ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Ալիկ Սարգսյանին արդեն չի մտահոգում «Ընտանեկան բռնության դեմ» օրենքի նախագիծը

14.11.2017 13:24 ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
Ալիկ Սարգսյանին արդեն չի մտահոգում «Ընտանեկան բռնության դեմ» օրենքի նախագիծը

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, ՀՀ նախկին ոստիկանապետ ԱԼԻԿ ՍԱՐԳՍՅԱՆԸ նախկինում իր կոշտ դիրքորոշում էր արտահայտել «Ընտանեկան բռնության դեմ» օրենքի նախագծի վերաբերյալ: Սակայն օրերս լուրեր շրջանառվեցին, որ Ա. Սարգսյանը կողմ է արտահատվել նույն նախագծին:

«Իրավունքը» Ալիկ Սարգսյանից փորձեց ճշտել, թե ինչու է փոխել դիրքորոշումը. «Կողմ չեմ արտահայտվել, պարզապես ասել եմ, որ օրենքի այս նախագիծն ինձ չի մտահոգում, քանի որ այնտեղ չեմ գտել մեկ կետ, որը մինչ այդ չլինի մեր օրենսգրքերում`դատավարական, քրեական, քաղաքացիական եւ այլն: Չկա մեկ կետ, որ նախկինում օրենքներում չի կարգավորվում: Այսինքն, այս օրենքն առանձնապես ոչինչ չի տալու, մեր կենցաղում, ընտանիքներում որեւէ բան չի փոխելու: Այն ընտանիքները, որտեղ տիրում է խաղաղություն եւ որը շարունակելու է ապրել նույն խաղաղությամբ, օրենքը ոչինչ չի կարող անել: Իսկ այն ընտանքիները, որոնք ակնհայտ շեղվածություն ունեն, ցավոք, ոչ ոք չի կարող հերքել, որ նման ընտանիքներ կան, գուցե լինեն 0,001 տոկոս, այդ ընտանիքների հետ կապված, թող օրենքը կիրառեն»,- նշեց Ալիկ Սարգսյանը: Նրա խոսքով` հանրությանը շատ է մտահոգել օրենքի նախագծով նախատեսված ապաստարնները, սակայն այստեղ որեւէ վատ բան չկա. «Այդ ապաստարանները, եթե իրոք ճիշտ աշխատեն, ապա որեւէ մեկը չի տուժի»,-ընդգծեց մեր զրուցակիցը եւ հիշեց, որ մարզպետ եղած ժամանակ Արարատի մարզում ընտանիքներից մեկում անախորժություններ էր եղել, ընտանիքի կին ու երեխան տեղեկացրել են, թե իրենց կյանքին վտագ է սպառնում. «Ստիպված այդ կնոջը երեք օրով ուղարկեցի Աղվերան, մինչեւ տանն ամեն ինչ հանդարտվեց: Այն ժամանակ գուցե լավ կլիներ, որ ապաստարաններ լինեին, որպեսզի ոստիկաններն այդ կնոջը տանեին այնտեղ, մինչեւ ամեն ինչ խաղաղվեր: Կոնկրետ այս օրենքը ինձ չի հուզում, ինձ ու իմ հարազատների հետ այն որեւէ եզր չունի»,-փաստեց Ալիկ Սարգսյանը եւ նկատեց, որ պետք չէ օրենքի մեջ վախենալու բաներ տեսնել:

Հարցին, թե ինչո՞ւ են նոր օրենք ընդունում, այն դեպքում երբ եղած օրենքներում կան դրույթներ, որոնցով կարգավորվում է ընտանիքի հետ կապված բոլոր խնդիրները: Ալիկ Սարգսյանը չցանկացավ այս հարցին պատասխանել. «Թույլ տվեք այս հարցին չպատասխանել»:

Ա. Սարգսյանը նաեւ տեղեկացրեց, թե ընդհանրապես տեղյակ չէ, թե ՀՀ արդարադատության նախարարությունն ինչ փոփոխություններ է պատրաստվում իրականացնել օրենքի այս նախագծում. «Կարիք չկա օրենքի այս նախագծի վերաբերյալ նման աղմուկ բարձրացնել, ամեն ինչ կարգավորվում է կյանքի ընթացքում, ամեն րոպե ոստիկանը չի մտնելու տներ ասի, այս ի՞նչ է կատարվում»:
Հարցին, արդյո՞ք այստեղ չի տեսնում ոստիկանների թերի աշխատանքը, Ալիկ Սարգսյանը պատասխանեց. «Եկեք ամեն ինչում ոստիկաններին մեղադրենք, հասարակության մեջ ինչ խնդիր լինում է կապում են ոստիկանների հետ: Այժմ ցանկանում են ոստիկաններին լիազորեն եւ բերեն դաշտ, կրկին հասրակությունը դեմ է: Հին օրենքով նախատեսված է, որ ոստիկանը իրավասու է միջամտել»:

Իսկ թե ինչու ԵՄ շատ երկրներ չեն ընդունել այս օրնքը, Ալիկ Սարգսյանը ասաց, թե տեղյակ չէ, թե որ երկրն է ընդունել, որը` ոչ. «Մեկ բան հստակ է, օրենքը կարող է օգտակար լինել միայն 10-20 ընտանիքի, որտեղ բռնություն կա, բայց նորմալ ընտանիքների այն չի վերաբերում, որեւէ նորմալ ընտանիքի երեխա հոր կողմից մեկ ապտակ ստանալւց հետո չի կարող դիմել ոստիկանության եւ հայտնել, թե իր նկատմամբ բռնություն են իրականացրել»,-եզրափակեց Ալիկ Սարգսյանը: 

Հ.Գ Մի խոսքով մեր զրուցացից այդպես էլ պարզ չեղավ, թե ինչու նախկինում կոշտ արտահայտվելով վերոնշյալ օրենքին, հիմա պատգամավորը փոխել է իր կարծիքը: Եվ այդպես էլ պարզ չի, թե ո՞ւմ է հարկավոր մեր հասարակության մեջ 0,001 տոկոս կազմող նմանատիպ ընտանիքների համար օրենք ընդունել, հաստատություններ սարքել եւ հանրությանը գցել թյուրիամցության մեջ: Մի բան, սակայն, ակնհայտ է, կա ֆինանսավորում դրսից եւ կա պատվեր, որը պետք է իրականացնել: 


ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА