ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Չգիտեմ թե ինչու 1999-ից հետո «Պողիկտոսը» այլեւս չբեմադրվեց»

10.11.2017 23:00 ՄՇԱԿՈՒՅԹ
«Չգիտեմ թե ինչու 1999-ից հետո «Պողիկտոսը» այլեւս չբեմադրվեց»

Իտալացի հանրահայտ կոմպոզիտոր Գաետանո Դոնիցետիի «Պողիկտոս» օպերան Հայաստանում բեմադրվել է 1993-ի ծանր ժամանակներում` մեր լավագույն արվեստագետներից Տիգրան Լեւոնյանի կողմից, որը չափազանց բարձր գնահատականի է արժանացել թե՛ հանդիսատեսի, թե՛ երաժշտագետների կողմից: Այն պահպանվել է Ալ. Սպենդիարյանի օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի խաղացանկում այնքան ժամանակ, քանի դեռ թատրոնը ղեկավարում էր Տիգրան Լեւոնյանը: Սակայն նրա հեռացումից հետո բեմադրությունը հանվեց թատրոնի խաղացանկից: Երկար տարիներ բեմադրության վերականգնման մասին մինչեւ վերջերս խոսք անգամ չէր գնում:   Երկարատեւ դադարից հետո լեւոնյանական տարբերակով վերականգնված «Պողիկտոսը» երեկվանից ներկայացվեց հայ երաժշտասեր հանրությանը: 
Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի գեղարվեստական ղեկավար եւ տնօրեն ԿՈՆՍՏԱՆՏԻՆ ՕՐԲԵԼՅԱՆՆ «Իրավունքի» հետ զրույցում շեշտեց, որ բեմադրությունը վերականգնելու գաղափարը կար մինչ իր թատրոնի ղեկավար նշանակվելը:

ՏԵՂԵԿԱՆՔ

Դոնիցետտի երեք գործողությամբ այս օպերայի սյուժեի հիմքում ընկած է 3-րդ դարում Մելիտենե, ներկայիս Մալաթիա քաղաքում ապրած ազգությամբ հայ ազնվական Պողիկտոսի կյանքի ողբերգական պատմությունը` ընդհուպ մինչեւ նրա մարտիրոսական մահը քրիստոնեությունն ընդունելու պատճառով: Ի դեպ, այս օպերան Հայաստանում առաջին անգամ բեմադրվել էր հենց Քրիստոնեությունը` որպես պետական կրոն ընդունման 1700-ամյակի կապակցությամբ: Օպերայի պարտիտուրան Հայաստան է բերվել դեռ 1970-ական թվականներին Վատիկանի գրադարանից` Վազգեն Առաջինի եւ Հռոմի պապի բանակցությունների շնորհիվ:

««ՊՈՂԻԿՏՈՍԻՆ» ԶՈՒԳԱՀԵՌ ՎԵՐԱԿԱՆԳՆՈՒՄ ԵՆՔ ՀՆԵՐԸ»

- Մինչ իմ գալը կար մտադրություն վերականգնելու այս սքանչելի օպերայի` Տիգրան ԼImage may contain: 6 people, people standingեւոնյանի բեմադրությունը, որը թատրոնի խաղացանկում եղել է 1993-98 թվականներին: Ուրախ եմ, որ կարողացանք վերականգնել «Պողիկտոսը», որի դեկորացիաները շատ գեղեցիկ են: Չգիտեմ, թե ինչու այն 1999 թվականից հետո այլեւս չբեմադրվեց «Պողիկտոսը»: Միգուցե պատճառն այն էր, որ Լեւոնյանին փոխարինեց մեկ այլ գեղարվեստական ղեկավար, որն ուզում էր իր ներկայացումները բեմադրել: Ինչեւէ, մենք արդեն վերականգնել ենք, որտեղ գլխավոր դերերգերը մեր լավագույն երգիչներն ուղղակի հիանալի են կատարում: Ինչպես Լեւոնյանի ժամանակ, այս անգամ եւս կանացի գլխավոր` Պողիկտոսի տիկնոջ` Պաուլինայի դերերգը կատարում է վաստակավոր արտիստ Անահիտ Մխիթարյանը: Պողիկտոսի դերերգը` Սարգիս Աղամալյանը, Սեւերոսին մարմնավորում է Առնոլդ Քոչարյանը` երկուսն էլ վաստակավոր արտիստներ են: Ներկայացումը վերականգնել է ռեժիսոր Ժաննա Թամիզյանը: «Պողիկտոսին» զուգահեռ վերականգնում ենք նաեւ հները, որոնք հանդիսատեսը կամ վերջին անգամ տեսել է 20 տարի առաջ, կամ էլ ընդհանրապես չի տեսել: Ստացվում է այսօրվա հանդիսատեսի համար այն եւս նոր է: Եվ առհասարակ «Պողիկտոս» օպերան հազվադեպ է բեմադրվում աշխարհում: Այս փաստը պետք է հետաքրքրություն առաջացնի մեր օպերային թատրոնի հանդեպ: Սա նորություն չէ թե՛ Արեւմուտքում, թե՛ Ռուսաստանում, թե՛ մյուս երկրներում, բայց այն, որ Դոնիցետտիին ներկայացնում ենք հայերեն սյուժեով, արդեն հետաքրքիր է: Եվ հետո, որտեղ էլ այն ներկայացվում է, քչերը գիտեն, որ այն կապ ունի Հայաստանի հետ: Եթե կարդան օպերայի պատմությունը, ապա կիմանան, բայց դժվար թե ինչ-որ մեկը կարդա այն օպերայի լիբրետոն, որը լսում է: Ի դեպ, համանուն օպերա գրել է նաեւ ֆրանսիացի կոմպոզիտոր Շառլ-Ֆրանսուա Գունոն, եւ չի բացառվում, որ մեր օպերայի թատրոնը հետագայում Գունոյի «Պողիտոսը» նույնպես կբեմադրի: Գունոյի գործից Յութուբում հատվածներ կան, որոնք ես լսել եմ: Պիտի ասեմ, որ հրաշալի երաժշտություն է, հրաշալի է հնչում: Հիմա ուզում եմ օպերաներ ստեղծել Տիգրան Մեծի սյուժեի համար: Շուրջ 80 օպերա է գրվել այս սյուժեով: Ինքս էլ արդեն մի պարտիտուրա ունեմ գրած, այնպես որ կխաղանք, կտեսնենք, եթե հետաքրքիր լինի, ինչու ոչ, կանենք: Ունենք նաեւ Գեորգ Ֆրիդրիխ Հենդելի  «Ռադամիստ» հրաշալի օպերան, որի բոլոր գործողությունները կատարվում են Գառնիում: Մենք մեր ունեցած հարստությունից չենք օգտվում, ուզում եմ, որ աստիճանաբար սրան էլ հասնենք:

«ՎԵՐՋԱՊԵՍ ԿՈՒՆԵՆԱՆՔ ՆԱԵՎ ՄԱՆԿԱԿԱՆ ԲԱԼԵՏ»

- Պարոն Օրբելյան, նախորդ մեր զրույցի ժամանակ ասացիք, որ մինչեւ տարեվերջ երեխաների համար էլ օպերաներ կբեմադրվեն...
- Միանշանակ, ինչպես արդեն նշեցի, փորձում ենք վերականգնել եղած ներկայացումները, եւ բոլոր ծրագրերը հասցնել ավարտին: Դրան զուգահեռ էլ չենք դադարում նոր ու հետաքրքիր նախաձեռնություններով հանդես գալ: Իմ ղեկավարման ընթացքում արդեն պայմանավորվածություն եմ ձեռք բերել Երեւանի Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի հետ, եւ այստեղ ենք բերել Ժյուլ Մասնեի «Մանոն» օպերայի զգեստներն ու դեկորացիաները, որը կխաղանք վաղ գարնանը: Այն կլինի մեծ պրեմիերա: Երգելու է օպերային երգիչ Լիպարիտ Ավետիսյանը, որը Դե Գրիյեի  («Մանոն») դերերգի մարմնավորման համար արժանացել է նաեւ «Ոսկե Դիմակ» մրցանակի: Այժմ փորձում եմ պայմանավորվածություն ձեռք բերել Ռուսաստանի Մեծ թատրոնի հետ, որտեղ խաղում են «Չիպոլինո» 3 գործողությամբ բալետը, որի կոմպոզիտորը Կարեն Խաչատրյանն է` հրաշալի երաժշտությամբ հրաշալի բալետ է: Հուսով եմ` կհամաձայնեն մեզ փոխանցել այս բալետի զգեստներն ու դեկորացիաները, եւ վերջապես կունենանք նաեւ մանկական բալետ: Այս ամենն իրագործելու համար պահանջվում է ոչ միայն ժամանակ, այլեւ գումար, իսկ գումար չկա: Նոր ներկայացման համար տրամադրվող միջոցները շատ քիչ են, ընդ որում, այն տրամադրվում է տարին մեկ անգամ: Այդ գումարով ուզում եք` արեք բալետ, ուզում եք` արեք օպերա… Աշխատում եմ այդ միջոցներով անել ե՛ւ բալետ, ե՛ւ օպերա, ե՛ւ որ այն լինի գեղեցիկ ու ամբողջական ու մեր հանդիսատեսի համար ինչ-որ նոր բան:

«ԵՍ ԿՍՈՎՈՐԵՄ ՀԱՅԵՐԵՆ»

- Մաեստրո, ղեկավարում եք մեծ կոլեկտվ, որտեղ խնդիրներն ու դժվարությունները հաղթահարելը պարտադիր պայման է, իսկ հայերենին լավ չտիրապետելը դժվարություններ չի՞ առաջացնում աշխատանքում:
- Ոչ, իմ տեղակալը միշտ ներկայացնում է այն փաստաթղթերի բովանդակությունը, որոնք ես ստորագրում եմ: Երբ դրանք ինձ մոտ որոշ հարցեր են առաջացնում, չեմ ստորագրում, մինչեւ չեմ խորհրդակցում ու չեմ պարզաբանում: Այստեղ մենք գործ ունենք 600 աշխատակիցների հետ, որոնցից յուրաքանչյուրն ունի իր պատմությունը: Իսկ ռուսերենին տիրապետում են օպերային թատրոնի բոլոր աշխատակիցները, այնպես որ մենք հաղորդակցվելու խնդիր չունենք: Այս հարցը ինձ դեռեւս չի խանգարում: Ես կսովորեմ հայերեն, բավականաչափ հասկանում եմ, Երեւանի Կոմիտասի անվան կոնսերվատորիայում ուսանելու տարիներին սովորել եմ հայերեն եւ այն ժամանակ լավ խոսում էի, մնում է վերհիշել այդ ամենը: Իսկ ընդհանրապես, միշտ էլ կան ինչ-որ հարցեր, ես չէի ասի դժվարություններ: Այստեղ ամեն ինչ դժվար է, քանի որ մենք զբաղվում ենք երաժշտությամբ: Սա մաթեմատիկա չէ, որ երկուսին գումարծ երկուս միշտ ստացվի չորս: Այստեղ միշտ հազարավոր տարբեր հարցեր են առաջանում, կապված տարբեր ճաշակների, տարբեր սուբյեկտիվ մոտեցումների հետ: Այնպես որ այստեղ միշտ ամեն ինչ բավականին դժվար է: Ես անընդհատ փորձում եմ հարթել բոլոր դժվարությունները, քանի որ սիրում եմ, երբ իմ աշխատավայրում տիրում է հաշտությունն ու դրականը:

Զրուցեց ՀԵՐՄԻՆԵ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԸ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА