ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ՀԱՐԱՎԱՅԻՆ ԿՈՎԿԱՍՈՒՄ ՆՈՐ ՄԹՆՈԼՈՐՏ Է ՁԵՎԱՎՈՐՎՈՒՄ

14.11.2017 19:15 ՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ
ՀԱՐԱՎԱՅԻՆ ԿՈՎԿԱՍՈՒՄ ՆՈՐ ՄԹՆՈԼՈՐՏ Է ՁԵՎԱՎՈՐՎՈՒՄ

Այսպիսով, Վիետնամում տեղի ունեցած Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական խորհրդի գագաթաժողովի շրջանակներում, թեեւ Պուտին-Թրամփ պաշտոնական հանդիպումը չկայացավ, սակայն նախագահները ոտքի վրա զրուցելու հնարավորություն ունեցան: Ընդ որում, անգամ այդ կտրվածքով հանդիպումը էֆեկտիվ էր: Համենայնդեպս,  ինչպես ավելի վաղ ենթադրել էինք, մասնավորապես` Սիրիայի հետ կապված եղավ նախագահների համատեղ հայտարարությունը, ինչն այդ էֆեկտիվության վկայություններից է:

ՊՈՒՏԻՆԻ ԵՎ ԹՐԱՄՓԻ  ՍԻՐԻԱԿԱՆ ԲԱՆԱՁԵՎԸ
Թե ինչու նախագահները պաշտոնապես եւ ավելի ծավալուն թեմաների շուրջ չզրուցեցին, կարելի է ենթադրել: Հասկանալի է՝ պաշտոնական բացատրությունը, թե աշխատանքային գրաֆիկները չհաջողվեց համատեղել, քիչ հավանական է. եթե ԱՄՆ-ի եւ ՌԴ-ի կարգի պետությունների ղեկավարները իրոք ցանկանային հանդիպել, նրանց օրակարգային մյուս բոլոր հանդիպումներն ու ծրագրերը միանգամից երկրորդ պլան կմղվեին: Նաեւ նկատենք, հանդիպման նախաձեռնությամբ առաջինը հենց Թրամփն էր հանդես եկել, որին Մոսկվան արձագանքել էր պատրաստակամությամբ: Ավելին, Վիետնամից հետո Թրամփը շարունակում է մի գլուխ հաստատել, թե մնում է Մոսկվայի հետ հարաբերություններն առաջ տանելու դիրքերում. «Ես հավատում եմ, որ մենք պետք է միասին աշխատենք Սիրիայի, Հյուսիսային Կորեայի, Ուկրաինայի ահաբեկչության խնդիրները լուծելու համար»: Եվ այս պարագայում, երբ Վաշինգտոնը դիվանագիտորեն հետ քաշվեց հանդիպումից, ամենահավանական բացատրությունն այն է, որ բացի Սիրիայից, մյուս բոլոր հարցերի հետ կապված Թրամփը Պուտինին կոնկրետ ասելիք դեռ չունի: Ավելի շուտ՝ չի կարող, թերեւս հաշվի առնելով նաեւ, որ նրա նկատմամբ ներամերիկյան ճնշումային մեքենան դեռ ակտիվորեն գործում է: Եվ դա էլ էր սպասելի. ԱՄՆ նախագահական ընտրություններում, այսպես ասած, ռուսական միջամտության թեման հենց Վիետնամի շեմին էր, որ մեռյալ վիճակից նորից առաջ մղվեց: Ճիշտ է, ակնհայտորեն արհեստական, թույլ վիճակով, սակայն դա էլ է բավական, որ Թրամփը Մոսկվայի հետ հարաբերությունների հարցում շարունակի մնալ կաշկանդված վիճակում՝ ներամերիկյան խաղատախտակին նոր հարվածների տեղ չբացելու համար:
Սակայն անգամ նման իրավիճակում Սիրիայի հարցով Պուտինն ու Թրամփը որոշակի պայմանավորվածությունների գալ անգամ պարտադրված էին: Նկատի ունենք, որ սիրիական պատերազմը գործնականում ռազմական փուլից ուր որ է կանցնի բացառապես քաղաքական հարթություն, որը ռուս-ամերիկյան նման ուղենիշային հայտարարությունը հրատապ էր դարձնում: Այսինքն, ռուս-ամերիկյան համատեղ տեսլականի բացակայությունը կդառնար ազդակ բոլորի համար, որ Սիրիայի քաղաքական ապագայի վերաբերյալ Մոսկվան եւ Վաշինգտոնն ունեն չհամատեղվող պատկերացումներ, ինչը կարող էր հանգեցնել մինչեւ իսկ այն բանին, որ սիրիական բանակը, ԻՊ-ի հարցերը լուծելով, հնարավոր է, որ միանգամից հարվածները շարունակեր ԱՄՆ-ին դաշնակից համարվող ուժերի, այդ թվում՝ քրդերի ուղղությամբ կամ հակառակը: Եվ ահա, Պուտին-Թրամփ համատեղ հայտարարությամբ տրվում է այդ հիմնական հարցերի պատասխանը: Այսինքն, Մոսկվայի եւ Վաշինգտոնի պատկերացմամբ՝ հակամարտությունը պետք է հանգուցալուծվի Սիրիայի ինքնիշխանության, անկախության եւ տարածքային ամբողջականության հիման վրա: Այն, ինչ ի սկզբանե պահանջում էր Մոսկվան, եւ հակընդդեմ պահանջից, թե Ասադը պետք է հեռանա, արդեն հետք անգամ չի մնացել: Բայց նաեւ հակամարտության վերջնական քաղաքական կարգավորումը պետք է իրականացվի Ժնեւի գործընթացի շրջանակներում: Իսկ դա Վաշինգտոնի դեմքը փրկելու պես մի բան է, քանի որ այդպիսով երկրորդ պլան է մղվում ՌԴ-Իրան-Թուրքիա ձեւաչափով կազմակերպված Աստանայի գործընթացը, որն ի զորու էր պատերազմական փաստացի արդյունքների հիման վրա վերջնական լուծում տալ հակամարտությանը:

ՈՒՐ ԿՀԱՍՆԵՆ ՌԴ-ԹՈՒՐՔԻԱ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Հասկանալի է, Սիրիայի հետ կապված շուտափույթ քաղաքական լուծման սպասելը տեղին չէ: Սակայն խաղի շրջանակները սահմանված են, ինչը կանխատեսելի է սկսում դարձնել նաեւ սիրիական ճգնաժամի ելքից կախված տարածաշրջանային մյուս զարգացումները եւ ճգնաժամի հետ առնչվող պետությունների հետագա հարաբերությունները: Խոսքը, մասնավորապես, ռուս-թուրքական հարաբերությունների մասին է, եւ այդ առումով պատահական չէր, որ երեկ կայացած Պուտին-Էրդողան հանդիպման առանցքը, ինչպես եւ սպասվում էր, հենց Սիրիան էր:
Հասկանալի է՝ ռուս-թուրքական հարաբերությունների ապագայի հետ կապված՝ Վիետնամից հետո էլ ավելի հաստատուն է դարձել մեկ պարզ փաստ: Ըստ էության, ընդունելով, որ սիրիական հակամարտությունը կարգավորվելու է ռուսական նախնական առաջարկների, այն է՝ Սիրիայի տարածքային ամբողջականության եւ Ասադի ճակատագիրը՝ սիրիացիներին վստահելու առաջնային սկզբունքների հիման վրա, Թրամփը գործնականում փաստեց նաեւ, որ հաշտվում է Մերձավոր Արեւելքում Մոսկվայի ձեռք բերած ներկայիս ռազմաքաղաքական դիրքերի հետ: Իսկ դա նշանակում է, որ նաեւ Անկարան է վերջնականապես հաշտվելու այն փաստի հետ, որ իր հարավային սահմանների հարեւանությամբ տեղակայված է ռուսական զինուժ, եւ եթե արտառոց բան չլինի, դեռ առնվազն 5 տասնամյակ այդ ռազմաքաղաքական ստատուս-քվոն պահպանվելու է: Այս իրավիճակը, հասկանալի է՝ վերջնականապես է ոչնչացնում դեպի հարավ ընդլայնվելու եւ սունի-իսլամական աշխարհն իր վերահսկողության տակ վերցնելու Էրդողանի երազանքները: Բայց նաեւ Անկարան պետք է հաշվի առնի, որ նույն ռուսական զինուժը գտնվում է ոչ միայն իր հարավային, այլ նաեւ՝ արեւելյան եւ հյուսիսային սահմանների հարեւանությամբ, այն ամենեւին էլ իր ատամի բանը չէ, այսինքն, որ չասենք ստիպված է, այլ առնվազն՝ ձեռնտու է ոչ թե այդ ուժի  հետ հակամարտելը, այլ՝ համագործակցությունը: Առավել եւս, որ հիմնական դաշնակցի՝ ԱՄՆ-ի հետ Թուրքիայի հարաբերությունները փչացել են այն աստիճան, որ վարչապետ Բինալի Յըլդըրըմը հրապարակավ Վաշինգտոնին մեղադրում է ահաբեկչության հետ համագործակցության մեջ. ««Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ «պայքարելու» համար
ԱՄՆ-ն հենց նրանց հետ է համագործակցում: Չեմ կարծում, որ Վաշինգտոնի ներկայիս քաղաքականությունը նպաստում է տարածաշրջանում խաղաղությանն ու կայունությանը»: Եվ իհարկե, պատահական չէր, որ Պուտին-Էրդողան հանդիպման շեմին վարչապետի այդ արտահայտությանը հետեւեց Թուրքիայի պաշտպանության նախարար Նուրեթին Ջանիքլիի հայտարարությունը. «C-400 ԶՀՀ-ն ձեռք է բերված: Այն ամենը, ինչ կապված է այս հարցի հետ, արդեն մանրուքներ են...»: Դա այն դեպքում, երբ  Վաշինգտոնը քանիցս ցույց տվեց, թե Թուրքիայի կողմից ռուսական C-400-ների ձեռքբերումը ընկալում է, որպես ՆԱՏՕ-ի նկատմամբ դավաճանություն:
Հասկանալի է՝ Պուտին-Էրդողան հանդիպման շեմին Անկարայի այս կարգի ազդակները, թե ինչքան վատն են համարում ամերիկացիներին եւ ինչքան լավը՝ ռուսներին, թուրքական դիվանագիտության հայտնի շողոքորթման տարրերից են, որոնք նույնքան արագ էլ կարող են փոխվել: Բայց նաեւ՝ այս ամենն ակնարկ է, որ Անկարան պարզ տեսնում է ձեւավորվող աշխարհաքաղաքական ստատուս-քվոն եւ փորձում է հարմարվել այդ նոր իրողությունների հետ:
Թե այս պատկերն ինչ դետալացված ընթացքի մեջ կմտնի Պուտին-Էրդողան հանդիպումից եւ նման հանդիպումներին յուրահատուկ՝ չբացահայտվող պայմանավորվածություններից հետո, ավելի հստակ ցույց կտան միայն իրավիճակի հետագա զարգացումները: Ընդ որում, մեզ համար մեկ հանգամանք եւս այստեղ հստակ է: Եթե օրակարգում է ՌԴ-Թուրքիա երկարաժամկետ հարաբերությունների հստակեցման հարցը, ապա դա նշանակում է, որ Պուտինն ու Էրդողանը չէին կարող քննարկումներից դուրս թողնել նախ՝ հայ-թուրքական հետագա հարաբերությունների, ապա՝ արցախյան հարցը: Համենայնդեպս հիշեցնենք, որ այդ մասին հայտարարել էր նաեւ Էրդողանը. «Ես այդ մասին կխոսեմ Ռուսաստանի նախագահ Պուտինի հետ, երբ մենք հանդիպենք: Նրա վերաբերմունքը ղարաբաղյան խնդրին շատ կարեւոր է: Եթե Պուտինն իսկապես կենտրոնանա այդ հարցի վրա, այն հնարավոր կլինի հեշտությամբ լուծել»: Բայց նաեւ նկատենք, որ քննարկել ամենեւին էլ չի նշանակում, որ նրանց կհաջողվի ընդհանուր մոտեցումներ մշակել կամ մշակելու դեպքում դրանք ընդունելի կլինեն Հայաստանի կամ Ադրբեջանի համար: Իհարկե, միաժամանակ պետք է նաեւ հաշվի առնել, որ տարածաշրջանային հաստատվող ստատուս-քվոյի պայմաններում Էրդողանն այս ուղղություններով նախկին կոշտ տոնայնությունը հազիվ թե կարողանա պահել: Եվ միաժամանակ, նաեւ Բաքվում թերեւս գիտակցում են, որ եթե Թուրքիան ընդամենը երկու-երեք տարի առաջ կարող  էր իրեն թույլ տալ անգամ ռուսական ռազմական ինքնաթիռների վրա գրոհել, ապա հիմա անցնելու է շատ ավելի զգուշավոր քաղաքականության: Այսինքն, Անկարայից երբեմնի անվերապահ աջակցությունը չեն ստանալու:
Մի խոսքով այն, որ աստիճանաբար ոչ միայն Մերձավոր Արեւելքում, այլ դրա հետքերով՝ նաեւ Հարավային Կովկասում է նոր աշխարհաքաղաքական մթնոլորտ ձեւավորվում, ակնհայտ է: Իսկ թե դա ինչ փաստացի պատկերի  կբերի, դեռ կտեսնենք,  թեեւ հազիվ թե երկար սպասելու կարիք լինի:
ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА