ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Սանահինի վանական համալիրի շինաշխատանքների ուշացումը դժգոհեցեց մշակույթի նախարարին

13.11.2017 13:54 ՄՇԱԿՈՒՅԹ
Սանահինի վանական համալիրի շինաշխատանքների ուշացումը դժգոհեցեց մշակույթի նախարարին

Լոռու մարզի Սանահինի միջնադարյան վանական համալիրի վերանորոգման եւ ամրակայման աշխատանքները դեռեւս շարունակվում են: Այս տարվա սեպտեմբերից սկսած վանական համալիրի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցում սկսվել է հին ծածկալասերի փախարինում նորերով, որը դեռ ընթացքի մեջ է, վերանորգվել է նաեւ գմբեթը:

Վանական համալիրի վերականգնման ճարտարապետ, հեղինակային հսկիչ ՀՐԱՆՏ ՀՈՎՍԵՓՅԱՆԸ փաստեց, որ այս տարվա ընթացքում նախատեսվել է եկեղեցու արեւելյան հատվածի կենտրոնական ճակտոնի  ծածկասալերը հեռացնել եւ դրանք նորերով փոխարինել. «Հին ծածկասալերի մեջ ունեցել ենք արժեքավոր ծածկասալեր, որոնց պիտանի մասը ըստ նախագծի, փորձել ենք օգտագործել: Քանդված հին ծածկասալերի  զգալի մասը դեռեւս չի տեղադրվել: Հույս ունենք, որ կհասցնենք ավարտին: Որակը նորմալ է, առայժմ գոհ եմ, վերջում պատկերը պարզ կլինի: Այստեղ շինարարակական աշխատանքները սկսվել են 2012 թվականին եւ կշարունակվեն մի քանի տարի»,-շեշտեց ճարտարապետը:
Ըստ շինարարության ղեկավար ՄԻՔԱՅԵԼ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ,  Սանահինում շինաշխատանքների մոտ 60 տոկոսը կատարված է եւ  բարենպաստ եղանակի պարագայում այս տարվա ծրագրով նախատեսված աշխատանքները տասն օրից կավարտեն: 

Սանահինի վանական համալիրի վերանորոգման աշխատանքներին տեղում ծանոթանալու նպատակով օրերս ՀՀ մշակույթի նախարար ԱՐՄԵՆ ԱՄԻՐՅԱՆԸ եղավ Սանահինում: Նախարարին  դժգոհեցրեց շինարարական աշխատանքների ուշացումը եւ եկեղեցու վերանորոգված գմբեթի ծածկասալերի արանքում եղած բուսածածկույթը, որի աճին զուգահեռ վտանգվում է գմբեթը. «Մի բան չեմ հասկանում, այստեղ սպասարկող մարդիկ չեն կարող խոտերը պոկել, որպեսզի դրանք չմեծանան ծառ դառնան ու վնասեն շինությանը: Խոտը քարից պետք է պոկել, որպեսզի արմատը չխորանա: Տեսեք, գմբեթի վրա  խոտ է աճում, բնականաբար նոր շինությունը քանդելու է: Մեկ տարի անց, այս ամենը նորի՞ց պետք է նորոգենք»,-իր դժոգոհությունը հայտնեց նախարարը: Ներկաները լսելով նախարարի դժգոհությունն ասացին, որ այդ խնդրով պետք է զբաղվի եկեղեցին օգտագործողը, ինչպես նաեւ տեղական ինքնակառավարման մարմինը, նախարարն էլ իր հերթին հավելեց. «Նամակներով, բողոքներով պետք է պարտադրել, որպեսզի հետեւողական լինեն այս խնդրի լուծմանը:  Այդ խոտածածկույթը պետք է մաքրել, մենք գլուխ ենք ջարդում շինարարությունն ավարտելու համար, բայց ինչպես տեսնում եմ, այստեղ նոր շինարարություն է բացվում»,-ասաց մշակույթի նախարարը:

Նախարար Արմեն Ամիրյանի խոսքով` Սանահինում իրականացվող շինարարական աշխատանքներում կան  լուրջ բացթողումներ. «Շինարարակական կազմակերպությանը վերջին հնարավորություն է տրված, որպեսզի կարողանա ավարտին հասցնել աշխատանքները: Թեւե եղանակն արդեն ցրտում է եւ կրաշաղախով աշխատելն անթույլատրելի է: Այնպես չէ, որ միայն այս տարի է նման վիճակ, միշտ այսպես է եղել, պարզապես այս տարի կարողացանք թափանցիկ ձեւով հետեւել աշխատանքներին: Կարծում եմ`սա լուրջ զսպող հանգամանք կարող է լինել բոլոր շինարարական կազմակերպություններին, որոնք մասնակցում են պատմամշակութային հուշարձանների ամրակայման ու նորոգման աշխատանքներին , հաջորդ տարի նրանք ավելի մեծ պատասխանատվությամբ կվերաբերեն իրենց աշխատանքին»,-ընդգծեց Ա. Ամիրյանը:

ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА