ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ՍՈՒՐԲ  ԱՆՈՒՆԴ  ՊԻՏԻ  ՀԻՇՎԻ  ԴԱՐԵԴԱՐ...

13.11.2017 12:56 ԹԵՄԱ
ՍՈՒՐԲ  ԱՆՈՒՆԴ  ՊԻՏԻ  ՀԻՇՎԻ  ԴԱՐԵԴԱՐ...

90 տարի առաջ` 1927թ. օգոստոսի 31-ին, օտար ափերում` ԱՄՆ-ի Ֆրեզնո քաղաքում վախճանվեց Հայոց ազատամարտի անվեհեր ասպետ- Զորավար Անդրանիկը:

Զորավար, որը  դեռեւս 17-18 տարեկան հասակից զենք բարձրացրեց Օսմանյան բռնակալության դեմ, այնուհետեւ` շուրջ 30-35 տարի նրա սուրը շառաչեց թուրք փաշաների ու քուրդ բեկերի գլխավերեւում, վրեժ լուծելով հազարավոր անմեղ զոհերի թափած արյան, հայոց կանանց ու մայրերի, եւ որբացած հայ երեխաների դառը արցունքների համար: Հատկապես Հայաստանի Հանրապետության անխակացումը`  ստեղծագործողներիս անցյալ դարի 90-ական թվականներից սկսած.  ստեղծագործողներիս  լայն հնարավորություն տվեց գրելու օբյեկտիվ իրավահասությունը` հայոց ազատամարտի մասին, նրա անձնուրաց, նվիրյալ հերոսներից, հատկապես Զորավար Անդրանիկի, լեգենդար  Զորավար  Դրոյի եւ Լեռնահայաստանի անվեհեր Սպարապետ Գարեգին Նժդեհի հերոսական մաքառումների  ու  ազատագրական պայքարի մասին:

Զորավար Անդրանիկի  մասին առաջին հոդվածը «Խորհրդային Հայաստան» թերթին ներկայացրեցի 1990թ. փետրվարի 25-ին` Զորավարի ծննդյան 125-րդ տարեդարձի առթիվ:

        Անցել է 27 տարի, սակայն հիշողություններս դեռ թարմ են այդ օրերի մասին, ուստի գրում եմ ճշմարտությունը, որ այդքան «սիրով» չէին ընդունի իմ նշված հոդվածը, եթե Խորհրդային Միությունը փլուզման եզրին չլիներ եւ երկրորդ` եթե չմիջամտեր ճանաչված լրագրող Ծովակը: Չմոռանամ նշել նաեւ, որ հոդվածիս վերնագիրը, այնուամենայնիվ, փոխել էին` «Ով հայդուկին անվանակոչեց Անդրանիկ»-ի փոխարեն` տպագրվել  է. «Պապս պատմում էր» վերնագրով: Մեր հին սերնդի մարդկանց գոնե հասկանայիք, թե բոլշեւիկյան մամուլը ինչպիսի «զոհաբերություն էր» կատարել ` նահանջելով իր «անսասան ու հավերժական» թվացող սկզբունքներից:

Արցախյան պատերազմի տարիներին հնարավոր չէր ստեղծագործել, քանի որ1990թ. գարնանից մասնակցում էի կամավորական շարժմանը, իսկ 1992թ. հունվարից`որպես Հայոց նորօրյա բանակի սպա` մասնակցեցի Արցախի պաշտպանության մարտական գործողություններին` ՀՀ ՊՆ առաջին դեսանտագրոհային եւ մայրաքաղաքային զորամասերի կազմում:1998թ. օգոստոսին, պահեստազոր անցնելուց հետո նվիրվեցի հայոց ազատամարտի պատմությանը, այսինքն` շարունակեցի ռազմահայրենասիրական թեմայով ստեղծագործել, եւ անցած ժամանակահատվածում հայաստանյան մամուլում տպագրել եմ 60-ից ավել ռազմահայրենասիրական հոդվածներ` հայդուկական պայքարի, 1941-45թթ. Հայրենական պատերազմում հերոսացած հայ քաջորդիների եւ մերօրյա Արցախյան պատերազմի հերոսների մասին: Պետք է խոստովանեմ, որ առանձնակի ջանքերով ու հետաքրքրասիրությամբ եմ հավաքել ժողովրդի հուշերը` Զորավար Անդրանիկի մասին, դա լինի մշեցի, սասունցի ծերունիների, թե համագյուղացի` բաշգյառնեցի կամավորների հուշերը, ինչպես նաեւ խորհրդային տարիներին Հայաստանի տարբեր շրջաններում ծառայելիս, ազգությամբ եզդի, ասորի, քուրդ եւ թուրք մարդկանցից լսածս պատմությունները հավաքել, գրի եմ առել, իսկ հետագայում օգտագործել իմ ստեղծագործություններում: Ներկայումս Զորավար Անդրանիկի մասին տպագրած` մեկ տասնյակից ավել հոդվածներս, կարծում եմ, հնարավորություն կտան Զորավարի մասին հրատարակել ռազմահայրենասիրական հոդվածների ժողովածու-գիրք, որտեղ ավելի ցայտուն կերպով կխոսվի Զորավար Անդրանիկի գործի ու փառքի մասին, ուր ժողովրդի խոսքով ասած` Զորավարի սուրբ անունը պիտի հիշվի դարեդար... Հոդվածաշարում պատմական օրինաչափությունը պահպանվում է, աիսյնքն` ուշադրության կենտրոնում է Զորավար Անդրանիկի անցած հայդուկային դաժան պայքարի ուղին` 1880-ականների սկզբից մինչեւ 1912-13թթ. Բալկանյան պատերազմը: Զորավարը 1914-16թթ. իր անցած մարտական ուղով փայլեց հատկապես Դիլմանի, Վանի եւ Բիթլիսի ճակատամարտերում, իսկ Մշո դաշտի եւ Սասնա նախալեռների կռիվներում` արդար դատաստան տեսավ «Համիդեա» մահմեդական-քրդական զորքերի հետ`ջախջախեց նրանց ոհմակներին, իսկ քուրդ բեկերը Զորավարի ահից վերադարձրեցին գերեվարված հազարավոր կանանց, աղջիկների ու երեխաների: Համապատասխան դրվագներում` պատշաճ մակարդակով ներկայացրել ենք Զորավար Անդրանիկի մատուցած հաղթական ծառայությունները, որոնց համար ռուսական բարձրագույն հրամանատարությունը 1917թ. ընթացքում Զորավարին պարգեւատրեց ս. Գեորգիեւյան, ս. Վլադիմիրի եւ ս. Սվյատոսլավի խաչմեդալներով, նրանց սիրով ու ժապավեններով, իսկ 1918թ. հունվարին` Զորավար Անդրանիկին շնորհվեց ռուսական ցարական բանակի գեներալ-մայորի կոչում: Կարծում ենք մեր հետաքրքրասեր ընթերցողը գոհ կմնա մեր ռազմահայրենասիրական նկարագրություններից, որի մասին` ժամանակին կստանանք համապատասխան արձագանքներ` դիտողությունների կամ էլ գոհունակությունների ձեւերով:

Եվ քանի որ սույն հոդվածը նվիրվում է Զորավար Անդրանիկի հիշատակին, ուստի հանգիստ թողնելով նրա անհաղթ կռիվները, որտեղ կամավորական զորքերով` Զորավարը 150 մեծ եւ փոքր ճակատամարտերում հաղթանակ է տարել օսմանյան կանոնավոր բանակի զորամասերի նկատմամբ, ուստի վերհիշենք նրա կենսական, խելացի պատգամներն ու խորհուրդները, որոնք Զորավարը թողել է կենդանության օրոք եւ դրանք արդիական են այսօր եւ կենսական հայ ժողովրդի ապագա գոյատեւության համար: Եվ այսպես, նորից վերհիշենք Զորավարի խոսքերը.

Այն պահից, երբ զենք բարձրացրինք օսմանյան բռնակալության դեմ, այդ պահից մեզ զոհված համարեցինք:

Իմ սուրն այնտեղ է, ուր ճնշվածների կռիվն է:

 – Սուլթանի երկրում ավելի լավ է ապրել առանց հացի, քան` առանց զենքի:

  – Այսուհետ Սասնա լեռների ժեռ քարերը բարձի տեղ պիտի ծառայեն մեր գլխի տակ:

Թող ինձ թաղի այն կազակ զինվորը, որը երեկ սարերից ու ձորերից հավաքում էր հայ մանչերուն- որբացած, եւ ձիերի վրա դրած, ինչպիսի խնամքով ու գուրգուրանքով էր տեղափոխում եւ հանձնում համապատասխան ծառայություններին:

Զորավար Անդրանիկն այս խոսքերն ասել է դավաճաններին եւ հուդաներին, արգելելով նրանց մասնակցությունը` իր «թաղմանը...»:

Զորավարը 1914թ. հոկտեմբերից` Պարսկաստանի Խոյ քաղաքում միանալով ռուսական Կովկասյան 4-րդ կորպուսի հետեւակային 2-րդ, կամ Սալմաստյան դիվիզիային, այնուհետեւ 1915թ. ապրիլի 18-20-ին` Դիլմանի ճակատում փայլեց իր հերոսական կռվով եւ արժանացավ կորպուսի հրամանատար Չերնոզուբովի ու 2-րդ դիվիզիայի հրամանատար, գեներալ Թ. Նազարբեկովի խրախուսանքներին` որ Դիլմանի հերոսը  Անդրանիկն էր եւ նույն քաջությամբ ու հերոսաբար նրա զորամասը կռվեց Վանի ազատագրման օրերին` 1915թ. մայիսի 3-5-ին, Բիթլիսի ճակատում` 1916թ., փետրվարի 19-21-ին եւ 1917թ. փետրվարին նշված դիվիզիայի կազմում հասավ Եփրատի ափերին:

Հասկանալի է, թե ազատագրական ինչպիսի պատերազմ էր անցել Զորավար Անդրանիկը, ինչպիսի բաղձալի եւ նվիրական ազատագրական պայքար էր մղել նրա կամավորական ջոկատը, գումարտակը եւ հեծյալ գունդը, իսկ 1917թ. փետրվարին համարյա ազատագրված էր Արեւմտյան Հայաստանը, եւ հանկարծ սկսվում է փետրվարյան հեղափոխությունը, Պետերբուրգում սպանում են ռուսաց ցարին` Նիկոլայ  2-րդին եւ այդ պահից դասալքությունն ու դավաճանությունը սկսում են քայքայել հաղթանակներով Եփրատի ափին հասած ռուսական հզոր դիվիզիաներին: Հասկանալի է, թե որքան ծանր իրադրություն, ուղղակի կործանարար իրավիճակ է սկսվում Արեւմտյան Հայաստանի համար:

1917թ. գարնանը, ռուսական Կովկասյան բանակի, հատկապես Արեւմտյան Հայաստանի ազատագրության համար կռվող դիվիզիաները` գեներալներ Չերնոզուբովի, Նիկոլաեւի, Տրուխինի, Աբացիեւի, Նազարբեկովի եւ Լեբեդինսկու հրամանատարությամբ` հաղթական երթով հասել էին Տիգրիս եւ Եփրատ գետերի ափերին, եւ համարյա Արեւմտյան Հայաստանը ազատագրված էր: Սակայն շուտով ռուսական դիվիզիաներում սկսված անհնազանդությունը վերաճեց դասալքության եւ դավաճանության, որը եւ առաջ բերեց ռուսական զորքերի անկազմակերպ նահանջի ու փախուստի: Այնուհետեւ` Արեւմտյան Հայաստանի ռազմաճակատները լքած ռուս սպաները եւ զինվորները սկսեցին փոքր խմբերով, Կովկասի վրայով տուն վերադառնալ, դեպի Ռուսաստան: Այս պահից սկսվում են ամենավտանգավոր  գործողությունները` Կովկասում: Վրացի մենշեւիկները, ադրբեջանցի մուսաֆաթականները եւ հայ ազգայնականները դավադրաբար սկսում են զինաթափել ռուսական զորամասերից անջատված ու նահանջող առանձին զինված խմբերին եւ նրանցից խլում են զենքերն ու յուրացնում: Զորավար Անդրանիկը, անկախ տիրող իրավիճակի ծանրությունից, չէր կարող անտարբեր մնալ եւ իր խորին զայրույթն է արտահայտում, ասելով հետեւյալ խոսքերը.

Մեզ այդ զենքը հարկավոր չէ, որ խլում եք դեպի տուն նահանջող ռուս զինվորից ու սպայից: Մեզ Ռուսիո բարեկամությունն է մշտապես անհրաժեշտ...

Զորավարըորքան հեռատես էր` այն խավար աշխարհում, եւ նրա խոսքերը իրականություն դարձան մեր օրերում` 70-80 տարի անց սկսված Արցախյան պատերազմում, երբ Գորբաչովյան ոհմակները դավադրություններ էին կազմակերպում արցախահայության հանդեպ` սպանդի էին ենթարկում անպաշտպան ադրբեջանահայությանը, իսկ մեզ օգնության հասան եղբայրական ռուս ժողովրդի իսկական որդիները` Նիկոլայ Ռիժկովը, գեներալներ Պավել Գրաչովը, Լեբեդեւը եւ վերջապես ՌԴ նախագահ Բորիս Ելցինը: Ավելորդ չենք համարում նաեւ` այսպիսի հետաքրքիր մի դրվագի նկարագիրը սույն հոդվածում, երբ 1919թ. ապրիլի վերջին Զորավարը Էջմիածնում ցրելով իր հարվածային զորամասը` 272 հավատարիմ անձնակազմով հասավ Կրասնոդար, որտեղից պետք է հասներ Բաթում եւ անցներ արտասահման: Կրասնոդարի երկրամասում Զորավար Անդրանիկը որոշեց հրաժեշտից առաջ հանդիպել նաեւ Կուբանի իր կազակական մարտական ընկեր ատամաններին ու սպաներին: Հետաքրքիր է, որ ժողովրդական մեծ տեսարան է կազմավորվում ընթացքից: Ռուս մարդիկ զարմացած հարցնում են կազակներին, թե ով է այս Զորավարը, որ իրենք այսպես ողջագուրվում  ու համբուրում են նրան: Կազակները միաբերան պատասխանում են.

 Սուրբ է այս Զորավարը, կռիվների ընթացքում` նրան թշնամու հրացանային գնդակ չէր կպնում...

Այս մասին նշում կա նաեւ Խաչիկ Դաշտենցի «Ռանչպարների կանչը» գրքում, որ կազակական խուտորում մեր հայրենակիցը հանդիպել էր Արեւմտյան Հայաստանում մարտնչած` ծերացած  կազակ զինվորին, որն իր բնակարանում խնամքով պահում էր Զորավար Անդրանիկի մեծադիր լուսանկարը: Այսօր էլ` հարգանքով հիշելով Զորավար Անդրանիկի եւ ռուս կազակների մարտական բարեկամությունը, ստեղծում ենք հայ եւ ռուս կազակական դաշնակցային կազմակերպություններ, որոնք մեզ ապագայում էլ անհրաժեշտ կլինեն մահմեդական հրոսակներից պաշտպանվելու նպատակով` որպես եղբայրական քրիստոնյա ժողովուրդների: Դրա նախադեպը կա արդեն,  երբ 1992թ. ամռանը Կուբանի եւ Դոնի կազակների 300 հոգանոց անձնակազմը եկավ Արցախին օգնության: Բավականին խիզախ կռիվ տվեցին` ազերիներին օգնության եկած մահմեդական  ոհմակների  դեմ, տալով 9-10 զոհ: Դժբախտաբար  Լաչինի ճակատում զոհվեց նաեւ Կուբանի կազակների ատաման Գրոմովի 17-ամյա  որդին` Վասյան:
Տպագրության նախապատրաստվող այս գրքում կա նաեւ հոդված` «Զորավար Անդրանիկի եւ ռուս կազակների մարտական բարեկամության մասին»: Զորավար Անդրանիկը  իր հուշերում հետեւյալ  հետաքրքիր դրվագներն է նշել, որ 30-35 տարվա անզիջում  պայքարի ու ճակատամարտերի ընթացքում, օսմանցի թուրքը,  իր թիկունքը եւ ծոծորակը տեսել է միայն էրզրումի տակ, այսինքն` ինքը երբեկ չի նահանջել թուրքերի առջեւից: Եվ չնայած Զորավարը Էրզրումի ճակատ հասավ 5000 զորքով, որից 400 հեծյալներ, ինչպես նաեւ ունենալով 8 լեռնային հրանոթներից բաղկացած մարտկոց, թվում է , թե վճռական պահին պետք է Անդրանիկը կարեւոր դերակատարություն ունենար, սակայն կայսերական բանակի հայազգի գնդապետ Բեժանբեկյանը , Բեյ-Մամիկոնյանը եւ մյուսները հուսահատվել էին եւ կորցրել  գլուխները` նոր կազմավորվող հայկական բանակային կորպուսի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Թ. Նազարբեկովի հետ միասին, քանի որ` այլեւս չկար թուրքերին ջախջախող ռուսական հզոր հրետանին, չկային նաեւ թուրքական զորքին ջլատող ու ոչնչացնող կազակական հեծյալ գնդերը: Իսկ դրան հակառակ, Էրզրումի ճակատին է հասել թուրքական Կովկասյան  բանակի` Կարաբեքիր-փաշայի առաջին կորպուսի դիվիզիաները, որոնք զինված էին գերմանական նորագույն ռազմական տեխնիկայով ու ապահովված սպառազինության եւ սննդամթերքի համապատասխան պաշարներով: Ուստի, նման պայմաններում` կայսերական բանակի փլատակների վրա նոր կազմավորվող հայկական ԲԿ-ի (բանակային կորպուս) զորամասերը չէին կարող իրենցից մոտ երեք անգամ գերազանցող թվաքանակով անձնակազմի դեմ մարտնչել, այն էլ  այդպիսի սպառազինությամբ դիվիզիանների դեմ...

Ահա, թե ինչո՞ւ 1918թ. մարտի 25-ին թուրքերին հանձնվեց ժամանկի ամենահզոր կայազորներից` Էրզրումի ամրոցը եւ այն հանդիսացավ հայկական զորքերի համար նախադեպ, իսկ ավելի խայտառակ հանձնման օրինակներ հանդիսացան` նույն թվականի ապրիլի 15-ին Ղարսի ամրոցի, իսկ մայիսի 15-ին Ալեքսանդրապոլի` ժամանակի հզոր ռազմական ամրոց-կայազորի հանձնման դեպքերը: Զորավար Անդրանիկը մեծ ցավ ու ափսոսանք ապրեց նշված ռազմական ամրոցների այդպիսի խայտառակ պայմաններում, այսինքն` դավադրաբար եւ առանց դիմադրության հանձնելու կապակցությամբ, յուրաքանչյուր ամրոցի հանձնելուց հետո` ստանալով սրտի «միկրոկաթված», որը իր ծանր հետեւանքներն ունեցավ Զորավարի առողջության գործում, արտասահմանում ապրած տարիներին` 1920-1927թթ. ընթացքում: Թե ինչպես վերաբերվեցին Զորավարի հետ` կայսերական բանակի հայ ազգի գնդապետները, եւ ինչպիսի դավադրությունների միջոցով հասան իրենց նպատակին, որ Հայկական Բկ-ի հրամանատար, գեներալ Թ. Նազարբեկովը,  հատկապես Ղարսի եւ Ալեքսանդրապոլի ռազմական ամրոցների հանձնելուց առաջ, գործի չդրեց Անդրանիկի հարվածային բրիգադի ուժերը, որոնք կարող էին մահացու հարվածներ հասցնել Կարաբեքիր փաշայի առաջին կորպուսի զորքերին, այս մասին ես բավականին մանրամասներ եմ գրել «Գյումրվա փառքն ու պատիվը դարերի» մեծածավալ հոդվածում, որը տպագրվել է «Գարուն» ամսագրի, 2012թ. 7-8 համարի 62-82 էջերում:

Քանի որ նախապես նշել եմ, որ սույն հոդվածը նվիրվում է Զորավար Անդրանիկի հիշատակին, ուստի կարծում եմ, որ անհրաժեշտություն չկա նորից կրկնելու Զորավարի անցած մարտական-հերոսական ուղին, որն իր վերլուծականը ստացել է իմ կողմից` համապատասխան հոդվածներում: Ուստի, ցանկանում եմ մեր ընթերցողի ուշադրությունը գրավել մեկ այլ հարցի շուրջ, թե ինչպես Զորավարը չէր մոռացել Հայկ Բժշկյանցին` այդքան տարիներ անց, եւ հանկարծ հիշեց 1927թ. օգոստոսի 31-ին, երբ ինքը հոգեվարքի մեջ էր ու իրեն տեսակցելու էր եկել հայդուկային կռիվների երկար տարիների իր հավատարիմ զինակից Մախլուտոն`  Սմբատ Բորոյանը...: Իրենց մարտական հուշերը վերհիշելիս, Զորավարը հիշում է հետեւյալի մասին`  այսպիսի հարցադրումով.

Մախլուտո՜, դու հիշո՞ւմ ես Ռեւան Դուզի ճակատում կռվող` այն աջ թեւը վիրակապով փաթաթված հայ սպային, նա գնաց բրաբիոն ծաղիկ փնտրելու, իսկ ես չգնացի...:

Զորավարը մտաբերել էր երիտասարդ Հայկ Բժշկյանցին, որը ցարական  ռուսական բանակի կրտսեր սպա էր` «պորուչիկ» կոչումով եւ 1916թ. մայիսի 19-ին Ռեւան Դուզի Ճակատում մասնակցել էր այդ կռվին, որի ընթացքում իր կամավորական 4-րդ գունդը թուրքական չորս գնդերի շրջապատումից ճեղքման գրոհի տանելիս, զոհվեց գնդապետ Քեռին` Արշակ Գավաֆյանը: Զորավարը բրաբիոն ծաղիկ փնտրելը` նկատի ուներ, որ Հայկ Բժշկյանցը անցավ ռուսական հեղափոխության կողմը, իսկ ինքը չգնաց...: Սակայն մենք հետագայում հասկանում ենք, որ Զորավար Անդրանիկին չվստահեցին բոլշեւիկյան ղեկավարները` որպես ցարական-ռուսական բանակի գեներալի, երբ 1918թ. հուլիսի 14-ին, Նախիջեւանի Ջուլֆայից  Զորավարը  հեռագրեց Ս. Շահումյանին, որ պատրաստ է` իր հարվածային զորամասով պաշտպանելու Հայկական Նախիջեւանը եւ այն հայտարարելու Խորհրդային Ռուսաստանի անկապտելի մաս որպես: Անդրանիկի այդ խելացի եւ հեռատես քայլը ոչ միայն չգնահատվեց բոլշեւիկների կողմից, այլ պարզապես անտեսվեց եւ որի կործանարար հետեւանքները առկա են մինչեւ մեր օրերը:

Եվ ինչ իմանար հեռատես, բնածին-խելացի Զորավար Անդրանիկը, որ բոլշեւիկյան բորենի Լ. Բերիայի ձեռքով 1937թ. կգնդակահարվի ռազմական գիտությունների դոկտոր-պրոֆեսոր, բանակի գեներալ Հայկ Դմիտրիեւիչ Բժշկյանցը...: Որպես խորբանակի նախկին սպա, ժամանիկին զբաղվել եմ այդ բանակի պատմությամբ, եւ ես չեմ կարող չընդունել  Ձեր մեծությունը` Հայկ Դմիտրիեւիչ, երբ մարշալներ Գ.Կ. Ժուկովը եւ Հ. Ք. Բաղրամյանն են հարգում Ձեզ, իրենց հուշերում նշելով Ձեր մասին, որպես ակադեմիայի տաղանդավոր ռազմական դասախոսի ու զորապետի: Բոլոր դեպքերում, Հայկ Դմիտրիեւի, բոլշեւիկյան ղեկավարները Ձեր նկատմամբ իրագործել են անհիմն հաշվեհարդար-ռեպրեսիա, եւ երկար ժամանակ անտեսվել եք խորհերկրի պատմությունից, այն դեպքում, երբ քաղաքացիական կռիվների տարիներին եղել եք «Երկաթյա դիվիզիայի» հրամանատար, պրոլետարական առաջնորդի` Վ. Ի. Լենինի վերքերի «բուժմանն եք» նվիրել Ձեր հաղթանակներն ու ազատագրված քաղաքները, սակայն գնդակահարվել ենք աղվես Բերիայի ձեռքով: Երբեմն  կանգնած Ձեր հիասքանչ-փառահեղ արձանի մոտ, մտածում եմ, թե լինելով այդպիսի տաղանդավոր պետական ու ռազմական գործիչ, ինչպե՞ս կարող էիք այդքան միամիտ մտածել «Ժողովուրդների հայր» Ստալինի մասին եւ գնդակահարվելուց առաջ գոչեիք.

Ընկեր Ստալինը չգիտի, որ ինձ գնդակահարում եք, կեցցե՛ ընկեր Ստալինը...:

Կարծում եմ, որ Ձեր արդարացումից հետո խորհրդային ղեկավարությունը Ձեզ սիրաշահել է, կառուցելով փառահեղ այսպիսի հեծյալ զորավարի արձան` այն էլ Նոր Նորքի բարձունքում: Հայկ Դմիտրիեւիչ, Ձեր նժույգի վերցրած ուղղությունն էլ ճիշտ չէ, այս ծվատված ու ջլատված Հայաստանի 1/10-րդ մասով այդ ո՞ւր եք «գնում» դեպի արեւելք: Ձեր կռիվը կիսատ մնաց 1916թ. մայիսին` Մշո դաշտում ու Սասնա նախալեռներում, չէ՞ որ Դուք հեռացաք Արեւմտյան  Հայաստանի ազատագրական պատերազմից: Իսկական երդվյալ սպաներ էին գնդապետներ Մազմանովն ու Աբասբեկովը, որ Ղարսի խայտառակ կերպով հանձնման օրերին ինքնասպանություն գործեցին:

Խորհրդային Հայաստանի կառավարությունը բարոյական համարձակություն չդրսեւորեց` Զորավար Անդրանիկի աճյունը Խորհրդային Հայաստան տեղափոխելու հարցում, այսինքն` մերժվեց քաղաքավարի ասած, սակայն Ֆրանսիայի կառավարությունը հարգելով Ազգային հերոսի փառապանծ գործն ու անունը` թույլատրեց Զորավարի աճյունը հուղարկավորել Փարիզի աշխարհահռչակ Պերլաշեզի գերեզմանատանը, որտեղ Զորավարի շիրիմը մնաց շուրջ 72 տարի, եւ միայն 2000թ. փետրվարի 17-ին տեղափոխվեց անկախացած Հայաստան եւ իր հավերժական հանգրվանը գտավ Արցախյան պատերազմում զոհված հերոսների, ազատամարտիկների ու զինվորների նորօրյա պանթեոնում:

Չնայած բոլշեւիկյան մռայլ ռեժիմի պայմաններում, Ստալինի անձի պաշտամունքի տարիներին` 1922-1955 թվականներին, Խորհրդային Հայաստանում` Հայոց ազատամարտի շատ արժանի հերոսների անունների ու լուսանկարների հետ միասին արգելված էր նաեւ Զորավար Անդրանիկի լուսանկարն ու անունը, սակայն հայ ժողովուրդը կարողացավ իր սրտում պահել իր սիրելի որդու` Զորավար Անդրանիկի անունն ու լուսանկարները: Ժամանակի ընթացքում փլուզվեցին արհեստականորեն կառուցված պատնեշները, անցան ու անվերադարձ գնացին պատմության կեղծարարները, սակայն Զորավար Անդրանիկի գործն ու անունը մնաց իր ժողովրդի հետ միասին: Կենդանության օրոք, հայ ժողովուրդը հավերժության երգեր նվիրեց իր անզուգական հերոս-որդուն` նրան համեմատելով խոյահարող արծիվների ու մռնչացող վագրերի հետ:

Ինչպես արծիվ սավառնում ես լեռ ու ժայռ...

Իրոք` Զորավար Անդրանիկը սրբություն է յուրաքանչյուր գիտակից-հայրենասեր հայի համար, անկախ նրանից, թե աշխարհի որ մասում էլ նա բնակվի, միեւնույնն է, մի օր մրմնջալու է սրտի խորքում` այսքան սիրելի երգի տողերը, որ ճշմարիտ են ու նվիրական` Զորավար Անդրանիկի մասին:

Սուրբ անունդ պիտի հիշվի դարեդար,

Անհաղթ մնաս դու քաջ կռվի սիրահար,

Հայաստանի փառք ու պարծանք Անդրանիկ...

 

ԲԱԲԿԵՆ ԲԱԲԱՅԱՆ

Կազակական զորքերի գնդապետ,

Արցախյան պատերազմի մասնակից

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА