ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Զինապարտության մասին նոր օրենքը կենսական անհրաժեշտություն է

14.11.2017 16:15 ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
Զինապարտության մասին նոր օրենքը կենսական անհրաժեշտություն է

ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ ԱՐՏԱԿ  ԶԱՔԱՐՅԱՆԸ անդրադառնալով ուսանողների դասադուլներին`ուղղված «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի» մասին օրենքի նախագծին, կոչ արեց երիտասարդներին դադարեցնել դասադուլը, քանի որ նրանց ընտրած ճանապարհը ճիշտ չէ. «Սա այն օրենքը չէ, որի դեմ ամեն գնով պետք է դուրս գալ պայքարի: Ուսանողների հետ հանդիպման ընթացքում  պաշտպանության նախարարն առաջարկեց, որ այն կարեւորագույն սկզբունքները մշակելիս, որոնք տեղ են գտնելու կառավարության որոշումներում անպայման կհրավիրենք բոլոր շահագրգիռ կողմերին, այդ թվում `ուսանողներին,  հաշվի կառնենք բոլոր առաջարկները, կտեսնենք դրանց կիրառման մեխանիզմները, թե որքանով են ապահովագրված, արդյո՞ք մենք կրկին  նոր ճանապարհ չենք բացելու «հնարամիտ» մարդկանց համար , որպեսզի ճանապարհ գտնեն զինծառայությունից խուսափելու համար: Հարգում եմ նրանց պայքարը , ցանկացած մարդու կարծիք պաշտպանության նախարարությունը միասնական դիրքորոշմամբ լսում է եւ գնահատում, եթե այնտեղ կան առաջակություններ միտված այն քաղաքականությանը, որը  իրականացնում ենք: Կարծում եմ` մեր երիտասարդները եւս կվերադառնան համագործակցության դաշտ»,- նշեց Ա. Զաքարյանը եւ փաստեց, որ պաշտպանության նախարարությունը գիտության, կրթության զարգացմանը խոչընդոտող որեւէ նախաձեռնություն չի իրականացրել եւ օրենքի այս նախագիծը միտված չէ դրան: Ըստ նրա, տրամաբանական չէ, նախագծի դեմ պայքարել «Հանուն գիտության զարգացման»  կարգախոսով:

Նա նաեւ տեղեկացրեց, որ տարկետում հասկացությունը շարունակում է գործել պայմաններով. «Ընդ որում այնպիսի պայմաններով, որ մատչելի ու հասանելի լինի բոլորին: Այսօր տարկետումը գործում է այն ուսանողների համար, ովքեր ավելի շատ  միավորներ են հավաքում : Իսկ մենք առաջարկում ենք տարկետման իրավունք բոլոր այն ուսանողներին, ովքեր ի սկբզանե ասում են, որ չեն խուսափելու ծառայությունից»,-շեշտեց  Ա. Զաքարյանը:

Նա նաեւ հավաստիացրեց, որ պետք չէ մտահոգվել, թե օրենքն ընդունելուց հետո բանակից խուսափողներն այն քայլին կգնան «առողջական խնդիրներ» ունենալու քողի տակ. «Առողջապահական համակարգն էլ մեկ առ մեկ վերանայվելու է: Երբ մութ գործեր լինեն, այս ուսանողները թող պայքարեն դրա դեմ, այլ ոչ թե պայքարեն այս նախագծի դեմ, որը շատ  հարցեր կլուծի, որն ըստ էության բոլորիս համար կենսական անհրաժեշտություն է, այդ թվում` դիրքում կանգնած մեր զինվորի, սպաների եւ շատերի համար»,-շեշտեց պաշտպանության փոխնախարարը:


ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА