ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Կնոջը ջրից դուրս է հանել ափ ու զգացել, որ նա չի շարժվում. Արմավիրում 43-ամյա տղամարդը դատապարտվել է կնոջը սպանելու համար

11.11.2017 11:49 ԻՐԱՎՈՒՆՔ
Կնոջը ջրից դուրս է հանել ափ ու զգացել, որ նա չի շարժվում. Արմավիրում 43-ամյա տղամարդը դատապարտվել է կնոջը սպանելու համար

Ընդհանուր իրավասության դատարանի վճռով՝ 43-ամյա տղամարդը մեղավոր է ճանաչվել կնոջը սպանելու մեջ և դատապարտվել 9 տարվա ազատազրկման։ Նրա նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանավորումը թողնվելէ  անփոփոխ՝ մինչև դատավճռի օրինական ուժի մեջ մտնելը:

Ինչ է հաստատված համարվել նախաքննության արդյունքում

Մինչդատական վարույթի ընթացքում հաստատվել է, որ համատեղ ամուսնական կյանքի ընթացքում տղամարդն ու կինը ունեցել են 3 երեխա: Կնոջ կողմից իրեն դավաճանելու հետ կապված կասկածներ ունենալու պատճառով ամուսինը հաճախակի է վիճել կնոջ հետ, ինչին շատ ժամանակ ականատես են եղել նաև նրանց երեխաները: Հերթական անգամ վիճելու ժամանակ կինը հայտնել է, որ ցանկանում է ամուսնուց բաժանվել: Այդ օրը կինը զանգահարել և իրենց տուն է կանչել ամուսնու ծնողներին, ովքեր նախատել են իրենց որդուն: Երբ կինն ամուսնուց բաժանվելու իր մտադրության մասին հայտնել է վերջինիս ծնողներին, ամուսինը կնոջը սպառնացել է, որ կսպանի:

Դեպքի օրն ամուսինները միասին գնացել են բանջարեղեն գնելու: Ճանապարհին նրանց միջև կրկին վիճաբանություն է ծագել ամուսնու կողմից կնոջ նկատմամբ դրսևորած անհիմն խանդի պատճառով, որի ժամանակ տղամարդը դաշտամիջյան հատվածում ծեծի է ենթարկել կնոջը` հարվածելով նրա մարմնի տարբեր մասերին, ինչպես նաև ձեռքով սեղմել է նրա պարանոցին և շնչահեղձ անելով` սպանել է նրան:

Հիմք ընդունելով գործով ձեռք բերված փաստական տվյալները՝ դատարանը հաստատված է համարել, որ ամբաստանյալը կնոջն, իր կողմից վարվող «Ֆորդ Տրանզիտ» ավտոմեքենայով ընթանալիս, խանդի հողի վրա՝ կասկածելով ամուսնական անհավատարմության մեջ, վիճաբանել է վերջինիս հետ, որի ընթացքում նախ՝ ավտոմեքենայի մեջ, ապա՝ ավտոմեքենային հարակից դաշտամիջյան հատվածում ծեծի է ենթարկել նրան, որի ընթացքում վերջինիս պարանոցը սեղմելով, շնչահեղձ անելու եղանակով դիտավորությամբ կյանքից զրկել է նրան։

Ինչ ցուցմունք է տվել ամբաստանյալը

ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասով առաջադրված մեղադրանքում ամբաստանյալը նախաքննության ընթացքում իրեն մեղավոր չի ճանաչել և դատաքննության ընթացքում իրեն մեղավոր ճանաչելով մասնակի՝ցուցմունք է տվել, որ համատեղ կյանքի ընթացքում իրենք հաճախակի էին վիճում:

Դեպքի օրը եղել են ճանապարհին, մինչ ինքը մեքենան է վերանորոգելիս եղել, կնոջ հեռախոսին զանգեր են ստացվել, և, երբ հարցրել է, թե ով է զանգահարում՝ ասել է, որ երեխաներն են, սակայն երբ արդեն մեքենայի տակից դուրս է եկել, կրկին հեռախոսազանգ է ստացվել, և ինքը կնոջն ասել է, որ հեռախոսը տա, որպեսզի ինքը խոսի: Կինը հեռախոսն անջատել է և չի տվել, որ ինքը խոսի: Ինքն այդ ժամանակ կնոջն ասել է, որ իր մեջքը թափ տա, որպեսզի ինքը նստի մեքենան, սակայն կինը պատասխանել է՝ «ինքդ թափ տուր»: Երբ շորերն է թափ տալիս եղել, նկատել է, որ կինը հեռախոսով փորձել է ինչ-որ բան անել: Իր այն հարցին, թե ինչ է անում, կինը պատասխանել է, թե սիրածն է: Ինքն այդպիսի պատասխանի չի սպասել, ու անակնկալի գալով՝ ապտակել է նրան և ասել, թե ինչ ձև է խոսում: Ապտակից հետո կինը վերացական սեռական բնույթի հայհոյանք է հնչեցրել։ Դա լսելով՝ մեկ անգամ էլ է ապտակել: Դրանից հետո կինը սկսել է ոտքերով և ձեռքերով իրեն հարվածել և գոռալով ասել, որ ինքը նրան թույլ տա իջնի, գնա:

Քանի որ այդ ժամանակ մեքենաներ են անցուդարձ արել, ինքը ձեռքի ափով կնոջ բերանը փակել է, որ նա սուս մնա: Կինն այդ ժամանակ կծել է իր ձախ ձեռքի ցուցամատը, և ինքը ձեռքը քաշելով՝ մի երկու հատ էլ է խփել: Դրանից հետո կինը ուզել է մեքենայից իջնել, բայց ինքն ասել է, որ հանգստանա, նոր իջնի, հետո կնոջ ձեռքից բռնած՝ ասել է, որ մեքենայից իջնի: Մեքենայից իջնելուց հետո կինն ասել է, որ իրենից բաժանվում և գնում է, ու, որ ինչպես ուզի, այնպես կանի: Կինն ագրեսիվ շարժումներ անելով՝ ասել է, որ գնում է, իսկ ինքը նրա շորերից քաշելով ու մի քանի անգամ ձեռքերով հարվածելով՝ փորձել է թույլ չտալ, որ հեռանա:

Իրար քաշքշելու ժամանակ երկուսով վայր են ընկել խողովակից դեպի ճանապարհ ընկած հատվածում, որից հետո կինը գետնից բարձրանալով՝ խողովակից անցել է այն կողմ՝ դեպի ջրատարը: Ինքը նույնպես անցել է այդ կողմ: Այդ ժամանակ կինն ասել է, որ նրան թողնի, որովհետև աչքը չի տեսնում: Ինքը տեսնելով, որ կնոջ աչքը արյունոտ է՝ ասել է, որ գնան մեքենայի մոտ, աչքը լվանան և տեսնեն, թե ինչ է պատահել: Այդ ժամանակ կինը կանգնելով՝ հրել է իրեն, ինքը ետքայլ անելով՝ ընկել է ջրատարը: Կինը նույնպես ընկել է ջրատարը:

Ջրատարի մեջ տեսնելով, որ կնոջ մազերը փաթաթվել են ծառերի ճյուղերի մեջ, ու նա անկանոն շարժումներ է կատարում՝ մոտեցել է նրան, փորձել է մազերն առանձնացնել ճյուղերից և փրկել նրան: Ահագին ջրի մեջ քաշելով՝ մի կերպ կնոջը ջրից դուրս է հանել ափ և զգացել է, որ նա շարժում չի անում: Կնոջը պառկեցրել է դեմքով դեպի գետին, և մտածելով, որ ջուր կուլ տված կլինի՝ փորից մի քանի անգամ սեղմել է: Տեսնելով, որ ոչ մի փոփոխություն չկա՝ չոքած մնացել է նրա կողքին: Մի քանի վայրկյան անց լսել է իր մեքենայի ազդանշանի ձայնը և վազել է իր մեքենայի մոտ: Այնտեղ իրեն անծանոթ մարդիկ են եղել, ովքեր հարցրել են, թե ինչո՞վ կարող են օգնել: Ինքն ասել է, որ շտապօգնություն կանչեն, որովհետև կինը ջրատարում խեղդվել է: Նշել է, որ ինքը կնոջը ծեծի ենթարկել է, բայց սպանելու դիտավորություն չի ունեցել: Ինքը միայն փորձել է մազերը ճյուղերից առանձնացնել և ջրից դուրս հանելով՝ փրկել:

Ինքն իրեն մեղավոր չի ճանաչում կնոջ սպանության համար, ճիշտ է, ինքը ծեծել է կնոջը, դրա համար զղջում է, սակայն դիտավորություն չի ունեցել սպանելու, իր կինը ջրահեղձումից է մահացել։

Դատարանը, սակայն, գտել է, որ ամբաստանյալի նման պատճառաբանությունները միայն նպատակ են հետապնդում խուսափելու քրեական պատասխանատվությունից, իսկ նրա կողմից կատարված հանցավոր արարքը հիմնավորվել է քրեական գործի նախաքննությամբ ձեռք բերված ապացույցներով։

Դատաբժշկական փորձաքննության եզրակացության համաձայն՝ կնոջ մահը վրա է հասել պարանոցի օրգանների բութ առարկայով անմիջական ներգործության` սեղմման հետևանքով առաջացած մեխանիկական շնչահեղձությունից:

Նշենք, որ դատավճիռը կարող է բողոքարկվել ՀՀ վերաքննիչ քրեական դատարան` հրապարակման պահից մեկամսյա ժամկետում։

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА