ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Լիազոր մարմնի ներկայացուցչի միջամտությունը բերելու է ընտանիքի թուլացմանը եւ քանդմանը». փաստաբան

13.11.2017 18:33 ԻՐԱՎՈՒՆՔ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
«Լիազոր մարմնի ներկայացուցչի միջամտությունը բերելու է ընտանիքի թուլացմանը եւ քանդմանը». փաստաբան

Շարունակվում է ՀՀ արդարադատության նախարարության կողմից շրջանառության մեջ դրված «Ընտանեկան բռնության կանխարգելման եւ ընտանեկան բռնության ենթարկված անձանց պաշտպանության մասին» օրենքի նախագծի վերաբերյալ քննարկումները: Չնայած չդադարող բացասական կարծիքներին, նախագծի հեղինակները համառորեն պնդում են, որ Հայաստանում կա նմանատիպ օրենքի անհրաժեշտություն: Սակայն բացի կողմ կամ դեմ կարծիքներից, մեկ էական մոտեցում եւս կա` որքանո՞վ է իրավաչափ ՀՀ-ում նման օրենքի կիրառումը: Հարցերի պատասխանը փորձեցինք ստանալ «Լեւ Գրուպ» փաստաբանական ընկերության հիմնադիր նախագահ, հայտնի փաստաբան ԼԵՎՈՆ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԻՑ, ով նախ նկատեց.

- Ըստ էության, մի փոքր ձեռնպահ կմնամ օրենքի նախագծի վերաբերյալ դրական կամ բացասական դիրքորոշում ներկայացնելուց, որովհետեւ այս օենքի կիրառման հետ կապված ավելի կարեւոր խնդիրներ եմ տեսնում, որոնց կցանկանայի անդրադառնալ: Բազմիցս առիթ ունեցել եմ նշելու, որ ՀՀ-ում գործող ոչ մի օրենք չպետք է լինի աննպատակ: Ցանկացած օրենք ոչ թե պետք է համապատասխանեցվի եվրոպական ինչ-ինչ ստանդարտների, այլ պարտադիր կերպով պետք է համապատասխանեցվի իրավունքին: Իսկ իրավունքը ես դիտում եմ որպես երկնային իրավանորմ, եւ եթե երկրային օրենքները չեն համապատասխանեցվելու երկնային օրենքներին, ապա երկրային օրենքը կա՛մ չի գործելու, կա՛մ դառնալու է կործանարար տվյալ երկրի համար: 
Կոնկրետ տվյալ օրենքի նախագծի պարագայում, ըստ իս, պետք է ուշադրություն դարձնել աստվածաշնչյան իրավանորմին, որը վերաբերում է ընտանիքին: Ըստ այդմ, ընտանիքը երկու անձանցª տղամարդու եւ կնոջ միություն է: Հաջորդը` ընտանիքն անբաժանելի մասնիկ է: Այս իրավական եզրույթի տակ պետք է հասկանալ, որ հակացուցված է եւ ուղղակիորեն արգելվում է գործառույթներ կատարել, որը կարող է հանգեցնել ընտանիքը բաժանելուն: Եվ եթե ընտանիքի անդամի կողմից կատարվել է ենթադրյալ հանցագործությունը, ապա նա պետք է պատասխանատվության ենթարկվի ներկայիս "Քրեական օրենսգրքով": Հաջորդ աստվածաշնչյան նորմն այն է, որ ընտանիքն ինքնավար հաստատություն է: Այս եզրույթի տակ էլ պետք է հասկանալ, որ ընտանիքը մի անձեռնմխելի ամրոց է անգամ պետական լիազոր մարմնի համար, բացառությամբª օրենքով նախատեսված դեպքերից: Եվ ամենակարեւորըª ընտանիքում պետք է գերիշխի տղամարդու` տեր լինելու եւ կնոջª հնազանդ լինելու հարմոնիան: Սակայն հնազանդ եզրույթը չպետք է հասկանալ ստրուկի կարգավիճակ, այլ` օրինապաշտ լինելու գաղափար: 
Մինչդեռ, տվյալ օրենքի նախագծի պարագայում, ոստիկանության տեղամասային տեսուչի կամ այլ լիազոր մարմնի ներկայացուցչի միջամտությունն ընտանիքում, իմ խորին համոզմամբ, բերելու է լիարժեք ընտանիք ասված կառույցի թուլացմանը եւ քանդմանը: 
Ինչ վերաբերում է որոշ ընտանիքներում երբեմն նկատվող հակաօրինական գործողություններին, ապա, կարծում եմ, որ «Քրեական օրենսգրքում» անհրաժեշտություն կա խստացնելու ընտանիքում կատարվող բռնությունների հետ կապված պատժաչափերը: Առավել եւս, եթե դրա կատարման կրողը հանդիսանում է տղամարդը: Միեւնույն ժամանակ գտնում եմ, որ սկսած դպրոցական ծրագրերից, վերջացրած բուհական ծրագրերով, ուղղակի անհրաժեշտություն է` մտցնել դասընթաց` տղամարդու-կնոջ եւ երեխաների ներդաշնակ փոխհարաբերությունների առողջ մշակույթի վերաբերյալ:

Հ.Գ. Թեմայի վերաբերյալ հայտնի փաստաբանի հետ մեր զրույցի առավել ուշագրավ հատվածները կարդացեք «Իրավունք» թերթի վաղվա տպագիր համարում:

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА