ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Արա Շիրազն արժանի է տուն-թանգարան ունենալու»

14.11.2017 21:15 ՄՇԱԿՈՒՅԹ
«Արա Շիրազն արժանի է տուն-թանգարան ունենալու»

Օրերս Հայաստանի ազգային պատկերասրահում բացվեց ՀՀ ժողովրդական նկարիչ, քանդակագործ ԱՐԱ ՇԻՐԱԶԻ հետահայաց ցուցահանդեսը, որտեղ ներկայացված էր ավեստագետի շուրջ 90 աշխատանք` 44-ը գրաֆիկական աշխատանք, 39 քանդակ հեղինակի ընտանիքի, ինչպես նաեւ 6 գործ Ժամանակակից արվեստի թանգարանի եւ 3 գործ Հայաստանի ազգային պատկերասրահի հավաքածուներից:

«ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄԸ ԱՐԱ ՇԻՐԱԶԻ ԳՐԱՖԻԿԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐՆ ԵՆ, ՈՐՈՆՔ ԵՐԲԵՎԷ ՉԵՆ ՆԵՐԿԱՅԱՑՎԵԼ»

Հայաստանի ազգային պատկերասրահի քանդակի բաժնի վարիչ, ցուցահանդեսի համադրող արվեստաբան ՄԱՐԻԱՄ ԴԱՎԹՅԱՆՆ անկեղծացավ, որ բավականին երկար եւ սիրով պատրաստված ցուցահանդես է. «Ներկայացնում ենք Արա Շիրազ քանդակագործի հետաքրքիր եւ մոնումենտալ մտածողությունը, բացահայտումը նրա գրաֆիկական աշխատանքներն են, որոնք երբեւէ չեն ներկայացվել այս ծավալով: Դրանք այլ տեսանկյունից են ներկայացնում Արա Շիրազ քանդակագործին: Հետաքրքիր լուծումներով դիմանկարների շարք ենք ներկայացնում, որտեղ Արա Շիրազը իր ժամանակակիցների քանդակներով է ներկայանում», -նշեց Մարիամ Դավթյանը եւ շեշտեց, որ ցուցահանդեսի կոնցեպտը մշակել են ըստ ժամանակագրական հաջորդականության. «Ներկայացրել ենք Արա Շիրազի 60-ականների նորարար մտածողությունը, որին հաջորդում է հորինվածքային աշխատանքները, ապա դիմաքանդակների շարքը եւ վերջին շրջանի կոնցեպտուալ մտածողությամբ արված աշխատանքները», - ասաց զրուցակիցն ու հավելեց, որ վերջին սրահում կտեսնեք նաեւ քանդակածավալին համադրված այլ մետաղյա տարրեր` զոդման տեխնիկայով կատարված, որոնք այլ տեսանկյունից են ներկայացված Արա Շիրազի մտածողությանը:

Ի ԴԵՊ

 Մեկ այլ հետաքրքիր փաստ եւս. Ցուցահանդեսում ներկայացվում է մի կինոժապավեն, որը ժամանակին նկարահանել է Սերգեյ Փարաջանովը` իր ֆիլմերից մեկում ընգրկելու նպատակով, սակայն այդ կադրերը այդպես էլ չեն օգտագործվել: 

«ՇԻՐԱԶԻ ԳԼՈՒԽԳՈՐԾՈՑԸ ԴԻՄԱՆԿԱՐՆԵՐԻ ՇԱՐՔՆ ԷՐ»

Հայաստանի Ազգային պատկերասրահի տնօրեն ԱՐՄԱՆ ԾԱՏՈՒՐՅԱՆՆ ասաց, որ շատերի կարծիքով Արա Շիրազի գլուխգործոցը Ալեքսանդր Մյասնիկյանի հուշարձանն է, որը սոցռեալիզմի ոճով է արված. «Դասական շատ գեղեցիկ արձան է, սակայն ինձ համար որպես արվեստաբան, նրա գլուխգործոցը դիմանկարների շարքն է, որտեղ իր արվեստի էվոլյուցիան հասնում է գագաթնակետին»:

«ԿԱՊՈՒՏԻԿՅԱՆԻ ՄԱՍԻՆ ՊԱՏՄԵԼՈՒՆ ԶՈՒԳԱՀԵՌ ՆԵՐԿԱՅԱՑՆՈՒՄ ԵՆՔ ԱՐԱ ՇԻՐԱԶԻՆ»

 Սիլվա Կապուտիկյանի տուն-թանգարանի գիտաշխատող ՍԵՅՐԱՆՈՒՀԻ ԳԵՂԱՄՅԱՆՆ ասաց, որ անչափ հուզված է ու հպարտ, ապա վստահեցրեց. «Արա Շիրազ արվեստագետն անշուշտ արժանի է տուն-թանգարան ունենալու, սակայն, քանի որ դա առայժմ չկա, մենք ամեն օր նրա անունը հնչեցնում ենք Սիլվա Կապուտիկյանի տուն-թանգարանում: Երեխաներին Կապուտիկյանի մասին պատմելուն զուգահեռ ներկայացնում ենք Արա Շիրազին, դա նրան սերունդների հիշողության մեջ ամրագրելու եւս մեկ ձեւ է»:

«ՀԱՅՐՍ ԾՆՆԴԱԿԱՆԻՍ ՎՐԱ ԳՐԵԼ ԷՐ` ԱՐԱ ՇԻՐԱԶ` ԱՊԱԳԱ ԲԱՆԱՍՏԵՂԾ»

Թեպետ շատերն են գերթե համոզված եղել, որ մեծ բանաստեղծներ Հովհաննես Շիրազի եւ Սիլվա Կապուտիկյանի որդին` Արա Շիրազը, ծնողների գործը շարունակելով նույնպես կդառնա մեծ գրող, բայց, ինչպես իր զրույցներից մեկում պատմել է լուսահոգի Արա Շիրազը, իր ողջ կյանքում քառատող անգամ չի գրել. «Բոլորը համոզված էին, որ ծնողներիցս կժառանգեմ բանաստեղծելու ձիրքը, իսկ հայրս այնքան էր համոզված, որ ծննդականիս վրա գրել էր. «Արա Շիրազ` ապագա մեծ բանաստեղծ»: Բայց ես հուսախաբ արեցի մարդկանց եւ ամբողջ կյանքում գոնե մեկ քառատող չհորինեցի: Իմ նախասիրությունը ուրիշ էր. տակավին երեխա, տարբեր նյութերից արձանիկներ էի պատրաստում: Մանկության տարիների հիշողություններից թերեւս ամենատպավորիչը իմ առաջին շփումն էր կավի հետ: Մայրս ուսանում էր Մոսկվայում եւ ինձ տարել էր հետը: Այնտեղ առաջին անգամ կավից արձանիկներ պատրաստեցի, մայրս իմ «ստեղծագործությունները» ցույց տվեց տաղանդավոր քանդակագործ Արա Սարգսյանին: Նա հավանեց, ասաց. «Տղադ շնորհք ունի»»:

ՏԵՂԵԿԱՆՔ

Արա Շիրազը ծնվել է 1941 թվականին մեծանուն բանաստեղծներ Հովհաննես Շիրազի եւ Սիլվա Կապուտիկյանի ընտանիքում: 1966 թվականին ավարտել է Երեւանի Գեղարվեստա-թատերական ինստիտուտը: 1968-ից եղել է Հայաստանի նկարիչների միության անդամ: 1987-ին ընտրվել է Հայաստանի նկարիչների միության նախագահ: 1977-ին արժանացել է Հայաստանի վաստակավոր  նկարչի կոչման, 1979-ին` Հայաստանի պետական մրցանակի, 2009 թվականին` Հայաստանի Հանրապետության Ժողովրդական նկարչի կոչման:
Արա Շիրազը հայ նոր կերպարվեստի ամենավառ ներկայացուցիչներից է: Նա հայ արձանագործության պատմության մեջ առանձնանում է իր ուրույն մտածելակերպով, նորարարական մոտեցումներով, ժամանակի խոր զգացողությամբ, թեմայի եւ կերպարների յուրօրինակ ու համարձակ մեկնաբանմամբ: Շիրազը ստեղծագործական կյանք մուտք գործեց իր ժամանակի համար անսպասելի եւ «ոչ հարիր» ձեւամտածողությամբ: Անմասն մնալով կեղծ պաթետիզմից` ժամանակի գաղափարախոսության պարտադրանքից` նա իր քանդակներն օժտեց խորհրդանշական վերացականությամբ:

ՀԵՐՄԻՆԵ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА