ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԶԱՐՄԱՆՔ

21.11.2017 21:00 ԶԱՐՄԱՆՔ
 ԶԱՐՄԱՆՔ

Հանրությունը այդպես էլ կարոտ մնաց պաշտպանության նախկին նախարարի տիկնոջ` ՌՈՒԶԱՆ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ խոստմանը` անուններ տալու, թե բարձրաստիճան պաշտոնյաներից այդ ով էր զինծառայությունից խուսափում եւ թաքնվում Ռազմական ոստիկանությունից: Փոխարենը համացանցում զարմանքով հայտնաբերեցին տեսանյութ, թե ինչպես է տիկինը երգում «Սրտիս թագուհի» երգը: Ինչեւէ, զարմանալով հանդերձ, պետք է արձանագրենք, որ երգելը նրա մոտ ավելի հաջող է ստացվում, քան քաղաքական խաղեր խաղալը: Իսկ, միգուցե, տիկինը քաղաքականության մեջ փորձում է ինչ-որ բան փնտրել այն պատճառով, որ ժամանակին չե՞ն հայտնաբերել երգելու նրա տաղանդը եւ ուղարկել թեկուզեւ Եվրատեսիլ: 
ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆ մի ասա, այլ կրակուպատիժ ասա: «Ելք» խմբակցության առաջնորդը որոշել է ոչ ավել-ոչ պակաս հանդիպել հարկայինից բողոքող «Առինջ մոլ» առեւտրի կենտրոնի առեւտրականների հետ եւ պատրաստվում է այդ հանդիպմանը. «Բայց այս շաբաթ ես անպայման կհանդիպեմ նրանց, որպեսզի քննարկեմ նրանց հուզող խնդիրները»: Զարմանալի է, այդ ինչո՞ւ հանկարծ Նիկոլը որոշեց, պատկերավոր ասած, Ծառուկյան դաշինքի հացը կտրել, չէ՞ որ, կարծես թե, դա բացառապես այդ քաղաքական ուժի «կալվածքն» էր: 
Իսկ նույն «Ելքի», սակայն արդեն Երեւանի ավագանու խմբակցության անդամ ԱՆԱՀԻՏ ԲԱԽՇՅԱՆԸ զարմացրեց բոլորին: Այն աստիճանի, որ պաշտպանության նախարարն իր ֆեյսբուքյան էջում նրան շնորհակալություն հայտնեց: Իսկ բանն այն է, որ նա գնացել է Կենտրոնական բանկ` Զինծառայողների ապահովագրության հիմնադրամ, հանդիպել է հիմնադրամի տնօրեն Վարուժան Ավետիսյանի հետ: «Ի ամոթ նաեւ ինձ եւ լրագրողների, որ լավ չենք ուսումնասիրել 1000 plus.am կայքը, որտեղ ամեն մանրամասնությամբ գրված է, յուրաքանչյուր լումայի ծախսը»,-ասաց նա եւ նշեց, որ 2017 թվականին մենք ունեցել ենք 26 հոգու հատուցում: Դե ինչ, լավ է, որ երբեմն անգամ «Ելքի» ներկայացուցիչները իրենց մեջ ուժ են գտնում խոստովանել սեփական սխալները: 
Մեզ զարմացրեց նաեւ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ` երկու օր շարունակ նոյեմբերի 18-ին եւ 19-ին երկու գրպանահատ բռնեց: Սկզբում բռնեցին ոմն Արմեն Ա.-ի` թիվ 46 երթուղու սրահում ուղեւորուհուց 66 հազար դրամ թռցնելու համար եւ հիմա փնտրում են տուժողին, իսկ հաջորդ օրը, այսպես ասած, «բացատրական աշխատանքի» շնորհիվ ներկայացել է թիվ 37 երթուղայինում գողություն կատարած Գոռ Պ.-ն, եւ փնտրում են գողոնը: Դե ինչ, սա զարմանալիորեն վկայում է, որ երբ ոստիկանությունը ցանկություն է ունենում, ապա լավ էլ բռնում է գրպանահատներին: Հուսանք, որ տեմպը չի գցի: 

ԶԱՐՄԱՆՔ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА