ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Ի՞ՆՉ ՀՈՒՇԵՑ ՆԱԼԲԱՆԴՅԱՆԻ ԱՅՑՆ ԻՍՐԱՅԵԼ

10.11.2017 22:15 ԶԱՐԿԵՐԱԿ
Ի՞ՆՉ ՀՈՒՇԵՑ ՆԱԼԲԱՆԴՅԱՆԻ ԱՅՑՆ ԻՍՐԱՅԵԼ

Էդվարդ Նալբանդյանն օրերս պաշտոնական այցով մեկնել էր Իսրայել: ՀՀ արտգործնախարարը հանդիպել է Իսրայելի վարչապետի եւ այլ բարձրաստիճան պաշտոնյաների հետ: Հանդիպումների ընթացքում, ըստ պաշտոնական տեղեկատվության, քննարկվել է առեւտրատնտեսական կապերի աշխուժացման, միջազգային կառույցներում, ինչպես նաեւ գիտության, կրթության եւ մշակույթի ոլորտներում երկկողմ համագործակցության վերաբերյալ հարցեր: Իսկ ահա փորձագիտական որոշ շրջանակներում կա այն կարծիքը, որ այս այցը կտանի հայ-իսրայելական հարաբերությունների ռեալ զարգացման: Այս մասին «Իրավունքը» զրուցեց հայաստանյան վերլուծաբանների հետ: 

Արտակարգ եւ լիազոր դեսպան, քաղաքագետ ԱՐՄԱՆ ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆ.
- Քաղաքական առումով Հայաստանի համար շատ կարեւոր է զարգացնել հարաբերություններն Իսրայելի հետ, քանի որ տարածաշրջանում այն համարվում է կարեւոր դերակատարներից մեկը: Հայ-իսրայելական հարաբերությունների զարգացման տեսանկյունից շատ կարեւոր է լուծել երկու երկրների դեսպանության հարցը: Համոզված եմ, որ արտգործնախարարի այցի ընթացքում այս խնդրին անդրադարձել են: 

ԱՊՀ երկրների ինստիտուտների հայկական մասնաճյուղի տնօրեն, քաղաքագետ ԱԼԵՔՍԱՆԴՐ ՄԱՐԿԱՐՈՎ.
- Դժվարանում եմ ասել, թե այս այցն ինչ կտա երկու երկրներին: Բայց միանշանակ է, որ այն հանգամանքը, որ երկու երկրները միմյանց հաղորդում են իրենց դիրքորոշումը այս կամ այն խնդրի վերաբերյալ, ինչը երկու կողմերի համար էլ կաեւոր է, նշանակում է զարգացման միտումներ կան: Բարձր մակարդակով տեղի ունեցած հանդիպումները փաստում են ստեղծված բարիդրացիական իրավիճակի մասին, որ այն, ինչ նախկինում տեղի չի ունեցել կամ ունեցել է ավելի ցածր մակարդակով, հիմա կարող է փոխվել: Ցանկացած երկխոսություն, որը տեղի է ունենում երկու երկրների միջեւ, ողջունելի է: Բայց այս երկխոսությունն առայժմ չի տանում նրան, որ Հայաստանում եւ Իսրայելում կբացվեն դեսպանություններ:

«Նորավանք» գիտակրթական հիմնադրամի Քաղաքական հետազոտությունների կենտրոնի ղեկավար, ավագ փորձագետ ԿԱՐԵՆ ՎԵՐԱՆՅԱՆ.
- Հաշվի առնելով այս այցի ընթացքում ամենաբարձր մակարդակով կայացած հանդիպումները` կարող եմ ասել, որ դրանք ազդարարում են երկկողմ դիվանագիտական, քաղաքական հարաբերությունների որակապես նոր փուլի մեկնարկի մասին: Հանդիպումների շարքից առանձնակի կարեւորություն է ներկայացնում Նեթանյահու-Նալբանդյան առանձնազրույցը, որտեղ, ամենայն հավանականությամբ, անդրադարձ եղել է նաեւ ռեզիդենտ դեսպանների փոխանակման հարցին: Իհարկե, սա  չի նշանակում, որ այս մեկ այցելությամբ  խնդիրը միանգամից կլուծվի: Սակայն այն, որ պաշտոնական այցն աննախադեպ դրական եւ առարկայական ազդեցություն ունեցավ այդ հարցի հետագա կարգավորման գործընթացի վրա, միանշանակ է: Կարող ենք ասել, որ այսօր առավել քան երբեք մոտ ենք հարցի լուծմանը: Առանձնազրույցի ընթացքում, ըստ ամենայնի, կողմերը քննարկել են նաեւ Իսրայել-Ադրբեջան ռազմատեխնիկական գործակցության հարցեր: Կարծում եմ` իսրայելական ղեկավար շրջանակներում կմեծանա Իսրայել-Ադրբեջան ռազմատեխնիկական համագործակցության հարցերի հետ կապված հայկական կողմի մտահոգությունների ընկալումը:
Z-PR սոցհարցման կենտրոնը Երեւան քաղաքում 100 հոգու շրջանում իրականացրել է սոցհարցում, պարզելու, թե հայ-իսրայելական հարաբերությունների զարգացման սպասելիքներ ունե՞ն:
1. Քանի դեռ երկու երկրները չունեն անգամ դեսպանատներ, դեռ վաղ է խոսել հարաբերությունների զարգացումից, բայց միտումներ երեւում են- 62%:
2. Իսրայելն Ադրբեջանի դաշնակիցն է, եւ դա բացառում է Հայաստանի  հետ հարաբերությունների բարելավումը- 19%:
3. Քանի որ տարածաշրջանը մեծ փոփոխությունների  մեջ է, ՌԴ-ն հաստատվում է Սիրիայում, իսկ Հայաստանը՝ ՀԱՊԿ անդամ է, Իսրայելի համար արդեն ձեռնտու է մեր երկրի հետ հարաբերությունների կարգավորումը- 11%:
4. Դժվարանում են պատասխանել- 8%:
ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА