ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ՈՎՔԵՐ ԵՆ ՏԱՐԱԾՈՒՄ ՊԵՏԱԿԱՆԱԿՈՐԾԱՆ ՊԱՑԻՖԻՍՏԱԿԱՆ ՎԱՐԱԿԸ

14.11.2017 19:00 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ
ՈՎՔԵՐ ԵՆ ՏԱՐԱԾՈՒՄ ՊԵՏԱԿԱՆԱԿՈՐԾԱՆ ՊԱՑԻՖԻՍՏԱԿԱՆ ՎԱՐԱԿԸ

Հանուն բանակում չծառայելու դասադուլ անող ուսանողները, այս երկուշաբթի իրենց փողոցային ակցիաներից հետո, տներով ցրվելով, հայտարարել են, որ դասադուլը շարունակվելու է, այն անժամկետ է: Ու թեեւ իրենք իրենց կոչում են «հանուն գիտության զարգացման» նախաձեռնություն, պատահական չէ, որ պնդում ենք` դասադուլը հանուն բանակում չծառայելու է: 
ՈՒՂԻՂ ԵԹԵՐ ԱՊԱՀՈՎՈՂՆԵՐԸ
Հիշեցնենք, որ ժամանակին դասադուլավորները մերժել էին   հանդիպման վերաբերյալ ՊՆ առաջարկությունը` պատճառաբանելով, որ ուղիղ եթեր են ուզում: Վարչապետի, պաշտպանության եւ կրթության նախարարների հետ հանդիպմանը թեեւ ուղիղ եթեր չկար, բայց բոլորն ապահովվել էին մանրամասն տեսագրությամբ: Եվ ահա այդտեղ ուղիղ եթերի հանդեպ սերը նրանց գլխին չար կատակ խաղաց` տեսագրությունում պարզ հնչում է դասադուլավորների երիտասարդ առաջնորդների խոսքը, որ 18 տարեկանում ծառայության գնալը իրենց պլանների մեջ չի մտնում: Այսինքն` խոստովանությունը, որ բանակում չեն ուզում ծառայել:
Իսկ ընդհանուր առմամբ, ուղիղ եթեր ապահովողները երկուսն էին` «Ազատություն» ռադիոկայանը եւ 1in.am կայքը: Դասադուլավորների ակցիաներն ամբողջովին ուղիղ եթեր հեռարձակելով` այդ երկու լրատվամիջոցներն ապահովում էին փաստացի պացիֆիստական քարոզչության տարածումը: Իսկ պացիֆիստական կոչերը պատերազմում գտնվող երկրում հղի են ամենակործանարար հետեւանքներով: 1920-ին հենց պացիֆիզմի քարոզչության պատճառով ծայր առավ դասալքությունը, արդյունքում Կարսը առանց մարտի հանձնվեց թուրքերին, իսկ Գյումրիում անգամ դարավոր թշնամուն աղուհացով դիմավորողներ եղան: Եվ դրա վերջն էր տարածքային ահռելի կորուստը եւ Առաջին հանրապետության կործանումը: 
Իսկ այժմ անդրադառնանք քարոզչությունն ապահովող ԶԼՄ-ներին, որոնք, ի դեպ, գործնականում չեն ներկայացրել հակառակ կարծիք ունեցողների տեսակետը: «Ազատությունը», ինչպես հայտնի է, ամերիկյան պետական ֆինանսավորումով գործող ռադիոկայան է, այսինքն` գործնականում իրականացնում է օտարերկրյա տերության քաղաքականությունը: Իսկ ինչ վերաբերում է 1in.am-ին, ապա դրա ղեկավար Արման Բաբաջանյանը, ինչպես հայտնի է, ժամանակին դատվել էր փաստաթղթեր կեղծելու միջոցով զինածառայությունից խուսափելու համար: Ընդ որում, նա հաջողացրել էր իրավապահներին ցուցմունքներ տալ հարազատ մոր դեմ: Այսինքն` կարելի է ասել` դասալքության վառ արտահայտված հոգեբանության կրող է: 
ԱՅՈ՛, ՄԻՍՏՐ ՍՈՐՈՍ...
Այն, որ «Ելքի» թիմը մասնակից է ուսանողական դասադուլի կազմակերպմանն ու ուղղորդմանը եւ երկրում պացիֆիստական վարակի տարածմանը, բավականին ակնհայտ է: ԶԼՄ-ներում արդեն եղել են վկայություններ, թե ինչպես «Ելքի» պատգամավոր Արարատ Միրզոյանի օգնականը անմիջականորեն ներգրավված է կազմակերպման մեջ: Իսկ ԱԺ ամբիոնից հնչած պացիֆիստական ելույթները, կարծում ենք, մեկնաբանության կարիք չունեն: 
Կազմակերպմանն անմասն չեն եւ լոնդոնասեր Ստյոպիկ Սաֆարյանի ստեղծած հիմնարկի կադրերը: Ինքը` Սաֆարյանը, իբր հեգնանքով, հպարտանում է, որ կազմակերպիչներից է իր հոգեզավակ Դավիթ Պետրոսյանը. «Դավիթն այնքան օրինախախտ, հանդուգն ուսումնատենչ է, որ զինվորական պարտքի ու պատասխանատվության կոպտագույն ոտնահարմամբ չի բավարարվում միայն համալսարանական կրթությամբ եւ գիտելիք է փնտրում ամենուրեք, մասնավորապես առանձնակի դաժանությամբ հետաքրքրվում է նաեւ ոչ ֆորմալ կրթությամբ եւ այդ նպատակով գիտելիքների իր հակաօրինական ծարավը լրացրել է նաեւ ՄԱՀՀԻ ժողովրդավարության դպրոցում, նրա ամենապայծառ թողարկումներից մեկի` յոթերորդ թողարկման շրջանակներում: Չենք խուսափում ասել, որ ազգային անվտանգության, անվտանգության քաղաքականությունների, տարբեր ռեգիոններում աշխարհաքաղաքական զարգացումների վերաբերյալ հավելյալ գիտելիքները Դավիթի կողմից կօգտագործվեն ի չարս»: 
Իսկ հիմա` Սորոսի հիմնադրամի անմիջական մասնակցության մասին: Սույն հիմնադրամը, թիվ 19760 դրամաշնորհի հայտ ստանալով, հոկտեմբերի 5-ին «Հանրային օրակարգ» ՀԿ-ն ներկայացնող Գեղամ Բաղդասարյանին հատկացնում է 20 հազար դոլար գրանտ, որը շատ արագ դրվում է գործի մեջ: Ըստ էության, մեկ ամիս չանցած, այդ դրամաշնորհը դառնում է կոնկրետ գործողություն: Իսկ հենց պաշտոնական կայքէջում զետեղված դրամաշնորհի նպատակում կարդում ենք հետեւյալը` «Քննադատորեն գնահատել «ազգ-բանակ» հայեցակարգը անկախ փորձաքննության միջոցով եւ հասկանալ, թե ինչպես է այն ընկալվում համալսարանի ուսանողների միջավայրում: Այդ նպատակով «Հանրային օրակարգ» ՀԿ-ն մտադիր է անցկացնել փորձագիտական բանավեճեր «ազգ-բանակ» հայեցակարգին եւ մշակել այլընտրանք, որը կհասցվի լայն հանրությանը»: Իսկ, այսպես ասած, «փորձագետներ հավաքելուց» եւ «հարթակ ձեւավորելուց» հետո «հայկական բուհերում կանցկացվեն 10 թիրախային խմբեր, որպեսզի պարզվի ուսանողների կողմից հայեցակարգի վերաբերյալ: Թիրախային խմբերի արդյունքները կդառնան առանցքային կողմնորոշիչ «ազգ-բանակ» հայեցակարգի շուրջ հետագա բանավեճերի համար»: Իսկ եզրափակիչ փուլն է` արդեն պացիֆիզմի հիմնարար քարոզչությունը, այսպես կոչված, հետազոտության միջոցով, «ուր կվերլուծվեն օրինակ ինչպես այլ երկրներից, այնպես էլ Հայաստանի պատմական փորձը, ցույց տալու համար, որ Հայաստանի անվտանգությունը կարող է ապահովված լինել առանց հետագա ռազմականացման»:   
Հիմա այդպիսի ծրագրի եւ 1920 թվականի` քեմալական զորքերի դեմ չկռվելու քարոզչության մեջ կա՞ սկզբունքային տարբերություն: Չէ՞ որ 97 տարի առաջ էլ թուրքերի դեմ չկռվելը մատուցվում էր որպես անվտանգության ապահովում` «առանց հետագա ռազմականացման»: 
Եվ կարելի՞ է արդյոք հենց ուսանողական դասադուլները համարել այդ, այսպես կոչված, «վերաբերմունք պարզելու» եւ «թիրախային խմբեր ձեւավորելու» փուլի իրագործում: Այո՛, միստր Սորոս, կարելի է: Իսկ ինչ վերաբերում է «Հանրային օրակարգ» ՀԿ-ն ներկայացնող Գեղամ Բաղդասարյանին, ապա վերջինս Արցախում լույս տեսնող եւ գրանտային ֆինանսավորում ունեցող «Անալիտիկոն» հանդեսի գլխավոր խմբագիրն է (հանդեսը հրատարակվում է հենց այս ՀԿ-ի կողմից), եւ Ստեփանակերտի մամուլի ակումբի հիմնադիրը: Միգուցե, նա մտովի վաղո՞ւց է Արցախից հեռու, որ առաջ է տանում պաշտպանունակությանն այդքան բացասաբար անդրադարձող, օտարի կողմից ֆինանսավորվող ծրագրեր... 
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆ

Այս երիտասարդներն ապահովում են «մասովկա»` Գեղամ Բաղդասարյան անուն-ազգանունով այս նախկին երիտասարդի 20 հազար դոլարանոց գրանտային ծրագրի համար
 
 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА