ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԷՐԴՈՂԱՆԸ ՍՈՉԻՈՒՄ ԱՐՑԱԽԻ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ՀԱԶԻՎ ԹԵ ԲԱՆ ՍՏԱՆԱՐ

15.11.2017 19:15 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ
ԷՐԴՈՂԱՆԸ ՍՈՉԻՈՒՄ ԱՐՑԱԽԻ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ՀԱԶԻՎ ԹԵ ԲԱՆ ՍՏԱՆԱՐ

Միայն այն փաստը, որ նախօրեին Սոչիում կայացած Պուտին-Էրդողան բանակցությունները տեւեցին ավելի քան 4 ժամ, այդ թվում՝ ավելի քան 2.5 ժամ տեւեց առանձնազրույցը, արդեն իսկ հուշում է, որ նախագահները ռուս-թուրքական հարաբերությունները քննարկել են ողջ խորությամբ: Նկատի  ունենք նաեւ այն հարակից ուղղությունները, որոնք անմիջականորեն ազդում են այդ երկկողմ հարաբերությունների վրա: Այդ թվում՝ Մերձավոր Արեւելքի ու Սիրիայի խնդիրը, ուկրաինական ուղղությունը եւ, կարծես թե, նաեւ հարավկովկասյան թեման այդ թվում՝ ղարաբաղյան խնդիրը:

Պետք է պայմանավորվել Պորոշենկոյի հետ՝ Ուկրաինայի «թալանը» կանխելու համար. Սաակաշվիլի

ԱՐՑԱԽԻ ԹԵՄԱՆ ԳԱՂՏՆԻ՞ Է ՔՆՆԱՐԿՎԵԼ
Այն, որ նման համալիր քննարկում եւ բանակցությունների գաղտնի մաս եղել է, հաստատեց նաեւ ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը՝ հայտարարելով. «Եղել են նաեւ շատ ավելի բարդ բանակցություններ, որոնք, բնական է, բացահայտման ենթակա չեն»:
Միաժամանակ, նաեւ ադրբեջանական տարբեր աղբյուրներ են վստահ, որ ՌԴ-ի եւ Թուրքիայի ղեկավարներն անդրադարձել են արցախյան թեմային:Օրինակ՝ «Haqqin.az»-ը գրում է. «Ղարաբաղյան հակամարտությունը, մեծ հավանականությամբ, քննարկվել է Պուտինի եւ Էրդողանի կողմից՝ փակ դռների հետեւում: Այն, որ այդ թեման ընդգրկված էր բանակցային օրակարգում, կասկած չի հարուցում: Քանի որ թուրքական առաջնորդը երկու անգամ հայտարարել էր այդ մասին: Պուտինի մամուլի քարտուղարը եւս անուղղակիորեն հաստատում է դա»:
Եվ իրոք, Էրդողանը մինչ հանդիպումը երկու անգամ տեղեկացրել էր, որ պատրաստվում է ղարաբաղյան թեման եւս քննարկել ՌԴ նախագահի հետ: Հիշեցնենք, օրեր առաջ նա հայտարարել էր. «Մենք կհանդիպենք հարգարժան Պուտինի հետ եւ կքննարկենք այդ հարցը: Քանի որ, եթե նա զբաղվի այդ հարցի լուծմամբ, անհամեմատ հեշտ կլինի արդյունքի հասնել»: Այնուհետեւ, մինչ Սոչի մեկնելը, օդանավակայանում Էրդողանը հաստատեց, որ ղարաբաղյան հարցը կքննարկվի նախագահների դեմ առ դեմ բանակցությունների ժամանակ:
Պարզ տրամաբանությունը եւս հուշում է, որ փորձելով կոմպլեքս լուծումներ տալ ռուս-թուրքական հարաբերություններին, նախագահները հազիվ թե շրջանցեին ղարաբաղյան թեման: Այն պարզ պատճառով, որ եթե իրականում ռուս-թուրքական հարաբերությունները բերվեն այն բարձր մակարդակին, ինչի մասին հատկապես վերջին ժամանակներս հաճախակի է խոսվում, ապա պարզապես բացառվում է, որ օրակարգում առաջնային չհայտնվի նաեւ Թուրքիայի եւ ԵՏՄ-ի հետագա հարաբերությունների հարցը: Իսկ դա, հասկանալի է, որ անմիջականորեն կապվում է հայ-թուրքական հարաբերությունների հետ եւ այդտեղից էլ հասնում արցախյան խնդրին:
Համենայնդեպս այն, որ Անկարայից պարբերաբար ակնարկներ էին լսվում հայ-թուրքական հարաբերությունների թեմայով, հատկապես վերջին ժամանակներս ավելի ու ավելի նկատելի էր դառնում: Ու դրանում իմաստ կա. ռուս-թուրքական հարաբերություններում միշտ էլ կնճիռներ կառաջանան հայ-թուրքական հարաբերությունների ներկայիս մակարդակի պատճառով: Օրինակ, գալիք տարվանից գործունեության մեջ է մտնում ԵՏՄ միասնական «Մաքսային օրենսգիրքը»: Իսկ դա նշանակում է, որ ԵՏՄ-ի, այսինքն՝ նաեւ ռուսական շուկա մտնելու դեպքում Հայաստանը կարող է հազար ու մի տհաճություններ պատճառել Թուրքիային: 

Թրամփը «Գրին քարտ» վիճակախաղով ԱՄՆ մեկնողներին համեմատել է աղբի հետ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՍԱՀՄԱՆԻ ԴԵՐԸ ԹՈՒՐՔԻԱՅԻ ՀԱՄԱՐ
Մի խոսքով այն, որ Անկարայի համար գնալով առաջնային է դառնում Արցախի հետ կապված գոնե փոքր տեղաշարժ արձանագրելն ու Հայաստանի փակ սահմանների այդ չարաբաստիկ խնդիրը վերջապես լուծելը, նոր չէ, որ նկատվում էր: Եվ այդ առումով, հազիվ թե պատահական էր, որ Էրդողանը նման համառությամբ արցախյան թեման մտցնում էր Պուտինի հետ հանդիպման օրակարգ: Նաեւ այն առումով, որ, ինչպես կանխավ էր ենթադրվում, հանդիպման արդյունքում ՌԴ նախագահը հայտարարեց Թուրքիայի հետ հարաբերությունների ամբողջական կարգավորման մասին, որն իր հիմքում ենթադրում է տնտեսական կապերի հետագա բուռն աշխուժացում: Այսինքն, հայկական փակ սահմանի խնդիրը կարող է զգացվել, այսպես ասած, ամենօրյա ռեժիմով: Եվս մեկ հանգամանք. Բաքու-Թբիլիսի-Կարսը թեեւ Թուրքիային հնարավորություն է տալիս՝ երկաթուղային կապ ունենալ նաեւ ՌԴ-ի հետ, սակայն այդ կապն Ադրբեջանի միջոցով է, ինչը Բաքվի համար եւս մեկ գործիք է, եթե Անկարային ճնշելու կարիք ունենա: Իսկ դա նշանակում է, որ Թուրքիայի համար սկսում է հետաքրքիր դառնալ աբխազական երկաթուղու վերագործարկումը: Այն նախ՝ իր համար ՌԴ տանող այլընտրանքային ուղի է: Երկրորդը՝ ադրբեջանականի համեմատ՝ նկատելիորեն ավելի կարճ ուղի, որը, ի դեպ, գալիք տարի, երբ շահագործվի Կերչի նեղուցի կամուրջը, Թուրքիային ամենակարճ ճանապարհով կկապի նաեւ Ղրիմի, ապա՝ Ուկրաինայի հետ: Իսկ այն, որ հայ-թուրքական բաց սահմանի պարագայում աբխազական երկաթուղու խնդրի լուծումը նկատելիորեն հեշտանում է, դժվար չէ նկատել:

ԱՐՑԱԽՅԱՆ ԽՆԴՐԻ ՍԱՌԵՑՄԱՆ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ
Հասկանալի է, Էրդողանը շատ կցանկանար այս բոլոր խնդիրները լուծել` միաժամանակ Ղարաբաղի հարցով լավություն անելով Ադրբեջանին: Ընդ որում, այն ակտիվությունը, որ այս օրերին բանակցային գործընթացը շարունակելու հարցով դրսեւորում են ադրբեջանական լրատվամիջոցները, զգացվում է, որ Էրդողանի այդ բոլոր ցանկությունները կանխավ համաձայնեցված են Ալիեւի հետ: Բայց ի՞նչ կարող էր Թուրքիայի ղեկավարն առաջարկել Պուտինին: Ադրբեջանական աղբյուրները հիմնականում կառչել են հետեւյալ սխեմայից. ազատագրված տարածքների մի մասի հանձնումն Ադրբեջանին, ապա՝ ռուսական խաղաղարար ուժերի տեղակայում, կոմունիկացիաների վերագործարկում, իսկ Ղարաբաղի կարգավիճակի որոշումը կհետաձգվի: Հասկանալի է, այս տարբերակի հետ Հայաստանը ոչ մի պարագայում չի համաձայնվի: Այլ հարց է, թե ՌԴ-ն կմտնի՞ էրդողանաալիեւյան նոր խաղի մեջ... 
Սակայն մինչ այդ, նախ նկատենք, որ ինչպես երեկ տեղեկացրեց Ադրբեջանի ԱԳ նախարար Մամեդյարովը, նա վաղը կմեկնի Մոսկվա՝ Մինսկի խմբի համանախագահների եւ Լավրովի հետ հանդիպելու, իսկ երեկ նման հանդիպում անցկացրեց Էդվարդ Նալբանդյանը: Հիշեցնենք, որ նույն Մամեդյարովն ամսվա սկզբներին առաջ էր քաշել այս օրերին Լավրովի եւ Նալբանդյանի հետ եռակողմ հանդիպում անցկացնելու ցանկություն: Բայց ահա պարզվում է, որ նման հանդիպում նախատեսված է մինչեւ տարեվերջ, ընդ որում՝ ՄԽ-ի ձեւաչափով: Իսկ դա նշանակում է, որ նախագահների հաջորդ հանդիպումը կմնա գալիք տարի: Այսինքն, բանակցային ինչ-որ արտառոց ակտիվություն չի նկատվում: 
Բայց  այստեղ նաեւ պետք է հիշել ամսվա սկզբներին Թիլերսոնի արած հայտարարությունը, թե Պետքարտուղարությունն աջակցում կոնգրեսականներ Էդ Ռոյսի (հանրապետական) եւ Էլիոթ Ինգըլի (դեմոկրատ) առաջարկներին, որոնք կոչ են անում ղարաբաղյան շփման գծից հետ քաշել դիպուկահարներին, այնտեղ մեծացնել դիտորդների թիվը, հրադադարի խախտումները հայտնաբերող համակարգեր տեղադրել: Սա ավելի շուտ Բաքվին ուղղված նախազգուշացման էր նմանվում, որ հակամարտությունը կարող է տեղափոխվել խորը սառեցման փուլ: Նաեւ չմոռանանք, որ բառացիորեն օրերս Պուտինն ու Թրամփը Սիրիայի հետ կապված պայմանավորված սխեմա ներկայացրին, Ղարաբաղի հետ կապված եւս ռուս-ամերիկյան ընդհանուր տեսլականը միանգամայն հնարավոր է: Այս հանգամանքը, թերեւս, Ադրբեջանի համար բանակցություններն ակտիվացնելու հավելյալ ազդակ է: Մյուս կողմից, տարածաշրջանային գործընթացները, այդ թվում՝ ՌԴ-Իրան տնտեսական հեռանկարները եւս սառեցման սպառնալիքով պարտադրում են արագացնել արցախյան լուծումը, եւ այս հարցում Բաքվի նյարդայնությունը նկատելի է: Բայց ահա իրողությունն այն է, որ այդ ակտիվացումն այդպես էլ չի ստացվում:
Այսպիսով, պատահական չէ, որ գործընթացի արագացման մասին խոսեց նաեւ Էրդողանը՝ Բաքվից վերադառնալուն պես: Եթե իրոք Էրդողանը Պուտինին ադրբեջանական լրատվամիջոցների ներկայացրած սխեման է առաջարկել ¥որը նույնպես չի կարող 100 տոկոսով Բաքվի սրտովը լինել, քանի որ կա Ղարաբաղի կարգավիճակի գաղափարը, թեկուզեւ դրա որոշումը հետաձգելով¤, ապա դա արդեն նմանվում է Ադրբեջանին այլ սխեմայի պարտադրման հնարավոր ընթացքը կանխելու փորձի: Ընդ որում, կարծես թե սահմանագծին ռուսական խաղաղարարներ տեղակայելու Ադրբեջանի՝ ԵՏՄ անդամ դառնալու գաղափարով փորձում են Մոսկվային շահագրգռել:
Բայց ահա, երբ Էրդողանի առաջարկած ակտիվացումից հետո էլ բանակցային գործընթացը պահպանում է իր սովորական տեմպը, դա հուշում է, որ Թուրքիայի ղեկավարն արդյունքի չի հասել:
Եվ ինչո՞ւ պետք է ՌԴ նախագահն ընդուներ Էրդողանի նման առաջարկը: ՌԴ-ին ներկայիս փուլում պե՞տք է հայ-ադրբեջանական սահմանին զորք պահելն ու դրանով՝ Իրանին նյարդայնացնելը. առաջներում՝ միգուցե, բայց հիմա, երբ բազա ունի Սիրիայում եւ Հայաստանում, հայ-ադրբեջանական սահմանին զորքն ինչի՞ն է պետք: Երկրորդը. Սոչիի հանդիպմանը Էրդողանը ներկայացել էր որպես խնդրող: Այսինքն, բազում հայտնի պատճառներով նա ունի Մոսկվայի կարիքը, եւ հանուն ինչի՞ Մոսկվան պետք է Ղարաբաղի հետ կապված զիջման գնար: Ինչ վերաբերում է Ադրբեջանի՝ ԵՏՄ անդամ դառնալուն, ապա դրան նաեւ Հայաստանը պետք է կողմ լինի: Եվ այսպես շարունակ:
Մյուս կողմից, հարց է նաեւ, թե Էրդողանն իրո՞ք ադրբեջանական աղբյուրների առաջ քաշած սցենարն է Պուտինի հետ քննարկել: Կամ՝ սրտա՞նց է քննարկել, թե՞ միայն Ալիեւի աչքին լավամարդ դառնալու համար: Ի վերջո, եթե իրավիճակն անգամ գնա ղարաբաղյան խնդրի սառեցման, դա նույնպես կարող է Հայաստանի հետ կապված Անկարայի ձեռքերը բացել:
Ինչեւէ, Մոսկվա է այցելում նաեւ ՀՀ նախագահը, այսինքն՝ ղարաբաղյան թեմայով դեռ հստակեցումներ կլինեն:
ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ

Պուտինը հայտարարել է Սիրիայում ահաբեկիչների հետ ԱՄՆ-ի համագործակցության մասին

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА