ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Արսեն Ջուլֆալակյան. Ձգտելու եմ հասնել իմ բարձր մակարդակին

20.11.2017 15:18 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՍՊՈՐՏ
Արսեն Ջուլֆալակյան. Ձգտելու եմ հասնել իմ բարձր մակարդակին

Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր, աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն, հունահռոմեական ոճի ըմբիշ Արսեն Ջուլֆալակյանը երկար դադարից հետո վերադառնում է միջազգային գորգ: Սա պայմանավորված է ըմբշամարտի  նոր կանոններով: Աշխարհի առաջնությունից հետո պարզ դարձավ, որ 2018 թվականից ըմբշամարտում  նորից կկիրառվի չորեքթաթ դրությունը, կլինեն նոր քաշային կարգեր ու էլի որոշ փոփոխություններ.

Արսեն Ջուլֆալակյանը դարձել է Ֆրանսիայի առաջնության բրոնզե մեդալակիր

«Կանոնների փոփոխությունները ինձ շատ հարազատ են ու հաճելի, չորեքթաթ դրություն, ամեն օր կշեռք, նաեւ քաշային կարգերն են շատ հարմար:

Վերադառնալու եմ՝ ձգտելով իմ բարձր մակարդակին: Ամենակարեւորը՝  ունեմ մեծ ցանկություն, կա մոտիվացիա, զգում եմ, որ պատրաստ եմ: Պայքարելու եմ Տոկիո 2020-ի համար: Այնտեղ պետք է լրացնեմ Ռիոյի օլիմպիական խաղերի բացը: Սակայն, չեմ ցանկանում Տոկիո գնալ պարզապես մասնակցության համար: Եթե զգամ, որ մեդալի համար չեմ կարող պայքարել, հաստատ կթողնեմ, անիմաստ չեմ տանջի ինձ: Բայց ներքին համոզմունք կա, որ ստացվելու է»,- ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում ասաց Արսեն Ջուլֆալակյանը:

Ըմբիշն օրեր առաջ ստացել է ամբողջական կանոնակարգը եւ դեռ չի հասցրել  լիովին ուսումնասիրել: Սակայն, ըստ նրա՝ նոր կանոններով մրցավարական սուբյեկտիվությունը հասնելու է նվազագույնի.

«Իմ տվյալներով յուրաքանչյուր մրցափուլում լինելու է մեկ չորեքթաթ դրություն: Պարտադիր չէ, որ այն տարբեր մարզիկների օգտին լինի: Ինչ-որ տեղ պահպանվում է մրցավարի սուբյեկտիվությունը, նա է որոշելու՝ որ ըմբիշն է ակտիվ: Ամեն դեպքում, 95 տոկոսով մրցավարը չի փորձելու միջամտել սուբյեկտիվ կերպով: Դա նաեւ ֆեդերացիայի հեղինակության հարցն է: ՄՕԿ-ը շատ լուրջ հետեւում է բոլոր ֆեդերացիաներին, ու յուրաքանչյուր բողոք, հարված է տվյալ մարզաձեւի միջազգային ֆեդերացիային:

Կարծում եմ՝ կողմնապահություն կարող է լինել որոշիչ գոտեմարտերում, կամ իքս թվով հավաքականների համար: Իհարկե, բացարձակ օբյեկտիվություն ոչ մի բնագավառում չկա: Պետք է սպասել նման զարգացումների: Բայց մի բան է, երբ սուբյեկտիվությունը 50/50 է, այլ բան՝ 90/10 հարաբերակցությունը: Կարծում եմ՝ 2018 թվականից ուժի մեջ մտնող կանոններով հասնում ենք նրան, որ ավելի մեծ դեր խաղում են մարզիկի որակները»,- նշեց ըմբիշը:

Տարեսկզբին Ջուլֆալակյանը կմնասկացի Հայաստանի առաջնությանը եւ կփորձի ընդգրկվել  ազգային հավաքական:

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА