ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

 «Պետք է դուրս շպրտել բոլոր ժամացույցներն ու ժամանակները». Ռուբեն Կարապետյան

18.11.2017 17:52 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՄՇԱԿՈՒՅԹ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
 «Պետք է դուրս շպրտել բոլոր ժամացույցներն ու ժամանակները». Ռուբեն Կարապետյան

Օրերս Հ. Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնի խաղացանկում արդեն երկար տարիներ տեղ գտած Մ. Սովաժոնի «Չաո» ներկայացումը սովորականից ավելի տոնական էր, «մեղավորը»` ՀՀ վաստակավոր արտիստ ՌՈՒԲԵՆ ԿԱՐԱՊԵՏՅԱՆՆ էր իր 70-ամյա հոբելյանով: Այսօր շատախոսելու կարիք չկա` Երեւանի քաղաքապետի շնորհավորական ուղերձը կարդալուց առաջ ասաց Երեւանի փոխքաղաքապետ Արամ Սուքիասյանը` շեշտելով. «Ռ. Կարապետյանի կեսդարյա ահռելի վաստակը երեւում է ներկայացումներում, ֆիլմերում ու հեռուստաթատրոնում, ուր նա իր կերպարներով թողել եւ թողնում է լուրջ հետք մեր թատերարվեստում»:

Որտեղ են հանգրվանել քրեական հեղինակությունները Հայաստան ժամանելիս

ՀՈԲԵԼՅԱՆԱԿԱՆ ԵՐԵԿՈՆ ՉՓԱՅԼԵՑ ՈՍԿԻՆԵՐՈՎ

Երեկոն չփայլեց ոսկիներով, քանի որ ինչպես թատրոնի գեղարվեստական ղեկավար ԱՐՄԵՆ ԽԱՆԴԻԿՅԱՆՆ ասաց` Ռ. Կարապետյանը բոլոր միությունների ու գերատեսչությունների ոսկե մեդալներին արժանացել է. «Այսօր ոչ մի ոսկի չհայտնվեց բեմում, որովհետեւ ոսկի չի մնացել Ռուբեն ջան, բոլորն ունես»,- կես կատակ, կես լուրջ ասաց Ա. Խանդիկյանն ու, շրջվելով դեպի 50 տարուց ավելի գործընկերոջն ու ընկերոջը, հավելեց. «Կարծեմ չթաքցրինք չէ՞, որ 70 տարեկան ես»,- ապա շատ արագ տարիքի մասին թեման մեղմելով` հավելեց. «Այս առիթով ավագ լուսահոգի եղբայրս, որին դու շատ լավ գիտեիր, միշտ ասում էր` հեչ չվախենաս, ես էլ եմ վախենում»:

Ա. Խանդիկյանը սակայն անկեղծացավ, որ ելույթ ունենալու համար չի նախապատրաստվել. «Ընկերոջս մասին խոսելու համար կարիք չկա պատրաստվելու, ուզում եմ պարզապես շեշտել, մարդ` ազնվագույն, արդար, երբեմն նույնիսկ շատ միամիտ, շատ լիրիկ, բայց եթե հանկարծ որեւէ մեկը անարդարություն է անում, ահռելի հրաբխի պես կարող է պայթել»,- ապա, ձեռքը պարզելով դեպի հոբելյանը, շեշտեց. «Այս մարդը կոպտորեն կասի մտածածը այն մարդու ճակատին, ով պղծում է արվեստը, մանավանդ` Դրամատիկ թատրոնի: Մարդ, որը իմ բեմադրած ներկայացումներում գուցե 1-2-ին չի մասնակցել, դրանցից գլխավորն ինձ համար «Մոռանալ Հերոստրատին» ներկայացման մեջ նրա փայլուն դերակատարություն էր, որը որեւէ կերպով չէր զիջում լուսահոգի Վլադիմիր Մսրյանի դերակատարությանը: Մարդ, որը երկրորդ պլանի դերերից կարողանում է այնպիսի մի կերպար ստեղծել, որն իր հիմնավոր տեղն է ունենում ներկայացման մեջ: Այդպիսին էր 1978-79 թվականներին մեր բեմադրած «Համլետի» մեջ նրա գերեզմանափորի դերակատարումը, որը նույնիսկ Մոսկվայում ընդգծվեց: Մեր թատրոնում ունեցել ենք 6-7 շեքսպիրյան ներկայացում, որոնք առանց Ռուբեն Կարապետյանի տեղի չի ունեցել»:

Բազմազավակ ընտանիքի որդուն հաշմանդամություն է սպառնում.(ՏԵՍԱՆՅՈՒԹ)  

Ա. Խանդիկյանը նաեւ խոսեց դերասանի մարդկային տեսակի մասին, ընդգծելով, որ վաստակավոր արտիստն այդքան էլ հեշտ մարդ չէ. «Պիտի ասեմ` բավական բարդ մարդ, բայց կենցաղում հանդիպած շատ բարդություններ մի օր չեմ տեսել, որ իր հետ թատրոն ու բեմ բերի, կամ ընկերների վզին փաթաթի իր կյանքի դժբախտ դեպքերը»,- ասաց Խանդիկյանն ու խնդրեց, գրեթե պարտադրեց հոբելյարին որպեսզի ժպտա:

«ԱՅԴ ՈՍԿԻՆԵՐԻՑ ԱՅՆ ԿՈՂՄ ԱՄԵՆԱՄԵԾ ԳՆԱՀԱՏԱԿԱՆԸ ԾԱՓԵՐՆ ԵՆ»

Թեպետ ժպիտը դեմքին, բայց եւ հուզված հոբելյարը երեկոն եզրափակեց շնորհակալություններով. «Այս պահի զգացողության համար, բացի շնորհակալությունից ու երախտիքի զգացումից այն կողմ ոչ մի բառ չկա: Շնորհակալ եմ Աստծուն, որ աշխարհ եմ եկել, իմ ծնողներին, որ աշխարհ են բերել ինձ եւ իմ ճակատագրին: Որքան էլ այն վայրիվերումներով լինի, միեւնույնն է` մարդս պիտի շնորհակալ լինի այն ամենից, որ տրված է իրեն, իսկ ինձ տրված էր շատ բան: Չի եղել մի պահ, դեռ երիտասարդ` երեխա ժամանակվանից մինչեւ օրս, որ բեմ բարձրանամ եւ չարժանանամ ձեր ծափերին, այդ ոսկիներից ու ամեն ինչից այն կողմ ամենամեծ գնահատականը  այն վերաբերմունքն ու ծափերն են, որ ես ստացել եմ: Շնորհակալ եմ այս հրաշալի օջախից` Դրամատիկ թատրոնից, որն իմ տունն է դարձել: Իմ էությունը մեծ մասամբ բացահայտվել է հենց այս օջախում, որտեղ բավականին հզոր դերասաններ իրենց տեղն ունեցան, կարողացան ներկայանալ, բացահայտվել ու դառնալ մեր մշակույթի հզոր կաղնիները: Շնորհակալ եմ իմ ողջ կոլեկտիվից, որոնք այս պահին թատրոնում ինձ հետ աշխատում են, եւ խոնարհվում եմ նաեւ բոլոր նրանց, ովքեր հեռացել են այս աշխարհից ու իրենց հետքն անպայման թողել են իմ վրա եւ իրենց մարդկային, արվեստագետ ու հզոր տեսակով ներարկել են իմ մեջ արվեստագետ լինելու հանգամանքը»:

Արմեն Ջիգարխանյանը հոսպիտալացվել է. ԶԼՄ-ներ

«ԹԱՏՐՈՆԸ ՄԻԱԿ ՏԵՂՆ ԷՐ, ՈՐ ՉԷՐ ՋԵՌՈՒՑՎՈՒՄ, ԲԱՅՑ ՋԵՐՄՈՒԹՅՈՒՆ ԿԱՐ»

Ռ. Կարապետյանն իր հոբելյանական երեկոյին որոշեց մի քիչ անկեղծանալ. «Մենք այդպես խաղաղ չենք ապրել, եղել են նաեւ կոնֆլիկտներ, անհամաձայնության պահեր, բայց մի բան միշտ գնահատել եմ Խանդիկյանի մեջ, որպես նավապետի, մեր կյանքի ամենադժվար պահերին` ցուրտ ու մութ տարիներին, որը բոլորիս կենսագրությունն է, մեզ տրամադրեց, որ թատրոնը պիտի դառնա մեր ամենօրյա հաճախման տեղը: Թատրոնը միակ տեղն էր, որ թեպետ չէր ջեռուցվում, բայց ջերմություն կար` մեր սրտերն էին ջերմ: Այդ շրջանում շատ թատոններ փակվեցին, անգամ ակադեմիական թատրոնը, բայց այս Դրամատիկը մնաց ի շնորհիվ մեր կոլեկտիվի»:

«ՇՆՈՐՀԱԿԱԼ ԵՄ, ՈՐ 70 ՏԱՐԻ ԱՊՐՈՒՄ ԵՄ ԱՇԽԱՐՀԻ ՎՐԱ»

Այնուամենայնիվ, վաստակավոր արտիստն «Իրավունքի» հետ զրույցում շատ հստակ շեշտեց, որ ինքն իրեն 70 տարեկան չի համարում. «Որովհետեւ, եթե 20 տարեկան չես, իրավունք չունես բեմ բարձրանալու, բեմում պիտի միշտ երիտասարդ լինես: Երբեք ու երբեք 70-ը, կամ ընդհանրապես որեւէ տարիք  չպիտի հիշել, մարդը պիտի մի կյանքով ապրի: Ընդհանրապես պիտի դուրս շպրտել բոլոր ժամացույցներն ու ժամանակները, մարդը պիտի իր ազատության մեջ ապրի գուցե 150 տարի, 80, կամ էլ` 70, բայց ես շնորհակալ եմ, որ 70 տարի ապրում եմ աշխարհի վրա»: Գուցե դա է պատճառը, որ հոգով երիտասարդ վաստակաշատ դերասանը շտապեց մեզ տեղեկացնել. «Ճիշտ է այդքան դերեր եմ խաղացել, որոնք ինձ բավական ջերմություն են հաղորդել, բայց ես դեռ չեմ խաղացել իմ ամենալավագույն դերը»:

Հունվարի 18-ը պատմության մեջ

ԼԻԼԻԹ  ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА