ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԿԱՐԵՆ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԸ ԿԿՐԿՆԻ՞ ՏԻԳՐԱՆ ՍԱՐԳՍՅԱՆԻ ՃԱՆԱՊԱՐՀԸ

17.11.2017 19:30 ՔԱՂԱՔԱԿԱՆ
ԿԱՐԵՆ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԸ ԿԿՐԿՆԻ՞ ՏԻԳՐԱՆ ՍԱՐԳՍՅԱՆԻ ՃԱՆԱՊԱՐՀԸ

Վերջին շրջանում պարզ է, որ Գագիկ Ծառուկյանի եւ իր անվան դաշինքի հարաբերությունները վարչապետ Կարեն Կարապետյանի հետ, գնալով սրվելու են: Այս քառօրյան դեռ գլխանց ցույց տվեց, որ այդ լարումը օրեցօր աճում է: ԱԺ-ում բյուջեի քնարկման ժամանակ Ծառուկյան դաշինքը գնաց հերթական գրոհի, եւ հավանաբար կառավարությունը դեռ շատ կոպիտ եւ տհաճ արտահայտություններ կլսի իր հասցեին: Զորօրինակ ԱԺ փոխնախագահ, պատգամավոր Միքայել Մեքումյանը ՀՀ ֆինանսների նախարար Ա. Արամյանին դիմեց կոպիտ արտահայտությամբ` ասելով, որ նախարարի դուխը չի հերիքում ինչ-ինչ հարցերում, եւ անցավ տնտեսագիտական իր հմտություններին` դա ապացուցելու գործընթացին: Ի պատասխան դրա` կառավարությունը փորձում է ճնշել Ծառուկյանի բիզնեսները, մասնավորապես` դրա հետեւանքով փողոց էին դուրս եկել Ծառուկյանի տոնավաճառի առեւտրականները: Միաժամանակ «Ծառուկյան դաշինքը» ցույց է տալիս, որ իր խնդիրը զուտ Կարեն Կարապետյանի հետ է, ու հակամարտությունը չի տարածվում ՀՀ նախագահի ու նրա անմիջական ղեկավարության ներքո գործող ոլորտների վրա: Այսպես, «Ծառուկյան դաշինքը» կողմ քվեարկեց «Զինապարտության մասին» օրենքի փոփոխություններին:
Իրավիճակը հիշեցնում է 2013-14թթ., երբ Գ. Ծառուկյանի թիմն անխնա քննադատում էր այն ժամանակվա վարչապետ Տիգրան Սարգսյանին, որի արդյունքում վերջինս պաշտոնանկ արվեց եւ ուղարկվեց ԱՄՆ` դեսպան, իսկ նրա տեղը զբաղեցրեց Ծառուկյան թիմին մոտ կանգնած Հովիկ Աբրահամյանը: 
Ըստ որոշ դիտարկումների` Կարեն Կարապետյանի դեմ Գագիկ Ծառուկյանի ճնշումը գնալով էլ ավելի է մեծանալու, իր բարձրակետին հասնելու է 2018-թ.-ի մարտ-ապրիլ ամիսներին: Դրան զուգահեռ, Կարապետյանի կառավարությունը դեռեւս որեւէ շոշափելի արդյունքների չի հասել եւ իր տված խոստումները չի կատարել: Երկրի տնտեսական վիճակը շարունակվում է մնալ այնպիսին, ինչպես բնութագրեց նույն Կ. Կարապետյանն իր պաշտոնը զբաղեցնելու ժամանակ` «վատ է, շատ վատ»: Դժվար թե, մինչեւ 2018-ի գարուն Կ. Կարապետյանին կհաջողվի կտրուկ բարելավել վիճակը Հայաստանի տնտեսության մեջ, եւ կարելի է ենթադրել, որ նա կկրկնի Տիգրան Սարգսյանի ճանապարհը: Իսկ այն, որ ներկայիս վարչապետը համառորեն շարունակում է պնդել, որ պատրաստ է եւ ցանկանում է մոտ ապագայում կրկին զբաղեցնել վարչապետի պաշտոնը, ըստ որոշ դիտորդների, էլ ավելի է բարդացնում Կարեն Կարապետյանի վիճակը: 
Շատ հավանական է, որ գարնանը ձեւավորվելիք նոր կառավարության մեջ Կ. Կարապետյանի կադրերին կփոխարինեն ծառուկյանական կադրերը: Ընդ որում, պարտաիր չէ, որ Ծառուկյանի թիմը մտնի կոալիցիայի մեջ: Նոր կառավարությունում հանրապետականների ու ծառուկյանականների դաշինքը կարող է ձեւակերպվել որպես «ժողովրդավարության ճիչ» եւ ընդդիմությանն է՛լ ավելի մեծ հնարավորությունների տրամադրում:
2018թ. բյուջեի քննարկումները, բնականաբար, սկսեցին Ծառուկյան դաշինքի լայնածավալ հարձակումից Կարեն Կարապետյանի կառավարության դեմ: Ելույթների համար հերթագրվածների մեջ միայն ընդդիմադիր պատգամավորների անուններն էին ընդգրկված: Այսինքն` քաղաքական մեծամասնությունը չի շտապում պաշտպանել Կարեն Կարապետյանի կառավարության ներկայացրած բյուջեն: Իրավիճակը փորձեց շտկել ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը, որն արտահերթ ելույթով պաշտպանեց կառավարության ներկայացված բյուջեն: 
Ի դեպ, կառավարությունը նույնպես առանձնապես շահագրգռվածություն չի ցուցաբերում բյուջեի քննարկման ժամանակ: Դահլիճում երկու-երեք նախարարներ էին, որոնցից միայն Ֆիննախի ղեկավար Արամյանն էր, որ լսում էր ելույթները: Իսկ մնացած նախարարները զրույցի էին բռնված:
Ա. ՀԱԿՈԲՅԱՆ

ՀՀԿ պատգամավորները լուրջ խոսակցություն են ունեցել վարչապետի հետ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА