ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ՄԽԻԹԱՐՅԱՆԸ ՓՈՐՁՈՒՄ Է ՓՐԿԵԼ ԿԱՐԻԵՐԱՆ «ՄԱՆ.ՅՈՒՆԱՅԹԵԴՈՒՄ»

22.11.2017 22:30 ՍՊՈՐՏ
ՄԽԻԹԱՐՅԱՆԸ ՓՈՐՁՈՒՄ Է ՓՐԿԵԼ ԿԱՐԻԵՐԱՆ «ՄԱՆ.ՅՈՒՆԱՅԹԵԴՈՒՄ»

Այսօր` նոյեմբերի 22-ին, Չեմպիոնների լիգայի ընթացիկ խաղարկության A խմբի 5-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդը» մրցակցի հարկի տակ ուժերը կչափի շվեյցարական «Բազելի» հետ: Միջազգային մամուլի կանխատեսումներով՝ Հենրիխ Մխիթարյանը չի լինի թիմի մեկնարկային կազմում: 
Անգլիայի առաջնության 12-րդ տուրի շրջանակներում մանչեսթերյան ակումբը ուժերը չափել էր «Նյուքասլի» հետ եւ առանց խնդրի հաղթել մրցակցին: Հայ ֆուտբոլիստն այս խաղին ընդհանրապես չէր էլ հայտագրվել, ինչը երկրպագուներին եւ ֆուտբոլային մասնագետներին առիթ է տվել մտածելու, որ Ժոզե Մոուրինյոն վերջապես որոշել է պատժել Մխիթարյանին՝ ցուցադրած վատ կամ ոչ տպավորիչ խաղի համար: Զարմանալի չէր նաեւ երկրպագուների թվիթերյան արձանգանքը, որոնք գրեթե ամեն գրառման մեջ իրենց ուրախությունն ու գոհունակությունն էին հայտնել հայ ֆուտբոլիստի բացակայության կապակցությամբ: Հարցին անդրադարձել է նաեւ անգլիական «The Sun» հանդեսը՝ գրելով, որ Մխիթարյանի հետ կապված խնդիրներ դեռեւս կան. «Միկիի նկատմամբ դժգոհություններ կան թե՛ Մոուրինյոյի եւ թե՛ թիմակիցների կողմից: Մխիթարյանը վերջին օրերին հոգնածության մակարդակ ունի: Հայ ֆուտբոլիստը նախորդ մրցաշրջանում ամեն ինչ անում էր լավ մարզավիճակ ձեռք բերելու համար, սակայն նրա խնդիրները կրկնվում են»: Ըստ աղբյուրի, «Մանչեսթեր Յունայթեդի» մարզչական շտաբը լուրջ մտահոգություններ ունի՝ կապված Մխիթարյանի ներկայիս մարզավիճակի հետ: 
Իսկ ահա «Metro»-ն գրում է, թե ակումբի ներսում շշուկներ են պտտվում, որ Հենրիխ Մխիթարյանը այժմ պայքարում է իր կարիերան «Մանչեսթեր Յունայթեդում» փրկելու համար: Գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն վերջին շաբաթների ընթացքում դժգոհ է հայ ֆուտբոլիստի խաղից, այդ իսկ պատճառով հայ կիսապաշտպանը չհայտավորվեց ԱՊԼ-ի վերջին տուրի «Նյուքասլի» հետ խաղին: 
Ինչպես կհաղթահարի այս բարդ շրջանը հայ ֆուտբոլիստը, դեռ հայտնի չէ: Մի բան է պարզ. ինչպես ինքը` Մխիթարյանն է ասում, մեծ ակումբում հանդես գալու երազանքը մեծ աշխատանք է պահանջում. «Պետք է քրտնաջան աշխատել ու անընդհատ փոխվել` առաջ շարժվելու համար»: Հենց դա է թիմում կայուն տեղ ունենալու միակ ելքը:
Ի դեպ, Մխիթարյանը դարձել է «Մանչեսթեր Յունայթեդի» միջազգային ռեկորդակիրներից մեկը, որը միգուցե ակումբում ինչ-որ կերպ նրան օգնի: Կիպրոսի հետ ընկերական խաղում Հայաստանի հավաքականի պատմության լավագույն ռմբարկուն, անվրեպ իրացնելով նշանակված 11-մետրանոցը, հավաքականում իր գոլերի թիվը հասցրել է 25-ի: «Մանչեսթեր Յունայթեդի» պաշտոնական կայքն էլ ներկայացրել է թիմի ներկա եւ նախկին ֆուտբոլիստներին, ովքեր իրենց հավաքականների կազմում ռմբարկուական ռեկորդ են սահմանել.
Հայաստան. Հենրիխ Մխիթարյան, 25 գոլ/70 խաղ,
Բելգիա. Ռոմելու Լուկակու, 31 գոլ/ 65 խաղ,
Բուլղարիա. Դիմիտար Բերբատով, 48 գոլ/ 78 խաղ

Հենրիխ Մխիթարյանը Դորտմունդ վերադառնալու տարբերակ ունի

ՔՐԻՍՏԻՆԵ ՊԵՏՐՈՍՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА