ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«ԱԶԳԻ ԴԵ՞ՄՔՆ» ԵՆ, ԹԵ` «ՔԱՐԱՆՁԱՎԱՅԻՆ» ՄՏԱԾԵԼԱԿԵՐՊ

17.11.2017 21:30 ՔԱՂԱՔԱԿԱՆ
«ԱԶԳԻ ԴԵ՞ՄՔՆ» ԵՆ, ԹԵ` «ՔԱՐԱՆՁԱՎԱՅԻՆ» ՄՏԱԾԵԼԱԿԵՐՊ

Պարզվում է` «ԵԼՔ» խմբակցության պատգամավոր Լենա Նազարյանի համար հայկական ազգային ավանդույթները քարանձավային եւ հետադիմական են, ավելին` դրանք մարդու իրավունքների հետ առհասարակ կապ չունեն: Համենայնդեպս, խոսելով «Ընտանեկան բռնության կանխարգելման եւ ընտանեկան բռնության ենթարկված անձանց պաշտպանության մասին» օրինագծից, պատգամավորը լրատվամիջոցներից մեկի հետ զրույցում մասնավորապես նշել է. «Եթե փորձենք վերլուծել ընտանեկան բռնության պատճառները, ապա կտեսնենք, որ դրանց հիմքում հենց այն հետադիմական, քարանձավային ու մարդու իրավունքների հետ ոչ մի կապ չունեցող ազգային ավանդույթներն ու սովորույթներ են, որոնք սնում են գենդերային կարծրատիպերը, բռնության մշակույթը եւ տղամարդու չհակակշռված իշխանությունը մեր կյանքի գրեթե բոլոր ոլորտներում: Ես համաձայն եմ, որ օրենքը հակասում է որոշ հետադիմական ավանդույթներին ու սովորույթներին»: 

«Չի կարելի ընդհանուր աղջիկների մասին նման բան ասել». Ասորի պատգամավորը ԱՆ նախարարի հնչեցրած մտքի մասին

Եվ դա ասում է հայ կինը, ով պետք է որ հայկական ավանդույթների կրողն ու այն սերունդներին փոխանցողը լինի: Արդյոք իր սեփական ընտանիքում այդ «քարանձավային» ազգային ավանդույթների շրջանցմա՞մբ, այսինքն՝ հույժ դեմոկրատական կյանքո՞վ է ապրում սույն տիկինը, դա իր գործն է: Սակայն, եթե նա հրապարակավ է «հետադիմական, քարանձավային» համարում մեր ազգային ավանդույթներն ու սովորույթները, ապա հարց է ծագում՝ դրա գաղափարական գործընկերները, այն է՝ «Ելք» խմբակցության մյուս պատգամավորները նույնպե՞ս այդ խելքին են: Ուստիեւ՝ դիմեցինք նույն խմբակցությունը ներկայացնող Սասուն Միքայելյանից՝ հետաքրքրվելով, թե ինչպե՞ս է նա վերաբերում ազգային ավանդական արժեքներին: Եվ պարզվեց, որ տիկին Լենան շատ հանգիստ կարող է իր գործընկերոջը եւս «հետադեմ ու քարանձավային» մտածելակերպի կրող համարել, քանի որ Ս. Միքայելյանը կանգնեց մեր ավանդականի պաշտպանության դիրքերում.
Վա՞յ, ո՞նց, պարզ չէ, որ հայի համար մեր ազգային ավանդական արժեքները շատ մեծ կարեւորություն ունեն: Եվ ընդհանրապես՝ ազգային ավանդական արժեքները ազգի դեմքն են, ո՞նց կարելի է անտեսել:
– Բայց ձեր խմբակցության պատգամավոր Լենա Ղազարյանն է հայկական ազգային ավանդույթները քարանձավային եւ հետադիմական համարում: Ուրեմն՝ ինչպե՞ս կգնահատեք Ձեր կուսակցի հնչեցրած արտահայտությունը:
Ես կուրսի չեմ, պետք է ուսումնասիրեմ, որ պատասխանեմ Ձեր հարցին: Առանց կուրսի լինելու ո՞նց պատասխանեմ:
– Դե, ես Ձեզ տեղեկացնում եմ:
Չէ, չէ, պետք է տեղեկանամ անձամբ:
– Բայց Դուք ասում եք, որ կողմ եք չէ՞ ավանդական արժեքներին:
Հա, էլի եմ ասում, ոնց կարելի է մեր ավանդույթները վերացնել: Չկա տենց բան:
– Պարոն Միքայելյան, հայտնի է, որ Ձեր խմբակցությունը կողմ է «Ընտանեկան բռնության կանխարգելման եւ ընտանեկան բռնության ենթարկված անձանց պաշտպանության մասին» օրենքի նախագծին: Չե՞ք կարծում, որ այդ օրինագիծը հարվածում է հենց նույն հայկական ավանդական արժեքներին, մեր ազգի դեմքին, ինչպես որ Դուք էլ միանգամայն տեղին նշեցիք:
Լավ, եկեք չխորանաք, էդ ուր հասաք:
– Ինչո՞ւ չխորանանք, չէ՞ որ Դուք էիք ասում՝ մեզ համար կարեւոր են մեր ավանդույթները: Եվ այդ օրինագծի հետ կապված վտանգ չե՞ք տեսնում:
Դե, հիմա գիտես ոնց, շատ օրենքներ կան, որ խաթարում են մեր ավանդույթները: Տարբեր պետություններից օրենքները վերցնում, բերում, ներմուծում են, առանց մտածելու՝ համապատասխանո՞ւմ է, ազգի էությանը, թե` ոչ: Բոլոր օրենքներում էլ վտանգներ կան:
– Այ, հենց դա է հարցս, էդ դեպքում ինչո՞ւ եք կողմ վերոհիշյալ օրենքի նախագծին:
Դե, գիտեք ոնց, խոմ տենց չի: «Ելք» դաշինքը, օրենքներ կան, որոնց դեմ է, էդ օրենքում էլ կետեր կան, որ ինչ-որ դեմ են մեզ: Բայց դրանից ի՞նչ, գիտենք, որ մեծամասնությունով անցկացնելու են, գնա: Իսկ ինչ վերաբերում է մեր ավանդույթներին, էդ շատ կարեւոր է, ու, բնականաբար, ես կողմ եմ, որ դրանք պահպանվեն: Մեր ազգը էս դարերի ընթացքում գոյատեւել է հենց մեր ավանդույթներով: 

«ՀՀ-ն, դժվար թե, ԵՄ-ի հետ ստորագրի պայմանագիր, որը կրում է պարտադրող բնույթ» 

Դե արի ու սրանից հետո պարոն Միքայելյանից գլուխ հանի: Այն տպավորությունն է, որ ինքն էլ է լավ հասկանում, թե ուր է տանում «Ընտանեկան բռնության մասին» օրենք ասվածը: Ի վերջո, «Ելք»-ի նրա գործընկերուհին՝ սուպերդեմոկրատ տիկին Լենան ընդունում է, որ այդ «օրենքը հակասում է որոշ հետադիմական ավանդույթներին ու  սովորույթներին», այլ կերպ ասած՝ ազգային «քարանձավային» արժեքներին: Ս.Միքայելյանը, հասկանալի է, տիկին Լենա չէ, որ այդպես մտածի: Բայց մեզ տված պատասխաններից նաեւ զգացվում է, որ «Ընտանեկան բռնության մասին» օրինագծին էլ, գոնե հրապարակավ, դեմ չի կարող խոսել. ինչ կասեն հարազատ խմբակցությունում: Ու հայտնվելով երկու քարի արանքում, մարդը պարզապես չգիտի ինչ ասի: Միայն թե հիշեցնենք՝ այսօրվա սուպերդեմոկրատները վաղը չեն լինի, իսկ հազարամյակներով անցած ազգայինը, վստահեցնում ենք, դեռ հազարամյակների կյանք ունի:
ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА