ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Մանկական բախո՞ւմ, թե ծնողական բարոյականության խորը ճգնաժամ

22.11.2017 21:45 ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
Մանկական բախո՞ւմ, թե ծնողական բարոյականության խորը ճգնաժամ

Նոյեմբերի 20-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Փարպի գյուղի բնակիչ, 35-ամյա Թերեզա Ավդալյանը դիմել է Ոստիկանության Աշտարակի բաժին եւ հայտնել, որ իր տղային ոտքով հարվածել են դպրոցում, ինչի հետեւանքով երեխան սեռական օրգանների շրջանում ուժեղ ցավեր է ստացել: Ծնողը ոստիկանությունում հայտնել է, որ որդուն հարվածել է համագյուղացի-համադասարանցին: Փաստի առթիվ Ոստիկանության Աշտարակի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում: 

Պատվիրված բեմադրություն` հանուն ընտանեկան բռնության մասին օրինագծի

Նման բախումներ, այն էլ՝ դպրոցական տղաների միջեւ միշտ էլ լինում են, եւ չարժեր այս հերթական դեպքին անդրադառնալ: Բայց երբ բանը հասնում է ոստիկանությանը, դա արդեն արտառոց է: Ուստիեւ՝ նախ փորձեցինք դպրոցի տնօրեն Նորիկ Արշակյանից պարզել՝ ի՞նչ է պատահել, ո՞րն էր առաջին դասարանցիների` իրար չհասկանալու եւ հերթը հարվածին հասնելու պատճառը: Տնօրենը մեզ հետ զրույցում հաստատեց, որ աշակերտների միջեւ իրոք միջադեպ է եղել, բայց` դպրոցից դուրս.
- Դեպքը տեղի է ունեցել 1:20 րոպեին, երբ երեխաները տուն էին գնում: Այո, իրոք առաջին դասարանցիների միջեւ վիճաբանություն եղել է, բայց ծնողի ներկայացրած ձեւով չի եղել, այսինքն` երեխային էդքան էլ վնաս չի հասել այդ հարվածից: Ես արդեն խոսել եմ երկու կողմի ծնողների հետ էլ, մարզպետարանին էլ տեղյակ եմ պահել կատարվածի մասին: Այս պահին ամեն բան հարթվել է, ոստիկանությունում էլ ոչինչ չի լինի, որովհետեւ ծնողը ասաց, որ վրդովված է եղել, երբ դիմել է իրավապահներին: Այսինքն` ամեն ինչ կհարթվի, կգնա, ոչինչ չկա: 
- Ինչի՞ համար է այդ տարիքի երեխաների վեճը ավարտվել հարվածներով:
- Դե, առաջին դասարանի երեխեք են, ամենայն հավանականությամբ, մեկը մյուսին թթու խոսք է ասել: Ոչ մի լուրջ բան: 

Արդյոք տուժածի ծնողն իրոք պատրաստվո՞ւմ է հետ վերցնել ոստիկանություն ներկայացրած բողոքը, եւ, ըստ նրա, ի՞նչ է կատարվել իրականում, փորձեցինք պարզել նաեւ համադասարանցու կողմից հարված ստացած փոքրիկի մորից` Թերեզա Ավդալյանից, ով մեզ հետ զրույցում ասաց.
- Հա, բողոքս ուզում եմ հետ վերցնեմ, որ գյուղում ուրիշ աչքով ինձ չնայեն, չասեն՝ բռնելա տալիս: Բայց երեխաս իրոք հարված է ստացել համագյուղացու կողմից: Ես շատ վատ վիճակում էի այդ պահին, ինձ ճիշտ հասկացեք: Երեխաս լացելով, սեռական օրգանը բռնած, տուն եկավ: Զանգեցի տղուս ծեծողի մորը, ասացի՝ շուտ շտապօգնություն կանչի, օգնեք երեխուս: Ինքն էլ, թե՝ ինչ ուզում ես արա, դու քո երեխեն, մեր երեխեն չի խփել քո երեխուն: Էդ որ ասեց, պատասխանեցի՝ դե, ուրեմն ես էլ ոստիկանություն կդիմեմ, ինքն էլ, թե՝ ինձ չվախեցնես: Ես էլ ջղայնացած զանգեցի ոստիկանություն: Ու հիմա վաղը կլինի, էսօր կլինի, գնալու եմ, բողոքս հետ վերցնեմ, թեպետ երեխաս վնասված է ու բժիշկը ասել է, որ պետք է պառկի հիվանդանոցում: 
- Էդ դեպքում ինչո՞ւ եք բողոքը հետ վերցնում, իրե՞նք են Ձեզ ասում, որ բողոքը հետ վերցնեք:
- Գիտեք ինչ կա, էս իմ աշխատանքը ստեղ է, ես էս գյուղում եմ ապրում: Չեմ ուզում՝ վաղը-մյուս օրն ինձ ուրիշ աչքով նայեն, չասեն՝ Թերեզը բռնելա տալիս: Էլի եմ ասում, տղաս մեղավոր չէր, իրեն ծեծել են, բայց դե, ինչ անեմ, չեմ ուզում՝ ինձ ու երեխայիս ուրիշ աչքով նայեն:

«Մանկական Եվրատեսիլում» հաղթեց ՌԴ մասնակիցը, որը Նադեժդա Սարգսյանի սանն է

Այսպիսով՝ խնդիրը ոչ թե տղայական կռիվն է, այլ այն, որ մեղավոր երեխայի ծնողը պարզապես թքած ունի, որ մեկ այլ երեխա է իր որդու պատճառով հասել հիվանդանոցի դուռը: Դե, պատճառն էլ կարելի է կռահել. համադասարանցու կողմից հարված ստացած երեխան, ինչպես դպրոցի տնօրենը տեղեկացրեց. «Ազգությամբ եզդի է, ապրում է ամուսնալուծված մոր հետ»: Կարճ ասած, անպաշտպան երեխա է, եւ «կարելի է» հանգիստ խղճով ոտատակ առնել, ընդ որում` նաեւ բարոյական առումով: Նաեւ վստահ ենք, որ նույն ծնողը հաստատ որդուն մի լավ կպատժեր, եթե նա ծնողազուրկ երեխայի  փոխարեն հանդգներ, ասենք, գյուղական որեւէ չինովնիկի որդու դեմ ելնել: Եվ սրանից հետո էլ ինչո՞ւ ենք զարմանում, որ այսչափ անկում է ապրել ընդհանուր բարոյականությունը, եւ գնալով շատանում են մարդկային տեսքով տականքները:
ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ
 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА