ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Օրինագծեր կան, որ եթե ուսանողները դրանց դեմ հացադուլ հայտարարեին, միգուցե, նաեւ ես միանայի իրենց»

17.11.2017 20:15 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄ
«Օրինագծեր կան, որ եթե ուսանողները դրանց դեմ հացադուլ հայտարարեին, միգուցե, նաեւ ես միանայի իրենց»

Այն բանից հետո, երբ հայտնի դարձավ, որ Հայաստանին տարբեր ՀԿ-ների միջոցով գրանտներ են փոխանցվել Սորոսի հիմնադրամի կողմից` ուսանողությանը ոտքի հանելու համար` ընդդեմ «ազգ-բանակ» գաղափարի, զարմանալի պատահականությամբ` հենց հաջորդ «Հանուն գիտության զարգացման» նախաձեռնության անդամները, որոնք հանդես էին գալիս զինծառայության մասին օրենքում փոփոխությունների եւ ուսման տարկետման սահմանափակման դեմ, դադարեցրին դասադուլն ու հացադուլը: Սակայն, փոթորիկը մեկ բաժակ ջրում, այսքանով չավարտվեց, քանի որ նրանք պնդում են` շարունակելու են փողոցային պայքարը: Արդեն երկրորդ ընթերցմամբ ընդունված օրենքի դեմ` այսպիսի ընդվզումը մի քանի տասնյակ ուսանողների կողմից, թե ինչպես է գնահատում երիտասարդ ՀՅԴ-ական պատգամավոր ԱՆԴՐԱՆԻԿ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԸ, «Իրավունքը» պարզեց նրանից:

Նաիրա Զոհրաբյանը կրկին քաղաքական «թայմ աո՞ւթ» է վերցնում

– Յուրաքանչյուր քաղաքացի, որն իր քաղաքական դիրքորոշումը արտահայտում է օրենքի շրջանակում, իր իրավունքն է: Բայց կոնկրետ ինչ վերաբերում է տարկետման հետ կապված հարցին` ինձ շատ հետաքիքր է` այդ ուսանողներն այս օրենքին ծանոթացե՞լ են, թե` ոչ: Այնտեղ  ընդհանրապես խոսք չկա, որ տարկետումը վերանայվելու է, ընդամենը գրված է, որ  եթե ուսանողը ցանկություն ունի սովորելու, խնդրեմ` հնարավորություն է տրվում իրեն պայմանագիր կնքել Պաշտպանության  նախարարության հետ: Այսինքն` ուսանողը հնարավորություն է ունենում  իր ուսումը շարունակել, եւ պետությունն իր փոխարեն վճարի դրա համար: Այսինքն` սովորի, այնուհետեւ գնա ծառայի: Իսկ նախկին օրենքով ոչ բոլորն էին կարողանում օգտվել տարկետման իրավունքից, այսինքն` այստեղ նաեւ սոցիալական հավասարության, իրավունքների հարց է: Օրինակ, պայմանական եմ ասում` մեկը ստանում է 19,5 բալ, մյուսը` 19 բալ, այդ 19,5 ստացողը, որը կես բալ է ընդամենը ավել ստացել, տարկետման իրավունք էր ձեռք բերում, իսկ 19 բալ ստացողը տարկետման իրավունք չուներ: Որքանո՞վ էր սա ճիշտ: 

– Դե, ամեն դեպքում, օրենքի դեմ հանդես եկող ուսանողները կառավարության ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ ասացին, որ պարզապես իրենց պլանների մեջ չէր մտնում ծառայությունը...

– Անձամբ ես ծառայել եմ: 4 տարի բակալավր եմ սովորել, գնացել եմ ծառայել եմ, այնուհետեւ եկել եմ մագիստրատուրա եմ սովորել: Ու իմ ընկալումները, երբ սովորում էի բակալավրում էականորեն տարբերվեցին մագիստրատուրայում սովորելու տարիներին: Այսինքն` բանակից հետո, ընկալման առումով, ավելի նպատակադրված էի, որ պետք է ավելի լավ սովորեմ, քան այն ժամանակ, երբ բակալավրում էի սովորում: 

– Այս դեպքում, ինչո՞վ կբացատրեք` այն էլ պատերազմական երկրի ուսանողության այսպիսի չարդարացված ընդվզումը:

– Հարգում եմ բոլոր ուսանողներին, բայց այս օրենքի նախագծի շուրջ, ասենք, հացադուլ հայտարարելն ինձ համար անհասկանալի է: Բազմաթիվ օրինագծեր կան, որ եթե ուսանողները դրա դեմ հացադուլ հայտարարեին, միգուցե, նաեւ ես միանայի իրենց: Բայց պաշտպանության ոլորտին վերաբերող օրենքի նախագծի հետ կապված, այն էլ այսպիսի նախագծի, որը շատ ավելի առաջադիմական է եւ շատ ավելի լայն հարցեր է կարգավորում, իմ կարծիքով` մեր հասարակությունը պետք է անհամեմատ ավելի մեծ կոնսոլիդացիա ունենար: 

– Տեսնո՞ւմ եք ուսանողներին ուղղորդում են` արտաքին ուժերի կամ ընդդիմության կողմից: 

ՀՀԿ պատգամավորները լուրջ խոսակցություն են ունեցել վարչապետի հետ

– Միգուցե, չեմ կարող այդ հարցին հստակ պատասխանել` այո կամ ոչ: Ամեն դեպքում,  ուսանողները հասարակության այն շերտն են, որն ավելի շատ տեղեկացված է` ի տարբերություն  հասարակության մյուս շերտերի, որոնք բարձրագույն կրթության հետ առնչություն չեն ունեցել: Հետեւաբար, կարծում եմ, որ նրանք պետք է ավելի հասուն լինեին ու իրենց իրավագիտակցության մակարդակը ավելի բարձր լիներ, որպեսզի այսքան խմորումներ չլինեին: Այնպես որ, կոչ եմ անում մեր ուսանողերին` շարունակեն իրենց ուսումը: Այս լայն օրինագիծը միայն տարկետման նեղ սողանցքով անցկացնելը ու այդ պրիզմայով նայելը, ճիշտ չեմ համարում:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА