ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Զարուհին զրոյացրեց իր քաղաքական գաղափարները ու կերպարը»

14.11.2017 23:25 ՔԱՂԱՔԱԿԱՆ ԱԽ ԿԱՆԱՅՔ
«Զարուհին զրոյացրեց իր քաղաքական գաղափարները ու կերպարը»

Oրերս «Կենտրոն» հեռուստաընկերության եթերի «Հայելու առաջ» հաղորդման հյուրը «Երկիր ծիրանի» կուսակցության նախագահ Զարուհի Փոստանջյանն էր, որին անդրադառնալով՝ ֆեյսբուքյան օգտատեր ԿԱՐԵՆ ՇԱԽՎԵՐԴՅԱՆԸ գրում է. «Հիշեցի, որ Զարուհին նույն հեռուստաընկերության եթերով, բայց այս անգամ Պետրոսի հեղինակային հաղորդման ժամանակ, ահագին տգեղ էր իրեն պահել եւ հաղորդումը քննարկման լուրջ առիթ էր դարձել: Բայց հինը չհիշելով՝ անցնեմ նորին: Միանգամից ասեմ, որ Զարուհին այս հաղորդման շրջանակում զրոյացրեց իր քաղաքական գաղափարները ու կերպարը, որովհետեւ մեզ՝ հեռուստադիտողներիս համար, բացվեց դիլետանտ քաղաքական գործչի վառ դիմակը: Այս կինը իր գործունեության ընթացքում միշտ բողոք էլ է՝ մեկ իշխանություններից, մեկ ընդիմությունից, վերջին դեպքում՝ եկեղեցուց, մի խոսքով՝ հնարավոր բոլոր անձանցից»:

Ըստ Կ. Շախվերդյանի, ակնհայտ գործ ունենք էժան քաղաքական «գործչի» հետ, որը չունենալով սեփական համոզումները՝ սովորաբար, խոսում է այն բաների մասին, ինչը ժողովրդական հուզումների վրա է կառուցված. «Օրինակ, նույն մակարդակի կարող է խոսել յուրաքանչյուր մեկը, ում պատահաբար փողոցից բռնեն ու բերեն եթեր: Փողեցի օրինակը չէի բերի, եթե տիկին Փոստանջյանը անհավասարակշիռ կերպով չփնովեր մեր սուրբ եկեղեցին: Պատկերացնել, որ եթերով կարելի է Կաթողիկոսին սրբապիղծ անվանել, իմ ուղեղում այդպես էլ չտեղավորվեց, իսկ լրագրողի հարցերին, թե դա ինչպես եւ ոնց է որոշվել, պարզվեց, որ տիկին Փոստանջյանը այդպես փողոցի խոսակցությունների մակարդակի որոշել է…
Հարգանքներիս մեծ հավաստիքը հաղորդավար Անժելա Թովմասյանին, ով փորձում էր ամեն կերպ տիկինին հասկացնել, որ կյանքում կան բողոքի տեսակներ, որոնք չպետք է սրբապղծություն դառնան, որ Սուրբ Պատարագը անկախ այն անձից, ով մատուցում է, մնում է Սուրբ եւ չի կարելի այն խախտել: Բայց Փոստանջյանը հակադրվում էր «Սասնա ծռերի» անունը շահարկելով: Հաջորդ հարցը, որ տվեց Անժելա Թովմասյանը Պատարագի ընթացքում աղոթող մարդկանց էր վերաբերվում, թե արդյո՞ք նրանց աղոթելու ազնիվ մղումները չեն ոտնահարվում: Սա լսելով Փոստանջյանն ինքն իրենից անմիջապես ներողություն խնդրեց արարքի հեղինակներից եւ հետո նորից արդարացրեց նրանց արարքը: Հիշեցնեմ, որ այս հարցերը կապված էին վերջին շրջանում ԱՄՆ-ում Վեհափառի կողմից մատուցված սուրբ Պատարագի ժամանակ մի խումբ անձանց կողմից բողոքի ցույցի անվան տակ, Պատարագի ընթացքում բղավոցներ հնչեցնելու եւ Պատարագը փաստացի խեղաթյուրելու մասին»: 

Եզրափակելով խոսքը՝ Կ. Շախվերդյանը շեշտում է. «Չեմ կամենում մանրամասնել այս ամենը, պարզապես ինձ էլ՝ աղոթող մարդուս համար էլ, շատ ցավալի եւ վիրավորական է եկեղեցուն ներքաշել նման պայքարների մեջ, թիրախավորել եկեղեցուն, ցեխ շպրտել նրա վրա, որ եկեղեցին իրենց ուզածը անի… Տիկնայք եւ պարոնայք, բարոյական չէ՛: Փոստանջյանի նմաներն են երկփեղկել մեր սիրասուն հայրենակիցներին. «դուխով» կնոջ կերպար ձեւավորողը փոխանակ հորդորներ հնչեցնի, որ դա սրբապղծություն է եւ աղերս չունի իրենց բողոքի հետ, մի բան էլ գովերգում է, իսկ նպատակը այն է, որ շահի լսարաններ եւ իր դիլետանտությունը տարածի ոմանց մեջ: Եվ վերջապես՝ Հայ Եկեղեցու բոլոր ծեսերը սուրբ են եւ նրանք, ովքեր կխեղեն այդ ծեսերը իրենք են սրբապիղծները առանց որեւէ կասկածի: Թող տիկին Փոստանջյանը լավ իմանա, որ սրբապիղծ մարդկանց պաշտպանելը սրբապղծություն է եւ չպիտակավորի ոչ մեկին: Մեր ժողովուրդը դարերի պատմության մեջ թշնամու առաջ Պատարագ է մատուցել՝ զոհվելու գնով, բայց աղոթել է, իսկ այսօր մարդիկ թուրքացել են եւ հայրենիքից դուրս կասկածելի պայքարներ են մղում հայրենիքի համար: Հուսանք՝ Աստված ներողամիտ կլինի իրենց հանդեպ, որովհետեւ նմաները դժողխքի բաժին են դառնալու»:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА