ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ՆՈՐ ՆՇԱՆԱԿՈՒՄՆԵՐ ԲՌՆՑՔԱՄԱՐՏԻ ՖԵԴԵՐԱՑԻԱՅՈՒՄ

14.11.2017 22:00 ՍՊՈՐՏ
ՆՈՐ ՆՇԱՆԱԿՈՒՄՆԵՐ ԲՌՆՑՔԱՄԱՐՏԻ ՖԵԴԵՐԱՑԻԱՅՈՒՄ

Կայացել է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի 10-րդ համաժողողովը, ինչի ընթացքում հայտնի դարձան ֆեդերացիայում կատարված նոր նշանակումները: Հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Կարեն Աղամալյանը, ով այս շրջանում ֆեդերացիայում որեւէ պաշտոն չէր զբաղեցնում, նշանակվեց երիտասարդների հավաքականի ավագ մարզիչ` փոխարինելով Դերենիկ Ոսկանյանին: Երիտասարդների երկրորդ մարզիչ նշանակվեց հավաքականի արդեն նախկին անդամ, Ռիո-2016-ում 69 կգ քաշային կարգում Հայաստանը ներկայացնող Վլադ Մարգարյանը: 
Ավագ տարիքի պատանիների հավաքականի մարզիչ Արշավիր Գրիգորյանին փոխարինեց նախկին բռնցքամարտիկ Արտյոմ Սիմոնյանը, երկրորդ մարզիչ` Ռոբերտ Պետրոսյանը: Կրտսեր տարիքի պատանիների հավաքականը կշարունակի մարզել Աշոտ Ավետիսյանը: Կանանց բռնցքամարտի Հայաստանի հավաքականը կգլխավորի Խաչիկ Խաչատրյանը, ով երիտասարդների աշխարհի եւ Եվրոպայի չեմպիոն Անուշ Գրիգորյանի անձնական մարզիչն է: 
Մեծահասակների գլխավոր մարզիչի պաշտոնում փոփոխություն չի եղել, այն կշարունակի գլխավորել Դավիթ Թորոսյանը: 
Այն, որ ֆեդերացիան խրախուսում է Հայաստանի հավաքականում լավ արդյունքներ գրանցած մարզիկներին՝ մարզչական գործունեություն ծավալելու հարցում, այն էլ՝ հավաքականների մակարդակով, լավ է: Հաշվի  առնելով, որ դա նախ փորձի հաղորդման ուղիղ տարբերակ է: Ապա՝ մարզաձեւն այսօր ունի պրոֆեսիոնալ մարզիչների պակաս, ինչը կլուծվի նախկին մարզիկների միջոցով: 
Իհարկե, ամեն մարզիկ չէ, որ կարող է  անցնել մարզչական աշխատանքի: Ուստիեւ, Արթուր Գեւորգյանը անդրադառնալով խնդրի առաջնահերթությանը, տեղեկացրեց որ առաջիկայում սպասվում է մարզիչների որակավորման հերթական քննությունը: Բռնցքամարտի Հայաստանի մեծահասակների հավաքականի գլխավոր մարզիչ Դավիթ Թորոսյանն էլ ամփոփեց 2017 թվականը. «Այն ձեռագիրը, որը սեփականացրել եմ, արդարացրել է իրեն, այս մասին փաստում են մեր արդյունքները: Այս տարվա մեր գլխավոր մրցաշարերը Խարկովում կայացած Եվրոպայի առաջնությունն էր եւ Համբուրգում կայացած աշխարհի առաջնությունը: Երկուսից էլ վերադարձանք մեդալներով: Այս տարի արեցինք հնարավորությունների առավելագույնը: Կնախապատրաստվենք 2019 թվականին, քանի որ 2018 թվականին լուրջ մրցաշարեր չունենք, բացի մինչեւ 22 տարեկանների Եվրոպայի առաջնությունը: Այս տարին ինձ համար, ինչպես նաեւ հայկական բռնցքամարտի համար հատկանշական էր նաեւ պրոֆեսիոնալ բռնցքամարտում ունեցած մեր հաջողություններով: Մեր բռնցքամարտիկները 14 մենամարտ անցկացրեցին պրոֆեսիոնալ ռինգում, որից 12-ում տեխնիկական նոկաուտով հաղթեցին... Մենք պետք է լավ պատրաստվենք, որպեսզի կարողանանք 2019-ից նվաճել օլիմպիական ուղեգրեր: 2018 թվականը կլինի մարզավիճակը պահելու, փորձարկումների տարի»:

ՔՐԻՍՏԻՆԵ ՊԵՏՐՈՍՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА