ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ՔԱՂԱՔԱԿԱՆ «ԳՅԱԴԱՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿՆԵՐԸ» ՎԵՐԱԴԱՌՆՈՒՄ ԵՆ

21.11.2017 20:45 ՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ
ՔԱՂԱՔԱԿԱՆ «ԳՅԱԴԱՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿՆԵՐԸ» ՎԵՐԱԴԱՌՆՈՒՄ ԵՆ

Թեեւ Վանո Սիրադեղյանը շատ վաղուց չի երեւացել, սակայն նրա գրչի տակից դուրս եկած «գյադաների ժամանակները» տերմինը շատ կենսունակ է: Երբ տեսնում ես որոշ քաղաքական ուժերի, գործիչների, փորձագետների եւ այլոց վարքագիծը, հա էլ հիշողության մեջ սկսում է պտտվել «գյադաների ժամանակները» բառակապակցությունը: Ինչեւէ, Վանոյի օգտագործած այդ եզրույթը, սակայն, չի նշանակում, որ Վանոյի արարքները որեւէ կերպ արդարացում ունեն: 
ՍԱԴՐԻՉՆԵՐ ԲՈԼՈՐ ԵՐԿՐՆԵՐԻ, ՄԻԱՑԵ՛Ք
ՌԴ ՊՆ ալիքը համարվող «Զվեզդա» հեռուստաալիքը տհաճ նստվածք թողեց շատ շատերի մոտ, քանզի նոյեմբերի 19-ին եթերում «Կանխատեսումներ Վերոնիկա Կրաշեննիկովայի հետ» հաղորդման ժամանակ հաղորդավարը քննադատել է Երեւանին` ԵՄ հետ գործընկերության մասին համաձայնագիր ստորագրելու մտադրության համար` համեմատելով ՀՀ քաղաքականությունն Ուկրաինայի իշխանություննների քաղաքականության հետ: Հաղորդավարը նաեւ ֆաշիստ է անվանել Գարեգին Նժդեհին եւ համեմատել է ՀՀԿ-ականներին ֆաշիստների հետ: 
Սույն` նկատելի ամերիկյան ակցենտով ռուսերեն խոսող տիկինը, առավելագույնս վիրավորական արտահայտվելով, նաեւ ՀՀԿ խորհրդանիշն անվանել է Երրորդ ռայխի խորհրդանիշերին նմանվող, եւ այդտեղ հետաքրքիրն այն է, որ տիկինը ՌԴ իշխող կուսակցության խորհրդի անդամ է, մինչդեռ այդ կուսակցությունը միջպետական մակարդակով սերտորեն համագործակցում է ՀՀԿ-ի հետ: 
Ինչեւէ, դժվարարտասանելի ազգանունով այդ տիկնոջ կենսագրությունը համացանցում անգամ թռուցիկ ուսումնասիրելը ցույց է տալիս, որ դա հարցեր հարուցող է` կյանքի զգալի մասն ապրել է ԱՄՆ-ում, 2011-ին հիմնել է իբր քաղաքական հետազոտություններով զբաղվող ինստիտուտ, որը, դատելով այդ «ինստիտուտի» կայքից, բաղկացած է միայն իրենից` որպես գլխավոր տնօրեն եւ հաշվապահից: Այն հասցեն էլ, որով «ինստիտուտը» գրանցված է ՌԴ Արդարադատության նախարարության համապատասխան ցուցակում, թեեւ փոքրիկ բնակարան է, բայց «տեղավորել» է եւս 684 իրավաբանական անձանց: Իսկ ֆեյսբուքյան հայկական հատվածում նաեւ տեղեկություններ շրջանառվեցին, որ այդ գարշելի հաղորդման տեսագրությունը ադրբեջանալեզու կայքերում հայտնվել է նույնիսկ ավելի շուտ, քան հեռարձակվել է եթեր: 
Ինչեւէ, «Զվեզդա» հեռուստաընկերությունը այդ գարշանքը հանել է իր կայքից, ու պարզից էլ պարզ է, որ Ռուսաստանի ՊՆ-ի հետ այդ ակնհայտորեն սադրիչ հեռուստաաղբը որեւէ առնչություն չունի: Առավել եւս այն օրերին, երբ Մոսկվայում է գտնվում ՀՀ ՊՆ պատվիրակությունը: Ի դեպ, քաղաքագետ Սուրեն Սարգսյանն էլ նկատել է, որ եթե տիկինը իր խոսքը սկսում է նրանից, թե Հայաստանը մտնում է ԵՄ կազմի մեջ, ապա նրա ասածն ընդհանրապես չի կարելի լուրջ ընդունել, ուր էլ դա հնչած լինի: 
Եվ այսպիսով` սադրանք, որը կազմակերպված է այնպես, որպեսզի հայկական լսարանը առավելագույն հակակրանքով լցվի հյուսիսային դաշնակցի նկատմամբ, այն էլ` նոյեմբերի 24-ին` ՀՀ-ԵՄ համաձայնագրի նախատեսված ստորագրման նախաշեմին: Բայց դա միակ սադրանքը չէ: Մեկ այլ սադրանք ունենք եւ «Ելք» խմբակցության թեթեւ ձեռքով արդեն համաձայնագրի ստորագրումից հետո` նոյեմբերի 27-ին նախատեսված են խորհրդարանական լսումներ  խմբակցության հեղինակած  «ՀՀ մասով ԵՏՄ պայմանագրի գործողությունը դադարեցնելու գործընթաց սկսելու վերաբերյալ» ԱԺ հայտարարության նախագծի վերաբերյալ: Իսկ այդ նախագծի մեջ պնդվում է, որ ներդրումները տարեցտարի նվազում են եւ. «ԵՏՄ անդամակցության հետեւանքով 900 անուն ապրանք թանկանալու է: Եթե դեղորայքի ներմուծման համար մինչ այժմ գործել է 0% մաքսատուրք, ԵՏՄ-ում այն դառնում է 8-12.5%, շաքարավազի (հիմնականում ներմուծվում է Բրազիլիայից եւ Ուկրաինայից) համար գործող 10% մաքսատուրքը ԵՏՄ պայմանագրի համապատասխան դրույթների ուժի մեջ մտնելուց հետո դառնալու է 40%, թռչնամսի համար մեզ մոտ գործող 10%-ը ԵՏՄ-ում կաճի մինչեւ 25%, Հայաստանում արտասահմանյան մեքենաների ներմուծման համար գործող 10% մաքսատուրքը ԵՏՄ-ում տատանվում է 25-200%-ի միջակայքում»: 
Այս երկու սադրանքներին միավորում է մեկ բան` Սերժ Սարգսյանի կողմից որդեգրած «եւ-եւ» ուղեգծի կտրուկ մերժում: Ու թեեւ այդ մերժումը կատարվում է, իբր թե, տրամագծորեն իրար ամբողջովին հակասող «բեւեռներից», բայց արդյունքը եւ, ըստ էության, հետապնդած նպատակը նույնն է` փորձել ինչքան հնարավոր է սրել հայ-ռուսական հարաբերությունները: 
ՄՈՌԱՑՎԱԾ ԳՈՐԾԻՉՆԵՐԻ ՍՏՎԵՐՆԵՐԸ
Աչքներս լույս, ասպարեզում կրկին երեւաց Հայրիկյանը` սկսելով անժամկետ հացադուլ ԿԸՀ-ի մոտ, որի պատրվակն այն է, որ ուզում է Սահմանադրություն փոխելու ստորագրահավաք սկսել, բայց իրեն ասում են, որ չի կարող: «Բոլորս գիտենք, որ Սահմանադրությունն ընդունելուց հետո անցումային դրույթներ կան: Սահմանադրությամբ նախատեսված է, որ 3 նախաձեռնողներ կարող են Սահմանադրական փոփոխությունների կատարել. դրանք են` 200 000 քաղաքացիներ, ԱԺ-ն եւ նախագահը: Սակայն 200 000 քաղաքացիների հնարավոր չէ պատգամավորների նման կես ժամում հավաքել»,- նշեց Պ. Հայրիկյանը: Նրա խոսքով` ՀՀ Սահմանադրության մեջ կատարվող փոփոխության հարցը շատ կարեւոր է, նույնիսկ ավելի կարեւոր, քան 1991-ի սեպտեմբերի 21-ի հարցը: «Ես մեկ օր ավել չեմ ուզում կորցնել: Սահմանադրության փոփոխությունների հիմքում կունենանք մի բան` ՀՀ-ն դարձնել քաղաքացիների սեփականությունը, ոչ թե պատահական մարդկանց, օտար գործակալների կամ վզները հաստացրած օլիգարխների, դա ՀՀ քաղաքացիների սեփականությունն է»,- ասաց նա:
Դե, եթե մինչ այդ հանգիստ իր քաղաքական թոշակը վայելող Հայրիկյանը ոչնչի չէր խառնվում, եւ անգամ բարեհոգորեն քննադատում էր դասադուլ անող ուսանողներին, իսկ հիմա հանկարծ որոշեց փորձել ակտիվ գործողություններ, ուրեմն օդում խառնակչության բույր է տարածվել: 
Դե, Հայրիկյանը, ինչպես հայտնի է, ԵՄ մոլի երկրպագու է եւ քանիցս փողոցային միջոցառումների ժամանակ կոնֆլիկտներ է ունեցել, երբ իրեն հիշեցրել են, որ հայաստանյան ցույցերին եւ հանրահավաքներին ԵՄ դրոշն ու առհասարակ օտար դրոշներն անելիք չունեն: Բայց, անշուշտ, այդ նույն քաղաքական թոշակառուներից ասպարեզում չէր կարող հայտնվել եւ տրամագծորեն հակառակ բեւեռի ներկայացուցիչը: Եվ հայտնվեց, ի դեմս Աշոտ Մանուչարյանի, ով շտապեց հայտարարել, որ Եվրոպական միությունը դա «սատանայական միություն» է: 
Բայց որ քեռի Սորոսի հետեւորդներն ինչ-որ բան փորձում են անել, եւ դրանից սատանայության հոտ գալիս է, դա էլ անժխտելի է: Այսպես, մաքուր սյուռեալիզմ էր ԱԺ դահլիճում ունկնդրել «Ընտանեկան բռնության» օրենքի մասին դասն անգիր արած մերօրյա պավլիկմորոզովներին: Այդ հակազգային օրենքի շուրջ էլ հետաքրքիր նրբություններ կան: Այսպես, վարչապետն անակնկալի էր եկել, երբ նախագիծը կառավարությանը ներկայացնող Դավիթ Հարությունյանը հանկարծ որոշեց հիշատակել, որ ՀՀ նոր Սահմանադրությամբ ամրագրված է, որ ամուսնություն կարող է լինել միայն կնոջ եւ տղամարդու միջեւ: Բայց Ստամբուլյան կոնվենցիայի մոլի պաշտպան այդ նախարարը պատահական չէ, որ հիշատակել է դա` նախագծի նախնական տարբերակում ընտանիքի սահմանումն էլ կար` որպես իրար հետ սեռական կյանքով ապրող զույգ եւ նրանց հետ բնակվող անձինք, որը, լինելով այդ կոնվենցիայի դրույթի վերարտադրություն, սկզբունքորեն միասեռ «ընտանիքի» տարբերակն էլ չէր բացառում: Ըստ ամենայնի, Դավիթ Հարությունյանին խստորեն զգուշացրել են, որ միասեռ «ընտանիքները» հակասահմանադրական են, եւ այդ պատճառով նա դա կրկնում էր արդեն կառավարության նիստին: Ու ֆեմինիստական կառույցներն էլ ահավոր վայնասուն դրել էին ակնհայտորեն հենց այն պատճառով, որ ընտանիքի այդ սահմանումը այլեւս չկար, քանզի օրինագծի անունը փոխելով, խոշոր հաշվով, միեւնույնն է, այն շարունակեց մնալ գործնականում նույն աղբը: 
Սակայն վերադառնանք մեր` ստվերից դուրս եկած լուսանցքային գործիչներին: Անկախ նրանց ունեցած քաղաքական եւ աշխարհաքաղաքական կողմնորոշումից, եթե լուսանցքայինները ակտիվանում են, ուրեմն ինչ-որ գործընթաց է տեղի ունենում կա՛մ Հարավային Կովկասում, կա՛մ ավելի գլոբալ` Մեծ Մերձավոր Արեւելքում: Անհաջողակները մթնոլորտի փոփոխության հանդեպ արտակարգ զգայուն հոտառություն ունեն, եւ այդ երկուսին պետք է համարել «առաջին ծիծեռնակներ»: Եվ եթե ինչ-որ մի պահ հայտնվի անգամ ծերուկ ԼՏՊ-ն, չենք զարմանա: 
Դե, իսկ ռեալ ներքաղաքական դաշտում ունենք Կարեն Կարապետյանի կառավարության եւ Ծառուկյան դաշինքի հակամարտությունը: Ծառուկյանականները մեղադրում են կառավարությանը հարկային տեռորի եւ այլ ահավոր մեղքերի մեջ, հակառակ ուղղությամբ շրջանառվում են մեղադրանքներ, թե ծառուկյանականները պարզապես չեն ուզում ստվերից դուրս գալ, բայց այստեղ ամեն ինչ այդքան էլ պարզ չէ: Քանզի ՀՀԿ խմբակցությունն էլ, կարծես թե, առանձնապես չի էլ պաշտպանում վարչապետին: Այսինքն` 2018-ի անցմանը հետաքրքիր բաներ կլինեն: 
Բայց նույն անցմանն են պատրաստվում եւ ինչ-ինչ ստվերային խաղացողներ, որոնց տերերը դրսերում են, դե իսկ, երբ տերերը իրենց մատը շարժում են, սկսում են հուսավառվել եւ տարատեսակ քաղաքական անհաջողակները. Սեյրան Օհանյանի կին Ռուզաննա Խաչատրյանով սկսած, ՀԱԿ-ի արտադրական թափոններով, լրիվ մոռացված մարդ-կուսակցություններով եւ Հայրիկյանի ու Մանուչարյանի պես թոշակառուներով վերջացրած: 
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆ

Նաիրա Զոհրաբյանը կրկին քաղաքական «թայմ աո՞ւթ» է վերցնում

 
 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА