ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԿԱԿՏԻՎԱՆԱ՞ ԲԱՆԱԿՑԱՅԻՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ

17.11.2017 21:00 ԶԱՐԿԵՐԱԿ
ԿԱԿՏԻՎԱՆԱ՞ ԲԱՆԱԿՑԱՅԻՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ

Հայտնի է, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի մոսկովյան այցի եւ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ քննարկվել է նաեւ Արցախի հիմնախնդիրը: Այս այցին կհաջորդի ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի այցը Հայաստան եւ Ադրբեջան, որի ընթացքում կրկին կքննարկվի Արցախի հիմնահարցը: Իսկ երեկ Մոսկվայում Մինսկի խմբի համանախագահների հետ նման քննարկում անցկացրեց Ադրբեջանի արտգործնախարար Մամեդյարովը, իսկ ՀՀ ԱԳ նախարարն ՄԽ-ի հետ հանդիպել էր օրերս: Ինչ է հուշում այս ինտենսիվությունը, ո՞ւր կարող է տանել բանակցային գործընթացի նման ակտիվացումը: Հարցի շուրջ «Իրավունքը» զրուցեց հայաստանյան վերլուծաբանների հետ:

«ԼՂՀ ԲԱՆԱԿՑԱՅԻՆ  ԳՈՐԾԸՆԹԱՑԸ  ԵՌԱՑՈՂ ՓՈՒԼՈՒՄ Է»

«Նորավանք» գիտակրթական հիմնադրամի Քաղաքական հետազոտությունների կենտրոնի ղեկավար, ավագ փորձագետ ԿԱՐԵՆ ՎԵՐԱՆՅԱՆ.
- Ճիշտ կլինի՝ արցախյան հիմնախնդրի բանակցային գործընթացի շուրջ ընթացիկ զարգացումները դիտարկել միջազգային հարաբերությունների ու տարածաշրջանային գործընթացների համատեքստում: Թեեւ ԱՄՆ-ՌԴ հարաբերություններում չկա կոնսենսուս բազում ակտուալ հիմնահարցերի շուրջ, սակայն Վաշինգտոնը ներկայումս փորձում է հնարավորինս կառուցողական մոտեցումներ դրսեւորել երկկողմ հարաբերություններում: Կարող ենք հաստատել, որ վերջին շրջանում Մոսկվան կարողացել է գրանցել շոշափելի հաջողություններ, հատկապես սիրիական ուղղությամբ: Մյուս կողմից, Միացյալ Նահանգների ու ԵՄ-ի հետ Թուրքիայի հարաբերությունների սառեցման հետեւանքով առաջացած վակուումը լրացվում է Մոսկվա-Անկարա երկխոսության խորացմամբ, ինչը հաստատվեց նաեւ օրերս Սոչիում կայացած Պուտին-Էրդողան հանդիպմամբ: Կարծում եմ` ստեղծված աշխարհաքաղաքական եւ հատկապես՝ մերձավորարեւելյան զարգացումները համեմատաբար բարենպաստ քաղաքական հենք են ապահովում Մոսկվայի համար՝ ընդլայնելու իր ազդեցությունը տարածաշրջանային այլ հիմնահարցերում, ներառյալ՝ արցախյան հիմնախնդիրը: Այս տեսանկյունից կարող ենք ակնկալել, որ արցախյան հիմնախնդրի կարգավորման առաջիկա գործընթացում ռուսական կողմը, հատկապես սիրիական ուղղությամբ արձանագրված հաջողությունների ֆոնի ներքո, կգործի համեմատաբար ազատ: Ներկայում Ռուսաստանի դիրքերը բավական ամուր են Մինսկի խմբի ձեւաչափում նույնպես: Դժվար չէ նկատել, որ վերջին շրջանում հաճախակիացել են Մոսկվայի անմիջական մասնակցությամբ տարածաշրջանային տարբեր հարցերի շուրջ ամենաբարձր մակարդակով տարածաշրջանային հանդիպումներն ու բանակցությունները: Հարցն իսկապես էլ ավելի կարեւոր նշանակություն է ձեռքբերում հատկապես առաջիկայում նախատեսվող Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարների միջեւ հանդիպման նախաշեմին: Եվ Մոսկվան փորձում է ամրապնդել իր դիրքերը ինչպես հանդիպմանը նախորդող բանակցություններում ու հանդիպումներում, այնպես էլ՝ ձգտում է հնարավորինս ազդել հետագա զարգացումների վրա:
ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, ԵԱՀԿ ԽՎ հայաստանյան պատվիրակության ղեկավար ՀԵՐՄԻՆԵ ՆԱՂԴԱԼՅԱՆ.
- Մշտապել ասվել է եւ այժմ էլ ցանկանում եմ ընդգծել, որ Մինսկի խումբը եւ նրա անդամները, այնուամենայնիվ, հանդիսանում են միայն միջնորդներ եւ խնդրի էական լուծումներ տվողը երկու կողմերն են` Ադրբեջանը եւ Արցախի Հանրապետությունը: Այս իմաստով, իհարկե, ճիշտ է կողմերի դիրքորոշումներին ու սկզբունքներին ծանոթանալը, մասնակցել դրանց ձեւավորմանը, աշխատել ավելի լայն փոխըմբռնում ձեւավորել: Խնդրի լուծումը Արցախի բնակչության կամքի իրագործման մեջ է, Արցախի բնակչությունն իր կամքը հաստատել է հայտնի հանրաքվեով, վերահաստատել` սահմանադրությունով եւ այսօր իրականացնում է իր աշխատանքով: Շատ արժեքավոր է մեր բարեկամ երկրների միջնորդությունն ու մասնակցությունը, եւ դրանք ուղղություններ եւ դրական դաշտ են ապահովում բանակցային գործընթացում հաջողությունների հասնելու համար: Բայց առավել հիմնավորն այստեղ Արցախի ժողովրդինն է:

Z-PR սոցհարցման կենտրոնը Երեւան քաղաքում 100 հոգու շրջանում իրականացրել է հարցում` պարզելու, թե այս շրջանում տեղի ունեցող փոխայցելությունները կազդե՞ն բանակցային գործընթացի ակտիվացման վրա:
1. Նման ակտիվացումներ մինչ այս էլ է շատ եղել, բայց՝ ապարդյուն: Հիմա էլ նույնն է- 47%:
2. Ընդհանուր  տարածաշրջանային իրողությունները եւ ՌԴ-ի նոր դիրքերը բանակցային գործընթացն առաջ կտանի- 34%:
3. Դժվարանում են պատասխանել- 19%:
ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА