ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Քարե դարդի» Յագոն դարձել է բրենդային դեմք (Ֆոտոշարք)

11.11.2017 23:25 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՄՇԱԿՈՒՅԹ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
«Քարե դարդի» Յագոն դարձել է բրենդային դեմք (Ֆոտոշարք)

Երիտասարդ դերասան ԱՐԱՄ ԱՎԵՏԻՍՅԱՆԸ, որը հեռուստադիտողին հայտնի է նաեւ «Քարե դարդ» հումորային սիթքոմում կերտած իր դերով, հանրության դատին է հանձնել իր նոր ֆոտոշարքը: Ի դեպ, վերջին շրջանում նա հաճախ է մասնակցում տարբեր ֆոտոշարքերի՝ դառնալով այս կամ այն բրենդային ապրանքանիշի դեմքը: Թե արդյոք դերասանի կարիերան զիջեց մոդելինգին, «Իրավունքը»  պարզեց հենց նրանից:

- Կարելի է նաեւ այդպես ասել, իհարկե, ցավով եմ հաստատում այդ փաստը: Ես մասնագիտությամբ դերասան եմ, շատ կուզենամ, որ իմ մասնագիտությամբ շարունակեմ, բայց ստացվել է այնպես, որ ավելի շատ հանդես եմ գալիս որպես ֆոտոմոդել, այլ ոչ` դերասան:

«ՅԱԳՈՆ ԻՐԱԿԱՆՈՒՄ ԱՅԴՔԱՆ ԷԼ ՍԻՐՎԱԾ ՉԷՐ»

- «Քարե դարդ» հումորային սիթքոմում բավական սիրված էր Ձեր կերպարը՝ Յագոն: Այդուհանդերձ, սպասե՞նք Ձեզ նոր հեռուստասերիալներում:

- Յագոն իրականում այդքան էլ սիրված չէր: Յագոյի կերպարը հայտնվել էր իրադարձությունների կենտրոնում եւ բաժանել գլխավոր հերոսներին, որոնք արդեն 1-2-3 եթերաշրջաների ընթացքում սիրված էին: Դրանից հետո եւ ընթացում ունեցել եմ առաջարկներ, մասնակցել եմ քասթինգների, բայց դեռ ոչ մի տեղ չեմ հայտնվել: Երբ նկարահանվում էի «Քարե Դարդում» ,առաջարկեցին որպեսզի նկարահանվեմ սերիալներից մեկում, բայց քանի որ չկարողացա համատեղել ե՛ւ սերիալը, ե՛ւ սիթքոմը, չնկարվեցի...Կարծում եմ՝ որոշ ժամանակ հետո հնարավորություն կունենամ աշխատելու իմ մասնագիտությամբ:

- Վերադառնանք Ձեր նոր ֆոտոշարքին, հատկապես, որ այն առանձնանում է նախորդներից իր դասականությամբ: Ի՞նչ կասեք այս մասին:

-Այս անգամ համագործակցել եմ հայկական բրենդերից մեկի հետ, ու պետք է ասեմ, որ իմ այսքան ժամանակ ունեցած ֆոտոշարքերից լավագույնն է եղել... Ամեն ինչ հիանալի էր՝ թե՛ աշխատակազմը, ե՛ւ թե ընթացքը, որն էլ կարծում եմ՝ դարձավ լավ արդյունքի հաջողության գրավականը: Եվ, այո՛, շատ ճիշտ եք նկատել, առաջին անգամ եմ հանդես գալիս դասական ոճում, եւ այն, կարծես, ինձ համար բացահայտում եղավ՝ այս նկարների շնորհիվ հասկացա, որ դասական ոճը եւս ինձ սազում է…

«ԻՆՁ ԴԵՌ «ՀՅՈՒՐ» ԵՄ ԶԳՈՒՄ ԱՅՍ ԱՍՊԱՐԵԶՈՒՄ»

- Առհասարակ, որպես երիտասարդ մոդել, ի՞նչ նորություն կբերեք հայկական մոդելինգի աշխարհ:

- Դեռ նոր-նոր քայլեր եմ կատարում այս ասպարեզում: Ուստի՝ չեմ կարող ասել, թե նոր մոտեցումներ կբերեմ, որովհետեւ մինչ այդ նախ պետք է փորձ ձեռք բերեմ: Շատ աշխատանք է պետք կատարել, ջանք ու եռանդ թափել եւ ամեն անգամ մի նոր բան սովորել:

- Իսկ մերվե՞լ եք հայկական մոդելինգի հետ, թե՞ այս ոլորտում, միեւնույն է, Ձեզ հյուր եք զգում:

- Շատ կուզեմ, որպեսզի «մոդելինգ» ասվածը մեծ աճ ու զարգացում ապրի մեզ մոտ՝ Հայստանում: Ես այդ աշխատանքը շատ մեծ սիրով եմ կատարում, դեռ փոքր տարիքից էլ շատ սիրել եմ նկարվել ու նկարել: Բայց, ինչ խոսք, որպես սկսնակ ֆոտոմոդել, ինձ դեռ «հյուր» եմ զգում այս ասպարեզում:

«ՉԵՄ ԵՂԵԼ ԱՅՆՊԻՍԻ ԻՐԱՎԻՃԱԿՈՒՄ, ՈՐ ՈՐՈՇԵՄ՝ ԱՆՑՆԵԼ ՍԱՀՄԱՆԸ, ԹԵ՝ ՈՉ»

- Բնական է, տարբեր ապրանքանիշների ֆոտոշարքերին մասնակցելիս՝ պատվիրատուն է որոշում, թե ինչպիսին պետք է լինի ֆոտոշարքը: Իսկ Դուք ինքներդ ինչպիսի՞ ֆոտոշարքերի կցանկանայիք մասնակցել:

- Կարծում եմ՝ շատ կարեւոր է` լուսանկարչի եւ մոդելի միասնական աշխատանքը: Ժամանակ առ ժամանակ աշխատանքի բերումով համագործակցել եմ տարբեր լուսանկարիչների հետ, ու պետք է ասեմ, որ ոչ բոլորն են ճիշտ աշխատում: Պարզապես, չեմ ընկալում այն մարդկանց, ովքեր ունենալավ լուսանկարչական ապարատ՝ իրենց լուսանկարիչ են կոչում: Մինչդեռ այս ֆոտոշարքի նկարահանման ժամանակ շատ հեշտ ենք աշխատել, որովհետեւ մարդիկ գիտեին իրենց գործը: Այս անգամ աշխատել եմ լուսանկարիչ Արսեն Ավդալյանի հետ, որն իր գործում վարպետ է: 

Իսկ թե ինչ ֆոտոշարքեր եմ նախընտրում, այդպես չեմ կարող առանձնացնել, առաջարկների դեպքում նախ մտածում եմ՝ կարո՞ղ եմ եւ կարո՞ղ եմ անել լավ: Եթե՝ այո, ապա համաձայնում եմ:

- Նախորդ մեր զրույցում հարցին, թե կա՞ն սահմաններ, որոնք որպես դերասան-մոդել գծել եք Ձեզ համար եւ երբեք չեք անցնի, պատասխանել էիք, որ դեռ չեք եղել այնպիսի իրավիճակում, որ որոշեք՝ անցնել սահմանը, թե՝ ոչ: Այսօր արդեն գծե՞լ եք Ձեզ համար սահմաններ, թե՞ պատրաստ եք համարձակ քայլերի:

- Նման հարցերին մի քիչ դժվարանում եմ պատասխանել, որովհետեւ աշխատանքս ու փորձս այդքան էլ մեծ չէ: Այնպես որ, կրկին պատասխանում եմ` դեռ չեմ եղել այնպիսի իրավիճակում, որ որոշեմ՝ անցնել սահմանը, թե՝ ոչ:

Զրույցը՝ ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆԻ

Լուսանկարները՝ ԱՐՍԵՆ ԱՎԴԱԼՅԱՆԻ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА