ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Վիգեն Սարգսյանը դասախոսություն է կարդացել Քալիֆորնիայի համալսարանում

14.11.2017 16:50 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
Վիգեն Սարգսյանը դասախոսություն է կարդացել Քալիֆորնիայի համալսարանում

Միացյալ Նահանգներ այցի շրջանակում նոյեմբերի 13-ի առավոտյան ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի գլխավորած պատվիրակությունն այցելել է Լոս Անջելեսի Քալիֆորնիայի համալսարան։

ՊՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ աշխարհի լավագույն համալսարանների շարքին դասվող կրթօջախի Լասկին հանրային կապերի դպրոցի սաների եւ դասախոսական կազմի առջեւ Հայաստանի պաշտպանական գերատեսչության ղեկավարը հանդես է եկել հանրային առաջնորդության մասին դասախոսությամբ։ Վիգեն Սարգսյանը ներկայացրել է նաեւ Հայաստանի բանակաշինության եւ այս փուլում իրականացվող լայնածավալ բարեփոխումների ընթացքը, մասնավորապես՝ «Ազգ-բանակ» հայեցակարգն ու դրա ներդրումը հանրային կյանքի ամենատարբեր ոլորտներում։ Անդրադարձ է կատարվել ղարաբաղյան հակամարտությանը, Հայաստան-Թուրքիա հարաբերություններին եւ տարածաշրջանային այլ խնդիրների։ Դասախոսության ավարտին ներկաները հարցեր են ուղղել նախարար Սարգսյանին։

Նույն օրը Վիգեն Սարգսյանը հանդիպում է ունեցել Լոս Անջելեսի քաղաքապետ Էրիկ Գարսետտիի հետ։

Օրվա երկրորդ կեսին հայկական պատվիրակությունը հյուրընկալվել է Լոս Անջելեսում Հայաստանի Հանրապետության գլխավոր հյուպատոսությունում, որտեղ Վիգեն Սարգսյանը պատասխանել է Միացյալ Նահանգների առաջատար հայկական լրատվամիջոցների ներկայացուցիչների հարցերին։

Նախարարը մանրամասն անդրադարձել է «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրինագծի առավելություններին եւ ներկայացրել զինված ուժերում իրականացվող ծրագրերը։ Վիգեն Սարգսյանը պատասխանել է հայկական բանակի սպառազինմանը, մարտական դիրքերում ընթացող ինժեներական եւ տեխիկական հագեցման աշխատանքներին, ռազմարդյունաբերության զարգացման ծրագրերին, սահմանային իրադրությանը, ապրիլյան պատերազմից հետո արված հետեւություններին, ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացին ու կարգավորման հեռանկարներին վերաբերող, ինչպես նաեւ մի շարք այլ հարցերի։

Նոյեմբերի 13-ի երեկոյան Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի գլխավորած պատվիրակությունը հյուրընկալվել է ԱՄՆ Հայոց Արեւմտյան թեմի առաջնորդարանում։ Հայկական կազմակերպությունների ղեկավարների, համայնքային գործիչների հետ հանդիպումից հետո Վիգեն Սարգսյանը, համայնքի մեծաթիվ ներկայացուցիչների առջեւ հանդես է եկել ծավալուն ելույթով, որում անդրադարձել է հայկական բանակի արդիականացման ծրագրերին։ Պաշտպանության նախարարը, մասնավորապես, խոսել է բանակի մարտունակության եւ զինվորական ծառայության գրավչության բարձրացման, ռազմարդյունաբերության զարգացման, ռազմակրթական ծրագրերի բովանդակային փոփոխությունների, գիտելիքահենք բանակի ձեւավորման անհրաժեշտության եւ մի շարք այլ խնդիրների մասին։

Վիգեն Սարգսյանը մանրամասն ներկայացրել է առաջնագծում իրականացվող աշխատանքները, նոր զինատեսակների ձեռքբերման առաջնահերթությունները՝ խելացի սպառազինման համատեքստում, զինված ուժերում իրականացվող լայնածավալ սոցիալական ծրագրերը, ներկաներին պատմել նոր, գերժամանակակից զինվորական հոսպիտալի ստեղծման հեռանկարների եւ շաբաթներ անց բացվող «Զինհաշմանդամների վերականգնողական կենտրոնի» մասին։ Պաշտպանության նախարարն իր ելույթում խոսել է նաեւ Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանի` Դիլիջան տեղափոխության մասին, վստահեցնելով, որ ռազմակրթական այդ հաստատությունը վերածվում է Հայաստանի լավագույն ավագ դպրոցի, ինչն առաջին քայլն է՝ ռազմակրթության ողջ համակարգը կտրուկ արդիականացնելու ճանապարհին։

Ելույթի ավարտին Վիգեն Սարգսյանը պատասխանել է հանդիպման մասնակիցների հարցերին։

Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի գլխավորած պատվիրակության այցը Միացյալ Նահանգներ ավարտվել է։ Պատվիրակությունը մեկնել է Կանադա՝ մասնակցելու Վանկուվերում կայանալիք ՄԱԿ-ի խաղաղարար համաժողովին:

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА