ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Իրավաչա՞փ է «Ընտանեկան բռնության մասին» օրինագիծը

14.11.2017 22:15 ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
Իրավաչա՞փ է «Ընտանեկան բռնության մասին» օրինագիծը

Շարունակվում է ՀՀ արդարադատության նախարարության կողմից շրջանառության մեջ դրված «Ընտանեկան բռնության կանխարգելման եւ ընտանեկան բռնության ենթարկված անձանց պաշտպանության մասին» օրենքի նախագծի վերաբերյալ քննարկումները: Չնայած չդադարող բացասական կարծիքներին, նախագծի հեղինակները համառորեն պնդում են, որ Հայաստանում կա նմանատիպ օրենքի անհրաժեշտություն: Սակայն բացի կողմ կամ դեմ կարծիքներից, մեկ էական մոտեցում եւս կա՝ որքանո՞վ է իրավաչափ ՀՀ-ում նման օրենքի կիրառումը: Հարցերի պատասխանը փորձեցինք ստանալ «Լեւ Գրուպ» փաստաբանական ընկերության հիմնադիր նախագահ, հայտնի փաստաբան ԼԵՎՈՆ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԻՑ:


«Լիազոր մարմնի ներկայացուցչի միջամտությունը բերելու է ընտանիքի թուլացմանը եւ քանդմանը»

- Ըստ էության, մի փոքր ձեռնպահ կմնամ օրենքի նախագծի վերաբերյալ դրական կամ բացասական դիրքորոշում ներկայացնելուց, որովհետեւ այս օենքի կիրառման հետ կապված ավելի կարեւոր խնդիրներ եմ տեսնում, որոնց կցանկանայի անդրադառնալ: Բազմիցս առիթ ունեցել եմ նշելու, որ ՀՀ-ում գործող ոչ մի օրենք չպետք է լինի աննպատակ: Ցանկացած օրենք ոչ թե պետք է համապատասխանեցվի եվրոպական ինչ-ինչ ստանդարտների, այլ պարտադիր կերպով պետք է համապատասխանեցվի իրավունքին: Իսկ իրավունքը ես դիտում եմ որպես երկնային իրավանորմ, եւ եթե երկրային օրենքները չեն համապատասխանեցվելու երկնային օրենքներին, ապա երկրային օրենքը կա՛մ չի գործելու, կա՛մ դառնալու է կործանարար տվյալ երկրի համար: 
Կոնկրետ տվյալ օրենքի նախագծի պարագայում, ըստ իս, պետք է ուշադրություն դարձնել աստվածաշնչյան իրավանորմին, որը վերաբերում է ընտանիքին: Ըստ այդմ, ընտանիքը երկու անձանց՝ տղամարդու եւ կնոջ միություն է: Հաջորդը` ընտանիքն անբաժանելի մասնիկ է: Այս իրավական եզրույթի տակ պետք է հասկանալ, որ հակացուցված է եւ ուղղակիորեն արգելվում է գործառույթներ կատարել, որը կարող է հանգեցնել ընտանիքը բաժանելուն: Եվ եթե ընտանիքի անդամի կողմից կատարվել է ենթադրյալ հանցագործությունը, ապա նա պետք է պատասխանատվության ենթարկվի ներկայիս «Քրեական օրենսգրքով»: Հաջորդ աստվածաշնչյան նորմն այն է, որ ընտանիքն ինքնավար հաստատություն է: Այս եզրույթի տակ էլ պետք է հասկանալ, որ ընտանիքը մի անձեռնմխելի ամրոց է անգամ պետական լիազոր մարմնի համար, բացառությամբ՝ օրենքով նախատեսված դեպքերից: Եվ ամենակարեւորը՝ ընտանիքում պետք է գերիշխի տղամարդու` տեր լինելու եւ կնոջ՝ հնազանդ լինելու հարմոնիան: Սակայն հնազանդ եզրույթը չպետք է հասկանալ ստրուկի կարգավիճակ, այլ` օրինապաշտ լինելու գաղափար: 
Մինչդեռ, տվյալ օրենքի նախագծի պարագայում, ոստիկանության տեղամասային տեսուչի կամ այլ լիազոր մարմնի ներկայացուցչի միջամտությունն ընտանիքում, իմ խորին համոզմամբ, բերելու է լիարժեք ընտանիք ասված կառույցի թուլացմանը եւ քանդմանը: 
Ինչ վերաբերում է որոշ ընտանիքներում երբեմն նկատվող հակաօրինական գործողություններին, ապա, կարծում եմ, որ «Քրեական օրենսգրքում» անհրաժեշտություն կա խստացնելու ընտանիքում կատարվող բռնությունների հետ կապված պատժաչափերը: Առավել եւս, եթե դրա կատարման կրողը հանդիսանում է տղամարդը: Միեւնույն ժամանակ գտնում եմ, որ սկսած դպրոցական ծրագրերից, վերջացրած բուհական ծրագրերով, ուղղակի անհրաժեշտություն է՝ մտցնել դասընթաց՝ տղամարդու-կնոջ եւ երեխաների ներդաշնակ փոխհարաբերությունների առողջ մշակույթի վերաբերյալ:

«Պետությունից հատկացվող միջոցներն ուղղակի մսխվելու են»

-  Մյուս խնդիրն էլ այն է, որ օրենքի կիրառման դեպքում առաջ են գալու բավականաչափ ֆինանսական միջոցների կարիք: Իսկ այս պայմաններում պետությունից հատկացվող այդ միջոցներն ուղղակի մխսվելու են, դրանց օգտակար գործողության գործակիցը լինելու է բավականին թույլ: Մասնավորապես, անհրաժեշտություն է ծագելու ֆինանսավորել մասնագետների պատրաստման եւ գործունեության, անշարժ գույքի` շենք-շինություններ ձեռք բերելու, կահավորելու մասով: Չհաշված, որ պարբերաբար անհրաժեշտ է լինելու՝ օգտվել հոգեբանական եւ իրավական խորհրդատվություններից, ինչը եւս ծախսատար է: Եթե մենք այսօր ունենք նման հսկայական միջոցներ, ապա ուղղակի անհրաժեշտ է դրանք գոնե մասամբ փոխանցել, օրինակ, նորաստեղծ ընտանիքներին, ինչպես որ վարվում են նորմալ երկրներում: Եվ եթե նորաստեղծ ընտանիքներն այդ հաշվին թեկուզեւ մասամբ կայունացնեն իրենց նյութական հիմքերը, կայուն ընտանիքի վերածվեն, ապա հաստատ դա մեծապես կնվազեցնի նաեւ հետագա բռնությունների հավանականությունը:

«Նման օրենքը կարող է կործանարար անդրադառնալ ընտանիքների վրա»

- Ինչ վերաբերում է որոշ դեպքերում իրոք տեղի ունեցող ֆիզիկական բռնություններին, ապա այդ իրավանորմը մենք ունենք «Քրեական օրենսգրքով»: Հաջորդը սեռական բռնությունն է, որը եւս նախատեսված է «Քրեական օրենսգրքով»: Եվ վերջապես այս օրենքում տեղ է գտել «հոգեբանական բռնություն» գաղափարը, մասնավորապես դիտավորությամբ հոգեկան ուժեղ տառապանք պատճառելը: Պատկերացրեք տվյալ օրենքի կիրառման դեպքում մի դրվագ, երբ անձը, ասենք, տաքսու վարորդ է եւ օրական տուն է բերում ասենք հինգ հազար դրամ, իսկ ընտանիքը բազմազավակ է, եւ այդ գումարը ծայրահեղորեն չի բավականացնում անգամ կոմունալ ծախսերի եւ առօրյա հոգսերը հոգալու համար: Ընտանիքում սկսվելու են վեճեր, կինը մեղադրելու է ամուսնուն, որ քիչ է գումար բերում, ամուսինն էլ՝ կնոջը, որ չի կարողանում տնտեսող լինել: Արդյունքում` գումարի պակասից ողջ ընտանիքը ենթարկվելու է հոգեբանական ուժեղ տառապանքի: Եվ օրենսդրական նման նորմի առկայության պայմաններում լինելու են սոդոմ-գոմորային «ռազբորկաներ»՝ լիազոր մարմնի եւ ընտանիքի անդամների միջեւ: Արդյունքում՝ տվյալ միջամտությունն ընտանիքի համար լինելու է կործանարար: Ուստի գտնում եմ, որ նման օրենքի կիրառման օգտակար գործողության գործակիցը ոչ միայն կարող է հավասարվել զրոյի, այլ կարող է կործանարար անդրադառնալ ընտանիքների վրա:
Զրույցը` ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆԻ

ՀԱՐՑ՝ «ԸՆՏԱՆԵԿԱՆ ԲՌՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ «ԳԱՂԱՓԱՐԱԽՈՍՆԵՐԻՆ»

Հայտնի իրավիճակ՝ կինը թավայով է դիմավորում  գիշերն ուշ վերադարձած հարբած ամուսնուն:
Հարց- Կինն է ամուսնու հանդեպ ֆիզիկական բռնություն գործադրում, թե ամուսինը կնոջ հանդեպ՝ հոգեբանական:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА