ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Քոբայրավանքն ամբողջությամբ վերականգնելու ծրագիր կա` առայժմ ամբողջությամբ վերականգնել են Զանգակատունը

13.11.2017 17:07 ՄՇԱԿՈՒՅԹ
Քոբայրավանքն ամբողջությամբ վերականգնելու ծրագիր կա` առայժմ ամբողջությամբ վերականգնել են Զանգակատունը

Լոռու մարզի Քոբայրի միջնադարյան վանական համալիրում 2006 թվականից սկսած մեկնարկել է վերանորոգման եւ ամրակայման աշխատանքները: 2014-ին ավարտին է հասցվել Քոբայրավանքի Զանգակատան վերականգնման աշխատանքները, այս պահին ընթացքի մեջ է Սեղանատան վերականգնումը:
Օրերս ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը եւ փոխնախարար Արեւ Սամուելյանը Քոբայրավանքում էին, որտեղ տեղում ծանոթացած վերականգման աշխատանքներին:
Մշակույթի փոխնախարար Արեւ Սամուելյանի խոսքով`Քոբայրավանքն ամբողջությամբ վերականգնելու ծրագիր կա. «Այս տարի շարունակվում են Սեղանատան աշխատանքները: 2006 թվականից մինչ օրս այստեղ իրականացվել են ուսումնասիրման, նախագծման  աշխատանքներ, հիմնական եկեղեցում իրականացվել է որմնանկարի ուսումնասիրության, ամրակայման աշխատանքներ, աշխատանքներ են իրականացվել նաեւ եկեղեցուն կից փոքրիկ մատուռներում»,-նշեց Ա. Սամուելյանը:
Մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը նշեց, որ Սանահինում էլ, Քոբայրավանքում էլ շինարարական աշխատանքներն ուշացնում են, սակայն որակի առումով Քոբայրավանքում պատկերն ավելի լավ է, քան Սանահինում. «Անշուշտ մենք վերահսկողությունը պետք է շարունակենք: Կարծում եմ` հաջորդ տարիների համար մրցույթների ժամկետներն ավելի շուտ կհայտարարենք եւ տարվա ընթացքում կլինենք հետեւողական: Երկու օր առաջ համապատասխան ստորաբաժանման հետ ժողով հրավիրեցի եւ հստակ հանձնարականներ տվեցի, որ  հաջորդ տարվա հունվարի 15-ին, մրցույթի պայմանները, նախահաշիվը , ծավալաթերթերը պետք է կախված լինեն: Համոզված եմ, որ ունենալու ենք ավելի վաղ ժամկետներ: Նաեւ հանձնարարական է տրված, որ ոչ միայն պետք է հետեւեն շինարարության ընթացքին, այլեւ մասնագիտական խորհուրդներով աջակցեն, որպեսզի շինարարները ժամանակին ավարտեն շինաշխատանքները: Հաջորդ տարի պարտավոր ենք արձանագրելու լավագույն ցուցանիշներ: Ընդհանուր առմամբ, այն ինչ տեսանք այս տարի, բավարար համարել մեղմ ասած չեմ կարող, ժամկետների, որակի առումով, տեսնենք, հաջորդ տարի պետք է որ արձանագրենք ավելի լավ արդյունք: Հետամուտ կլինենք, կվերահսկենք»,-նշեց Արմեն Ամիրյանը:


ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА