ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Մոլորակի ամենագեղեցիկ մայրիկների շարքում կհնչի Նանա Մանուչարյանի անունը

14.11.2017 00:22 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՄՇԱԿՈՒՅԹ ԱԽ ԿԱՆԱՅՔ
Մոլորակի ամենագեղեցիկ մայրիկների շարքում կհնչի Նանա Մանուչարյանի անունը

«Թոփ մոդել Հայաստան» ազգային ասոցիացիան առաջին անգամ կներկայացնի Հայաստանը՝ Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում նոյեմբերի 19-26-ը կայանալիք մայրիկների համար նախատեսված՝ «Միսսիս Մոլորակ 2017» գեղեցկության, նորաձեւության միջազգային մրցույթին: Այս հեղինակավոր մրցույթին շտապենք նշել, որ մեր երկրի դրոշի ներքո հանդես կգա երկու երեխաների մայր, 25-ամյա ՆԱՆԱ ՄԱՆՈՒՉԱՐՅԱՆԸ: Հենց նրա հետ էլ «Իրավունքն» առիթ ունեցավ զրուցելու՝ մրցույթի նախապատրաստական աշխատանքների մասին:

- Նանա, բավական քիչ ժամանակ է մնացել մրցույթին, հետաքրքիր է՝ ի՞նչ տրամադրվածությամբ եք մեկնում Բուլղարիա:

- Ժամանակի ընթացքում ոգեւորությունս էլ ավելի է մեծանում, չնայած նրան, որ հուզմունքս, լարվածությունն ու պատասխանատվությունն ավելի են գերակշռում: Մեկնում եմ վստահությամբ, որ ինձ սատարող թիմը, որ բոլորն էլ պրոֆեսիոնալներ են, իմ կողքին են: Շնորհակալ եմ կատարված հսկայական աշխատանքի համար: Իհարկե, առանձնահատուկ շնորհակալ եմ «Թոփ մոդել Հայաստան» ազգային ասոցիացիայի անձնակազմին՝ հիմնադիր Գեւորգ Ասատրյանին, գործադիր տնօրեն Լուսինե Բաղդասարյանին, գեղարվեստական ղեկավար Մարինա Գրիգորյանին: Նաեւ իմ հագուստների ոճաբան Անի Ավակյանին՝ հետաքրքիր լուծումներ ստեղծելու համար:

- Հետաքրքիր է՝ սա Ձեր առաջի՞ն մրցույթն է, թե նման մրցույթների մասնակցության փորձ ունեք:

- Դպրոցական տարիներին տարբեր մրցույթների եմ մասնակցել, նաեւ հաղթել եմ, բայց մոդելային ասպարեզում սա իմ առաջին փորձն է:

- Մրցույթի պաշտոնական էջում արդեն իսկ հրապարակված են մասնակիցների լուսանկարները,  ո՞ր երկրների ներկայացուցիչներին եք Ձեզ մրցակից համարում:

- Չեմ կարող առանցնացնել որեւէ մեկին, որովհետեւ բոլորն էլ յուրովի են: Չմոռանանք, որ նրանք մայրեր են, իսկ ինձ համար աշխարհի բոլոր մայրերն են գեղեցիկ:

- Ինչպե՞ս ընդունեցին ընտանիքում Ձեր որոշումը՝ մասնակցել «Միսսիս Մոլորակ 2017» գեղեցկության, նորաձեւության միջազգային մրցույթին:

- Պատկերացրեք, երբ ասացի, որ ինձ են ընտրել ներկայացնելու Հայաստանը, բոլորը շատ հանգիստ ընդունեցին: Ընտանիքիս անդամները շատ ոգեւորված են, բոլորն էլ իմ կողքին են: Ամեն մեկն իր հերթին աջակցում, ոգեւորում է: Որեւէ մեկը դեմ չի եղել:

- Իսկ փոքրիկները կմեկնե՞ն Ձեզ հետ Բուլղարիա, թե՞ մայրիկին կսատարեն հայրենիքից:

- Տղաս եւ աղջիկս ինձ հետ չեն մեկնի, կմնան տատիկի մոտ եւ կսպասեն իմ վերադարձին: Կարծում եմ՝ նրանք ավելի հուզված կլինեն մրցույթի եզրափակչի օրը:

- Ինչ խոսք, շատ մայրեր կերազեին ոչ միայն ունենալ այնպիսի կազմվածք, ինչպիսին Դուք ունեք, այլեւ մասնակցել մոդելային մրցույթների մայրիկ կարգավիճակում: Ինչպե՞ս է Ձեզ հաջողվել պահպանել մոդելային կազմվածքը:

-Երբեւէ հատուկ ոչինչ չեմ արել, երբեք դիետաներ չեմ պահել, իսկ մարզասրահ չեմ այցելում ծանրաբեռնվածությանս պատճառով: Միշտ այսպիսին եմ եղել: Երեւի մայրիկիցս անցած գենն է:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА