ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Ոչ միայն բռնության մասին շարադրություն, այլ նաեւ՝ գենդերային անհավասարության մասին սեմինար են մտցրել դպրոց

14.11.2017 21:00 ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
Ոչ միայն բռնության մասին շարադրություն, այլ նաեւ՝ գենդերային անհավասարության մասին սեմինար են մտցրել դպրոց

Օրերս գրող, հրապարակախոս, «Մայրազոր» միության ղեկավար Ռուզան Ասատրյանը ահազանգել էր, որ ըստ տեղեկությունների` Միսաք Մանուշյանի անվան թիվ 48 դպրոցում հանձնարարել են երեխաներին՝ ընտանեկան բռնության թեմայով շարադրություններ գրել: Որքանով է այդ տեղեկությունը համապատասխանում իրականությանը, նախ փորձեցինք պարզել նշված դպրոցի տնօրեն ԺԱՍՄԵՆԱ ԱՐԻՍՏԱԿԵՍՅԱՆԻՑ: Տնօրենը հաստատեց լուրը, նաեւ, որ սա ամենեւին էլ այդ կարգի առաջին դեպքը չէ.

- Նախ ասեմ, որ դպրոցը համագործակցում է «Վոլդ Վիժն» բարեգործական կազմակերպության հետ, եւ իրենք հաճախակի նմանատիպ թեմաներով գալիս եւ զրույցներ են անցկացնում երեխաների հետ: Մեր դպրոցը, «Վոլդ Վիժն» բարեգործական կազմակերպությունը եւ Երեւանի քաղաքապետարանը կնքել են եռակողմ հուշագիր, որի շրջանակներում էլ կատարում ենք նման աշխատանքներ դպրոցում: Դա սովորական երեւույթ է մեր դպրոցում, օրինակ, անցյալ անգամ  «Վոլդ Վիժն» բարեգործական կազմակերպությունը կազմակերպել է գենդերային անհավասարության մասին սեմինար: Դա, ի դեպ, շատ ողջունվում է թե՛ ծնողական համայնքի, թե՛ դպրոցականների կողմից: Ըստ իս, նմանատիպ թեմաները արդիական են, եւ դպրոցահասակ երեխաները պետք է գաղափար ունենան բռնությունների մասին:
- Ո՞ր դասարանների աշակերտներին էր հանձնարարվել բռնության թեմայով շարադրություն գրել:
- Հիմնականում բարձր դասարանների աշակերտներին` 8-9-րդ դասարանցիներին: Վերնագիրն էլ, ոչ թե ընտանեկան բռնություն էր, այլ՝ կյանքը՝ առանց բռնության:

Դպրոցի տնօրեն. «Երեխան պետք է գաղափար կազմի գենդերային անհավասարության մասին»

- Եվ Դուք գտնում եք, որ ճի՞շտ է դպրոցահասակներին բռնությունների թեմայով սեմինարներ եւ շարադրություններ հանձնարարել:
- Ժամանակակից երեխան համացանցից այնքան տեղեկացված է բռնություն կոչվածից, որ Ձեր մտահոգությունը, հանգիստ եղեք, տեղին չէ:
- Իսկ գենդերային հարցերը ե՞ւս, կարծում եք, որ պետք է շոշափվի դպրոցում՝ դպրոցահասակների շրջանում:
- Այո, գենդերային անհավասարությունը եւս արդիական թեմա է, երեխան պետք է գաղափար կազմի գենդերային անհավասարության մասին, պետք է պատկերացում ունենա:
- Այսինքն՝ Դուք ողջունո՞ւմ եք, որ գենդերային անհավասարության թեմաները սողոսկեն դպրոցներ:
- Իսկ դրանում ի՞նչ վատ բան կա, երեխաները պետք է տեղեկացված լինեն:
- Քանի՞ դպրոցահասակ է հանձնել բռնության թեմայով շարադրություն:
- Նախ ասեմ, որ կոնկրետ թեմատիկ շարադրություն չէր, ինչպես որ մեկնաբանվում է: Պարզապես «Վոլդ Վիժնը» պահանջել է ¥այս ի՞նչ է, ամերիկյան ծագումնաբանությամբ բարեգործական համարվող կազմակերպությունը հայ դպրոցականներից ինչ-որ բան պահանջելու իրավո՞ւնք է ստացել- Հեղ.¤, որ երեխան գրավոր թղթին հանձնի իր պատկերացումը բռնության թեմայով, ոչ թե դա շարադրության տեսակ կամ թեմա է ընտրվել:  
- Իսկ կարո՞ղ էր աշակերտը հրաժարվել այդ թեմային անդրադառնալուց:
- Այո, ես Ձեզ ասեմ, որ հոգեբանն էլ է նախօրոք զրույց տարել երեխաների հետ, որից հետո երեխաները ցանկություն են հայտնել մասնակցել այդ քննարկմանը, ապա՝ իրենց պատկերացումները թղթին հանձնել:

Դպրոցը պետք է հաշվի առներ նախարարության կարծիքը

Լավ է «ընտանեկան բռնության» կամ՝ գենդերային թեմաները դպրոց մտցնել, թե՝ խայտառակություն, այս դեպքում խնդիրը նույնիսկ միայն դա չէ: Մեկ պարզ փաստ հիշեցնենք՝ պետական դպրոցը պարտավոր է երեխաներին կրթել բացառապես պետական հաստատված ծրագրերի շրջանակներում: Պե՞տք է այլ թեմաներ դպրոց մտցնել, դրա համար անհրաժեշտ է պետության, այն է՝ նախարարության համաձայնությունը եւ թույլտվությունը: Առավել եւս, երբ, ինչպես տնօրենն է ասում, «սեմինարներ-քննարկումներ» են իրականացվում: Ուստիեւ դիմեցինք Կրթության եւ գիտության նախարարություն՝ իրենք նման թույլտվություն տվե՞լ են: Նախարարության հանրակրթության վարչության բաժնի պետ ՍՅՈՒԶԱՆՆԱ ՄԱԿՅԱՆԸ մեզ հետ զրույցում փաստեց, որ նախարարությունում եւս զարմացած են դպրոցում կատարվածից:
- Ճիշտն ասած, երբ լսեցինք թիվ 48 դպրոցում կատարվածի մասին, անկեղծ ասած, զարմացանք, որովհետեւ սովորաբար, երբ դպրոցում կրթական որեւէ ծրագիր է իրականացվում, անպայման նախարարությանը պետք է տեղյակ պահեն: Քանի որ նախարարությունը փորձագիտական եզրակացություն է տալիս, որը վերաբերում է ե՛ւ տարիքային խմբին, ե՛ւ ծրագրերին: Այս դեպքում ասվում է, որ «Վոլդ Վիժնը» հանձնարարել է: Նման բան, սակայն, լինել չի կարող ¥բայց եղել է- Հեղ.¤: Իրենք կարող են առաջարկել, բայց դպրոցը ինքը պետք է որոշի, ապա՝ տեղեկացնի նախարարությանը: Այսինքն, կուրորեն հետեւել, թե իրենք հուշագիր ունեն եւ կարող են նման հանձնարարություն տալ, ուղղակի անթույլատրելի է: Ես ինքս անձամբ խոսել եմ «Վոլդ Վիժնի» ներկայացուցչի հետ: Նա ասաց, որ իրենց հուշագրում կա գրված, որ նման թեմաներ են լինելու, բայց թե ինչ ձեւով է դա անցկացվելու, արդեն դպրոցը ինքը պետք է որոշի: Հիմա` երկու կողմին լսելիս, հակասական կարծիքներ են հնչում: Ամեն դեպքում ՀԿ-ն չէր կարող պահանջել նման բան, իսկ դպրոցը պետք է հաշվի առներ փորձագետների եւ նախարարության կարծիքը: 

«Գուցե պետք է խոսեին իրավունքներից, ոչ թե բռնություններից, այն էլ` ընտանեկան»

- Կարելի՞ է ենթադրել, որ տնօրենը ինքնուրույն է գործել եւ օրենք խախտել:
- Ես չեմ կարող հիմա որակում տալ, որովհետեւ ամեն դեպքում լիազոր մարմինը` Երեւանի քաղաքապետարանը, ավելի մանրամասն կխոսի: Բայց, այո, ամեն դեպքում ճիշտ կլիներ, որ տնօրենը տեղյակ պահեր նախարարությանը:
- Իսկ, առհասարակ, ընտանեկան բռնության կամ գենդերային հավասարության հետ կապված քննարկումներ անցկացնել դպրոցահասակների շրջանում օրենքով թույլատրվո՞ւմ է:
- Այսպես պատասխանեմ. չեմ կարծում, որ ամեն երեխայի հասկանալի է, թե ինչ է ընտանեկան բռնությունը կամ գենդերային հավասարությունը: Դրա համար ավելի ուրիշ մոտեցում պետք է լինի: Գուցե պետք է խոսեին իրավունքներից, ոչ թե բռնություններից, այն էլ` ընտանեկան:  

«Հիմա ի՞նչ անենք...»

Կրթության եւ գիտության նախարարության հանրակրթության վարչության բաժնի պետի պարզաբանումներից հետո անհրաժեշտություն առաջացավ մեկ անգամ եւս կապվել Միսաք Մանուշյանի անվան թիվ 48 դպրոցի տնօրեն Ժասմենա Արիստակեսյանի հետ՝ հասկանալու համար, թե ինչո՞ւ են նման թեմաներ մտցրել դպրոց՝ շրջանցելով նախարարությանը: Տիկին Արիստակեսյանը մեր հարցին այսպես պատասխանեց.
- Բայց ինչի՞ համար դիմեի, ՀԿ-ն իրավունք չունի՞ գա եւ ասի՝ օրինակ այսինչ թեմայի հետ կապված ուզում եմ զրուցել երեխաների հետ: 
- Բայց երեխաներին հանձնարարվել է գրել բռնության թեմայով շարադրություն:
- Հիմա ի՞նչ անենք, քանի տարի իրենք իրենց ծրագրով անցկացնում են նման թեմաներով սեմինարներ, ինչ կա դրա մեջ:
- Ինչո՞ւ հենց ընտանեկան բռնության թեմայով:
- Որովհետեւ, եթե տեղյակ եք, նոյեմբերի 15-ը Բռնության միջազգային օրն է, ամեն տարի իրենք անցկացնում են նման բաներ, այս աղմուկի իմաստը չեմ հասկանում:
- Լավ, եթե այդպես է, ինչո՞ւ չեք այդ մասին զգուշացրել, տեղեկացրել նախարարությանը:
- Դպրոցը իրավունք չունի՞ բռնությունների թեմայով խոսել:
- Ես չգիտեմ ունի, թե` ոչ, բայց ԿԳն-ին պետք է տեղեկացնեիք, չէ՞:
- Մենք պատկանում ենք քաղաքապետարանին: Քաղաքապետարանը ծանոթ է «Վոլդ Վիժնի» ծրագրին, իրենք տեղյակ են կազմակերպության կողմից անցկացված յուրաքանչյուր սեմինարին:
- Ուզում եք ասել՝ քաղաքապետարանը տեղյա՞կ էր, որ պետք է աշակերտները ընտանեկան բռնության թեմայով շարադրություն գրեին:
- Ախր շարադրություն չէր, ուղղակի երեխաները իրենց մտքերը գրավոր թղթին են հանձնել, շարադրություն չի հանձնարարվել:
- Լավ, քաղաքապետարանը տեղեկացված եղե՞լ է այդ մասին:
- Իհարկե, ես բացատրել եմ, որ դա հուշագրի սահմաններում է, եւ քաղաքապետարանը գիտի, որ անօրինական ոչ մի քայլ այստեղ արված չէ: 

Քաղաքապետարանը պահանջեց գրավոր հարցեր

Իհարկե, առնվազն տարօրինակ է դպրոցի տնօրենի նման «միամտությունը», թե՝ «Ախր շարադրություն չէր...»: Ի՞նչ կապ ունի, թե ինչ էր: Երեխաներին ծնողները վստահել են դպրոցին՝ պետական ծրագրի շրջանակներում ուսում ստանալու համար, իսկ տնօրենի թողտվությամբ նրանց գենդերներ են բացատրում: Թեմա, որը հասարակության մեջ հսկայական անհանդուրժողականության է բախվել: Ինչ է, տնօրենը չի՞ պատկերացնում, թե ինչ է նշանակում նման,մեղմ ասած, կասկածելի գաղափարները երեխաներին հրամցնելը...
Ինչեւէ, այս պատմության մեջ կա մեկ այլ ֆիգուրանտ՝ քաղաքապետարանը, որին էլ մատնանշում է տնօրենը: Դիմեցինք այս կառույցին եւս, սակայն խնդրեցին՝ հարցերն ուղարկել գրավոր: Կուղարկենք: Բայց նաեւ նկատենք, որ պատմությունը հաստատ դեռ իր զարգացումները կունենա: 

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА