ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Հենց մի փոքր թուլանաք, եվրոպացիներն իրենց հետաքրքրություններն առաջ կքաշեն»

14.11.2017 20:15 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄ
«Հենց մի փոքր թուլանաք, եվրոպացիներն իրենց հետաքրքրություններն առաջ կքաշեն»

Նախորդ շաբաթ կայացավ Մոլդովայի նախագահ Իգոր Դոդոնի պաշտոնական այցը Հայաստան: Այն, ըստ էության, պատմական իրադարձություն էր, քանի որ այցը տեղի ունեցավ երկու երկրների միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակին: Ընդ որում` հայ-մոլդովական հարաբերությունների պատմության մեջ Մոլդովայի նախագահն առաջին անգամ էր այցելում Հայաստան: Այցի շրջանակներում երկու երկրների նախագահները վերահաստատեցին միջպետական հարաբերությունները զարգացնելու եւ համագործակցությունը խորացնելու պատրաստակամությունը` կարեւորելով այս հարցում նաեւ Մոլդովայում հայ համայնքի դերակատարությունը: Հենց այս ամենի շուրջ էլ «Իրավունքը» զրուցեց Մոլդովայի նախագահի հետ Հայաստան այցելած Մոլդովայի հայ համայնքի ղեկավար, նախագահին առընթեր հանրային խորհրդի անդամ, քաղաքագետ ՀԱՅԿ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ հետ:

«ՄՈԼԴՈՎԱՅԻ ՀԱՅ ՀԱՄԱՅՆՔԸ ՁԳՏՈՒՄ Է ՄԻՇՏ ԻՐ ԴԵՄՔԸ ՊԱՀՊԱՆԵԼ»

– Պարոն Վարդանյան, նախեւառաջ անդրադառնանք Մոլդովայի հայ համայնքի կյանքին, խնդիրներին...

– Մոլդովայում հայերն ապրում են դեռ 15-րդ դարից, թեպետ մեր համայնքն այդքան էլ մեծ չէ` մոտավորապես 10 հազար հայ կա, իսկ երկիրը մոտ 3 մլն բնակչություն ունի, բայց այնուամենայնիվ, բավականին միասնական ենք: Հայերը Մոլդովայում մեծ հարգանք են վայելում, օրինակ` մայրաքաղաք Քիշնեւում կա երկու հայկական եկեղեցի, մեկ հայկական փողոց, պահպանվել է նաեւ հայտնի դիվանագետ Մանուկ Բեյի (Միրզայան) առանձնատունը` մարդ, որը 1812 թվականին վերջ դրեց ռուս-թուրքական պատերազմին: Ի դեպ, նա նաեւ Մոլդովայում ուզում էր հայկական քաղաք հիմնել` բնակեցնելով այնտեղ 500 հայկական ընտանիք, բայց նա բերեց մոտավորապես` 100 ընտանիք: Մոլդովայում այսօր շատ թվով հայեր մեծ հաջողությունների են հասել տարբեր ոլորտներում` սկսած բիզնեսից, քաղաքականությունից վերջացրած մշակույթով եւ անգամ լրագրության ոլորտով: 

«ԿԲԱՑՎԻ ՀԱՅ-ՄՈԼԴՈՎԱԿԱՆ ԲԱՐԵԿԱՄՈՒԹՅՈՒՆԸ ԽՈՐՀՐԴԱՆՇՈՂ ԽԱՉՔԱՐ»

– Երկու տարի առաջ լայն արձագանք գտավ այն, որ Քիշնեւում գտնվող Սուրբ Հարություն հայկական եկեղեցու տարածքը եւ դրան հարակից հայկական գերեզմանատունը ցանկանում են ապօրինաբար վերցնել համայնքից: Արդյոք իրավիճակը շտկվել է, թե՞ իշխանությունների հետ որոշակի խնդիրներ դեռ կան:

– Այնտեղ հասարակ մի պատմություն էր, որն անմիջականորեն կապված էր եկեղեցու շինարարության հետ: Ցավոք, որոշակի ընդվզում կար, բայց ինչ-որ բաներ մեզ հաջողվեց փրկել: Միեւնույնն է, շինարարությունը կայացավ... Բայց ընդհանուր առմամբ` իշխանությունների հետ հայ համայնքը խնդիրներ չունի: Այստեղ խնդիրը մասնավոր տնտեսական ագենտի հետ էր եւ ոչ ավելին: Ավելին ասեմ` մեր նախագահը` պարոն Դոդոնը, երբ պատգամավոր էր, միակն էր, որը 2015 թվականին, երբ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցն էինք նշում, կանգնեց մեր կողքին: Այդ ժամանակ կազմակերպել էինք «Սպի» ֆիլմի ցուցադրությունը, եւ մեր չուզողները ցանկանում էին այնպես անել, որ խափանեն միջոցառումը. խնդիրներ էին ստեղծել` իբրեւ հեղինակային իրավունքների հետ կապված: Ու արդեն լեփ-լեցուն դահլիճը հավաքված էր, ամբողջ դիվանագիտական կազմն էր ներկա, եւ այսօրվա նախագահը Մոլդովայի այն քիչ պաշտոնյաներից մեկն էր, որը ներկա էր: Եվ ոչ միայն չհեռացավ դահլիճից, երբ իմացավ, որ ֆիլմը չի ցուցադրվելու ու կան խնդիրներ, այլ համայնքի ներկայացուցիչների հետ եկավ ետնաբեմ եւ սկսեց զանգահարել բոլոր հնարավոր ատյանները` սկսած մշակույթի նախարարից: Այսինքն` փորձեց ակտիվ աջակցել` նույնիսկ չիմանալով պատճառները, այլ պարզապես, տեսնելով կատարվածը: Նույն սրտացավությամբ նա գալիս էր մեր մյուս միջոցառումներին: Իսկ հիմա երբ նա արդեն նախագահ է, մի քանի շաբաթ առաջ, ես լինելով նաեւ Քիշնեւի ավագանու ամենամեծ խմբակցության անդամ, առաջարկությամբ հանդես եկա, որ հայկական փողոցի վրա, որը գտնվում է մայրաքաղաքի կենտրոնական հատվածում, հուշարձան բացվի` հայ-մոլդովական բարեկամությունը խորհրդանշող խաչքար: Նախագահին առընթեր հանրային խորհրդում եւս խորհրդակցեցինք այս հարցի շուրջ, եւ նախագահն ասաց, որ երկու ձեռքով կողմ է այս նախաձեռնությանը եւ կաջակցի: Այս մասին խոսել ենք նաեւ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ: Մոլդովայի նախագահը ձեր նախագահին մյուս տարի հրավիրեց Քիշնեւ,0 եւ կարծում եմ` հաջորդ տարի երկու երկրների բարեկամության խաչքարը կբացվի երկու նախագահների ներկայությամբ:

– Ի դեպ, հայաստանյան այցի շրջանակներում Մոլդովայի նախագահը եղավ նաեւ Ծիծեռնակաբերդում եւ հարգանքի տուրք մատուցեց Ցեղասպանության զոհերի հիշատակին: Առաջիկայում տեսնո՞ւմ եք հավանականություն, որ Մոլդովան կճանաչի Հայոց ցեղասպանությունը: 

– Այս հարցը շատ կարեւոր է, բայց իմ կարծիքով` դեռ վաղ է դրա մասին խոսել: Մենք պետք է գիտակցենք, որ Մոլդովան շատ լուրջ եւ լավ հարաբերություններ ունի Թուրքիայի հետ, քիչ պակաս նաեւ Ադրբեջանի հետ, ուստի` այստեղ շատ բարդ աշխարհաքաղաքական խնդիր կա: Ամեն դեպքում, միշտ ասել եմ եւ երբեք չեմ թաքցրել, որ եթե երբեւէ հայտնվեմ Մոլդովայի խորհրդարանում, ինձ համար առաջնային հարց կլինի, որ Ցեղասպանության ճանաչման խնդիրը ամենաբարձր մակարդակով բարձրացնեմ, եւ այդ հարցը լուծում ստանա: Ժամանակն առաջ է գնում, եւ վաղ, թե ուշ, համոզված եմ, որ շատ երկրներ կճանաչեն Հայոց ցեղասպանությունը, այդ թվում` Մոլդովան:

«ՄԻ՛ ՎԱԽԵՑԵՔ ԿՈՇՏ ԵՎ ՃՇԳՐԻՏ ՀԱԿԱՓԱՍՏԱՐԿՆԵՐ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒՑ»

– Մոլդովան նախ գնաց Եվրամիության հետ ասոցացման ճանապարհով, ապա որոշեց վերադառնալ Ռուսաստանի հետ համագործակցության ուղուն: Իսկ մենք ընտրեցինք ճիշտ հակառակ ճանապարհը` նախ դառնալով Եվրասիական տնտեսական միության անդամ, իսկ այժմ առաջիկա օրերին նախատեսվում է ՀՀ-ԵՄ համապարփակ համաձայնագրի ստորագրումը: Որպես արդեն այս ճանապարհն անցած երկրի քաղաքագետ` ի՞նչ խորհուրդ կտաք հայաստանցիներին:

– Շատ կարեւոր է, որ Հայաստանն օգտագործի Մոլդովայի փորձը, որպեսզի նույն սխալը չկրկնի: Ցավոք, մեր մոլդովական իշխանության պրոարեւմտյան էլիտան ստորագրեց Եվրամիության հետ ասոցացման պայմանագիր, հատկապես տնտեսական մասով` առանց լուրջ հաշվարկներ անելու, առանց խորհդակցելու այլ գործընկերների հետ: Եկեք իրերն իրենց անուններով կոչենք` ամենամեծ շուկան մոլդովական ապրանքների համար` գինու, խնձորի, լոլիկի, ընդհանրապես` գյուղմթերքի համար, Ռուսաստանն է: Մինչդեռ առանց որեւէ պայմանավորվածության ՌԴ-ի հետ` մեր իշխանությունները ստորագրեցին ԵՄ-ի հետ պայմանագիր, ավելի ճիշտ` հրամայեցին նրանց անել դա, ինչի պատճառով էլ խնդիրներ առաջացան: Ըստ էության, Մոլդովայի համար շուկաներից մեկը փակվեց, իսկ մյուսն այդպես էլ չբացվեց: Կոպիտ ասած` եվրոպացիներին պետք չեն մեր խնձորները, քանի որ իրենք ունեն ուրիշ չափորոշիչներ: Այնպես որ, այս հարցում Մոլդովան Հայաստանից սովորելու բան ունի, որովհետեւ ՀՀ իշխանություններին հաջողվեց մանեւրել ե՛ւ Եվրոպայի, ե՛ւ ՌԴ-ի, ե՛ւ ԱՊՀ երկրների հետ: Ու ամենակարեւորը` Հայաստանը Եվրախորհրդին մոտեցավ` առանց ստորադասելու իր ազգային արժեքները: Իսկ մեզ` Մոլդովայի բնակիչներիս, վախեցնում էին, թե պետք է ընտրեք կա՛մ Եվրոպան, կա՛մ Ռուսաստանը, եւ եթե ընտրեք ՌԴ-ին, ուրեմն` կխզեք կապը Եվրոպայի հետ: Իսկ Հայաստանի փորձն ապացուցում է, որ կարելի է ընկերություն անել ե՛ւ Եվրոպայի ու ՌԴ-ի, ե՛ւ Եվրասիական միության հետ: Այս մասին ՀՀ նախագահի հետ հանդիպման ժամանակ նշեց նաեւ Մոլդովայի նախագահը: Ընդհանրապես` այնպիսի երկրներ, ինչպիսիք են Հայաստանը եւ Մոլդովան, որոնք ունեն մոտավորապես` նույն տնտեսական մակարդակը, բնակչության թիվը, տարածքը, աշխարհաքաղաքական դիրքը եւ տարբեր կողմերից ճնշված են, չեն կարողանա դիմակայել, եթե ընկերություն անեն ինչ-որ մեկի հետ` մեկ ուրիշին դեմ լինելու հաշվին: Մենք պարզապես դատապարտված ենք ունենալ լավ հարաբերություններ ե՛ւ Եվրոպայի, ե՛ւ Արեւելքի հետ: Այս առումով մեր խորհուրդը հայաստանցիներին հետեւյալն է` պահե՛ք ձեր դիրքերը Եվրոպայի հետ ու մի՛ վախեցեք կոշտ եւ ճշգրիտ հակափաստարկներ ներկայացնելուց, որովհետեւ հենց մի փոքր թուլանաք, եվրոպացիներն իրենց հետաքրքրություններն առաջ կքաշեն: Դրա մեջ ոչ մի վատ բան չկա, եթե ասեք` ահա սա մեր շահերից է ելնում, ձեզ հետ ստորագրում ենք այս համաձայնագիրը, բայց այն պետք է լինի առաջին հերթին մեր քաղաքացիների համար եւ ոչ ձեր աշխարհաքաղաքական հետաքրքրությունների: Ցավոք, Մոլդովայում այդպես չստացվեց եւ մեծ հետընթաց ապրեց երկիրը` տուրք տալով այդ աշխարհաքաղաքական հետաքրքրություններին: Իսկ հիմա փորձում ենք այդ քաղաքականության տակից դուրս գալ: Փառք Աստծո, մեր նոր նախագահի ընտրվելուց հետո կարողանում ենք ճիշտ ուղու վրա կանգնել եւ կապեր հաստատել, ինչի համար էլ վերջերս նա հանդիպեց ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА