ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Աշխարհում կես մլրդ մարդ ունի շաքարային դիաբետ

14.11.2017 10:30 ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ
Աշխարհում կես մլրդ մարդ ունի շաքարային դիաբետ

Նոյեմբերի 14-ը շաքարային դիաբետի միջազգային օրն է:

ԵՊԲՀ Էնդոկրինոլոգիայի ամբիոնի դասախոս, բժիշկ-էնդոկրինոլոգ ԳԱՅԱՆԵ ԲԱՅԲՈՒՐԴՅԱՆԻ խոսքով` ամբողջ աշխարհում շաքարային դիաբետով հիվանդների թիվը բավականին մեծ է, կես մլրդ մարդ ունի շաքարային դիաբետ, որի գերակշիռ մասը զբաղեցնում է տիպ 2 շաքարային դիաբետը(մեծահասակների). «Հայաստանը նույնպես ունի բավականին բարձր ցուցանիշներ , որոնք համեմատելի են համաշխարհային տվյալների հետ: Հանրապետական դինսպանսերում ունենք մինչեւ 18 տարեկան 530 հոգի: Ամեն տարի մոտավորապես հիվանդանում են 60-80 երեխա: Այսպիսի միտում կա, որ վերջին տարիներին ավելի շատ հիվանդանում են փոքր տարիքի երեխաները`5 տարեկանից ցածր, դժվար է ասել, թե ինչի հետեւանք է, բայց ամբողջ աշխարհում այս միտումը կա»,-նշեց Գ.  Բայբուրդյանը:

Ըստ ԵՊԲՀ բժշկական հոգեբանության ամբիոնի ավագ դասախոս,  Հոգեսոցիալական կարգավորման կենտրոնի հոգեբան, հ.գ.թ. դոցենտ ՍՈՆԱ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ, հոգեբանական գործոնը նշանակալից դեր ունի դիաբետի զարգացման գործում, օրինակ տեւական սթրեսները, բացասական հույզների կուտակումը եւ դրական հույզերի պակասը, վիրավորանքը, ինքնամեղադրանքը. «Հետաքրքրական է, որ հուզական աշխարհը սերտորեն կապված է շաքարային դիաբետի առաջացման հետ, սակայն գոյություն ունի պատճառահետեւանքային կապ, օրինակ կենցաղային հետեւական սթրեսները 20-25 տոկոս հավանականություն են ապահովում շաքարային դիաբետի առաջացման հարցում: Բայց արդեն դիաբետը, որպես ախտորոշում, մարդու մոտ կարող է սթրեսային վիճակ ապահովել»,-ընդգծեց Ս. Հարությունյանը եւ ընդգծեց, որ Համաշխարհային հոգեբույժների ասոցիացիայի վերջին տվյալների համաձայն, դեպրեսիայով տառապող եւ բուժվող հիվանդների մոտ դիաբետի առաջացման ռիսկը 60 տոկոսից բարձր է, իսկ դիաբետ ունեցողների մոտ դեպրեսիայի հավանականությունը կազմում է 31 տոկոս. «Հոգեմարմնական հիվանդությունների մասին խոսելիս չենք կարող միակողմանի մոտեցում ապահովել հիվանդության ախտորոշմանն ու բուժմանը: Այժմ շատ է ընդունված բժշկական մոտեցումը, մշտապես շեշտը դրվում է սննդակարգի եւ դեղորայքային բուժման վրա: Սակայն դիաբետիկի համար շատ կարեւոր է ուշադրություն դարձնել հուզական ու հոգեբանական կյանքին: Որովհետեւ, եթե գործ ունենք խռոնիկ սրթեսային վիճակի հետ եւ փորձում ենք խնդիրը լուծել դեղորայքային միջամտությամբ կամ սննդակարգով, ապա բուժման արդյունավետությունը տուժում է»,-շեշտեց հոգեբանը:


ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА