ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Ծատուրյանի ստվերային հոբելյանն ու Գյումրու թատրոնի երեւանյան հյուրախաղերը

11.11.2017 15:36 ՄՇԱԿՈՒՅԹ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
Ծատուրյանի ստվերային հոբելյանն ու Գյումրու թատրոնի երեւանյան հյուրախաղերը

Նոյեմբերի 1-ից 8-ը երեւանյան երկու` Կ. Ստանիսլավսկու անվան եւ Հ. Ղափլանյանի անվան թատրոնի բեմահարթակում կայացավ Գյումրու Վարդան Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնի երեւանյան հյուրախաղերը: Գյումրու թատրոնը երեւանյան հանդիսականին ներկայացավ ՀՀ ժողովրդական արտիստ Նիկոլայ Ծատուրյանի բեմադրած ներկայացումներով, իսկ հյուրախաղերը նվիրված էին Ն. Ծատուրյանի հոբելյանին: Թեպետ` շուրջ 2 տարի է թատրոնը տոնում է Ծատուրյանի 70-ամյակը: Հյուրախաղերի վերջին օրը երեւանյան հանդիսատեսին Գյումրու թատրոնը հրավիրել էր «Սիրո Casting»-ի, ոչ թե իրական, այլ` Վալենտին Կրասնոգորովի պիեսի հիման Ն. Ծատուրյանի ռեժիսուրայով «Սիրո CASTING» 2 գործողությամբ լիրիկական կատակերգության դիտմանը, որին նախորդեց Ծատուրյանի պարգեւատրումը` Երեւանի քաղաքապետի ոսկե մեդալով:

Մինչ ոսկե մեդալի հանձնումը Երեւանի փոխքաղաքապետ ԱՐԱՄ ՍՈՒՔԻԱՍՅԱՆԸ կարեւորեց Գյումրու հեղինակավոր, գրագետ ու լուրջ ավանդույթներ ունեցող թատրոնի առկայությունը մայրաքաղաքում, ապա` հավելեց. «Ուզում եմ նաեւ կարեւորել այն զարմանալի փաստը, որ զուգահեռաբար նշվում է Նիկոլայ Ծատուրյանի հոբելյանը` կարծեմ 3 տարի առաջ սկիզբ առած»,- ժպիտով շեշտեց փոխքաղաքապետն ու ոսկե մեդալի հանձնման կարեւոր պարտականությունից հետո շարունակեց. «Շնորհակալ եմ Ձեր մեծ ավանդի համար, Երեւանում ունեցած ահռելի ներդրման համար, Սունդուկյան թատրոնում ունեցած ավանդի համար, Մետրո թատրոնի վերելքի համար, որ պայմանավորվում էր Ձեր ղեկավարած տարիների հետ: Այսօր արդեն Գյումրու թատրոնը վստահ եմ հպարտությամբ է լցված Ձեր առկայությամբ: Շնորհակալ եմ այն բոլոր ուսանողների համար, որոնց սերնդեսերունդ տվել եք մեր թատերարվեստին, մշակութային կյանքին եւ որոնցով հպարտ է հայ թատրոնը»,- եզրափակեց Ա. Սուքիասյանը:

Ն. Ծատուրյանն էլ, պատվով ընդունելով պարգեւը, խոստացավ. «Ծառայելու եմ մեր հայկական թատրոնին»:

ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА