ենթատեքստում նշված չէ: Մյուս կողմից փորձագետներից շատերը մատնանշում են, որ ՀՀ նախագահը առնվազն այդ հռչակագրին հատուկ կարծիք է կցելու` ինքնորոշումը ընդգրկելու անհրաժեշտության մասին, եթե, իհարկե, չհաջողվի դա մտցնել բանաձեւի մեջ: Ի դեպ, հենց այդ պահը կարող է պատճառ դառնալ, որպեսզի ԵՄ որոշ երկրներ չցանկանան վավերացնել ՀՀ-ԵՄ համաձայնագիրը, նաեւ դա կարող է ստորագրման արարողության ձգձգման կամ հետաձգման ազդակ դառնալ: 
Կա մեկ այլ հանգամանք, որը հնարավոր է դուր չգա եվրոպացիներին: Այսպես, հակաընտանեկան օրենքի նախագծից ակնհայտորեն Բաղրամյան 26-ի պահանջով տխրահռչակ Ստամբուլյան կոնվենցիայի ձեւակերպումները դեն նետելը, կարող է հարուցել դժգոհություն, եւ չպետք է բացառել, որ եվրաչինովնիկների մի մասը (ում շուրջ 1/3-ը, ինչպես պարզվել է Հունգարիայի կառավարության կողմից անցկացված հետաքննության արդյունքում, Սորոսի հիմնադրամի լոբբիստներ են) Ստամբուլյան կոնվենցիան կհամարեն ամենասկզբունքային պահը: Կա եւս մեկ հանգամանք, որը նույնպես հնարավոր է հարուցի գլոբալիստների դժգոհությունը` Հայաստանի կողմից ազգ-բանակ հայեցակարգի որդեգրումը եւ դրա շրջանակում արդեն իսկ ընդունված օրենքները: Բանն այն է, որ այդ նեւյն գլոբալիստները շատ կարեւոր են համարում ապառազմականացումը, մինչդեռ ազգ-բանակ հայեցակարգը նախատեսում է տրամագծորեն հակառակ գործընթացը: 
Իսկ երկրի ներսում Սորոսի վկա ՀԿ-ներն ու գործիչները, ինչպես նաեւ «Ելք» դաշինքը, շատ ագրեսիվ քարոզչություն են սանձազերծել ընդդեմ ազգ-բանակ հայեցակարգի: Եվ պատահական չէ, որ հենց այս շաբաթվա ընթացքում փորձ արվեց կրկին վերաբորբոքել ուսանողների պացիֆիստական շարժումը: Իսկ թե համացանցում ինչպիսի ագրեսիվությամբ է քարոզվում ապառազմականացումն ու դարավոր թշնամիների հետ հաշտությունը` դա շատ պարզ տեսանելի է: Կա նաեւ գրանտալափների կողմից հիսթերիա Ստամբուլյան կոնվենցիայի ձեւակերպումներից ՀՀ կառավարության հրաժարման կապակցությամբ, եւ ամենաագրեսիվ  եւ հիսթերիկ ձեւով քարոզվում է հակաընտանեկան աղբը, համասեռամոլությունը, բանը հասել է  դպրոցներ խցկվելով ծնողներին պատժելու պահանջով պավլիկմորոզովների ձեւավորմանը եւ խորհրդարան ու այլ ամբիոններ այդ` ուղեղները լվացած երեխաներին ուղարկելուն: 
Իսկ երրորդ շերտը` դա Սերժ Սարգսյանի «եւ-եւ» սկզբունքը «կամ-կամի» վերածելու փորձերն են` թունդ հակառուսականության հիման վրա: Երկուշաբթի ԵԱՏՄ-ից դուրս գալու վերաբերյալ «Ելքի» նախաձեռնած խորհրդարանական լսումները հենց այդ սերիայից են: Նույն սերիայից են նաեւ նրանք, ովքեր դժգոհ են մնացել, որ «Զվեզդա» հեռուստաալիքը հարկադրված է եղել ներողություն խնդրել Գարեգին Նժդեհին եւ ՀՀԿ-ին ամենագարշելի ձեւով անվանարկելու համար, եւ հիմա սկսել են ՌԴ քաղաքագետների մեջ փնտրել եւ «հաչացնել» ամենահակահայկական դեմքերին, զորօրինակ, մազութաբույր Մարկովին, որպեսզի թեման շարունակվի: Խոշոր հաշվով, կարելի էր եւ «Զվեզդայի» գարշելի արարքը բանի տեղ չդնել, եթե դրանով չթեւավորվեին Նժդեհին եւ վերջինիս գաղափարախոսությունը ատող մեր տեղական տականքները, առաջին հերթին` պացիֆիզմի թույնով վարակված կասկածելի եւ ծախու տարրերը: 
ԻՆՉՊԵՍ ԿԱԶԴԻ «ՆՈՅԵՄԲԵՐԻ 24-Ը» 2018-Ի ԳՈՐԾԸՆԹԱՑՆԵՐԻ ՎՐԱ
Իսկ այժմ շատ համառոտ փորձենք դիտարկել, թե ինչպես կանդրադառնան հնարավոր սցենարները 2018-ի սահմանադրական անցման վրա: 
Տարբերակ 1` Ամեն ինչ շատ հարթ ստորագրվում է: Այդ դեպքում կփորձեն էապես ակտիվանալ «Ելքը» եւ այլ` «եվրաարժեքներ» եւ գլոբալիզմ դավանող ուժերը: Կակտիվանան նաեւ 6-րդ շարասյան մեջ մտնող այն չինովնիկները, որոնք նստած են գրանտների վրա, կամ կոռուպցիոն փողերը պահում են արեւմտյան բանկերում: Այդ դեպքում չի բացառվում, որ փորձեն վարչապետի եւ կառավարության հարցում ապրիլին ընդհատել Սերժ Սարգսյանի ուղեգծի շարունակելիությունը, սակայն դժվար թե դա ստացվի, բայց որոշակի տհաճ պահեր կստեղծեն: 
Տարբերակ 2` Ձգձգվում է եվրոպացիների նախաձեռնությամբ: Այդ դեպքում փորձ է արվելու տարատեսակ լոբբիստների, 5-րդ եւ 6-րդ շարասյուների օգնությամբ ճնշում գործադրել, որպեսզի ՀՀ իշխանությունը հետ կանգնի գենդերիզմի եւ պացիֆիզմի գաղափարախոսությունները մերժելուց: Աղմուկ բավականին շատ կլինի, իսկ հետագա շարունակությունը դժվար է կանխատեսել` գերիշխող կլինի որոշակի զիջումների՞ գնալը, թե` այդ լոբբիստների եւ այլ տհաճ տարրերի չեզոքացման միտումը: 
Տարբերակ 3` Ձգձգվում կամ չի ստորագրվում Հայաստանի նախաձեռնությամբ: Այդ դեպքում տարատեսակ օտարածին աղբի հետ առհասարակ առնչություն չենք ունենա եւ, ըստ ամենայնի, դրան արագորեն հրաժեշտ կտանք, բայց արդեն չի ստացվի արդյունավետորեն կիրառել «եւ-եւ» սկզբունքը: Իսկ դա արդեն ավելի նեղ կդարձնի արտաքին քաղաքական մանեւրի դաշտը:
Անշուշտ, այս երեքով չի սահմանափակվում հնարավոր սցենարները, բայց միաժամանակ չարժե նաեւ գուշակությունների դաշտ մտնել: Գուշակությունները թողնենք Ֆեյսբուքում վխտացող ինքնուս նոստրադամուսներին: 

ՄԵԾ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՇԵՄԻՆ

ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆ

 
 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА