ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԼՐԱՏՎԱԿԱՆ ՊԱՏԵՐԱԶՄ` ՀՀ-ԵՄ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻՑ ԱՌԱՋ

22.11.2017 19:15 ՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ
ԼՐԱՏՎԱԿԱՆ ՊԱՏԵՐԱԶՄ` ՀՀ-ԵՄ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻՑ ԱՌԱՋ

Թեեւ Սերգեյ Լավրովի այցի հետքերով եւ ՀՀ-ԵՄ համաձայնագրի ստորագրումից առաջ բուռն կրքեր են եռում քաղաքական կուլիսներում եւ լրատվական դաշտում, այնուամենայնիվ, սկսենք նույն օրը` նոյեմբերի 21-ին, տեղի ունեցած երկու պոզիտիվ լիցք պարունակող իրադարձություններով: Առաջինը` Դիլիջանում, ուր նախագահ Սերժ Սարգսյանը մասնակցեց Մոնթե Մելքոնյանի անվան վարժարանի բացման կապակցությամբ տեղի ունեցած արարողությանը, իսկ երկրորդը` Երեւանում, ուր հայրենասեր երիտասարդությունն անցկացրեց Լեոնիդ Ազգալդյանին մեծարող քայլերթ: 
ՀԵՐՈՍՆԵՐԻ ՍՏՎԵՐՆԵՐԸ ԵՎ ՄԵԾ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ
Այն, որ գերագույն գլխավոր հրամանատար Սերժ Սարգսյանը այդքան ուշադրություն հատկացրեց Դիլիջանի ռազմամարզական կրթահամալիրին` հերոս Մոնթե Մելքոնյանի 60-ամյակին ընդառաջ, պատահական չէ: Ազգ-բանակ հայեցակարգի շրջանակում Դիլիջան տեղափոխված այդ հաստատությունը համատեղելու է լավագույն ավագ դպրոցի եւ լավագույն ռազմական վարժարանի հատկությունները: Այսինքն` դա մեր ապագա էլիտայի դարբնոցներից մեկն է լինելու: 
Իսկ ինչ վերաբերում է հայրենասեր երիտասարդների նախաձեռնած քայլերթին` Լեոնիդ Ազգալդյանի տարեդարձի նախօրեին, որին մասնակցում էր եւ նույն ազգ-բանակ հայեցակարգն առաջ տանող Գագիկ Գինոսյանը, ապա դրա նպատակն էր բարձրաձայնել հանրային պահանջը` ունենալ մայրաքաղաքում Լեոնիդ Ազգալդյանի անունը կրող մեծ փողոց: Ի դեպ, նախաձեռնողները թեեւ շատ նրբանկատ, բայց, այնուամենայնիվ, իրենց տարածած հաղորդագրությունում նշել են, որ «Ելք» դաշինքը, այդ հարցը մտցնելով քաղաքական եւ աշխարհաքաղաքական տիրույթ, պատկերավոր ասած, գործը ՀԱԿմեջ արեց: 
Եվ, իհարկե, շաբաթը սկսվել էր բավականին շոկային իրադարձությունից, երբ առավելագույն վիրավորական տարբերակով ՌԴ ՊՆ լրատվամիջոց համարվող «Զվեզդա» հեռուստաընկերությունը հեռարձակեց ոմն Վերոնիկա Կրաշեննիկովայի զազրախոսությունը մեր մեծագույն հերոսի` Գարեգին Նժդեհի հասցեին: Անշուշտ, հայությունը ե՛ւ հայրենիքում, ե՛ւ Սփյուռքում դրան արձագանքեց ինչպես հարկն է, եւ արձագանքը կապ չուներ հայերի քաղաքական հայացքների եւ աշխարհաքաղաքական կողմնորոշումների հետ: Դրան հետեւեց այն, որ հեռուստաընկերության կայքից այդ գարշանքը հեռացվեց: Բայց հետաքրքրական է, որ դա հեռացվեց եւ Թուրքիայի լրատվական դաշտից: Այսինքն` այդ կեղտոտ տեղեկատվական օպերացիան` «Զվեզդայի» կատարմամբ, առնչություն ուներ շատ խոշոր քաղաքականության հետ: 
ԶԻՆԱՎԱՃԱՌՆԵՐԻ ԿՈՐՊՈՐԱՑԻԱՅԻ ՀԻՍԹԵՐԻԱՆ
Հետաքրքրական է, որ նույն օրը, երբ եթեր էր հեռարձակվել Կրաշեննիկովայի պղծախոսությունը, Կրեմլի քարոզչության ծանր հրետանի Կիսելյովը Սերգեյ Լավրովի երեւանյան այցին ընդառաջ հեռարձակեց առավել քան պոզիտիվ նյութ Հայաստանի մասին, ընդ որում` այն աստիճանի պոզիտիվ, որ մենք եւ մեր երկիրը ներկայացված էին որպես բարձրագույն քաղաքակրթության լույսը մարդկությանը տվող փարոս: 
Սակայն մեզանում գործող սորոսականները, բացարձակ անտեսելով այդ պոզիտիվը, ջանադրաբար ձգտում էին Կրաշեննիկովայի գարշանքը ներկայացնել որպես Ռուսաստանի հավաքական դիրքորոշում: Թեեւ պարզ տրամաբանությունը հուշում է, որ երկու երկրների նախագահների հանդիպումից հետո անտրամաբանական է, որպես ինչ-որ բան ասելու միջոց կիրառել տեղեկատվական պատերազմի այդպիսի զազրելի եւ անբարո հնարք: Բանը հասավ նրան, որ, զորօրինակ, Ստյոպիկ Սաֆարյանը պնդում է, իբր ՀՀ-ԵՄ համաձայնագիրը տապալելու նպատակով չպետք է բացառել անգամ Ադրբեջանին քըսի տալու միջոցով նոր պատերազմի սանձազերծումը: 
Շատ ավելի սթափ եւ զուսպ է արտահայտվում ամենաթունդ հակառուսական կողմնորոշում ունեցող քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանը, ով, ի տարբերություն Ստյոպիկի, իր ծանր տեղը չի թեթեւացնում. «Լավրովի այցը Բաքու ցույց է տալիս`  ռուսական դիվանագիտությունն ընդգծված ձեւով ուզում է ցույց տալ, որ մտադրություն չունի որեւէ սեպարատ քայլեր ձեռնարկելու: Քայլեր, որոնք դուրս կլինեն Մինսկի խմբի եռանախագահության ձեւաչափից, ինչի մասին նա Բաքվում նույնպես ասաց»: Ինչ վերաբերում է ՀՀ-ԵՄ համաձայնագրին, ապա, ըստ քաղաքագետի. «Դրա հետ կապված ես փաստեր կբերեմ. առաջին` պաշտոնական Մոսկվան մինչ օրս որեւէ առարկություն չի ներկայացրել այս համաձայնագրի վերաբերյալ: Երկրորդ` նաեւ ռուսական դիվանագիտությունը մինչ օրս չի հայտարարել, որ առարկություն չունի եւ երրորդ` ռուսական պրոպագանդայի ստորաբաժանումները ուղղակի պատերազմ են հայտարարել այս համաձայնագրին»: 
Բայց, ի տարբերություն Ռուբեն Մեհրաբյանի, Մոլդովայում ապրող քաղաքագետ Էռնեստ Վարդանյանը հստակ ներկայացնում է, թե կոնկրետ ովքեր են Հայաստանի դեմ լրատվական պատերազմ սանձազերծել: «Զվեզդայով» հեռարձակված գարշանքի վերաբերյալ քաղաքագետը շեշտում է, որ դրա թիկունքում չեն գտնվում ո՛չ Պուտինը, ո՛չ Լավրովը: Բայց միաժամանակ նա շեշտում է քարոզչական այդ հարձակման հիսթերիկ բնույթը. «Իսկ ո՞ւմ է դա պետք: Կա հստակ պատասխան` Ռոգոզինի եւ «Ռոսօբորոնէքսպորտ» ընկերության արմատական ռեւանշիստական շրջապատին, ուր նստած են Ադրբեջանի եւ Թուրքիայի լոբբիստները` Ալեքսանդր Միխեեւի գլխավորությամբ: Այդ երկու կերպարն էլ իրենց ձեռքերը երկարում են դեպի ՊՆ, որին պատկանում է «Զվեզդա» հեռուստաալիքը: Պետք է շեշտեմ, որ դա Պուտինի եւ Լավրովի դիրքորոշումը չէ, ում հայկական կողմը ներկայացրել է իր քաղաքականությունը: Բայց այդտեղ կա մի «բայց»` կրեմլյան վարչակարգում կա այնպիսի մարդ, ինչպիսին Ալեքսանդր Մանժոսինն է, ով արտաքին քաղաքականության վարչության ղեկավարն է: Նա թուրքագետ է, եւ նրա մասին գործընկերներն ասում են «թուրքահպատակ»: Իսկ Հարավային Կովկասի գծով նրա մոտ ռեֆերենտ է աշխատում ոմն տիկին, ով Իլհամ Ալիեւի հեռավոր ազգականն է»: 
Խոշոր հաշվով, եթե հետեւենք, թե տարածաշրջանում այժմ ինչ քաղաքականություն է վարում Ռուսաստանը, ապա կտեսնենք, որ մեր հյուսիսային դաշնակիցը ձգտում է եթե ոչ մարել, ապա սառեցնել հակամարտությունների կրակը: Իսկ դա, անշուշտ, տհաճ բան է Ռոգոզինի եւ այլոց զինավաճառների կորպորացիայի համար, քանզի անմիջականորեն հարվածում է այդ կորպորացիայի բիզնես շահերին: Չէ՞ որ, եթե Լավրովն Ալիեւին չի առաջարկում սեպարատ գործարք Հայաստանի հաշվին (ինչը նշում է նաեւ հակառուս Մեհրաբյանը), ու նաեւ չի խրախուսում ռազմամոլ ձգտումները, ապա կորպորացիան հարկադրված կլինի նույն Բաքվին մեծաքանակ զենք ծախելու իր ախորժակները չափավորել: Ու ՌԴ նախագահի եւ արտգործնախարարի դիրքորոշմամբ նաեւ բացատրվում է այն, թե ինչու նույն «Զվեզդան» (որն, ի դեպ, պարբերաբար մանր կեղտոտություններ է անում` գործնականում բոլոր հայկական տոներին Բյուլբյուլօղլիի երգերը հեռարձակելով) այդքան արագորեն պոչը քաշելով ջնջեց իր եթեր գնացող գարշանքը, եւ ինչու անգամ այդ գարշանքից մաքրելը հասավ նույնիսկ թուրքական լրատվական դաշտ: 
Իսկ ինչ վերաբերում է բուն նոյեմբերի 24-ին, երբ նախատեսված Է ՀՀ-ԵՄ համաձայնագրի ստորագրումը, ապա անշնորհակալ գործ կլինի գուշակություն անելը: Միգուցե, ամեն ինչ հարթ ստորագրվի, միգուցե, եվրոպացիները կոտոշները տնկեն, թե ինչու Բաղրամյան 26-ը չի կամենում լուռումունջ ներդնել տարատեսակ գենդերային եվրաաղբի ամբողջ խմբաքանակը: Միգուցե, հայկական կողմից շտկումների պահանջները դուր չգան եվրոպացիներին, եւ երկար ու ձիգ բանակցությունները շարունակավեն: Միգուցե` այլ տարբերակներ կլինեն: Կապրենք, կտեսնենք: 
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆ

«Ծառուկյան» դաշինքում հոգեբանական բռնություն են կիրառում տղամարդկանց նկատմամբ

 
 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА