ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Մեր օրերում գրքի հերթեր էլ են գոյանում

14.11.2017 16:24 ՄՇԱԿՈՒՅԹ
Մեր օրերում գրքի հերթեր էլ են գոյանում

  Նոյեմբերի 11-ին   Երևանի պետական կամերային թատրոնում անասելի հերթ էր գոյացել: Մեր օրերում դժվար թե հիշենք նման դեպք, որ հավաքված գրքասերների համար տարածքն այդքան նեղ ու անանցանելի լիներ, իսկ գիրք ձեռք բերելու համար էլ առնվազն 30 րոպե հերթ կանգնեին:

    Այս հաճելի իրարանցման հեղինակը գրող ՆԱՐԻՆԵ ԱԲԳԱՐՅԱՆՆ էր և նրա  «Մանյունյա» գրքի հայերեն թարգմանությունը: Գրքի շնորհանդեսը և հեղինակի հետ հանդիպումն անացավ ջերմ մթնոլորտում՝ ներկաներն այնքան շատ էին, որ թթվածնի պակասից օդն ասես ծանրացել էր: Մեծահասակներ, գրքասերներ, երեխաներ, արվեստի  ու մշակույթի ներկայացուցիչներ և պարզապես մարդիկ, որոնք ցանկանում էին ծանոթանալ թե՛ Մանյունյաի և՛ թե Նարինե Աբգարյանի հետ:

   Չէ որ, նրա սոցցանցերում ծնված առաջին վիպակը գրավեց «Աստրել» հրատարակչության ուշադրությունը, որն էլ կարճ ժամանակ անց հրատարակեց «Մանյունյա» ինքնակենսագրական վեպը: Քանի որ գրքի վաճառքը գերազանցեց հրատարակիչների բոլոր սպասելիքները, շուտով հայկական փոքրիկ գյուղաքաղաքում ապրող աղջիկների պատմությունն ունեցավ իր շարունակությունը: 2 տարվա ընթացքում գրքի 200 հազարից ավելի օրինակ է վաճառվել:

  Մինչ հայերեն թարգմանվելը՝ վիպակը թարգմանվել է այլ լեզուներով, ինչպես ասում է գործող անձանցից Տան՝ համադամ կերակուրը վերջում են մատուցում:

  Թեև Նարինեի գրքերը սիրում են նաև փոքրիկները, բայց հեղինակը չի ընդունում այն կարծիքը, որ իր ստեղծագործությունները պատանեկան են, ասում է` որ գրում է 0-ից մինչև 100 տարեկան երեխաների համար: Մայրենի լեզվով թարգմանության մասին հեղինակն նշում է. «Հիանալի թարգմանություն է, ես այդպես հայերեն չէի կարող գրել: Երբ կարդացի, ծիծաղում էի, պատկերացրեք` ինչպիսի հիմարություն, հեղինակն իր գիրքը կարդա և ծիծաղի: Բայց ծիծաղում էի, հատկապես, երբ գրքի երկրորդական հերոսները տեղ-տեղ բարբառով են խոսում: Ռուսերեն, ցավոք, ես այդպես չէի կարող գրել: Հոգիս ուրախանում է, երբ կարդում եմ «Մանյունյան» հայերեն»:
   «Մանյունյան» մի ամբողջ սերնդի մանկության պատմություն է, Բերդ քաղաքում ծնված երկու ընկերուհիների՝ Նարինեի ու Մանյունյայի, խիստ ու բարի Տայի՝ Մանյունյայի տատիկի, ինչպես նաև շարունակ շիլաշփոթ իրավիճակներում հայտնվող բազմաթիվ ազգականների մասին: Այն հասցեագրված է չափահաս մանուկներին և պատմում է այն հերոսական մարդկանց մասին, որոնք մեծացել են առանց վայֆայի ու համակարգչային խաղերի:
  Թարգմանիչը ՆԱՐԻՆԵ ԳԻԺԼԱՐՅԱՆՆ է, ով նույնպես Բերդ քաղաքից է: Անկեղծանում է, որ Բերդի բարբառն իմանալը և տեղացի լինելն իրեն օգնել է թարգմանության հարցում. «Խնդիր կար, թե ինչպես չկորցնելով հերոսների անհատականությունը գիրքը վերարտադրել հայերեն: Հերոսներն էլ խոսեն հայերեն, բայց` ոչ գրական: Դրա համար, օրինակ, գլխավոր հերոսներից Տայի խոսքի մեջ կա ժողովրդախոսակցական տարրեր, պահեր էլ կային, որ թարգմանել եմ բարբառով, դա ինքնաբերաբար է ստացվել», -ասաց տիկին Գիժլարյանը:

     Նարինե Աբգարյանը ծնվել է Բերդ քաղաքում: Ավարտել Երևանի Վալերի Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանը։ 1993 թվականից ապրում է Մոսկվայում։ Հայտնի է դարձել ինքնակենսագրական գրքի՝ «Մանյունյաի» հրատարակումից հետո։ Այդ գրքով դարձել է Ռուսաստանի ազգային գրական մրցանակի՝ «Տարվա ձեռագրի» դափնեկիր «Լեզու» անվանակարգում։ 2011 թ. եղել է «Մեծ գիրք» անվանակարգի ցուցակում։ 2013 թ. ապրիլին Նարինե Աբգարյանը ստացել է «BABY-НОС» մրցանակը։ Նրա «Սիմյոն Անդրևիչ. Տարեգրություն խզբզոցներովը» դարձել է վերջին տասնամյակի լավագույն մանկական գիրք։ 2013 թ. հրատարակվում է «Հսկան, ով երազում է ջութակ նագել» հեքիաթը։ Գիրքը «Պարմամբուկ» պորտալի կողմից ճանաչվել է 2014 թ. լավագույն մանկական գիրք։ 2014 թ. փետրվարին հրատարակվում է «Մարդիկ, ովքեր միշտ ինձ հետ են» վեպը։ Նույն թվականին դեկտեմբերին լույս է տեսնում «Շոկոլադե պապիկը» մանկական գիրքը, որի համահեղինակն էր Վալենտինա Պոստիկովը։ 2015 թ. մարտին լույս է տեսնում «Երկնքից ընկավ երեք խնձոր» վեպը, 2016-ին՝  «Զուլալի» գիրքը:

ՀԵՐՄԻՆԵ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА