ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԲԱՆԱԿՑԱՅԻՆ ՀԵՌԱՆԿԱՐՆԵՐ ԿԱՆ, ԲԱՅՑ ՀԱՆԳՈՒՑԱԼՈՒԾՈՒՄԸ ՄՆՈՒՄ Է ՄՇՈՒՇՈՒՄ

21.11.2017 20:30 ՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ
ԲԱՆԱԿՑԱՅԻՆ ՀԵՌԱՆԿԱՐՆԵՐ ԿԱՆ, ԲԱՅՑ ՀԱՆԳՈՒՑԱԼՈՒԾՈՒՄԸ ՄՆՈՒՄ Է ՄՇՈՒՇՈՒՄ

Այն, որ ղարաբաղյան կարգավորման հետ կապված յուրահատուկ ակտիվություն է տիրում, ընդունում են բոլորը: Համենայնդեպս՝ մի կողմից՝ հակամարտության կողմերի եւ միջնորդների պաշտոնական, եւ մյուս կողմից՝ տարբեր այլ ձեւաչափերով հանդիպում-քննարկումների այս կարգի հաճախականությունը հենց այդ մասին է վկայում: Ուրեմն՝ ո՞ւր կարող է տանել այս ընթացքը:
ԻՆՉՊԵՍ ՀԱՍԿԱՆԱՆՔ ԱԼԻԵՎԻ «ՇՈՒՏԱՓՈՒՅԹ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄԸ»
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի նախօրեին մեկնարկած ադրբեջանական այցի ժամանակ, իր ԱԳ նախարար Մամեդյարովի թարմ օրինակով, Ալիեւը նույնպես խոսեց հակամարտության արագ կարգավորման ցանկությունից: «Այսօր կխոսենք այն հարցերի մասին, որոնք կապված են հայ-ադրբեջանական՝ ԼՂ հակամարտության կարգավորման հետ: Ադրբեջանը չափազանց հետաքրքրված է այս հարցի շուտափույթ կարգավորմամբ»,- հայտարարեց Իլհամ Հեյդարովիչը՝ Լավրովի հետ հանդիպման մեկնարկին: «Շուտափույթ կարգավորման» մասին Ալիեւի խոսքը որոշակի ակնարկներ անում է: Երկարամյա բանակցային գործընթացում տեղը-տեղին թրծված Ալիեւը հազիվ թե չգիտակցի, որ այն «լուծումը», որը Բաքուն այս ողջ ընթացում գոնե հրապաքրակավ միակ ընդունելին էր համարում, այլ կերպ ասած, որ ողջ Արցախը պետք է հանձնել Ադրբեջանին, ոչ մի դեպքում չի կարող «շուտափույթ կարգավորում» ենթադրել: Ընդ որում, Հայաստանը քանիցս, այդ թվում՝ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը նույն Ալիեւի հետ վերջին հանդիպումից հետո առավել քան հստակ հայտարարեց. «Մեզ համար միակ լուծումն այն է, որ Ղարաբաղը լինի Ադրբեջանից դուրս»: Այսինքն՝ եթե Ալիեւը լուրջ էր խոսում ¥չմոռանանք՝ ՌԴ ԱԳ նախարարի հետ¤, ապա այդ «շուտափույթ կարգավորում» ասվածը ենթադրում է կարգավորման այլ մեխանիզմ՝ ոչ Ադրբեջանի կազմում Ղարաբաղի կարգավիճակով: Ու նույն բանը կարելի էր նկատել նաեւ Մամեդյարովի այն հայտարարության մեջ, թե՝ «Հակամարտության կարգավորման բոլոր գաղափարները սեղանին են, եւ պետք է դրանցից հավաքել եզրափակիչ փաստաթուղթ»: Չմոռանանք, որ սեղանին, այն էլ՝ աչքի ընկնող տեղում դրած է հենց ինքնորոշման սկզբունքը: 
Նկատենք՝ անցած բանակցային մոտ 23-24 տարիներին քանիցս գործընթացը մոտեցել է նույն՝ «շուտափույթ կարգավորման» փուլին, ընդ որում, գրեթե ամեն անգամ Հայաստանը, թեեւ մեծ դժվարությամբ, սակայն պատրաստ է եղել գնալ ծայրահեղ զիջումների: Օրինակ՝ հիշենք մեզ համար վատթարագույն տարբերակը՝ Քի Ուեսթը, որտեղ Հայաստանը մինչեւ իսկ քիչ էր մնում գնար «Մեղրիի միջանցքի» գաղափարին: Մինչդեռ այն ժամանակ Ադրբեջանը ղեկավարող Հեյդար Ալիեւը, բանակցային սեղանի շուրջ ընդունելով այդ սցենարը, վերադառնալով Բաքու՝ հրաժարվեց դրանից, քանի որ ադրբեջանական քաղաքական էլիտան որեւէ կերպ չընդունեց Ղարաբաղի նոր կարգավիճակի գաղափարը: Այսինքն, եթե հիմա Իլհամ Հեյդարովիչն է իր «շուտափույթ կարգավորումով» հեռվից-հեռու ակնարկում Ղարաբաղի կարգավիճակի մասին, կարո՞ղ է այդ գաղափարի հետ համաձայնեցնել նաեւ երկրի քաղաքական էլիտային: Իհարկե, մասնավորապես Քի Ուեսթից հետո 13-14 տարի է անցել, շատ բան է փոխվել նախ՝ հայ-ադրբեջանական հարթությունում: Այդ թվում, ադրբեջանական էլիտայի մոտ, նաեւ քառօրյա պատերազմից հետո պետք է որ նկատելիորեն նվազած լինի Արցախը պատերազմով վերցնելու հույսը: Այսինքն, եթե հատկապես նավթային գների պիկային տարիներին նույն ադրբեջանական էլիտային միանգամայն հրապուրիչ էր թվում «հարստանանք, զինվենք եւ Ղարաբաղը գրավենք» գաղափարը, ապա այդ տարբերակը ներկայումս գնալով անհույս է դառնում: Առավել եւս, որ Բաքվում էլ են քաջ գիտակցում, որ փոխվել է նաեւ անմիջականորեն շրջապատող աշխարհը, որի արդյունքում՝ ներկայումս Ղարաբաղում նոր պատերազմ սկսելն անգամ կարող է շատ վտանգավոր լինել, եւ այդ վտանգը ժամանակի ընթացքում գնալով միայն, ըստ ամենայնի, սրվելու է: Բացի այդ, տարածաշրջանը գտնվում է գլոբալ կարգավորումների փուլում, որի ավարտից հետո առկա ստատուս-քվոները կարող են արդեն տասնամյակներով պահպանվել: 
ԿԱՐԳԱՎՈՐՈ՞ՒՄ, ԹԵ՝ ՍԱՌԵՑՈՒՄ
Այսպիսով, նկարագրված իրավիճակը ադրբեջանական քաղաքական էլիտայի մոտ ձեւավորե՞լ է այն ներքին համոզմունքը, որ ներկայումս էլ չցանկանալով հաշտվել Ղարաբաղի նոր կարգավիճակի հետ, մեկ-երկու տարում հնարավոր է որ պարզապես ստիպված լինեն հաշտվել: Եթե կա նման համոզմունք, ապա Ալիեւի ասած՝ «շուտափույթ կարգավորումը» միանգամայն ռեալ կարող է լինել: Թե կոնկրետ որ տարբերակով, դա էլ նոր բան չէ. այս պահին օրակարգային միակ դրույթը «Մադրիդյան սկզբունքների» ինչ-որ տարատեսակ: Հասկանալի է, դետալային տեսքով դա էլ է բանակցային լուրջ վեճերի տեղիք տալու՝ «Մադրիդյան սկզբունքներից» բխող գլխավոր հարցադրման պատասխանը գտնելու համար. ինչ տարածքներ պետք է հանձնվեն, եւ երբ է լուծվելու կարգավիճակի հարցը: Սակայն այստեղ կոմպրոմիսն անհամեմատ ավելի հեշտ է, եթե հստակ համաձայնեցում լինի առանցքային մոտեցման՝ «շրջաններ՝ կարգավիճակի դիմաց» գաղափարի հետ կապված:
Ակնհայտ է նաեւ, որ ներկայիս իրողությունների պարագայում դրա այլընտրանքը կարող է լինել հակամարտության խորը սառեցումը, այդ թվում՝ շփման գծում խաղաղարարների տեղակայմամբ: Սա, անշուշտ, Հայաստանի համար  լավագույն տարբերակը կարող է լինել, եւ նման հեռանկարի հավանականության մասին է խոսում Ալիեւի նույն այդ շտապողականությունը: Սակայն գործնականում խորը սառեցման տարբերակի հավանականությունը էապես կնվազի, եթե Բաքուն իրականում էլ հաշտվել է Ղարաբաղի նոր կարգավիճակը ճանաչելու հեռանկարի հետ:
Մի խոսքով այն, որ այս փուլում արցախյան  գործընթացը հենց այս տրամաբանության շրջանակներում է, գրեթե կասկածների տեղիք չի տալիս: Սակայն այս ամենով հանդերձ էլ, թե ներկայիս զարգացումները նշված  ուղղություններից որով կընթանան, հենց այստեղ է հիմնական ինտրիգը:
ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ԻՐԱՎԻՃԱԿԸ
Այս ամենով հանդերձ նկատենք, որ ղարաբաղյան այս զարգացումների վրա շարունակում է իր էական ազդեցությունն ունենալ այն, որ մեծ տարածաշրջանը շարունակում է գնալ ընդհանուր կայունացման ուղղությամբ: Այդ թվում, չմոռանանք, որ Լավրովն Ադրբեջան ժամանեց Թուրքիայից, որտեղ նախօրեին հանդիպում ունեցավ Իրանի եւ Թուրքիայի արտգործնախարարներ Զարիֆի եւ Չավուշօղլուի հետ: Թեման Սիրիան էր, եւ հանդիպման ժամանակ անակնկալներ չեղան: Ավելին, հազիվ երկու ժամ տեւած հանդիպումից հետո Լավրովը հայտարարեց. «Աշխատանքը շատ արդյունավետ էր, պայմանավորվել ենք բոլոր առանցքային հարցերի վերաբերյալ»: Ընդ որում, հենց այս «արդյունավետ աշխատանքի» արդյունքներն են, որ դրվելու են նույն Սիրիայի հետ կապված 
վաղը Սոչիում կայանալիք նույն երեք երկրների նախագահների գագաթաժողովի հիմքում: Այսինքն՝ էս գլխից էլ ենթադրելի է, որ նախագահներին նույնպես «արդյունավետ աշխատանք» է սպասում: Իսկ դա նշանակում է, որ Մերձավոր Արեւելքի հետ կապված վերջերս արված Պուտին-Թրամփ համատեղ հայտարարությունից հետո՝ շարունակում է նույնքան էֆեկտիվ գործել նաեւ ՌԴ-Իրան-Թուրքիա ձեւաչափը:
Ինչ վերաբերում է ՌԴ-Թուրքիա հարաբերություններին, ապա այն, որ վերջին ժամանակներս այդ երկրի ղեկավարն այսքան հաճախ է սկսել այցելել Ռուսաստան, շատ պատասխաններ է տալիս: Եվ դա այն բանից հետո, երբ Էրդողանն անձամբ էր ակնարկել, թե ինչ կարգի մերժման է բախվել, երբ փորձում էր ՌԴ նախագահի հետ քննարկել ղարաբաղյան հարցը: Եվ Լավրովն էլ, նույն տրամաբանությամբ, Բաքվում ակնարկեց, թե ՌԴ-ն կցանկանար Ադրբեջանին տեսնել ԵՏՄ-ում, բայց չեն էլ պարտադրում: Այսինքն, որ Թուրքիան եւ Ադրբեջանն են որոշում, թե ինչ քաղաքականություն վարեն ՌԴ-ի հետ, բայց դրան չխառնեն Ղարաբաղը: Դրան ավելացնենք նաեւ ԱՄՆ-ի հետ բախումներից հետո՝ ՆԱՏՕ-ի հետ կապված վերջին սկանդալը, երբ դաշինքի միջոցառման ժամանաակ Էրդողանի եւ Աթաթուրքի նկարները փակցրել էին թշնամիների բաժնում: 
Վերջապես, ինչպես Եվրոպայից, այնպես էլ ԱՄՆ-ից  այս օրերին քանիցս ակնարկներ հնչեցին, որ ղարաբաղյան գործընթացի հետ կապված առաջնային դիրքերում տեսնում են Մոսկվային: 
Այսպիսով, Մերձավոր Արեւելքում դիրքերն ամրացնող Մոսկվան նաեւ ռեալ հնարավորություն ունի դեպի հանգուցալուծման տանել նույն Մերձավոր Արեւելքի ուղղությամբ կարեւոր դիրք ունեցող Ղարաբաղի, այսինքն՝ հայ-ադրբեջանական հակամարտության հարցը: Կփորձի՞ այսքան հարմար դասավորված իրավիճակից օգտվել. մեծ հավանականությամբ: Բայց այս ամենով հանդերձ էլ, նորից սա խնդրի վերջնական լուծման ելքը չէ: Եթե հատկապես Ադրբեջանը շարունակի մնալ իր մշտական դիրքերում, ապա միակ հեռանկարը կդառնա խորը սառեցումը, եթե, իհարկե, Մոսկվան ցանկանա դրան գնալ: Կարող է նաեւ այս՝ «ոչ խաղաղություն, ոչ պատերազմ» իրավիճակը պահպանվել, միգուցե մի քիչ «ոչ պատերազմի» կողմ շեշտադրման փոփոխմամբ: Բայց սրա հեռանկարն էլ Բաքվի համար է մտահոգիչ:
Կարճ ասած, որ զարգացումներ կարող են լինել, հավանականությունը բավականին մեծ է, բայց ոչ հարյուր տոկոսանոց:
ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ

Նաիրա Զոհրաբյանը կրկին քաղաքական «թայմ աո՞ւթ» է վերցնում

Երեկ ժամանելով Երեւան, ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հենց օդանավակայանից առաջին հերթին այցելեց Ծիծեռնակաբերդ, ինչը բավականին հետաքրքիր ժեստ էր:


 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА