ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ՍԱՆԱՀԻՆՈՒՄ ԿԱՏԱՐՎԱԾ ԱՊՕՐԻՆԻ ԹԱՂՄԱՆ ԳՈՐԾԸ ՔՆՆՈՒՄ Է ՀԱՏՈՒԿ ՔՆՆՉԱԿԱՆ ԿՈՄԻՏԵՆ

14.11.2017 21:30 ՄՇԱԿՈՒՅԹ
ՍԱՆԱՀԻՆՈՒՄ ԿԱՏԱՐՎԱԾ ԱՊՕՐԻՆԻ ԹԱՂՄԱՆ ԳՈՐԾԸ ՔՆՆՈՒՄ Է ՀԱՏՈՒԿ ՔՆՆՉԱԿԱՆ ԿՈՄԻՏԵՆ

Այս տարվա ամռանը հայտնի դարձավ, որ Լոռու մարզի Սանահին վանական համալիրում, որը 2001 թվականից ընդգրկված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային մշակութային արժեքների ցանկում, տեղի է ունեցել ապօրինի թաղում: Թաղումը տեղի էր ունեցել պատմական տապանաքարերի տեղում, որոնք այդ նպատակով տեղահանվել էին: Միայն հուղարկավորությունից հետո դեպքի առթիվ մեծ աղմուկ բարձրացվեց, որից հետո եկեղեցու հոգեւոր հովիվը սկսեց մեղադրել Գուգարաց թեմի առաջնորդին` տարիներ շարունակ եկեղեցու տարածքում հուղարկավորությունները չկանխելու համար: 
Շեշտենք, որ Հայաստանում սա առաջին դեպքը չէ, երբ պատմամշակութային հուշարձանների տարածքում կատարվում են ապօրինի հուղարկավորություններ:
ՀՀ մշակույթի փոխնախարար ԱՐԵՎ ՍԱՄՈՒԵԼՅԱՆԸ, անդրադառնալով Սանահինի վանական համալիրում տեղի ունեցած անօրինական թաղմանը, նշեց, որ գործն արդեն քննում է Վանաձորի Հատուկ քննչական կոմիտեն. «ՀՀ մշակույթի նախարարի հրամանով ստեղծվել է մասնագիտական հատուկ հանձնաժողով, որը որոշելու է վնասի չափը: Հանձնաժողովում ներառվել են նաեւ ՀՀ արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչներ, քանի որ Սանահինի վանական համալիրը ներառված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում: Առիթից օգտվելով` ուզում եմ ասել, որ մեզ մոտ նման ցավալի դեպքեր շատ կան, շատ համայնքներում պատմական փակ գերեզմանոցների տարածքներում իրականացվում են նոր թաղումներ: Այդ ամենը պետք է վերահսկեն տեղական ինքնակառավարման մարմինները: ՀՀ մշակույթի նախարարությունն անդադար պայքարում է նման արատավոր երեւույթների դեմ, որոնք տեղում շատ արագ կարելի է լուծել: Այստեղ խնդրի մյուս կողմն էլ կա, հաճախ համայնքները նոր գերեզմանոցների տարածքներ չեն ունենում կամ պիտանի տարածք չունեն, այդ հարցն իսկապես պետք է լուծել: Սակայն սա այդ դեպքը չէ»,-ասաց Ա. Սամուելյանը:
ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ
 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА