ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐԸ ԴԺԳՈՀ Է ԳՈՇԱՎԱՆՔՈՒՄ ԿԱՏԱՐՎԱԾ ՇԻՆԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻՑ

22.11.2017 22:00 ՄՇԱԿՈՒՅԹ
ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐԸ ԴԺԳՈՀ Է ԳՈՇԱՎԱՆՔՈՒՄ ԿԱՏԱՐՎԱԾ ՇԻՆԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻՑ

2012 թվականից պետական միջոցներով 13-րդ դարում հիմնադրված Գոշավանք վանական համալիրում մեկնարկել է վերականգնման աշխատանքները: Վանական համալիրում վերջին անգամ վերականգնման եւ բարեկարգման աշխատանքներ իրականացվել են 70-ականներին:
«ԱՄԻՍՆԵՐՈՎ ՉԵՆ ԱՇԽԱՏՈՒՄ»
Արդեն հինգ տարի ընթացող շինաշխատանքների արդյունքներից գոհ չէ ՀՀ մշակույթի նախարար ԱՐՄԵՆ ԱՄԻՐՅԱՆԸ, ով օրերս այցելել էր Գոշավանք` տեղում ծանոթանալու իրականացվող աշխատանքներին: Շրջելով վանական համալիրի տարածքում` նախարարը «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրենի տեղակալին հանձնարարեց կազմել վերականգնվող հուշարձանների եւ եկեղեցիների ցանկը, ստեղծել երիտասարդներից կազմված կամավորների խումբ, ներգրավել նաեւ համայնքների բնակիչներին, որոնց օգնությամբ այդ հուշարձանների վրայից կհեռացնեն խոտածածկույթը, որոնք մեծ վտանգ են ներկայացնում հատկապես եկեղեցիների համար: Եվս մեկ հանձնարարական էլ նախարար Ամիրյանը տվեց շինաշխատանքներ իրականացնող ընկերությանը, որպեսզի տեսախցիկ տեղադրի վանական համալիրի տարածքում` առցանց վերահսկի աշխատանքները, նաեւ այն աշխատողներին, ովքեր կատարում են վերականգնումը. «Ամիսներով չեն աշխատում եւ գործը հասցնում են այս վիճակին: Այստեղ եղել է անհեռատես պլանավորում, անփույթ վերաբերմունք, աշխատանքի ձգձգում, որոշ դեպքերում նախատեսված է եղել լանջը բացել եւ չփակել կամ փակել հաջորդ տարի: Մեղմ ասած, սա ծիծաղելի է, պետք է այս ամենի վերաբերյալ սահմանել խիստ վերահսկողություն: Ըստ էության, ամեն տարի նույն պատկերն է եղել, պարզապես դրա մասին չեն բարձրաձայնել: Արդեն պայմանավորվեցինք, որ այն վայրերում, որտեղ կան հոգեւոր սպասավորներ, նրանց հետ եւս սահմանեն վերահսկողություն` հատուկ գրանցամատյաններով, որպեսզի արձանագրվի, թե որ ժամին շինարարը եկավ, ինչ աշխատանքներ արեց եւ այլն: Նաեւ` հաջորդ տարվա աշխատանքների ծավալի մեջ կներառվի, որ շինարարական ընկերությունները պարտավորվում են ապահովել առնվազն երեք տեսախցիկի վերահսկողություն: Շատ կարեւոր է, որ ոչ միայն մենք վերահսկենք, այլեւ ՀՀ քաղաքացիները հնարավորություն ունենան տեսնելու, թե ինչ աշխատանքներ են այստեղ իրականացվում ամեն օր»,- ասաց Արմեն Ամիրյանը` հավելելով, որ Գոշավանքում կվերականգնեն նախկինում գործող թանգարանը եւ հարուստ գրադարանը, որտեղից կօգտվեն ոչ միայն զբոսաշրջիկները, այլեւ` տեղացիները:
«ԱՆՁՐԵՎՆԵՐԸ ԼՑՎՈՒՄ ԵՆ ԵԿԵՂԵՑԻ...»
Շինաշխատանքներ իրականացնող ընկերության ներկայացուցիչները տեղեկացրին, որ մինչեւ նոյեմբերի 26-ը կավարտեն այս տարվա ծավալներով նախատեսված աշխատանքները, սակայն հաշվի առնելով եղնակային ոչ բարենպաստ պայմանները, մասնագետները հորդորեցին դադարեցնել աշխատանքները եւ դրանք վերսկսել գարնանը:
Ի դեպ, Գոշավանքի թանգարանի նախկին տնօրեն, բանաստեղծ Արծրունը նույնպես դժգոհություն հայտնեց, որ շինաշխատանքները արագ չեն ընթանում. «Սա ինչ վիճակ է, եկեղեցու վերեւի հատվածը բացել են ու չեն փակել, անձրեւները լցվում են եկեղեցի, սա 13-րդ դարի եկեղեցի է, այսպե՞ս պետք է պահենք»:
ՇԻՆԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՎՐԱ ԱՐԴԵՆ ԾԱԽՍՎԵԼ Է 55 ՄԼՆ ԴՐԱՄ
ՀՀ մշակույթի նախարարության աշխատակազմի պատմության եւ հուշարձանների պահպանության գործակալության պետ ԱՐՄԵՆ ԱԲՐՈՅԱՆԸ տեղեկացրեց, որ շինաշխատանքների վրա արդեն ծախսվել է 55 մլն դրամ, որի արդյունքում ծածկվել է եկեղեցու վեղարը եւ լանջերի որոշ հատվածներ, հատկապես հյուսիսային հատվածը, որտեղ ձնառատ է, եւ ջրերը ուշ են հեռացվում: Ավարտվել է Գոշի դամբարանի բարեկարգման աշխատանքները. «Հաջորդ տարի նախատեսված է բավականին մեծ ծավալներով աշխատանք, որը պետք է ավարտին հասցնենք: Ցանկալի է ոչ միայն եկեղեցու, այլեւ ցանկացած ֆիզիկական եւ իրավաբանական անձի աջակցությունն այս գործում, ի վերջո, մշակույթը բոլորինն է: Այս պահին պետք է դադարեցվեն շաղախային աշխատանքները, որոնք կվերսկսվեն գարնանը: Կիրականացնենք ժամանակավոր միջոցառումներ, լանջերը կծածկենք ժամանակավոր ծածկերով, որպեսզի ջրերից պաշտպանվեն, կապահովենք նաեւ տեսքի չխաթարման հնարավոր միջոցները: Շինաշխատանքները ուշացել են օբյեկտիվ եւ սուբյեկտիվ պատճառներով, կարծում եմ` օգտակար կլինի շինհրապարակներում տեսախցիկների տեղադրումը»,- ընդգծեց Ա. Աբրոյանը:
Ինչ վերաբերում է Ս. Աստվածածին եկեղեցու ապակեպատ գմբեթին, ապա Աբրոյանը ասաց, որ այն ունի ժամանակավոր բնույթ, որը կիրառելի է ամբողջ աշխարհում:
Նշենք, որ Գոշավանքի վանական համալիրը համարվում է զբոսաշրջային խոշոր կենտրոն, հատկապես ամռանը այնտեղ այցելում են հարյուրավոր զբոսաշրջիկներ:
Ներկայացրեց ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆԸ
Գոշ-Երեւան

Արտաշատի թատրոնը կհամալվի շուրջ 19 մլն դրամ արժեք ունեցող գույքով

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА