ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ՀԱՅԿԱԿԱՆ ՖՈՒՏԲՈԼ. ՆԵՐԿԱՆ ՏԽՈՒՐ, ԱՊԱԳԱՆ՝ ՄՇՈՒՇՈՏ

10.11.2017 23:15 ՍՊՈՐՏ
ՀԱՅԿԱԿԱՆ ՖՈՒՏԲՈԼ. ՆԵՐԿԱՆ ՏԽՈՒՐ, ԱՊԱԳԱՆ՝ ՄՇՈՒՇՈՏ

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի անփառունակ ելույթներն ու ձախողումը Աշխարհի 2018 թվականի առաջնության ընտրական փուլում ապացուցեցին հայկական ֆուտբոլի անհուսալի վիճակն ու արդարացիորեն քննադատության ալիք բարձրացրին: Անշուշտ, ամենամասսայական ու սիրված մարզաձեւի այսքան տխուր վիճակագրությունը մեր երկրում մտահոգիչ է, բայց առավել տագնապալի է այն, որ մեր ֆուտբոլի ապագան էլ ավելի մտահոգիչ է: 
Այսօր ազգային ընտրանու կազմում հանդես են գալիս այնպիսի ֆուտբոլիստներ, ինչպիսիք են Հենրիխ Մխիթարյանը, Գեւորգ Ղազարյանը, Գաել Անդոնյանը, Մարկոս Պիզելին, Արաս Օզբիլիսը եւ այլք, ովքեր գոնե ակումբային ֆուտբոլում հաջողություններ ունեն եւ լավ մարզավիճակում եղած ժամանակ մշտապես իրենց կարգն ապացուցել են խաղադաշտում: Բայց անգամ այս կազմի պարագայում՝ միջազգային խոշոր մրցաշարերում զրոյական վիճակում ենք: Եվ ինչ է լինելու ոչ հեռու ապագայում, երբ Հայաստանի ընտրանին ամբողջովին ենթարկվի սերնդափոխության: Թեեւ այսօր էլ հավաքականի կազմում կան նորեկներ` երիտասարդ ֆուտբոլիստներ, ովքեր իրենց առաջին քայլերն են անում ազգային ընտրանու կազմում, սակայն թիմի կորիզը դեռ կազմում են վերոհիշյալ փորձառուները եւ պատասխանատվությունը հենց վերջիններիս վրա է: Դա հնարավորություն է ստեղծում երիտասարդ ֆուտբոլիստների համար` առանց լարվելու ադապտացվել թիմին եւ ստացած խաղաժամանակն օգտագործել լավագույն կողմերով ներկայանալու համար: Բայց երբ հայացք ենք գցում Հայաստանի երիտասարդական հավաքականների ցուցադրած խաղին եւ ելույթներին, ապա պարզ է, որ այսօրվա ազգային ընտրանու ֆուտբոլիստներին փոխարինելու են գալու նրանց անհամեմատ զիջող մարզիկներ: Ասվածը փաստում են, օրինակ Հայաստանի միչեւ 19 տարեկանների հավաքականի ելույթները, մեր թիմը օրեր առաջ Լյուքսեմբուրգի Վիլց քաղաքում` Եվրոպայի մինչեւ 19 տարեկանների 2018 թ. առաջնության ընտրական փուլի երրորդ խմբի առաջին տուրի` Չեխիայի դեմ խաղում պարտվեց ջախջախիչ` 5:0 հաշվով: Չեխիան, ինչ խոսք, ֆուտբոլային երկիր է, բայց ոչ առաջնակարգ: Ուրեմն՝ ինչ սպասել մեր երիտասարդներից՝ շատ ավելի ուժեղ մրցակիցների դեպքում: Մյուս կողմից էլ՝ ամեն մի թիմ էլ կարող է նման հաշվով պարտվել: Բայց երբ, ասենք վերջին տարվա կտրվածքով, նայում ենք հայաստանյան  երիտասարդական, ասենք՝ բոլոր հավաքականների խաղերին, ակնհայտ է, որ նույն ջախջախիչ պատկերը մշտական  է: Այսինքն, այս վերջին պարտությունը եւս ոչ թե պատահականություն է, այլ՝ օրինաչափություն: 
Կարճ ասած, փրկությունը,ինչպես քանիցս նշել ենք, Հայաստանի ֆուտբոլի  ֆեդերացիայի ողջ կազմը չվաստակած հանգստի ուղարկելն է: Մինչդեռ ՀՖՖ-ից այս ամենից հետո անգամ ծպտուն չի լսվում: Այն դեպքում, ՀՖՖ նախագահին հիշեցնենք, որ երկու տարի առաջ էր հայտարարել. «Եթե աշխարհի 2018-ի առաջնության առաջիկա ընտրական փուլը Հայաստանի հավաքականը ձախողի, ես հրաժարական կտամ: Երբեք չեմ ասել, որ շրջափուլի չստացվելու դեպքում կհեռանամ, բայց այժմ ասում եմ: Ես ստախոս չեմ»: Հասկացանք, չէր ասել, թե երբ. դե, մի 10-20 տարուց հրաժարական կտա, էլի: 

ՔՐԻՍՏԻՆԵ ՊԵՏՐՈՍՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА