ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Եվրոպական կառույցներն իրենց աշխարհաքաղաքական շահերը սպասարկում են ի հաշիվ հայ ընտանիքի»

10.11.2017 23:01 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ԹԵՄԱ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
«Եվրոպական կառույցներն իրենց աշխարհաքաղաքական շահերը սպասարկում են ի հաշիվ հայ ընտանիքի»

Ադրբեջանական ԽՍՀ-ից փախստականների համագումարի համակարգող ՄԱՐԻԱՄ ԱՎԱԳՅԱՆԸ դեմ է ՀՀ արդարադատության նախարարության հեղինակած ընտանեկան բռնության մասին օրենքի նախագծին: Նրա կարծիքով՝ Արեւմուտքից պարտադրվող այս նախագիծը, որը իբրեւ մարդասիրական նկրտումներով մեզ է հրամցվում, կրկին տեղավորվում է եվրոպական երկակի ստանդարտների մեջ, ինչի վերաբերյալ ուշագրավ մանրամասներ պատմեց ««Ընտանեկան բռնության կանխարգելման եւ ընտանեկան բռնության զոհերի պաշտպանության մասին» ՀՀ օրենքի նախագիծը՝ որպես ընտանեկան եւ հոգեւոր արժեհամակարգի դեմ սպառնալիք» թեմայով համաժողովի ժամանակ:

«ԱՅՍ ՏԻՊԻ ՕՐԵՆՔՆԵՐԸ ԲԱՑԱՌԱՊԵՍ ՄԻՏՎԱԾ ԵՆ ԸՆԴԴԵՄ ՔՐԻՍՏՈՆԵՈՒԹՅԱՆ»

«Մենք անձամբ, որպես ադրբեջանական ԽՍՀ-ից փախստականների համագումար, այցելություններ ենք ունենում տարբեր դեսպանատներ, այդ թվում` այս տարի հանդիպել ենք ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի դեսպան Ջուդիթ Ֆարնուորթին», - պատմում է Մ. Ավագյանն ու հիշում. «Մենք երկար-բարակ խոսում էինք մեր խնդիրներից, իսկ դեսպանը, որպես եզրահանգում, փորձում էր մեզ ներկայացնել, որ եկել է այստեղ՝ պաշտպանելու կանանց իրավունքները: Անշուշտ, մենք թերի էինք թողնում նրա այդ մտքերը` ասելով, որ դրա համար չենք եկել, այլ եկել ենք` ձեզնից պաշտպանություն հայցելու, բայց դրանով մեր հանդիպումը վերջացավ: Ինչպե՞ս է լինում, որ այսօր հայ ընտանիքների կարեւոր մի հատված, ինչպիսին ադրբեջանական ԽՍՀ-ից հայ փախստականներն են, մնում է ուշադրության կենտրոնից դուրս այդ կառույցների կողմից: Մոտ 660 հազար հայ փախստական կա, պատկերացնո՞ւմ եք, որ հայ փախստականի ընտանիքը, որը հայտնվել է օտար ափերում, ինչ խնդիրների առաջ է կանգնած՝ չգիտի, թե ինչպես մեծացնի իր որդուն, իր աղջկան: Էլ չեմ ասում, որ ուծացվում է հայ մարդը, հայ ընտանիքը, հեռանում է իր համայնքից, իր մշակույթից, իր արմատներից: Ըստ էության, վերացվում է հայ քրիստոնյա ընտանիքը, իսկ ընտանեկան բռնության մասին եւ այս տիպի այլ օրենքները բացառապես միտված են ընդդեմ քրիստոնեության»:

«ՄԻ՞ԹԵ ՍԱ ՀԱՅ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՈՏՆԱՀԱՐՈՒՄ ՉԷ»

Մ. Ավագյանը հանրության ուշադրությունն է հրավիրում այն փաստի վրա, որ եվրակառույցները, թեպետ մարդասիրական իրենց նկրտումներից ելնելով՝ աշխարհով մեկ ընկած օրենքներ են ուզում հաստատել, բայց համառորեն շրջանցում են մի բռնություն, ինչպիսին ցեղասպանությունն է. «1988-92 թթ.-ին ադրբեջանական ԽՍՀ-ում հայ ընտանիքների նկատմամբ կատարվեց ցեղասպանություն, եւ 100 հազարավոր ընտանիքներ ստիպված էին ամեն ինչ թողնել՝ իրենց մահացած երեխային, այրված, բռնաբարված կնոջը, աղջկան, եւ հեռանալ:  Ինչո՞ւ մինչեւ այսօր այս մասին ոչ մի խոսք չկա: Ինչո՞ւ են հայ ընտանիքին արգելում բնակվել ազատագրված տարածքներում, դեռ մի բան էլ այդ տարածքները պիտակավորում՝ իբրեւ օկուպացված, հայից դարձնում են ագրեսոր եւ հիմա էլ փորձում են նրան հեռացնել իր ընտանիքից:  Մի՞թե սա հայ ընտանիքների իրավունքների ոտնահարում չէ, արդյոք այս ճանապարհով հայ ընտանիքներին ցրելու, հայությունից, իր մշակույթից զրկելու դավադրություն չէ»:

«ՀԱՅ ԸՆՏԱՆԻՔԸ ԱՆԸՆԴՀԱՏ ՔԱՐԿՈԾՎՈՒՄ Է ԵՎՐՈՊԱԿԱՆ ԿԱՌՈՒՅՑՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ»

Շարունակելով եվրոպական երկակի ստանդարտների մասին դիմակազերծումը՝ մեր զրուցակիցն անդրադարձավ նաեւ Մադրիդյան սկզբունքներին. «Այդ փաստաթղթում անգամ մի տող չկա հայ մարդու, հայ ընտանիքի մասին, մինչդեռ նախատեսում է թուրք փախստականների վերադարձ, թուրքերի վերաբնակեցում, խաղաղապահ ուժերի տեղակայում, որպեսզի այդ տարածքներ թուրքերը հեշտ մտնեն: Ինչպե՞ս է լինում, որ Բաքվից փախած եւ այսօր Քարվաճառում բնակություն հաստատած ընտանիքին ասում են` դու այդտեղ իրավունք չունես ապրելու, բայց Քարվաճառից փախած թուրքին, որ Բաքվում է ապրում, ասում են` իրավունք ունես այնտեղ վերադառնալու: Այդ ո՞ր իրավունքով, ո՞ր ընտանեկան օրենքով: Այսպես են եվրոպական կառույցները սպասարկում իրենց աշխարհաքաղաքական շահերը՝ ի հաշիվ հայ ընտանիքի: Հայ ընտանիքը անընդհատ քարկոծվում է եվրոպական կառույցների կողմից, եւ հենց այդ Մադրիդյան սկզբունքների տեսքով: Պարզ բան է՝ եվրոպական կառույցները հետամուտ են եղել, որ Ադրբեջանում գործող ցեղասպան մեքենան շարունակի գործել ընդդեմ հայության, եւ այսօր էլ այն շարունակական գործում է»:

«ԵԹԵ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԿԱՌՈՒՅՑՆԵՐԸ ԱՅԴՔԱՆ ՄՏԱԾՈՒՄ ԵՆ ՀԱՅ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ, ԹՈՂ ՊԱՇՏՊԱՆ ԿԱՆԳՆԵՆ ՄԱՐԱՏԻՆ ԵՎ ՆՐԱ  ԸՆՏԱՆԻՔԻՆ»

Այն, որ հայ ընտանիքն այսօր եվրոպական կառույցներից հետապնդվում է, Մ. Ավագյանը փաստում է նաեւ՝ ներկայացնելով Մարատ Գալստյանի ճակատագիրը. «Տղան 1990 թվականին 8 տարեկան էր, երբ իր ընտանիքը Բաքվից մազապուրծ փախավ Մոսկվա: Այնտեղ նա դարձավ ՌԴ քաղաքացի, երիտասարդը ավստրիական մի ընկերության աշխատող էր եւ որպես բիզնեսի աշխատող՝ հետագայում հայտնվեց Բաքվում: Այնտեղ իրեն շատ արագ բանտարկեցին՝ դատապարտելով ութ տարվա ազատազրկման՝ ամենաանհեթեթ հիմնավորումներով: Պարզապես, եթե 1990 թվականին թուրքերը Բաքվում չեն հասցրել այդ ութ տարեկան հայ տղային պատուհանից դուրս նետել, ապա այսօր այդ մուռը հանում են նրանից: Մենք այս հարցով դիմել ենք բոլոր կառույցներին ու օղակներին: Անշուշտ, Մարատն այսօր մաքառում է, դիմադրում է, բայց նա անպաշտպան է մնացել, եւ եթե մարդասիրական եվրոպական կառույցները այդքան մտածում են հայ ընտանիքների մասին, թող պաշտպան կանգնեն Մարատին եւ նրա ընտանիքին»:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА